o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԸ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԹՈՒԼԱՑԱԾ ԴԻՐՔԵՐՈՎ

04.07.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՐԱՄՓԸ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԹՈՒԼԱՑԱԾ ԴԻՐՔԵՐՈՎ

Վերջապես այս շաբաթվա ընթացքում տեղի կունենա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների այդքան երկար սպասված ու բազմաբնույթ մեկնաբանությունների տեղիք տված հանդիպումը: Հիշեցնենք, որ ըստ նախատեսվածի՝ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը առաջին անգամ դեմ առ դեմ կնստեն հուլիսի 7-8-ին Համբուրգում կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակներում:ԹՐԱՄՓԻ ԴԻՐՔԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ
Պուտին-Թրամփ հանդիպման շեմին  CNN-ը վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին` խոսեց նաեւ, թե հատկապես որ թեմաներն է Թրամփը առաջնահերթ կարգով պատրաստվում քննարկել Պուտինի հետ. Սիրիան եւ Ուկրաինան: Ընդ որում, ամերիկյան լրատվամիջոցի ներկայացմամբ Թրամփին հատկապես հետաքրքրում է Սիրիան, իսկ Ուկրաինայի հարցը, թերեւս կբերի օրակարգ՝ սիրիական հարցով քննարկումների համար անհրաժեշտության դեպքում որպես կոմպրոմիսներ գտնելու միջոց: Այսինքն՝ կարող է եւ Ուկրաինայի հետ կապված զիջումների գնալ, եթե Պուտինը Սիրիայի հարցով գնա Թրամփի ակնկալած զիջումներին:
Ընդ որում, այստեղ տրամաբանություն կա: Այն առումով, որ Վաշինգտոնի դիրքերը Սիրիայում այդպես էլ մնացին բավականին թույլ, թեեւ այդ ուղղությամբ մի շարք կտրուկ քայլերի փորձեր եղան: Այդ թվում՝ հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակնով նորից սկսեց խոսել Ասադի կողմից քիմիական զենք օգտագործելու ցանկության մասին, որի դեպքում ԱՄՆ-ն ռազմական հարված կհասցնի Սիրիային: Ավելին, որոշ ահաբեկչական խմբավորումներ վերջին օրերին փորձում էին համոզել, թե Ասադը իրենց դեմ գրոհել է քիմիական զենքով: Սակայն  այս դեպքում ՌԴ-ի դիրքորոշումը առավել քան կոշտ եւ հասկանալի էր: Եթե մեղադրողները, այդ թվում՝ ԱՄՆ-ն չներկայացնի քիմիական զենքի օգտագործման պատշաճ ապացույցներ, ապա Սիրիայի դեմ արտաքին հարվածը կընկալվի որպես ՄԱԿ-ի անդամ ու ՌԴ-ի հետ ռազմական պայմանագրեր ունեցող պետության հանդեպ ագրեսիա` դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Համենայնդեպս, այդ մասին Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը բաց տեքստով հայտարարեց. «Վաշինգտոնում պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրեն Դամասկոսի ու Մոսկվայի հնարավոր քայլերը՝ ի պատասխան ցանկացած նոր ագրեսիայի»:Հասկանալի է, սիրիացի պաշտոնյան միայն իրենով, առանց ռուսների հետ համաձայնեցնելու, նման հայտարարություն չէր անի Մոսկվայի անունից: Եվ որ հայտարարել է, դա եւս հուշում, որ Թրամփը բավականին բարդ վիճակում կհայտնվի, եթե հիմնվելով ահաբեկչական կառույցների հիշատակված հայտարարությունների վրա, իր հերթին առաջ տանի Ասադի կողմից քիմիական զենք գործադրելու մասին պնդումը ու հարվածի Սիրիային: 
Իսկ եթե չկա ԱՄՆ-ի խոստացած այդ հարվածը, ապա Սիրիայում իրավիճակը մնում է անփոփոխ: Այն է՝ պետական բանակը շարունակում է ակտիվ հարձակումները  երկրի կենտրոնական եւ հարավային գոտիներում: Օրերս էլ ամբողջական շրջափակման մեջ առավ Հալեպի եւ Ռաքքայի մարզերի արանքում գտնվող մի հսկայական տարածաշրջան եւ արագորեն լիկվիդացնում է այնտեղ գտնվող ԻՊ-ի մեծածավալ ուժերին: Լիկվիդացիան գրեթե ավարտված է, որից հետո այդ հատվածում ազատվող բանակային ուժերը միանգամից մի քանի ուղղություններով հարձակումներ եւ նման նոր ծավալուն շրջափակման օջախներ ձեւավորելու ռեալ հնարավորություն են ստանում:
Կարճ ասած՝ օրեցօր ավելի տեսանելի է դառնում ԻՊ-ի վերջնական ջախջախման հեռանկարը ու այս իրավիճակին զուգահեռ, բնականաբար, գնալով ավելի է ամրապնդվում ՌԴ-ի աշխարհաքաղաքական դիրքերը:
Դրանից զատ՝ ԱՄՆ-ի համար տարածաշրջանային լուրջ գլխացավանք դարձավ նաեւ Քաթարի ճգնաժամը: Դետալները մի կողմ թողնելով` նկատենք, որ այս ճգնաժամը, ըստ էության, թուլացրեց արաբական աշխարհի միասնությունը եւ Սաուդյան Արաբիային, որին Թրամփը սկսել էր նայել որպես Թուրքիային փոխարինելու ընդունակ դաշնակցի: Ու հիմա, երբ փաստացի առկա է թուլացած Սաուդյան Արաբիա, մյուս կողմից՝ թուրք-ամերիկյան միայն վատթարացող հարաբերություններ ու այդ ամենի ֆոնին՝ Քաթարին հետեւող արաբական աշխարհի մի հատվածի հետ՝ Իրանի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հարաբերություններ վերելք, ապա դա հերթական ծանր հարվածն էր տարածաշրջանում ամերիկյան դիրքերին:

Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելու դեպքում այնտեղ երկնաքերներ չկառուցել

ԹՐԱՄՓԻ ԴԻՐՔԵՐԸ 
ԱՅԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Այսպիսով՝ Թրամփը փորձեց Պուտինի հետ հանդիպմանը ներկայանալ Մերձավոր Արեւելքում կոշտ ռազմական տոնայնության հաշվին էապես բարելավված դիրքերով, բայց հակառակն է ստացվում: Թերեւս պատահական չէր, որ այս իրավիճակում Թրամփը փորձեց սրել իրավիճակը նաեւ Չինաստանի ուղղությամբ: Այդ թվում՝ նախ հայտարարելով Թայվանին զենքի մեծածավալ մատակարարումների պատրաստակամության մասին: Ու դրան էլ հաջորդեց ամերիկյան ռազմանավերից մեկի մուտքը Հարավչինական ծովի Պարասելյան կղզիների գոտի, որը Չինաստանը համարում է իր տարածքը: Պեկինի արձագանքը, հասկանալի է, առավել քան կոշտ էր: Բայց հիմնական պատասխանը պետք է համարել ոչ թե կոշտ հայտարարությունները եւ նույնիսկ՝ չինական ռազմանավերի կողմից, ուժի գործադրման սպառնալիքով, ամերիկյան նավը իրենց կղզիներից հեռացնելը, այլ նախագահ Սի Ցզինպինի երեկ մեկնարկած երկօրյա մոսկովյան այցը:
Այս այցը Վաշինգտոնի համար տհաճ էր ոչ միայն այն փաստով, որ երկու երկրները կնքեցին ընդհանուր 10 միլիարդ դոլարանոց մի շարք առեւտրատնտեսական պայմանագրեր: ԱՄՆ-ի համար շատ ավելի մտահոգիչ էր բուն այցի փաստը: Այսինքն՝ մինչ Համբուրգ՝ G20-ին մեկնելը, հանդիպում են ՌԴ-ի եւ Չինաստանի նախագահները: Ու միայն այդ փաստը նշանակում է, որ երկու նախագահները, ըստ էության, ցուցադրաբար ակնարկում են, որ Համբուրգում հանդես են գալու միասնական դիրքերից: Ընդ որում, մինչ այս Թրամփը ռուս-չինական այդ միասնականությունը գոնե թուլացնելու քայլեր իրականացրել էր ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Պեկինի ուղղությամբ: Եվ ահա Ցզինպինի մոսկովյան այցը ու դրա տակ դրված 10 միլիարդ դոլարանոց պայմանագրերի փաթեթը ցույց է տալիս, որ Թրամփի փորձերը արդյունավետ չեն եղել: Ավելին ասենք՝ ձախողվել են, եթե հաշվի ենք առնում Չինաստանի ուղղությամբ իրականացված հիշատակված վերջին նյարդային քայլերը:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԾՎԵԼ ՄԱՆՐԱԴՐԱՄԻ
Բայց սա դեռ ամբողջը չէ: Իր առաջին G20-ին Թրամփը ներկայանում է նաեւ ավանդական դաշնակցի՝ Եվրոպայի հետ նկատելիորեն թուլացած եւ անորոշ ապագայով հարաբերություններով: Ընդ որում,  Եվրոպան թեեւ դեռ շարունակում է ցույց տալ, որ ԱՄՆ-ին համարում է իր հիմնական դաշնակիցը, բայց նաեւ կանցլեր Մերկելը որերորդ անգամ հայտարարեց, որ ԵՄ-ն պետք է ամեն պահ պատրաստ լինի առանց օվկիանոսից այն կողմ նայելու կյանքին: Գումարած դրան, թեեւ Եվրոպան դեռ պահպանում է հակառուսական պատժամիջոցները, բայց նաեւ վերջերս բացահայտորեն ցույց տվեց, որ պատրաստ է մինչեւ իսկ հակաամերիկյան պատժամիջոցների, եթե Վաշինգտոնը շարունակի «Հյուսիսային հոսք-2» գազատարի ծրագրի ձախողմանը ուղղված քայլերը: Այսինքն՝ ինչքան էլ որ պաշտոնապես ԱՄՆ-ն ու Եվրոպան դեռ մնում են տնտեսական, քաղաքական եւ ռազմական սերտ դաշնակիցներ, մեկ է՝ պարզ է, որ գոնե այս G20-ում  նրանց միջեւ երբեմնի միասնականությունը չի լինելու:
Եվ պատկերը կամբողջանա, եթե հիշեցնենք նաեւ, որ ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ՝ Եվրոպան այս գագաթաժողովին ներկայանալու են եւս մեկ դաշնակցի, եթե ոչ կորստով, ապա առնվազն գերթուլացած հարաբերություններով: Խոսքը՝ Թուրքիայի մասին է, եւ միայն այն փաստը, որ G20-ի շեմին ու Թրամփի հետ Քաթարի հարցով բուռն քննարկումներից հետո Էրդողանը նաեւ բավականին ինտրիգային հանդիպում ունեցավ ռուսաստանյան առանցքային դեմքերից մեկի՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, արեւմտյան լրատվամիջոցներում այն կասկածն է առաջ բերել, որ մի կողմ թողած իր ՆԱՏՕ-ական դաշնակիցներին, G20-ում Էրդողանը կարող է սպասվածից էլ ավելի ցուցադրաբար հանդես գալ ռուս-չինական դաշինքի օգտին: Ասենք, հաշվի առնելով Թուրքիայի նախագահի թիկնապահների մի մասին Գերմանիա չթողնելու հանգամանքը, մինչ այդ էլ կարելի էր ենթադրել, որ G20-ը հազիվ թե անցնի առանց Էրդողանի հիստերիկ քայլերի:
Ու հանրագումարում ստացվում է, որ իրոք Պուտինի հետ հանդիպմանը Թրամփը ներկայանալու է միանգամից մի քանի ուղղություններով թուլացած դիրքերից: Եվ հակառակը՝ Պուտինի դիրքերը տեսանելիորեն ամրապնդվել են Մերձավոր Արեւելքի եւ Չինաստանի հետ հարաբերությունների ուղղություններով: Պակաս ամուր չէ նաեւ թուրքական ուղղությամբ դիրքերը, եթե հաշվի ենք առնում ոչ միայն  ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ Էրդողանի վատթարացող հարաբերությունները, այլ ամենակարեւոր փաստը՝ G20-ի շեմին «Թուրքական հոսք» գազատարի շինարարության մեկնարկը:
Բնական է, որ այս ամբողջական բալանսը Թրամփին քիչ հնարավորություն է տալիս  ամենաառանցքային՝ սիրիական հարցով  Պուտինից թեկուզեւ փոքրիկ զիջումներ ստանալ: Մինչդեռ՝ Սպիտակ տանը շատ մեծ զիջում է պետք, այդ թվում, որ Մոսկվան համաձայնվի առավելագույնը Սիրիայում քրդական ինքնավարության եւ Իրաքում՝ քրդական պետականության ու նվազագույնը՝ միայն Իրաքում սիրիական պետականության եւ միգուցե Սիրիայում՝ ինքնավարության որոշ տարրերի հետ: Բայց ներկայիս դիրքերից ելնելով` կասկածելի է, որ ՌԴ-ն համաձայնվի Մերձավոր Արեւելքի բուն կենտրոնում եւ իր հիմնական դաշնակիցներից մեկի՝ Իրանի հարեւանությամբ ամերիկյան ռազմաքաղաքական բազայի վերածվելու պոտենցիալ ունեցող քրդական անկախ պետական միավորի ձեւավորման հետ: Բայց այլ հարց է, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի Մոսկվան, եթե Թրամփը իր նման առաջարկները համեմի Ուկրաինայում ռեալ զիջումների գնալու խոստումներով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Թրամփը մեղադրել է Google-ին 2016թ.-ի ընտրություններում Քլինթոնի օգտին մանիպուլյացիայի համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА