o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.09.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Համաշխարհային գրականությունում քանի-քանի էջեր են շռայլվել Փարիզին եւ ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻՆ: Սակայն արմատական իսլամ ահաբեկիչները այնքան են տանջահար արել Ֆրանսիան ու Փարիզը, որ ֆրանսիացիները ստիպված այդ սպառնալիքը չեզոքացնելու եւ տեսական ողբերգությունները կանխելու նպատակով, զարմանալիորեն, Էյֆելյան աշտարակի շրջակայքը շրջապատում են անխոցելի պատով: Այն ունենալու է 3 մետր բարձրություն եւ բաղկացած է լինելու 5 սմ հաստությամբ զրահապատ ապակուց, որն անխոցելի է անգամ բանակային նմուշի ինքնաձիգի համար: Դե, ինչ ասես, Փարիզի հմայքից հայ-հայը գնացել է, վայ-վայն է մնացել:

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն թեեւ զարմանալի, բայց հաճելի նորություն ունենք մեր երկրում` Հայաստան-Սփյուռք համաժողովից: ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍԸ իր ուղերձում շատ բարձր նշաձող սահմանեց սփյուռքահայերի համար. «27 տարիներու ընթացքին մեր ժողովուրդի երկու հատուածներուն միջեւ զարգացած կապերը, իրենց դրական թէ բացասական երեսներով, մեզ պէտք է մղեն տարբեր որակ ու արեւելում տալու մեր գործակցութեան: Տեղքայլը նահանջ է, իսկ նահանջը արտօնելի չէ տագնապներով ու մարտահրաւէրներով շրջապատուած մեր ազգին ու հայրենիքին համար: Սիրելի՛ հայորդիներ, Հայաստանը զբօսավայր չէ՛, պիզնեսի շուկայ չէ՛, անցագիր չէ՛. վա՜յ մեզի երբ միայն այսպէ՛ս մօտենանք Հայաստանին: Հայաստանը աշխարհի վրայ ինքզինք հայ դաւանող հայուն տո՛ւնն է` անցեալի, ներկայի ու ապագայի տունը: Մեր հաւաքական տան նկատմամբ ընելիք ու ըսելիք ունինք եւ պէտք է ունենանք: Պիտի հզօրացնենք ու ծաղկեցնենք Հայաստանը մեր ողջ կարողականութեամբ: Սա իւրաքանչիւր հայուն սրբազան ուխտը պէտք է դառնայ»: Դե ինչ, հուսանք, որ Արամ Ա-ին կհաջողվի նաեւ Սփյուռքում վերացնել այնպիսի անընդունելի երեւույթը, ինչպիսին է «անթիլիասիական» եւ «էջմիածնական» եկեղեցիներ հաճախողների միջեւ փոխադարձ անվստահությունը:

Իսկ մեզանում երբեմն կատարվում են թեեւ մանր, բայց զարմանալիորեն ցինիկ այլանդակություններ: Պատկերացնո՞ւմ եք` ՓՈՍՏԱՏԱՐԸ յուրացրել է թոշակառուի երեք ամսվա թոշակը: Ըստ քրեական քրոնիկոնի` Գեղանուշ Խաչատրյանը փոստատար է 2012 թվականից եւ, մեղադրանքի համաձայն, նա աշխատանքային պայմանագրով հանդիսացել է նյութական պատասխանատու անձ, եւ այս տարի օգոստոսի 4-ին յուրացրել է թոշակառու Կարսյանին հասանելիք` հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների կենսաթոշակը, որն ընդհանուր առմամբ կազմել է 105.915 ՀՀ դրամ գումար: Գեղանուշ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Անշուշտ, ճիշտ են արել, որ կալանավորել են, եւ մնում է, որ մեր սաքունցազգի «իրավապաշտպանները» հիմա էլ չսկսեն սրտաճմլիկ մղկտալ այս հերթական հանցագործի վերաբերյալ:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ շատ բարձր հեղինակություն են վայելում ամբողջ աշխարհում, քանզի գերազանց են կատարել իրենց առաքելությունը ամենատարբեր թեժ կետերում: Բայց արի ու տես, որ Ուկրաինայի` ժամանակավորապես օկուպացված տարածքների եւ ներքին տեղահանված անձանց հարցերով նախարարի տեղակալ Գեորգի Տուկան դեմ է հանդես եկել Դոնբասում հայկական խաղաղարար ուժերին. «Ոչ մի դեպքում այնտեղ չպետք է ներկա գտնվեն Ռուսաստանի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Ռուսաստանի արբանյակ հանդիսացող երկրներից, օրինակ` Հայաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից»: Դե ինչ ասես, այդ նույն բթամիտ պաշտոնյայի պաշտած ՆԱՏՕ-ն մեր խաղաղապահներին շատ բարձր է գնահատում, իսկ այդ պաշտոնյան այդպիսի տգեղ ձեւով պոզուպոչ է անում: Ինչպես կասեր ժողովուրդը` ջհանդամին ուզեք: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА