ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱ ԾԻԾԱՂԵԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՅԴՔԱՆ ՏԱԳՆԱՊԱԼԻ ՉԼԻՆԵՐ

27.09.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴԱ ԾԻԾԱՂԵԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԱՅԴՔԱՆ ՏԱԳՆԱՊԱԼԻ ՉԼԻՆԵՐ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկման առարկա է դարձել «Ելք» խմբակցության առաջարկությունը` ԵԱՏՄ-ից աստիճանաբար դուրս գալու վերաբերյալ: Ճիշտ է, զուտ ԱԺ քվեների հարաբերակցությամբ, այդ թվում եւ հանձնաժողովի քվեների հարաբերակցությամբ, դա անցնող նախագիծ չէ: Խոշոր հաշվով, նախագիծն ինքն էլ կազմված է այնպես, կարծես հեղինակները գլխանց վստահ էին, որ չի անցնելու, եւ կրում է հում լինելու եւ անլրջության կնիք: Թվում է, թե մարդիկ սոսկ քաղաքական կրկես են բեմադրում: Բայց... 

Աշխատատեղերի վիճակագրությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե արձանագրեինք այն աշխատատեղերը, որոնք բացվել են ֆեյքերի և յութուբում dislike դնողների համար. Փաշինյան

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ 9 հոգանոց խորհրդարանական խմբակցությունը, որը  քրտինքով ու պայքարով է վաստակել իր մանդատները, այդքան հեշտ պետք է համակերպվի զուտ քաղաքական ծաղրածուական գործառույթի հետ:

Առավել ծաղրածուական տեսք ունի Ժիրայր Սէֆիլյանի նախաձեռնությունը` «Դիմադրության շարժում» ձեւավորելու, այսինքն` հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ: Այդ տպավորությունն ավելի է խորանում, երբ տեսնում ես, որ շուրջ 31 գործիչ` սկսած քաղաքական դաշտի ակնհայտ արտադրական թափոններից, վերջացրած պատգամավորներով, առանց այդ մարդկանց առերեւույթ իմացության, Սէֆիլյանի կողմից ընդգրկված են այդ ցուցակի մեջ: 

Ոմանք միանգամից սահմանազատվեցին, զորօրինակ, քաղաքագետ Արա Պապյանը, ով մատնանշեց, որ ժողովուրդն ընդվզելու տրամադրություն չունի, հետեւաբար մնացյալ ամեն ինչն իմաստազրկվում է : Ոմանք անթաքույց ոգեւորությամբ ընկալեցին, որ Սէֆիլյանը իրենց հրամայել է «շարժման կառուցվածք» ստեղծել` զորօրինակ, քաղաքականապես լրիվ մոռացության մատնված Պետրոս Մակեյանը: Ոմանք էլ ոգեւորության պատրանք ստեղծեցին, ինչպես, օրինակ, գրանտասեր եւ գրանտակեր, ժամանակին Գյումրիում ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու փորձ արած Լեւոն Բարսեղյանը: Բայց հետաքրքիր է` «Ելքի» պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը ինչո՞ւ են խուսափում ինչպես դրական բան ասելուց, այնպես էլ` սահմանազատվելուց: Այն էլ այն նախաձեռնության պարագայում, որի վերաբերյալ քաղաքագետ Սուրեն Զոլյանն իրավացիորեն նկատել է, որ այդ մարդկանց միասին հավաքվելն է պրոբլեմատիկ, էլ ուր մնաց միասին գործելը: 

Մեկ ուրիշ հետաքրքիր պահ: Օրինակ, «Ելք» խմբակցությունից ինչո՞ւ այդ ցուցակում գրվեցին այն պատգամավորները, ովքեր առավել չափավոր են եւ ոչ շտապողական` ԵԱՏՄ կազմից դուրս գալու հարցում: Իսկ, օրինակ, «Եվրաարժեքների» ջերմագին ջատագով Էդմոն Մարուքյանը հիշատակված չէ: Եթե, օրինակ, Արթուր Սաքունցի կամ Տիգրան Խզմալյանի` ցուցակում չլինելը, միգուցե, ինչ-որ տեղ հնարավոր է մարդկայնորեն բացատրել Ժիրայր Սէֆիլյանի զզվանքով այդ կերպարներից, ապա Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, առավել եւս` Արամ Զ. Սարգսյանը, կարծես թե, այդպիսի հույզեր չպետք է առաջացնեին... Այսինքն` ստացվում է, որ բախտի բերմամբ կամ պատահմամբ, ԵԱՏՄ-ն լքելու նախաձեռնությունը կենտրոնանում է զուտ խորհրդարանական խաղաղ եւ կիրթ հարթակում, իսկ «հեղաշրջման» ցուցակում ԵԱՏՄ-ի մոլի հակառակորդներ չկան, թեեւ Ժիրայր Սէֆիլյանի գաղափարակից Վարուժան Ավետիսյանը, «ապագաղութացում» ասելով, միշտ նկատի ունի ռուսական ազդեցությունից ձերբազատվելը: 

Այդ ի՞նչ դերաբաժանում է, եւ հանուն ինչի՞: Եվ ընդհանրապես այդքան չափահաս եւ, կարծես թե, Ռոբերտ Քոչարյանի ասած «ուրիշ մասնագետի» կարիք չունեցող մարդիկ ինչո՞ւ հանկարծ լծվեցին մի գործունեության, որը քաղաքական կրկես է հիշեցնում, եւ օբյեկտիվ ցուցանիշներով հաջողության զրո շանսեր ունի: 

Ի՞նչ է դա, ինչ-որ հատուկ տեղեկատվական-հոգեբանական օպերացիայի բաղկացուցիչ մա՞ս: Թե՞ կա գործընթացի չերեւացող մաս, որը «սեւ կարապի» պես մի օր անսպասելի կարող է հայտնվել քաղաքական երկնակամարում: Այդ ի՞նչ ուրվական է շրջում մեր երկրում:

ԱՆՈՐՈՇ, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՀԻՄՆ ՏԱԳՆԱՊ

Անշուշտ, լարվածությունը ավելացնում է եւ այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական հսկաների` ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հակամարտությունը շատ է շիկացած` ՄԱԿ-ի բարձր ամբիոնից կարող են իրար դեմ զուտ «ինադուի» տրամաբանությամբ քայլեր անել, Սիրիայում կարող են ցուցադրաբար ռուս գեներալ սպանել, իսկ ռուս դիվանագետների շուրթերից հնչել դիվանագիտությունից անչափ հեռու որակումներ: Անորոշությունն ավելանում է նաեւ խաղաթղթեր խառնող այնպիսի իրողության շնորհիվ, ինչպիսին է Քրդստանի անկախության հանրաքվեն, որի առնչությամբ քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը նկատել է. «20-րդ դարի սկզբին կար Լոուրենս Արաբիացի: Իսկ 21-րդ դարի սկզբին կարող է լինել Լոուրենս Քրդստանցի, ինչու` ոչ»: 

Այնուամենայնիվ, ՀՀԿ գործիչների մոտ նկատվում է որոշակի տագնապ` ինչպես «Ելքի» նախաձեռնությամբ, այնպես էլ լուսանցքային ուժերի քայլերի առնչությամբ: Անգամ` «որձ կովերի» մասնագետ Հրանտ Բագրատյանի բլթոցների շուրջ: Անշուշտ, ուժերի հարաբերակցության հաշվարկը հուշում է, որ այդ ամենը կարելի էր քամահրանքով անտեսել կամ դրան ներողամիտ ժպիտով նայել, բայց տագնապը զգացվում է: Իհարկե, ազգային պահպանողական հայեցակարգ կրող ՀՀԿ-ականների համար շատ խորթ է, թե ինչու նույն Էդմոն Մարուքյանը այդքան գովաբանում է «եվրոպական շուկան», ուր մուտք գործելը շատ դժվար է, կամ հիանում «եվրաարժեքներով», որոնց մեջ մտնում է նաեւ հարգանքը` տարատեսակ գենախեղված թափոնների «իրավունքների» հանդեպ: Այ, օրինակ, եթե որպես այլընտրանք ոչ թե արեւմտյան փակուղին առաջարկեին, այլ դեմքով դեպի մեկուկեսմիլիարդանոց չինական շուկան շրջվելը, առավել եւս, որ բազմահազարամյա չինական քաղաքակրթությունը ավանդական արժեհամակարգի պղծման հակումներ չունի, դա խելքին մոտ եւ քննարկման արժանի կլիներ: 

ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Ուրիխանյանը հայտարարությամբ է հանդես եկել

Սակայն այդ տագնապը նաեւ ռեալ հիմքեր ունի: Այո, ընդամենը 9 հոգանոց խմբակցություն է, այո, Երեւանի ավագանիում էլ հարց լուծող չեն, բայց, ի վերջո, միայն «Ելքի» պարագայում էր, որ ԱՄՆ դեսպանը եկել ու անթաքույց խոստացել էր իր կառավարության ցանկացած հնարավոր օգնությունը: Դեռ ոչ մի քաղաքական ուժ այդպիսի անսքող զորակցություն եւ այդքան ցուցադրաբար չի ստացել: 

Ի վերջո, թեեւ ԱՄՆ դոլարները սոսկ կտրտած թուղթ են, բայց այդ թղթերն արտադրող երկիրը այդ թղթերով կարող է զորություն հաղորդել ում ասես: Համ էլ, բացի այդ` դիվանագետին ոչ հարիր անսքող միջամտությունից, այլ բաներ էլ են երեւում: Այդ ինչպե՞ս եղավ, որ Անդրեաս Ղուկասյանի դատավարությունը, ում քաղբանտարկյալ չի համարում եւ ոչ մի լուրջ կառույց, հանկարծ ուղիղ եթերով հեռարձակվում է այն կայքերի կողմից, որոնք թվում է, թե ամբողջովին լոյալ են իշխանության հանդեպ: Կամ այդ ո՞ր անտեսանելի ձեռքի շնորհիվ է, որ ՊՊԾ գունդը գրաված հանցավոր զինված խմբի դատավարությունները թույլ է տալիս վերածել անվերջ կապիկության եւ զսպում է դատավորների բնական եւ օրինական ձգտումը` կոշտ սանկցիաներով դրան վերջ տալու: Կամ ինչպե՞ս հանկարծ Արդարադատության նախարարության կայքում կրկին հանրային քննարկման առարկա դարձավ աղբանոց նետած «Ընտանեկան բռնության մասին» հակաընտանեկան օրինագիծը` տարբեր ֆեմինիստական եւ ԼԳԲՏ կառույցների խանդավառ առաջարկություններով հանդերձ, ընդհուպ հեռուստա եւ ռադիոեթերում գենդերային գրաքննություն սահմանելու մասին լկտի խոսքով: 

Ուրեմն, պետական չինովնիկական ապարատի ներսում պաշտոնատարների վրա նաեւ ա՞յլ ներազդող կա, բացի իշխող կուսակցությունից: 

ՎԵՑԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԵՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԶՍՊԵԼ ՄԻԱՅՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Այդ երեւույթը` արտաքին հրահանգներով թաքուն առաջնորդվելը, պետության ծառայողների դեպքում կոչվում է 6-րդ շարասյուն: Եվ ինչքան ավելի կոռումպացված է չինովնիկը, ինչքան ավելի շատ փողեր պահում է դրսի բանկերում, ինչքան ավելի մութ կենսագրություն ունի, այնքան ավելի կառավարելի է նա նույն դրսի համար: 

Անկեղծ լինենք` այդպիսի չինովնիկներով լեցուն են պետական կառույցների մեծ մասը: Նրանցից առանձնապես ոչնչով լավ չեն եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը, ում «առաջին մեկ միլիոն դոլարի» ծագումնաբանությունը նրանց ամենախոցելի կետն է: Եթե դրան գումարենք այն, որ գործադիրը շատ համեստ արդյունքներ է գրանցել եւ խոշոր ներդրումներ` որպես այդպիսին, չկան, իսկ նախարարների մի մասը չի հասկանում, թե ինչու պետք է քաղաքականություն մշակեն եւ իրենց համարում են սոսկ մենեջեր, ապա այդտեղ պարունակվում է նաեւ զանգվածային դժգոհությունների ներուժ: Ինչքան էլ, Արա Պապյանի ասած` «Ժողովրդի` ընդվզելու հավես չունենալու» հանգամանքը լինի: 

Հիմա տեսնենք, թե նույն ՀՀԿ գործիչները ինչպես են արտահայտվում 2018-ին սահմանադրական անցում կատարելու մասին: Շատ շատերը, այդ թվում եւ Գալուստ Սահակյանը, վստահ են, որ ճիշտ կլինի, որպեսզի վարչապետությունը ստանձնի Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը թեեւ դա որակում է անձնական կարծիք եւ չի բացառում, որ ՀՀԿ-ն այլ որոշում կայացնի, այնուամենայնիվ, անկախ սցենարից, շեշտում է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վճռորոշ հեղինակություն է վայելելու անկախ նրանից, թե կադրային ինչ լուծումներ կընդունվեն: 

Ի՞նչ է դա վկայում` այն, որ տարբեր թաքնված մարտահրավերների, 6-րդ շարասյուների գործունեության, ինչպես նաեւ քաղաքական տարատեսակ «սեւ կարապների» հայտնության ոչ զրոյական հավանականության պայմաններում, բազմափորձ գործիչները Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում` այդ ամեն ինչը հաղթահարելու հարցում:

Դե, իսկ որոշ շրջանակների կողմից հեքիաթների տարածումը, իբր ՀՀԿ վերնախավն ինքն է թաքուն «աճացնում» արհեստական ամերիկամետ թիմ, սոսկ ոչ մի քննադատությանը չդիմացող եւ Աշոտ Մանուչարյանի մակարդակին սազական կոնսպիրոլոգիա է: Աճեցնող լինեին` չինական կողմնորոշում ունեցող արհեստական ընդդիմություն կաճացնեին, որից գոնե ինչ-որ օգուտ կա, ի տարբերություն կոսմոպոլիտիզմի բացիլով վարակված «ելքիստների»: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА