ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դիրքերում բոլորի համար Վահրամը քայլող հույս էր

03.08.2017 14:09 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽ
Դիրքերում բոլորի համար Վահրամը քայլող հույս էր

Սահմանամերձ Չինարիում լռություն է` մի տեսակ խաղաղ, հանգստացնող. գյուղամիջում հավաքված մեծահասակները լուռ նարդի են խաղում` ամեն մեկն իր մտքերով, հոգսերով տարված: Լռությունն ամեն վայրկյան խախտում է նարդու սեղանին շրխկացող զառերը. խաղում ով էլ հաղթի, հաղթանակը բոլորինն է, չկա խաղին հատուկ «վիճաբանությունը»: Զառերի աղմկոտ հնչյուններին այս անգամ միանում է Երեւանից Չինարի ուխտագնացության մեկնած երիտասարդների ձայնը, մեքենաներից իջնելուց անմիջապես հետո ուխտագնացների  հետաքրքրասեր, գյուղի ամեն անկյունը զննող հայացքները փնտրում էին թշնամու դիրքերը, որտեղից գրեթե ամեն օր  կրակում են խաղաղ բնակիչների ուղղությամբ: Իսկ ես հայացքով փնտրում եմ չինարեցի հերոս Վահրամ Սաղոյանի հորը, գուցե նարդի խաղացող այս մեծահասակ տղամարդկանցից մեկն է:
Չինարիում` Վահրամ Սաղոյանի անվան հուշաղբյուրում, ծորակից ջուր խմող կնոջը հարցնում եմ` ո՞վ է Վահրամը, զարմացած կինը գլուխը դեպի ինձ է դարձնում ու ցածր ձայնով ասում. «Վահրամն Արցախյան ազատամարտի հերոս է»: Նրա ձայնն այնքան ցածր է, որ լսելու համար գլուխս ավելի  մոտեցրի կնոջը եւ, նրա զարմացած դեմքը տեսնելով` կարդացի հուշաքարի գրությունը. «Վահրամ Սաղոյան 15.08.1971-28.03.1994»:

Թողարկվել է Facebook-ի տպագիր ամսագրի առաջին համարը

Արդեն Չինարիի միջնակարգ դպրոցում, որը Վահրամ Սաղոյանի անունն է կրում, տեսնում եմ դպրոցի դիմացի բարձունքը` Վահրամասարը: Նախկինում բարձունքը կոչվել է Տանձուտ, որտեղ 1994 թվականին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ հերոսաբար զոհվել է Վահրամը, մահից հետո բարձունքը անվանել են նրա անունով`ՎԱՀՐԱՄԱՍԱՐ:

Այս ամենով չէր կարող ավարտվել հերոսի մասին պատմությունը, փնտրում եմ նրա հորը, գուցե նարդի խաղացող այն մեծահասակ տղամարդկանցից մեկն էր: Ախր Հերոս Վահրամի մասին չգիտեի, ամոթից շիկնում եմ, հասկանում, որ Արցախյան ազատամարտի հերոսական էջերերից մեկը, որը կերտել է հենց Վահրամը` չգիտեմ:
Օրն արդեն մթնում է, նարդի խաղացող մեծահասակները երեւի արդեն հավաքել են նարդին եւ տուն գնացել, մտածում եմ՝ հերոսի հորը հանդիպելու հնարավորությունից զրկվեցի ու նույն րոպեին մոտենում եմ Չինարիի գյուղապետի օգնականին` Գեւորգին,  խնդրում, որ ինձ տանի Վահրամենց տուն: Հարցերից խուսափելու համար անմիջապես ավելացնում եմ, որ ուզում եմ Վահրամի ծնողների հետ ծանոթանալ ու հերոսի  մասին հոդված գրել: Գեւորգը համաձայնում է, նայում եմ ժամին, երեկոյան ժամը տասն է, հյուր գնալու համար անհարմար ժամ , բայց Վահրամի մասին չիմանալն ավելի անհարմար է:
Դուռը բացում է Վահրամի հայրը, բարեւում ու անմիջապես ներս հրավիրում , անծանոթ հյուրերի հայտնվելն այդքան էլ չի զարմացնում հյուրընկալ տանտիրոջը: Հերոսի հայրը` Լեւոն Սաղոյանը, նոր էր վերադարձել խոտհնձից եւ (իսկ ես մտածում էի հյուր գնալու համար ուշ է ) կոկիկ հավաքված  սենյակում` նստած սեղանի շուրջ կնոջ`տիկին Սուսաննայի եւ դստեր` Ֆրիդայի հետ հաց էր ուտում: Ներս մտնելուց անմիջապես հետո սեղանին ավելացան ափսեներն ու բաժակները, եւ պարոն Լեւոնի անդադար հորդորները. «Հաց կերեք, օջախ եք մտել, հաց կերեք», -հետո լցնում է բաժակներն ու ասում. «Իմ քաշած թթի օղին, է պետք է անպայման մի քիչ խմեք»: «Առաջին կենացին ի՞նչ եք ասում պարո՛ն Լեւոն»,-հարցնում եմ .«Եթե տանը հյուրեր եմ ունենում, նրանց բարի գալուստի համար եմ խմում, թե չէ, ոչինչ էլ չեմ ասում, ինչ ասեմ, հավատս կորցրել եմ, Աստծուն էլ չեմ հավատում»,-մի պահ լռում ու հետո անխոս խմում է լիքը բաժակը: Տեսնելով, որ չենք խմում,  նեղսրտում է. «Բա էսպես չի լինի է, ո՛չ հաց եք ուտում, ո՛չ խմում»: Իմանալով` ինչի համար ենք  հյուր գնացել, նայում է սենյակում կախված Վահրամի նկարին ու երկար լռում. «Արցախյան պատերազմի ժամանակ Վահրամը չինարեցի յոթ ընկերների հետ մեկնել էր Արցախ` մեզ ոչինչ չէր ասել: Մի քանի ամիս մնալուց հետո անփորձանք վերադարձան, գյուղն էլ պաշտպանելու կարիք ուներ, եկել էին, որ Չինարին պաշտպանեին: Նրանց վերադարձից հետո ամեն օր մի ընկերոջ տանը քեֆ էինք անում, որ  ողջ -առողջ վերադարձել են: Մի քանի օր հետո իմացանք, որ Վահրամը միացել է Չինարիի ինքնապաշտպանական ուժերին եւ բարձրացել դիրքեր…Ինձ ասում էին` Վահրամը վիրավորա, հիվանդանոց գնացի, բայց ինչ վիրավոր…»  

«Նոր Հայաստան նոր Հայրապետ» շարժման հրավեր դրամահավաքը Էդոյի հաշվեհամարներին

Հոր կիսատ թողած խոսքը շարունակում է Ֆրիդա Սաղոյանը. «Հինգ երեխա ենք, Վահրամն ավագն էր, ռազմական գործը մանկուց էր սիրում: 10-րդ դասարանում հենց այս սենյակը Վահրամը դարձրել էր իր սեփական «զինանոցը», ռազմարվեստի մասին գրքեր էր ուսումնասիրում ու փամփուշտներ սարքում: Բնավորությամբ շատ հանգիստ էր, ամեն ինչ ինքնուրույն էր անում: Չինարիի դիրքեր բարձրանալուց հետո ենք իմացել, որ Վահրամը դիրքերում է: Գյուղը շատ էր սիրում, միշտ ասում էր, որ թշնամու նպատակները պետք է անկատար թողնենք ու գյուղից երբեք չգնանք… Դիրքերից հաճախ էր տուն գալիս, ասում էր, որ ամեն ինչ լավ է, մի քիչ էլ համբերենք, պատերազմը կավարտվի, ու ամեն ինչ լավ կլինի: Ընկերներից էինք իմանում, որ Վահրամը դիրքերում ամեն օր բարդ մարտական առաջադրանքներ է կատարում, ինքն էր այդպես ցանկացել, ճիշտ է, հպարտանում էինք, բայց անհանգիստ էինք: Իսկ մեր հորդորներին, որ զգույշ լինի, Վահրամը միայն ասում էր. «Ոչինչ չի լինի, մի քիչ էլ համբերեք, պատերազմը կավարտվի…1994 թվականի մարտի 28-ին դիրքերից Վահրամը տուն է գալիս, լողանում, հագնում մաքուր շորեր, որ կրկին դիրքեր բարձրանա: Տանից դուրս գալուց առաջ աստիճանների վրա մի քանի րոպե լուռ նայել է դիմացի սարերին: Տանը միայն մայրս է լինում, ասում է` պետք է շտապել, տղերքն ինձ են սպասում , համբուրում է մորս ու գնում…Երեկոյան արդեն իմացանք, որ Վահրամը զոհվել է… Պատերազմը այսպես կիսատ մնաց առանց Վահրամի... հավատում էի Վահրամին, հավատում էի, որ նրան ոչինչ չի պատահի…»

Տան երկրորդ հարկի փոքրիկ սենյակում, ցույց տալով սեղանի վրա խնամքով դասավորված Վահրամի անձնական լուսանկարները, նրա պատրաստած փամփուշտները, զենքը, նամակները, Ֆրիդան շարունակում է. «Մարտի 28-ին Վահրամի հետ առաջադրանք կատարելու պետք է գնար նաեւ ընկերը, բայց լուր են ուղարկում, որ ընկերոջ կինը վատ է զգում, շտապ պետք է հասցնեն հիվանդանոց: Լուրն առնելուց հետո, ընկերը Վահրամին ասում է, թե կինը պետք է ծննդաբերի: Վահրամը գրկում է ընկերոջն ու ասում. «Եթե տղա ծնվի, մի կարգին անուն կդնես»: Հիվանդանոցում ընկերն իմանում է Վահրամի զոհվելու մասին ու առաջնեկին կնքում Վահրամ անունով… Վահրամներ շատ ունենք, բայց առանց Վահրամի, մյուս եղբորս տղայի անունն էլ է Վահրամ…Գյուղում սիրած աղջիկ ուներ, ասում էր`«Պատերազմն ավարտվի, տունս կառուցեմ ու կամուսնանամ»: Պատերազմի օրերին եղան մարդիկ, որ գյուղից գնացին, ամեն գնացողի հետ ցավ էր ապրում, որոշել էր, որ գյուղից երբեք չի գնալու… Այդպես էլ եղավ, չգնաց… 23 տարին դեռ չէր լրացել, 24-ամյակն առանց իրեն նշեցինք…»

ՊՆ թիկունքի պետը ՝ 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել և 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար

Վահրամի քաջությունների մասին ընկերները  հետո են պատմել ընտանիքի անդամներին, դիրքերում նույնիսկ  անելանելի իրավիճակներում հույսը չէր կորցնում, քաջալերում էր ընկերներին. «Տղե՛րք, չընկճվե՛ք, թշնամու սկսած պատերազմն ավարտվելու է մեր հաղթանակով»: Դիրքերում բոլորի համար Վահրամը քայլող հույս էր,  գիտեին, եթե նա է գնում մարտական առաջադրանք կատարելու, ուրեմն ամեն ինչ հաջող ավարտ է ունենալու: Ցավոք, 1994 թվականի մարտի 28-ին` 23 տարին չբոլորած Վահրամը Տանձուտի բարձունքում զոհվեց: Վահրամ Սաղոյանը Չինարիի ինքնապաշտպանական ուժերին միացած ամենակրտսեր զինվորն էր` 23 տարեկան:

Հավատում եմ Վահրամին, մի օր թշնամու սկսած պատերազմը կավարտվի, Չինարիում մանուկները կվազվզեն փողոցներում` չմտածելով, որ թշնամին կկրակի, գյուղամիջում հավաքված մեծահասակները նարդու սեղանի շուրջ կհավաքվեն`բարձրաձայն «վիճելով»: Մի օր Վահրամի կիսատ թողած պատերազմը ավարտին կհասցնեն չինարեցի ՎԱՀՐԱՄՆՆԵՐԸ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА