o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.09.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Կարողանո՞ւմ եք պատկերացնել, որ որեւէ հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները նույն կարծիքն ունենան: Ինչքան էլ զարմանալի լինի, այդպիսի «համերաշխություն» կա` ԱԼԻԵՎՆԵՐԻ` ՄԱԿ-ի ընտանեկան լուսանկարների շուրջ, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ ՄԱԿ-ը շփոթել են կանաչի ծախելու «դախլի» հետ: Ե՛վ Հայաստանի քաղաքացիները, ե՛ւ մազութային սուլթանի հպատակները համացանցում հռհռում են այդ նկարների վրա, պարզապես սուլթանատի բնակիչները հարկադրված են դա անել, այսպես ասած, «ֆեյքերով»: Բայց շարունակությունն էլ է հետաքրքիր` Բաքվի բռնապետի հոխորտալից ելույթից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն լրագրողներին տեղեկացրեց, որ 2017-ին հնարավոր չի լինի Բաքվի եւ Եվրամիության միջեւ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրելը, քանզի հակառակ դեպքում հարկ կլինի ընդունել Եվրամիության պայմանները: Թե այդ ո՞ր պայմանները չեն ուզում ընդունել... Դժվար թե, խոսքը համասեռամոլության եւ այլ սեռական այլանդակությունների հանդեպ հանդուրժողականության պայմանի մասին լինի. այդ ամենը Ադրբեջանում առանց որեւէ համաձայնագրի էլ շատ հարգի է: Հավանաբար, եվրոպացիները պարզապես «շան տեղ» չեն դրել այն անհեթեթությունը, որը կոչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականություն:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, Ադրբեջանի առնչությամբ մեր արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ընկավ «իմ լեզուն իմ թշնամին է» իրավիճակի մեջ` հայտարարելով. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը եւ անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու եւ սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»: Դրա վերաբերյալ բազում ընդդիմադիրներ եւ իշխանավորներ հաճույքով բոլ-բոլ թուքումուր կերցրին արտգործնախարարին, իսկ վերջին «հարվածը» հասցրեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը. «Ես այդպիսի տարածքներ չգիտեմ դեռ: Ես էս պահին չեմ կարող ասել Արցախում ստեղծված այդպիսի մի պաշտպանության համակարգ, որի խաթարման դեպքում Արցախի պաշտպանությունը լուրջ սպառնալիքի տակ չլինի»: Զարմանալի է, այդքանից հետո պարոն նախարարը երես կունենա՞ մարդկանց աչքերին նայելու:

Ժամանակին, երբ սովետական մամուլը գրում էր, որ ամերիկացիներն այնքան վատ գիտեն աշխարհագրությունը, որ քարտեզի վրա չեն կարողանում սեփական բնակավայրը գտնել, մեզ թվում էր, թե դա քարոզչական չափազանցություն է: Բայց արի ու տես, որ ԱՄՆ նախագահ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ զարմանալիորեն հաստատեց, որ դա ճշմարտություն է: ՄԱԿ-ում ելույթ ունենալով աֆրիկյան երկրների առաջնորդների առջեւ` նա զարմանալիորեն հաջողացրեց մոգոնել նոր աֆրիկյան երկիր, որը գոյություն չունի: Նա մասնավորապես հայտարարեց. «Գվինեայում եւ Նիգերիայում մենք պայքարել ենք Էբոլայի սաստիկ բռնկման դեմ: Նամբիայի առողջապահական համակարգը գնալով ավելի ինքնաբավ է դառնում»: Հետաքրքիր է, եթե հանկարծ ջեյմսբոնդներին հանձնարարի հատուկ գործողություններ կատարել Նամբիայում, խեղճներն ինչպե՞ս են գտնելու այդ երկիրը... Թե՞ առաջին պատահած աֆրիկյան երկրների գլխին օյին կբերեն:

Իսկ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ մոտ էլ աշնանային սրացում է: Զարմանալիորեն տիկնոջ սիրտը ընդվզում է ուզում, եւ նա հայտարարեց հետեւյալը. «Անհրաժեշտ է ձեւավորել անդրսահմանային հայ ազգի քաղաքական կառույցների ցանց ու հայկական պետականության ներքո եւ աշխարհի հայաշատ քաղաքներում մշակել ու ընդունել համազգային զարգացման ծրագիր, ընտրել պատվիրակներ` հայ ազգի երկու հատվածներից` գլոբալ հայկական համազգային համաժողով հրավիրելու համար»: Եվ դա դեռ քիչ է, կոնկրետ ժամկետ նշանակեց ու հավելեց. «Մեր զենքը, ռեսուրսը մեր հայրենակիցներն են, երիտասարդները, միջին տարիքի մարդիկ եւ տարեցները»: Զարմանալի է, այդ ինչպե՞ս եղավ, որ այն բանից հետո, երբ Աշոտ Մանուչարյանը հեղափոխության կոնկրետ ժամկետ էր նշանակել, դեռ կան այնպիսիք, ովքեր կարող են հավատալ այդ կոնկրետ ժամկետների «մոգությանը»: Թե՞ այն բանից հետո, որ տիկին Փոստանջյանը Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունից վռնդել է բոլոր տղամարդկանց, նրա ուղեղում ինչ-որ բան է չխկացել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА