o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26 ՏԱՐԻ. ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ԲԱՆԱԿ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

22.09.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 26 ՏԱՐԻ. ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ ԲԱՆԱԿ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Անկախության 26-ամյակին նվիրված տոնական ընդունելությունը Սերժ Սարգսյանը կատարեց ՊՆ վարչական համալիրի տարածքում: Դա թերեւս խորհրդանշական է` դրանով գերագույն գլխավոր հրամանատարը շեշտեց, որ մեր երկրի համար թիվ մեկ առաջնահերթությունը բանակն է: Եվ անգամ այդտեղի մթնոլորտն էր մի տեսակ բանակային` ՀՀ նախագահի ելույթից շուրջ 20 րոպե առաջ գրեթե զինվորական հրամանի տոնով բոլորին խնդրեցին հավաքվել շարահրապարակում:

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են, որ Արցախը չվերադառնա բանակցային գործընթացներին. Վիտալի Բալասանյան

ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ

Այսպիսի տարածաշրջանում, ուր մեր չորս հարեւաններից երկուսը ցեղասպանածին են եւ մեծն Շահան Նաթալիի դիպուկ բնորոշմամբ` հանդես են գալիս կենսաբանական թշնամու կարգավիճակով, որի պարագայում մեկի կյանքը նշանակում է մյուսի մահը, բարիդրացիության որեւէ ակնկալիք վտանգավոր եւ մահաբեր պատրանք է: Դրա ապացույցը 20-րդ դարի ողջ պատմությունն է: Առաջին աշխարհամարտի տարիներին բնաջնջումից փրկվեցին Արեւմտյան Հայաստանի միայն այն բնակավայրերը, որոնք դիմեցին զինյալ ինքնապաշտպանության: Իսկ Արցախում հաջողություն ունեցանք միայն այն ժամանակ, երբ խնդրանքներից եւ հանրագրերից անցանք զենքի լեզվին: 

Արդյունքը` Հայաստանի Հանրապետությունը` իր անբաժանելի մաս Արցախի Հանրապետությունով հանդերձ, այժմ ունի նույնքան տարածք, որքան Շվեյցարիան: Եվ եթե Երկրորդ աշխարհամարտից հետո կայուն խաղաղ գոյակցության պայմաններում անգամ Շվեյցարիան պահպանել է ազգ-բանակի մոդելը (որի շնորհիվ, ի դեպ, խուսափեց Հիտլերի կողմից նվաճվելուց), ապա մենք` մեր աշխարհագրական դիրքով եւ ցեղասպանածին հարեւաններով հանդերձ, առավել եւս պարտավոր ենք ապրել այդ մոդելով: Ի դեպ, ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանը շեշտեց, որ. «Ես արդեն հինգերորդ անգամ եմ հանդես գալիս այս բարձր ամբիոնից եւ կրկին ստիպված եմ խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին»: Բացի խնդրի բուն էության շարադրումից, մեր երկրի ղեկավարը նաեւ շեշտեց զիջումներ չնախատեսող մեր դիրքորոշումը. «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միեւնույնն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ եւ վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի եւ հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային եւ ներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական եւ արդար լուծումը` խնդրի կարգավորմանը զուգահեռ»: 

ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԵՐԽՆԴԻՐԸ

Անշուշտ, մեր բանակը առավելագույնս կայացած պետական ինստիտուտ է, ուր հարցերը լուծվում են ըստ էության, եւ միաժամանակ այն հանդես է գալիս որպես ճշմարիտ հոգեբանության դարբնոց զինվորների եւ սպաների համար: 

Բայց բանակը վակուումում չէ: Այն գտնվում է բազում արատներով տառապող հանրային միջավայրում: Եվ չինովնիկության շրջանակում այնքան է տարածված զինվորական պարտքից խուսափելու զազրելի մտայնությունը, որ պաշտպանության նախարարը հարկադրված եղավ հանդես գալ նախաձեռնությամբ` որ պաշտոնյաները հայտարարագրեն ոչ միայն իրենց ունեցվածքն ու եկամուտները, այլեւ զինծառայության հետ իրենց եւ իրենց ընտանիքների առնչությունները: Այսինքն` հասունացել է կենսական անհրաժեշտություն` պարտադիր օրենսդրական կարգով զինվորական պարտքից խուսափող պաշտոնյաներին խաղք ու խայտառակ անելու` անկախ նրանից, թե պաշտոնական ինչ թղթեր են դզել-փչել: Բայց  չպետք է համարել դա միայն վերնախավի հիվանդություն, մենք ունենք այնպիսի վերնախավ, ինչպիսին ժողովուրդն է: Արատավոր «որտեղ հաց, այնտեղ կաց» մոտեցումը շարունակում է ձեւավորել օրինազանց ժողովուրդ եւ օրինազանց վերնախավ: Հենց այդ մոտեցման արգասիքն է ահռելի չափերի կոռուպցիան եւ գանձագողությունը, անարդարությունը ու արտագաղթի մղող այլ երեւույթները: Խնդրի վրա երկար չենք ծանրանա, արտաքին պարտքի փոխարեն դրսից ներդրումներ բերելու պրոբլեմը մեր թերթի նախանցյալ համարում մանրամասն շարադրել է Արտաշես Գեղամյանը` իր ծավալուն վերլուծականով: 

Բայց կան նաեւ արժեհամակարգի հետ կապված շատ ավելի հին խնդիրներ: Այսպես, ըստ պատմաբան Վահե Անթանեսյանի, արդեն առավել քան մեկուկես հազարամյակ. «Հայը երբեք համազգային շարժում ու համազգային պատերազմ չի մղել: Եղածները` տեղային ելույթներ են եղել… ու եթե որեւէ դիպվածի, պատմական բարենպաստ հանգամանքների բնույթով հաջողվել է պետություն ստեղծել, (երբեմն` նվեր ստանալ) ապա շատ չանցած` գրեթե առանց պայքարի` այն կրկին հանձնել ենք օտարին: Հանձնել ենք` առանց կռիվ տալու… դավաճանի թեթեւ ձեռքով ու հայի քար անտարբերության արդյունքում… Այդպես եղավ Արշակունիների, Բագրատունիների, Կիլիկյան թագավորության պարագայում… այդպես էր Վասպուրականի, Տաշիր-Ձորագետի, Վանանդի թագավորությունների պարագայում… Երբ մեր գլխավոր ձեռքբերումը` ազգային պետականությունը, առանց պայքարի օտարին հանձնեցինք»:

Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն բանակցությունների և երկխոսության միջոցով

Այսինքն` ստացվում է, որ պետականության, հողի, պաշտպանության, պատվի ու արժանապատվության խնդիրները լուծում է ոչ թե ժողովուրդը, որպես այդպիսին, այլ` նվիրյալ փոքրամասնությունը: 

ԻՆՉՊԻՍԻ ԵԼՔԵՐ ԿԱՆ

Մեր բախտը եզակիորեն է բերել, որ 20-րդ դարի ընթացքում երկու անգամ ստացանք շանս` անկախ պետություն կերտելու: Եվ այն, որ այս անգամ արդեն 26 տարի շարունակ տոնում ենք Անկախությունը, պատկերավոր ասած` այն տղերքի շնորհիվ է, ովքեր 1991-ի հանրաքվեի օրը խրամատներում էին եւ քվեաթերթիկի փոխարեն քվեարկեցին վառոդով: 

Իսկ թիկունքում մեծամասնությունը, քվեարկելով Անկախության օգտին, դեռեւս ուներ այն պատրանքը, որ կշարունակվի նախորդ կյանքը` գրեթե ոչինչ չանել, բայց ստանալ բավականին բարեկեցիկ կյանք ապահովող վարձատրություն: Եվ քանի որ պորտաբուծական կյանքը, սակայն արդեն եռագույնի ներքո շարունակելու շատերի ակնկալիքները չարդարացան, այսօր բավականին շատերը սեպտեմբերի 21-ը դիտարկում եմ ոչ թե որպես տոն, այլ սոսկ որպես լրացուցիչ ոչ աշխատանքային օր: 

Բարեբախտաբար, երիտասարդության` Անկախության սերնդի շատ զգալի մասը զերծ է այդ հոգեբանությունից, եւ ունեն միայն այնպիսի կենսափորձ, որ հույսդ պետք է դնես սեփական ուժերի վրա: Դա իր բարերար ազդեցությունը դրսեւորեց եւ 2016-ի քառօրյա պատերազմին, որը թույլ տվեց Արցախյան առաջին պատերազմի վետերաններին փաստել, որ ներկայիս սերունդը սահմանը ոչ միայն կպահի, այլ իրենցից լավ կպահի: 

Քանի որ խոսք գնաց բարեբախտության մասին, ապա հարկ է նշել, որ տոնական ընդունելության իր խոսքում Սերժ Սարգսյանը մատնանշեց մեկ այլ բարեբախտություն` բարձր տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս բնական պաշարներ եւ այլ ռեսուրսներ չունեցող ազգերին արագ առաջընթաց արձանագրել եւ գերազանցել բնական պաշարներ ունեցողներին: Սերժ Սարգսյանը` ամենեւին էլ ոչ պատահական, բոլորի առջեւ դրեց խնդիր` Հայաստանը դարձնել զարգացած տեղեկատվական հասարակություն: Տեղեկատվական տեխնոլոգիաները  այն եզակի ոլորտներից է, ուր վերջնական արտադրանքի ինքնարժեքն ու մրցունակությունը կախված չէ այնպիսի գործոնից, ինչպիսին է մեկ կոնտեյներ բեռը փոխադրելու գինը: 

Ըստ էության, երկրի ղեկավարն առաջնայնություն համարեց հենց այդ ուղղությունը, որը կապված չէ ճանապարհների տեր հարեւանների, ինչպես նաեւ գերտերությունների բարեհաճությունից: Ու նաեւ այդ ոլորտը ձեւավորում է ինքնավստահ, ուզվորության եւ լալկանության հոգեբանությունից զերծ խավ, որը մեր երկրի ապագա գերարժեքավոր մարդկային կապիտալն է լինելու: Ու նաեւ այդ խավը թույլ կտա հաղթահարել այն արժեհամակարգային արատները, որ մեր տունը քանդում են արդեն առավել քան հազար տարի: 

Դե, իսկ մեկ կոնտեյների գնից չկախված մեկ այլ «արտադրանքը» անվտանգությունն է: Ազգ-բանակ կոնցեպցիան ներկայացնելիս, Վիգեն Սարգսյանն ակնարկներ արեց բանակը տնտեսության լոկոմոտիվ դարձնելու մեխանիզմների մասին, բայց չբացեց դրանք: Բայց արժե հիշել, որ վաղուց արդեն Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մեր երկիրը հետեւողականորեն զարգացնում է այնպիսի ինստիտուտը, ինչպիսին են խաղաղապահ զորքերը: Դա անվտանգությունն արտահանելու ու միաժամանակ մշտապես նույնիսկ ամենախաղաղ ժամանակահատվածներում մարտական փորձ ունեցող ռեզերվ պահելու հրաշալի միջոց է: Սակայն դա անվտանգության, ուժային ծառայությունների արտահանման ամենեւին էլ միակ եղանակը չէ: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА