o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.06.2016 16:20 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Մեր որոշ ընդդիմադիրներ բավականին զարմանալի խոստովանություններ են անում: Այսպես, ըստ «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ. «Մեր երկրում ընդդիմադիրների կողմից մինչեւ այժմ ձեւավորված դաշինքներն իրենց բուն նպատակին չեն հասել, եւ դա ակնհայտ է: Հրապարակավ հայտարարվել է, որ իշխանափոխության համար են դաշինքներ կազմվում, բայց մշտապես ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք: Նախ` ընտրական ինստիտուտը չի աշխատում մեզ մոտ, քաղաքական գործընթացները, որպես այդպիսին, անընդհատ «տորպեդահարվում» են, իշխանություններն ընդդիմադիրներին իրենց կողմն են քաշում: Այսինքն` օբյեկտիվ պատճառներով է, որ այս դաշինքները չեն կայանում: Իհարկե, սուբյեկտիվ պատճառներ էլ կան: Օրինակ, քաղաքական գործիչները խոստումներ են տալիս ժողովրդին, հետո որոշ ժամանակ անց ինչ-ինչ պատճառներով հրաժարվում իրենց խոստումներից»: Այսինքն` պարոն Մարտիրոսյանը փաստորեն պարզ ասում է, որ մեր ընդդիմադիրների մեծ մասը ծախու են եւ ստախոս, ինչն անշուշտ ոչ միայն զարմանալի է, այլեւ` տխուր:

ԶԱՐՄԱՆՔ

Ամեն ինչ տեսել էինք, միայն դա չէինք տեսել: Ինչքան էլ զարմանալի լինի, Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության մեր 6 գործընկերները որոշել են ստեղծել «Գաղափարակից լիբերալների ալյանս» անվամբ կուսակցություն, եւ այդ կուսակցությունը մասնակցելու է  առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Լավ, ախր, բոլորից առավել լրագրողներիս է հայտնի, որ կուսակցությունների ավելցուկ կա մեր երկրում: Հիմա ինչ, յոթ տասնյակ եղած կուսակցությունների մեջ մեր գործընկերները լիբերալ գաղափարախոսությամբ մի հարմար բան չգտա՞ն, որ անդամագրվեն: Թե՞  քաղաքական դաշտի արատները լավագույնս իմացող լրագրողները, հենց գալիս է պահը, հանկարծ հակվում են այն պատրանքին` իբր ուրիշներից ավելի լավ ու հաջողակ կուսակցություն կարող են ստեղծել: Ինչեւէ, ուրախ կլինեմ սխալվելու, եւ եթե հանկարծ լրագրողական կուսակցությունը հաջողություն ունենա, դա միայն ողջունելի կհամարեմ: 

Իսկ թուրքերը լրիվ գժվել են: Այժմ Հայոց ցեղասպանության բանաձեւը քննարկելու պատրաստվող Գերմանիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորները թուրքերից ստացել են սպառնալիքներ էլեկտրոնային նամակներով, «Ֆեյսբուքով» ու «Թվիթերով»: Դե, բնականաբար, հատկապես բախտները չի բերել ծագումով թուրք պատգամավորների պարագայում ու նաեւ հավելյալ պիտակել են դավաճան եւ Հայաստանի գործակալ: Իսկ բուն Թուրքիայում զարմանալի դատավարություն է տեղի ունեցել` «Միսս Թուրքիա 2006-ի» հաղթող ՄԵՐՎԵ ԲՈՒՅՈՒՔՍԱՐԱՉԸ դատապարտվել է 14,5 ամիս ազատազրկման, այն բանի համար, որ ֆեյսբուքյան իր էջում Էրդողանին քննադատող բանաստեղծություն է գրել: Դե ինչ, ինչքան ավելի գիժ լինեն Թուրքիայի վերնախավում, այնքան ավելի արագ գրողը ծոցը կփլուզվի այդ քոչվորական պետությունը: 

Իսկ տխրահռչակ ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ, զարմանալիորեն, սկսել է զեկույցների նյութեր որոնել գժանոցներում: Եվ Ավանի հոգեբուժարանում նա հոգեկան հիվանդներից մեկի պատմածը համարեց հիմք` զեկույց գրելու համար... Դե ինչ, այդպիսին են մեր իրավապաշտպան կոչեցյալները: Բայց ամենազարմանալին շարունակությունն է` երբ հոգեբուժարանը Սաքունցի գրածը համարեց զրպարտություն ու վիրավորանք եւ դատի տվեց նրան, ապա դատարանում պարտվեց Սաքունցին: Դե ինչ, հարգելի քաղաքացիներ, շնորհավորում եմ ձեզ` զարմանալի նախադեպի առնչությամբ կարող եք որեւէ հոգեկան հիվանդի խոսեցնել, եթե, ձեզ համար ձեռնտու բան նրա զառանցանքում գտնեք` լուրջ-լուրջ դա հրապարակել` որպես վերին ատյանի ճշմարտություն, այլեւս վստահ լինելով, որ դրա համար դատական պատասխանատվություն չեք կրելու: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА