ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԵԳԱՏԻՎ ՈՒԺԵՐԻ ՀԱԿԱՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ  ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ

28.05.2016 15:22 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԵԳԱՏԻՎ ՈՒԺԵՐԻ ՀԱԿԱՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ  ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ


Եվ այսպես, լրատվական եւ քաղաքական շրջանակները քննարկում են նորությունը` օսկանյանական հակահամախմբիչ կուսակցության եւ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ի հնարավոր դաշինքը 2017-ի ընտրություններին ընդառաջ: Խոսակցություններ կան, որ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է միանալ այդ դաշինքին: Բնականաբար, հարց է ծագում` ի՞նչ է նշանակում այդ ամենը: ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ԴԱՇԻՆՔՆԵՐ
Քաղաքական ռեւանշի տենչով այրվող Ռոբերտ Սեդրակիչի շատ ու շատ հույսեր չարդարացան: ԲՀԿ-ն նրա հենարանը չդարձավ, նախկին հենարան ՀՅԴ-ն դարձավ իշխանության մաս եւ հասցրեց ավելի շատ անգամներ ուրանալ Քոչարյանին, քան դա արել էր Պետրոս առաքյալը մինչ աքաղաղի կանչը Քրիստոսի նկատմամբ: Ոչինչ չստացվեց նաեւ Արա Աբրահամյանին Հայաստանի ներքաղաքական դաշտ բերելու եւ Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան եռյակ ստեղծելու նախագծից: Ըստ էության, տակը մնաց միայն օսկանյանական կուսակցությունը, իսկ դրանով վերք չես դարմանի, առավել եւս, ընտրություններին հաղթական տարբերակի չես գնա: Մինչդեռ դաշնակից փնտրելու համար շատ քիչ ժամանակ մնաց, քանզի ամռան քաղաքական մեռյալ սեզոնը շատ մոտիկ է: Ուստի ցուգցվանգային իրավիճակում մնում է վերցնել միայն այն, ինչ առկա է այս պահին: Բացի մարդ-կուսակցություն Արամ Հարությունյանից եւ այլ նմանատիպ քաղաքական խառախուռայից, տակը մնում է միայն ՕԵԿ-ը, որն այսօր ո՛չ իշխանությանն է պետք, ո՛չ ընդդիմությանը: Ճիշտ է, վարկանիշն ու համբավը այդ կուսակցության մոտ ամենեւին դրական չեն, բայց գոնե կուսակցական կառույցներ ունեն: Իհարկե, իդեալական տարբերակ կլիներ այդ պատրաստի կառույցները վերցնելը, իսկ Արթուր Վահանիչին իր` ԼՏՊ-ի կողմից 2008-ին փակցրած ու այդպես էլ պոկ չեկող ծաղրական պիտակով հանդերձ մի կողմ դնել, սակայն ռեալ կյանքում այդպես չի լինում, որ իրականանա «ռեսուրսդ ուզում եմ, բայց քեզ չեմ ուզում» տարբերակը: Ուստի մնում է հաշտվել այն վարկանիշային նեգատիվի հետ, որը իր հետ բերում է ՕԵԿ-ը: Համ էլ, մաթեմատիկայից հայտնի է, որ մինուսը մինուսով բազմապատկելով` ստացվում է պլյուս, բայց, դժվար թե, այդ զուտ մաթեմատիկական օրինաչափությունը գործի քաղաքական դաշտում: 
Իսկ թե ինչ ակնկալիքներ կարող է դրանից ունենալ Արթուր Բաղդասարյանը` ի վերջո Ռոբերտ Սեդրակիչը ռեսուրսներից զրկված մեկը չէ, գոնե ֆինանսն ու կապերը կան: Իհարկե, Արթուր Վահանիչն էլ աղքատ մարդ չէ, սակայն ՕԵԿ-ի կառույցներին քոչարյանական կապիտալ գումարելը միգուցե որոշակի առավելություններ տա: Համ էլ, շտապեցնող կա` ի դեմս «քեռի Սեմի»: Դե, Օսկանյանը միանշանակ ամերիկացիների մարդն է, իսկ ինչ վերաբերում է Բաղդասարյանին, ապա մաքուր անձնական եւ խմբակային շահերից ելնելով` նա անվարան փոխում է ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ աշխարհաքաղաքական կողմնորոշումները: Ի դեպ, խոսակցությունները` հայոց պատմության կեղծարար Ռիչարդ Հովհաննիսյանի որդի Րաֆֆու այդ դաշինքին միանալու մասին նույնպես պետք է կապել Վաշինգտոնից փչող քամիների հետ: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, թեեւ նրան սպառնացած լինեն, որ դոլարային կաթիկը կկտրեն, շատ անկայուն եւ ամբիցիոզ կերպար է, ով ընդունակ է անսպասելի քայլերի: Դեռ չի եղել որեւէ դաշինք, որին  Րաֆֆին քաշած չլինի, քանզի այդ մարդու թերությունն այն է, որ նա իրեն պատկերացնում է միայն առաջին տեղում առանց հաշվի առնելու, թե ինչքանով է դրան ունակ կամ արժանի:  Վերջին քաշվածն էլ Ժիրայր Սէֆիլյանն էր, ում վարկանիշին բավականին դաժան հարված հասցրին Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀԿ գրասենյակի դռանը դրած ծաղիկները: 
Բայց Րաֆֆին կմիանա, թե չի միանա այդ դաշինքին, այդ դաշինքի բնույթը չի փոխվում` նեգատիվների հակահամախմբում: Բացառապես կամ առավելապես ատելություն քարոզող այդ կոնտինգենտը հենց գլխանց կրում է բացասական էներգետիկայի կնիքը, ինչը չի կարող վանող տպավորություն չգործել ընտրողների վրա: Ամբիցիաներ, ատելություն, աբիժնիկություն` այդ պայթյունավտանգ կոկտեյլը ի զորու է մղել ցանկացած արկածախնդիր քայլերի: Դրամատիզմն այն է, որ ԱԺ ընտրություններին Ռոբերտ Սեդրակիչին անհրաժեշտ է միայն բացարձակ արդյունք: Հինգ, տասը կամ տասնհինգ տոկոս վերցնելը, ինչը ցանկացած ոչ իշխանական քաղաքական ուժի համար միանշանակ համարվում է հաջողություն, ՀՀ երկրորդ նախագահի համար ավելի վատ է, քան զրոն: Ուստի շրջանը փակվում է` ռեւանշի անհագ տենչանքը ծնում է ատելության ամենաթունավոր տեսակը, այդ ատելությունը վանում է ընտրազանգվածին, վարկանիշի անկումն իր հերթին է՛լ ավելի է սրում ռեւանշի ծարավը ու բերում ատելության նոր գալարի: 

«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի խնամին՝ Գյումրիում բացահայտված չարաշահումների հետ

Ո՞ՒՄ ԿՈՂՔԻՆ ԿԿԱՆԳՆԻ 
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ
Հայաստան վերադառնալուց հետո «44»-ը առաջին հարցազրույցը տվեց հենց քոչարյանական կայքին, սակայն ինքը` հարցազրույցը, շատ զուսպ է: Անշուշտ, քոչարյանաօսկանյանական ճամբարում պարզապես կերազեին, որ «կամանդույուշչին» գա կանգնի իրենց կողքին եւ սեփական հեղինակությամբ բարձրացնի նրանց քաղաքական քաշը, սակայն երազանքը մի բան է, իրականությունը` այլ բան: Չնայած հարցազրույց տալով հենց այդ քարոզչական ռեսուրսին` Սամվել Բաբայանը, փաստորեն, բաց է թողնում այդ հույսի դռան մի փոքրիկ ճեղք: 
Արձագանքները Սամվել Բաբայանի վերադարձին կամ լավ են, կամ` չեզոք, կամ բացակայում են` որպես այդպիսին: Դե պարզ է, որ այդ գործչի վերաբերյալ որեւէ վատ բան չի ուզում ասել ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը: Միայն Ստեփանակերտում տեղական իշխանությունը բավականին լարվում է Բաբայանի հանգամանքից, առավել եւս, որ նա ասել է. «Մի քանի օրից ես կգնամ Ղարաբաղ, քանզի իմ վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում եմ հենց այնտեղ: Մնացածը ժողովրդի որոշելիքն է»: 
Իշխանության արձագանքը պաշտոնապես ներկայացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Քաղաքացի է, վերադարձել է, բարով է վերադարձել»: Բայց կրկին անդրադառնալով քոչարյանականներին, հարկ է նշել, որ նրանք գովասանքներ են շռայլում Սամվել Բաբայանի հասցեին ու ակնհայտորեն զգացվում է սիրաշահելու մղումը: Բայց կա մի շատ էական բայց, որը կտրուկ նվազեցնում է հավանականությունը, որ Բաբայանը ցանկություն ունենա աջակցել այդ թիմին: Ըստ նրա իսկ խոսքի. «Ասեմ, որ քաղաքական դաշտում ես թշնամիներ չունեմ: Չեմ ուզում որեւէ քաղաքական ուժի պիտակավորել: Իմ կարծիքով` հատկապես այս իրավիճակում թշնամի փնտրելը սխալ կլինի: Ատելության մթնոլորտը պետք է թողնենք անցյալին: Չեմ պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության: Բայց ես տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր գաղափարակիցներ են: Այդ մարդիկ իրենց նոր մտածողությամբ կարող են լուրջ ազդեցություն թողնել նաեւ մյուս քաղաքական ուժերի վրա: Եվ ես մեծ հույս ունեմ, որ նրանք կունենան հաջողություն»: Այսինքն` «44»-ը միանշանակ սխալ է համարում երկրի ներսում թշնամի փնտրելը եւ ատելության մթնոլորտ ձեւավորելը: Սխալ է համարում փաստացի հենց այն, ինչը քոչարյանաօսկանյանական ճամբարի գործունեության առանցքն է: 
Ինչ վերաբերում է հարցազրույցի էությանը` ապա դա զուսպ քննադատություն է, որ վերաբերում է ռազմաքաղաքական ոլորտին: Եթե այդ նույն բառերով արտահայտվեր որեւէ այլ գործիչ, ապա քոչարյանական քարոզչամեքենան նրան տեղնուտեղը կպիտակեր «Բաղրամյան 26-ի հաճախորդ»: Դե, բայց ինչքան էլ բաղձանք ունենային լսել կոշտ քննադատություն, միեւնույնն է, դեռ հույս ունեն Սամվել Բաբայանին ներքաշել իրենց կողմը, իսկ հույսը, ինչպես հայտնի է, վերջում է մեռնում: 
Համ էլ առկա է նաեւ բնավորության խնդիր: Իզուր չէր Սամվել Բաբայանն ասում, որ հիմնական առաքելությունը տեսնում է Արցախում: Նա թերեւս ավելի շուտ կնախընտրի առաջնակարգ կարգավիճակ Արցախում, քան Երեւանում լինել ինչ-որ մեկի թիմակիցը, լինի դա թեկուզ մեծագույն ամբիցիաներով օժտված Ռոբերտ Սեդրակիչը: 
Այնպես որ, կարծում ենք, «հակահամախմբում» անվանն արժանի քոչարյանաօսկանյանական կուսակցությանը աշնանը, երբ փաստացի մեկնարկելու է ընտրարշավը, սպասվում է դառը հիասթափություն: Միգուցե, նաեւ խաղի մեջ էլ չմտնեն, քանզի զրոյից տարբերվող հավանականություն կա, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ սթափ հաշվարկը  կգերակշռի քինախնդրությանը: Բայց չափազանց առաջ չընկնենք, հայոց Նոստրադամուսը լինելու հավակնություն երբեք չենք ունեցել ու հիմա էլ չունենք: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА