ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՐ ՐԱՖՖԻՆ ԵՍ` ԼԱՎ Է, ԲԱՅՑ ՄԵՐ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՉԵՍ»

05.07.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՈՐ ՐԱՖՖԻՆ ԵՍ` ԼԱՎ Է, ԲԱՅՑ ՄԵՐ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՉԵՍ»

Ինչպես հայտնի է, այժմ «ընդդիմությունը միավորող» եւ «թավշյա իշխանափոխություն անող» Րաֆֆի Հովհաննիսյանը պնդել էր, որ անգամ եղել է «Ելք» դաշինքի կնքահայրը: Այդ պնդումից հույժ վրդովվել է «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանը. «Կարո՞ղ ա` վատ երազ ա տեսել, չգիտեմ: Ի՞նչ կապ ունի նա մեր դաշինքի հետ: Ընդհանուր փուլում, երբ ցանկացել ենք համագործակցել տարբեր կուսակցությունների հետ, քննարկումներ եղել են «Ժառանգության» հետ, բայց համաձայնության չենք եկել: Դա է եղել: Հիմա ո՞նց կարող ա ինքը լինի «Ելքի» կնքահայր, նախահայր կամ նախապապը»: «ԱՂՋԻԿՆԵՐԸ» ՆՐԱՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ
Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյան-«Ելք» առնչությունները նմանվել են Ֆրունզիկ Մկրտչյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմի որոշակի դրվագներին: Եվ Սասուն Միքայելյանը շտապեց «տեղը դնել» իրենց ինքնակոչ «կնքահորը»: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքներին, որ «Ելքը» ընտրություններից հետո փողոց դուրս չեկավ եւ լեգիտիմացրեց ընտրությունների արդյունքները, ապա, ըստ Միքայելյանի. «Իսկ իրանք փողոցային պայքարի գնացի՞ն: Էդ ձեւական բաներ են, «Ելք» դաշինքն իրա գործն ա անում: «Ելքը» չի ասել, թե լեգիտիմ են ընտրությունները, ասել ա, որ ելք կա»: 
Ընդհանրապես «Ժառանգության» առաջնորդի մասին «Ելքից» ում էլ հարց տան, անպայման ոտքերը սրբում է բարեւասեր Րաֆֆու վրա: Գեւորգ Գորգիսյանը քաղաքականապես «թաղել» էր նրան` անվանելով «քաղաքական դիակ» եւ նետելով տվայտանքների գիրկը, մյուսները ծաղրանքով հիշատակել են «Ժառանգության» առաջնորդի «աղոթող» եւ «մոմ վառող» լինելը, դե, իսկ մյուս ընդդիմադիր ուժի` Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն էլ նկատել էր` միավորվենք, որ ի՞նչ անենք: 
Կարճ ասած, քաղաքական դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանը վերածվել է Իլֆի եւ Պետրովի հերոս Պանիկովսկուն, ով դառնորեն գանգատվում էր` «աղջիկներն ինձ չեն սիրում»: Չգիտենք, աղջիկների մեջ Րաֆֆի Հովհաննիսյանին սիրող կա, թե չկա, բայց քաղաքական դաշտում նա հաստատ սիրելու բան չէ, քանզի ձախորդփանոսության, ցանկացած հաջողություն փչացնելու քայլող մարմնացում է: 
Եվ իզուր չէ, որ անգամ վաղուց արդեն քաղաքական թոշակի ենթակա «անկախության սիմվոլ» Պարույր Հայրիկյանը նրան, բառիս բուն իմաստով, դնում անպատվում է: Մինչեւ իսկ, թե. «որեւէ բանական էակ չի կարող վստահել» «Ժառանգությանը»:  
Կարճ ասած, Հայրիկյանն ասում է` ես հո գիժ չե՞մ, որ Րաֆֆու հետ գործ բռնեմ: Նույնն էլ մտածում են գործնականում բոլորը: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը «Ժառանգության» ձախողակ առաջնորդի գլուխը մտցրել է այդ սին գաղափարը` դառնալ իշխանություն փոխող ընդդիմության առաջնորդ, ինչ-որ մեկը կեսբերան ինչ-որ բան նրան խոստացել էր: Սակայն նա գործ ձախողելու այնպիսի անգերազանցելի վարպետ է, որ եթե անգամ նրան տրվի Սորոսի հիմնադրամն ամբողջովին` էլի մոտը բան չի ստացվի: Դե ինչ ասես, դա ֆանտաստիկա է, որ մարդ ունենա 550 հազար քվե, սակայն այդ հսկայական կապիտալը կարողանա գցել կոյուղի ու ջուրը քաշել:ՊԱՏՐԱՆՔՆԵՐ, ՈՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆԸ
Ընդդիմադիր միջավայրում կան կարծրատիպեր, որոնք դարձել են ընդդիմության վզից կախված «ջաղացի քար»: Դրանցից մեկը իշխանափոխություն եզրույթն է: Այդ կարգախոսի շուրջ ամբողջ գործունեությունը կառուցելով` վարկաբեկվեցին եւ կործանվեցին անթիվ ընդդիմադիր ուժեր եւ գործիչներ, իսկ բողոքավոր զանգվածները հասցվեցին հուսալքության եւ անհավատության դուռը: 
Բայց, միեւնույնն է, այդ կարգախոսը շարունակում են օգտագործել: Րաֆֆի Հովհաննիսյանի շուրթերում դա առավել քան ծիծաղելի է հնչում, սակայն, օրինակ, Նիկոլ Փաշինյանը «իշխանափոխության ճանապարհային քարտեզի» մասին է խոսում, այդ կարգախոսը երբեմն-երբեմն անգամ որոշ ԲՀԿ-ականներ են օգտագործում: Այդ կարգախոսին գերի են դարձել նաեւ նրանք, ովքեր կոչվում են «քաղաքացիական ակտիվիստ»: Մինչեւ հիմա դեմքին տալով լուրջ արտահայտություն` դատողություններ են անում, թե առանց իշխանության փոփոխման ոչ մի առաջընթաց չի կարող լինել: 
Մինչդեռ առաջընթացն իրականում ոչ թե իշխանության փոփոխմամբ, այլ իշխանության արդյունավետությամբ է պայմանավորված: Զորօրինակ, հայի համար անարտասանելի անուն ունեցող Սինգապուրի բռնապետը լավ էլ առաջընթաց էր ապահովել: Եվ հաճախ մարդու ծիծաղն է գալիս, երբ նույն ինտելեկտուալից լսում ես, որ ե՛ւ Սինգապուրի պես արագ առաջընթաց եւ կարգուկանոն է ուզում, ե՛ւ իշխանության փոփոխություն:
Իսկ ընդդիմությունը, փոխանակ զբաղվի իր բուն գործառույթով` ապահովել իշխանության արդյունավետ աշխատանքը եւ ձգտել հաջորդ ընտրություններին ավելի շատ քվե ստանալ, զբաղված է չգիտես թե ինչով: Խորհրդարանի երրորդ ուժ դարձած «Ելքում» արդեն ներքին տարաձայնությունների կծիկ է կուտակվել: Ոմանք, օրինակ, Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը պնդում են, որ իշխանությունը լեգիտիմ է, իսկ Սասուն Միքայելյանը, թե` ոչ, համաձայն չեմ, լեգիտիմ չէ:  Անգամ այնպիսի հարցում, ինչպիսին է Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու մասին օրենքը, «Ելքում» միասնական մոտեցում չկա: Քվեարկությանը ներկայացան ընդամենը երեք պատգամավոր, իսկ մնացածից ոչ ոք գլուխ չհանեց: 
Նույնը, նույնիսկ ավելի վատ, դրսեւորվում է արտախորհրդարանական հարթությունում: Իր նորաստեղծ կուսակցությունով Երեւանի ավագանիում խմբակցության տեր դարձած Զարուհի Փոստանջյանը սեփական ձեռքով իր իսկ հաջողությունը ՀԱԿմեջ արեց` դավաճան հռչակելով լուրջ աշխատանքի տրամադրված իր իսկ կուսակիցներին, եւ որդեգրելով այնպիսի թունդ ֆեմինիստական վարքագիծ, որ անգամ ամեն մի օյինբազության սովոր Ֆրանսիայում էլ նրան դժվար կհասկանային: Դե, իսկ մնացյալի մասին չենք էլ խոսում: Ե՛վ ՊՊԾ գունդը գրաված գրոհայինները, ե՛ւ Ժիրայր Սէֆիլյանն իր որոշ զինակիցներով դատական նիստերը վերածում են այնպիսի աբսուրդի թատրոնի, որ մարդ չգիտի` խնդա, թե լա: Օրինակ, դրանց մեջների ինտելեկտուալ Վարուժան Ավետիսյանն էլ գերի մնաց իշխանափոխության կարգախոսի սին հմայքին եւ դատարանի դահլիճում զինյալ հեղաշրջման կոչ անելով` շալակեց եւս մեկ քրեական հոդված ու ոչ ավելին: 
Զինյալների վերաբերյալ նաեւ պատգամավորական մանդատ ունեցող ընդդիմադիրները ոչ միշտ են ողջամիտ դիրքորոշում որդեգրում: «Այն, ինչ մարդիկ արել են այս տարիների ընթացքում` տանել երկիրը անկախության, պետությունը նորմալ հիմքերի վրա դնել, էդ մարդիկ դարձան դասալիք, ինչպես «Սասնա ծռերը»: Նրանք ինչի՞ համար են ընդդիմացել, էս իրավիճակի դեմ, իշխանության բռնության դեմ, դրա համար անօրինական հայտնվել են բանտերում»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը: 
Կարճ ասած, մինչեւ ընդդիմությունը չթոթափի իր «ջաղացի քարերը», չի դադարելու դատարկախոսության, անհասկանալի ամբիցիաների եւ պառակտումնների տեղապտույտը: Ի վերջո, հո իշխանությունը չի կարող ընդդիմության դայակի դերը ստանձնել: Սահմանադրությամբ հատուկ ընդդիմադիրների համար լիազորություններ են սահմանված, խոսքի եւ հավաքների ազատությունը մեր երկրում այնքան աննախադեպ լայն են, որ միշտ հիշատակվող «քաղաքակիրթ Արեւմուտքում» դրա երեւի մեկ քառորդն էլ չկա, բայց...

Նորատուսցի Ալիկի արդարացման գինը. «կնքահայրը» Սասուն Միքայելյանն է. NEWSPRESS.am

ԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ԽՆԴԻՐ 2018-Ը»
Բայց իշխանական դաշտում էլ կա հիվանդություն, որը կոչվում է «ընդդիմություն խաղալ»: Դրա վառ դրսեւորումը ՀՅԴ-ի վարքագիծն էր նույն Սեւանի հարցի շուրջ: Դեմ լինելուց հետո մեկ օր անց դարձան կողմ: Ընդհանրապես ՀՅԴ-ին դա բնորոշ է` մեկ մտնել իշխանական կոալիցիա, մեկ` դուրս գալ. կամ, եթե հնարավոր է, պահպանել իշխանական լծակները, բայց ընդդիմադիր բառապաշարով հանդես գալ: 
Այդ նույն հիվանդությունը շատ բնորոշ էր եւ Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը, եւ թե ինչով դա ավարտվեց վերջին ընտրություններին` բոլորի աչքի առաջ է: Նունը վերաբերում է եւ ԲՀԿ-ին, որը հաճախ չգիտի էլ` իշխանամե՞տ է, թե` ընդդիմադիր: Ինչպես ասել էր հռչակավոր Վարդան Ղուկասյանը` «ինչ տարբերություն ՀՀԿ, թե` ԲՀԿ»: Ըստ Սահմանադրության` Ծառուկյան դաշինքն ընդդիմություն է եւ պարտավոր է խոշորագույն ընդդիմադիր ուժին օրենքով սահմանած լիազորություններն իրականացնել: Բայց, օրինակ, նույն Սեւանի հարցում քանի ելույթ լսեցինք այդ դաշինքի պատգամավորներից` կողմ քվեարկելու բան չէ, բայց ստիպված կողմ ենք քվեարկում: Ու միաժամանակ նաեւ մեկնաբանություններ, որ բացառված չէ 2018-ին մտնեն կոալիցիա ՀՀԿ-ի հետ: 
Այդ նույն ուժերն էլ` ՀՅԴ-ն եւ Ծառուկյան դաշինքը, ի վերջո պետք է հստակ կողմնորոշվեն` կոալիցիա են ուզում, թե` ընդդիմադիր գործունեություն: Թե չէ միաժամանակ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը, ստացվելիք բան չեն: Չէ՞ որ 2018-ի ապրիլին քաղաքական համակարգն արդեն վերջնական տեսք է ունենալու, եւ եթե այդ պահին խաղի մասնակիցների մի մասը քաղաքականապես բոբիկ կամ քաղաքական կարկատաններով մոտենա, դրանում ամենեւին էլ սահմանադրական փոփոխությունը նախաձեռնած ՀՀԿ-ի մեղքը չկա: Ի վերջո, բոլոր պարագաներում 2018-ին ՀՀԿ-ն է որոշելու` ում վստահել վարչապետի պաշտոնը, ովքեր լինեն կառավարությունում, իսկ ովքեր` գործադիր լծակներ չստանան: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА