o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱՊԵՏ-2018. ՍՈՒՐՃԻ ՄՐՈՒՐՈՎ ԳՈՒՇԱԿԵԼ ՊԵՏՔ ՉԷ

27.09.2017 15:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ-2018. ՍՈՒՐՃԻ ՄՐՈՒՐՈՎ ԳՈՒՇԱԿԵԼ ՊԵՏՔ ՉԷ

Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում ոչ մի էական բան չի կատարվում: Ժիրայր Սէֆիլյանը առանց մարդկանց համաձայնությունը հարցնելու, նրանց հանձնարարել է «ճակատ» ստեղծել` այդտեղ «ընդգրկելով» նաեւ «Ելք» խմբակցության անդամների: Նախաձեռնությունն ինքնին այնքան անլուրջ է, որ այդ մարդիկ չեն կարող ո՛չ այո ասել, ո՛չ էլ ոչ, քանզի երկու պատասխանն էլ անլուրջ կլինի: 
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՄՆԱ ՀՀԿ ԹԻՄՈՒՄ
«Ելքն» էլ իր` ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագծով լրջության տպավորություն չի թողնում, առավել եւս, որ առաջարկում է այդ հարցով ստեղծել հանձնաժողով: Իսկ դեռեւս սովետական տարիներից է հայտնի, որ ցանկացած հարց տապալելու նախապայմանը հանձնաժողով ստեղծելն է: Այսինքն` այդ մարդիկ դեռ չեն կողմնորոշվել` արդյո՞ք իրոք ուզում են, որ ՀՀ-ն լքի ԵԱՏՄ-ն: 
Ուստի հիմնական ռեալ քաղաքական ինտրիգը մնում է` թե ով է լինելու 2018-ի վարչապետը ՀՀ նախագահի լիազորությունների ավարտից հետո: Դրա վերաբերյալ տարբեր խուճուճության վերլուծությունները տերաբայթերով լցված են համացանցում, բայց դրանք հիմնականում հիշեցնում են սուրճի մրուրով կատարված գուշակությունը: Բայց կարծում ենք` ավելի ճիշտ կլինի ուշադիր զննել ՀՀԿ թիմի քաջատեղյակ գործիչների խոսքը: Բնականաբար, սկսենք Գալուստ Սահակյանից, ում խոսքը դժվար թե հակասի Սերժ Սարգսյանի մտադրություններին: Եվ այսպես, ըստ Գալուստ Գրիգորիչի. «Հանրապետական կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է եւ, բնականաբար, գտնում եմ, որ վերջում մենք պետք է առաջարկենք Սերժ Սարգսյանին: Հոդվածագիրներ կան, որ հիմա էլ կասեն, թե ինչու Սերժ Սարգսյանը չի ասում այդ մասին, դրան էլ պատասխանեմ` որովհետեւ Սերժ Սարգսյանը այդ մասին ընդհանրապես որեւէ մեկի հետ չի խոսում», եւ «Բացի նախագահից, այլ թեկնածուների մասին պետք չէ խոսել»: 
Ինչ վերաբերում է ներկայիս վարչապետին, ապա. «Իհարկե, Կարեն Կարապետյանն է ծրագիրը ներկայացրել եւ շարունակելու է աշխատել, թե ինչ ձեւաչափով` կուսակցությունը կորոշի: Ես ընդամենն ասում եմ, որ երկրի քաղաքական կշիռները, երկրի հետագա տրամաբանական գործողությունները պետք է կատարի այսօրվա նախագահը»: 
«ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ»
Իսկ այժմ լսենք մեկ ուրիշ բազմափորձ մարդու` նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի կարծիքը, ով դեռ 1988-ից մշտապես ճիշտ է կողմնորոշվել քաղաքական զարգացումներում: Կայքերից մեկին տված հարցազրույցում պարոն Հարությունյանը շարադրել էր իր նկատառումները: «Գործող քաղաքական էլիտայի շրջանակում այդ ֆունկցիան, այդ պատասխանատվությունը կարող է կրել Սերժ Սարգսյանը»,- կարծիք հայտնեց Հարությունյանը` շարունակելով. «Կարեն Կարապետյանը դեռ պատրաստ չէ իր ուսերին այդ ծավալի բեռ վերցնելու: Դա բավականին լուրջ, ծանր պատասխանատվություն է, կարծում եմ` ժամանակ է պետք դրա համար»:
Պատգամավորը նաեւ հակասություն չի տեսնում այն բանում, որ ժամանակին Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի ցանկանում Հայաստանի վարչապետ լինել. «Գիտեք ինչ կա` ներկուսակցական կյանքը մի քիչ այլ տրամաբանություն ունի: Շատերը կարող են ասել` ես թերեւս չէի ցանկանա սա, բայց եթե կուսակցությունը որոշում կայացրեց, նա ուղղակի չի կարող հետ կանգնել, կամ շատ ծանրակշիռ արգումենտներ պետք է բերի այդ դեպքում»:
Հարկ է հիշել եւ ՀՀԿ-ի տեսակետը պաշտոնապես, որպես մամլո խոսնակ ներկայացնող Էդուարդ Շարմազանովի այն խոսքը, որ այսօրվա վարչապետը էապես տարբերվում է 2018-ի վարչապետից: Եվ իրոք, այսօրվա վարչապետը չի առնչվում արտաքին քաղաքական եւ ուժային բլոկների հետ, իսկ 2018-ից դրանք մտնում են վարչապետի գործառույթի մեջ: Եթե ամփոփենք քաջատեղյակ պետական քաղաքական այրերի հիմնավոր տեսակետները, ապա ստացվում է, որ ՀՀ վերնախավը Սերժ Սարգսյանին այլընտրանք չի տեսնում: 
Սակայն ՀՀ Շախմատի ֆեդերացիան ղեկավարող նախագահը հայտնի է նաեւ նրանով, որ երբեմն ոչ ստանդարտ քաղաքական շախմատային քայլեր է անում: Արդյո՞ք այդ հարցում էլ նա ոչ ստանդարտ քայլի կդիմի, թե կնախընտրի առաջնորդվել իր գլխավորած կուսակցության տեսակետով` նորից կրկնենք, որ չարժե սուրճի մրուրով գուշակություն անել: Պարզապես շատ բարձր է հավանականությունը, որ կլինի հենց այնպես, ինչպես այսօր է լուծումը տեսնում երկրի վերնախավը: 

Սա ծրագի՞ր է, թե՞ զրույց սուրճի սեղանի շուրջ. Շարմազանովը՝ Փաշինյանին

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА