ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԵԱ՞Լ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱԽՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

30.06.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՌԵԱ՞Լ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱԽՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Շաբաթվա սկզբներից սկսած նորից կտրուկ սրվել է Սիրիայի շուրջ մթնոլորտը: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարություններով, թե ունի տվյալներ, համաձայն որոնց՝ Ասադը պատրաստվում է կրկին անգամ քիմիական զենք գործադրել:ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՆՈՐԻՑ 
ՇԻԿԱՑՐԵՑ ՄԹՆՈԼՈՐՏԸ
Այս մեղադրանքները տարօրինակ են այնքանով, որ դեռ ամիսներ առաջ էր, որ Վաշինգտոնը հայտարարեց, թե Ասադը դիմել է քիմիական հարձակման: Ավելին, նույնիսկ որպես պատժիչ քայլ, բավականին տարօրինակ հրթիռային հարձակում իրականացրեց սիրիական օդանավակայաններից մեկին: Բայց ո՛չ մեղադրանքների փուլում եւ ո՛չ էլ հարվածից հետո Վաշինգտոնը եւ ոչ մի ապացույց չներկայացրեց, որ իրոք քիմիական հարձակում եղել է: Ավելին, կային միայն կցկտուր մեկնաբանություններ, որոնցից հետո բոլորն էլ հասկացան, որ հարձակման մասին մեղադրանքները հորինվածքի մակարդակով են:
Ու ահա, հիմա էլ նույն պատմությունն է: Անգամ լրագրողների հարցին ի պատասխան, ամերիկյան բարձր պետական կառույցների խոսնակները հրաժարվում են որեւէ ապացույց ներկայացնել: Բացատրությունը նույնն է, ինչ նախկին անգամ. «Դրանք հետախուզական տվյալներ են, որոնք չենք կարող բացահայտել»: Ու էլի բոլորի համար հասկանալի է, որ ոչ մի նման ապացույց չկա: Ավելին, որեւէ տրամաբանության չի ենթարկվում այն հարցը, թե հանուն ինչի Ասադը պետք է քիմիական զենք կիրառի, էլ չասած, որ կա նաեւ այն հարցը, թե սիրիական բանակի վերահսկողության տակ կա՞ նման զենք: Սիրիական բանակը միանգամայն  հաջող հարձակողական օպերացիաների մեջ է, միայն վերջին երկու-երեք շաբաթներին հազարավոր կիլոմետր քառակուսիներով տարածքներ ու հարյուրավոր բնակավայրեր է ազատագրել: Դրանից բացի, մի շարք առանցքային հատվածներում ուր որ է շրջափակման մեջ է առնում «Իսլամական պետության» մեծ ուժերի, աստիճանաբար վերահսկողության տակ է վերցնում իր հարավային սահմանները: Մի խոսքով, սա այն փուլն է, երբ պարզ երեւում է առնվազն ԻՊ-ի դեմ պատերազմը հաղթական ավարտին հասցնելու հեռանկարը: Գումարած դրան՝ Թուրքիան, որ նույնպես որոշակի խմբավորումների է վերահսկում, իր հիմնական ուշադրությունը ներկայումս կենտրոնացրել է քրդերի դեմ ու ՌԴ-ի ազդեցությամբ նկատելիորեն մեղմացրել է իր դիրքորոշումը պաշտոնական Դամասկոսի նկատմամբ: Արդյունքում՝ Դամասկոսի հիմնական մտահոգություններից մեկը պետք է լիներ՝ Արեւմուտքի հետ հարաբերություններում լրացուցիչ սրացումներից խուսափելը, ինչն առնվազն տարօրինակ է դարձնում ռազմական-ռազմավարական տեսնակյունից որեւէ էական օգուտ չխոստացող քիմիական զենքի կիրառման մասին անգամ մտածելը:
Բայց չնայած նման ողջ տրամաբանությանը, Վաշինգտոնը, այնուամենայնիվ, պնդում է՝ Ասադը ցանկանում է քիմիական զենք գործադրել, որին ի պատասխան՝ կհարվածենք Սիրիային: Ընդ որում, հարցն այնքան լուրջ է դրել, որ մինչեւ իսկ Թիլերսոն-Լավրով մակարդակով է թեման քննարկվել: Ավելին, երեկ էլ հայտնի դարձավ, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան նավերը բերվել են այնպիսի մարտական դասավորվածության, որ ցանկացած պահին կարողանան հարվածներ հասցնել Սիրիային: Ու այս ամբողջ պատկերից առաջ է գալիս նման ենթադրություն. Վաշինգտոնը առնվազն ցույց է տալիս, որ ունի Սիրիային հարվածելու մտադրություն, ընդ որում, մինչեւ իսկ մտացածին պատրվակով:
Ցույց է տալիս, բայց իրո՞ք հարվածելու միտք ունի: Իհարկե, դժվար է հարցին վերջնական պատասխան տալ, առավել եւս, որ կան մի շարք հանգամանքներ, որոնք հուշում են, որ նման հարվածը կարող է Վաշինգտոնի համար, այսպես ասած, քաղաքական վերջին միջոցը լինել:

Ռուսական ՌՏՈՒ-ն Թուրքիայի խնդրանքով հարվածել է Սիրիայում գտնվող ահաբեկիչներին

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ 
ՓՈՔՐ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նկատի ունենք նույն սիրիական պատերազմի հաջող ընթացքը, որի մասին խոսեցինք: Նույն տեմպերով շարունակվելու դեպքում բոլորն են հասկանում, որ պատերազմը երկար չի ձգվի: Ու արդյունքում` Ասադը կվերականգնի երկրի հիմնական մասի նկատմամբ վերահսկողությունը, ինչը հասկանալի է, այս գոտում աշխարհաքաղաքական թիվ մեկ վերահսկողի ֆունկցիան տալիս է Մոսկվային: Ընդ որում, Վաշինգտոնը քրդերի միջոցով որոշակի դիրքեր, թեեւ պահպանում է Սիրիայում, բայց այստեղ հարցականները, այնուամենայնիվ, կան: Նախ, եթե Ասադին հաջողվի ազատվել մյուս բոլոր գրոհային խմբավորումներից, ապա առավելագույնը, որ կկարողանան սպասել սիրիական քրդերը, դա որոշակի հարցերում ինքնավարությունն է: Ընդ որում, ոչ թե այն տարածքներում, որ հիմա զբաղեցնում են, այլ իրենց կեցության հիմնական գոտիներում: Հակառակ դեպքում՝ պետք է փորձեն զենքի ուժով հասնել ավելի մեծ արդյունքների, այսինքն՝ խորը հակասության գնան ոչ միայն գրոհայիններից ազատված սիրիական բանակի, այլ նաեւ վերջինիս առանցքային դաշնակիցների հետ: Մի խոսքով, ինչքան էլ որ Վաշինգտոնի հիմնական հենարանը քրդերն են, բայց  պարզ է, որ դա դժվար է ժայռային ամրության հիմք համարել: Ու այդ իրավիճակը կարող է էս գլխից, քանի դեռ գրոհայինների հարցը լուծված չէ, Վաշինգտոնի համար հրապուրիչ դարձնել Սիրիայում ռազմական հարվածը: 
Բայց խնդիրը նաեւ մյուս կողմն ունի: Ինչպես ցույց տվեց սիրիական ավիաբազայի վրա հրթիռային գրոհի եւ դրան հաջորդած մի քանի այլ հարվածների փորձը, նման տեղային միջոցները որեւէ էֆեկտի չեն բերում: Ընդ որում, դա միայն սրում է ռուսների հետ հարաբերություններն այն աստիճան, որ Մոսկվան մինչեւ իսկ հայտարարում է, որ պատրաստ է նույնիսկ ոչնչացնել նման փորձեր անող ամերիկյան ավիամիջոցներին: Լուրջ արդյունքի Վաշինգտոնը կարող է հասնել միայն մասշտաբային հարձակման միջոցով: Բայց այս դեպքում էլ անխուսափելի է դառնում ուղղակի բախումը ռուսների հետ: Ու հասկանալի է, որ դա արդեն չի կարող լինել ընդամենը Սիրիայի տարածքում բախում: Նման բախման մասշտաբները միանգամից կհասցնեն այն մակարդակներին, որի պարագայում Սիրիան նույնիսկ չի էլ երեւա:
Մի խոսքով, Թրամփը պատրաստվում է գնալ ՌԴ-ի հետ նման մեծ պատերազմի՞: Թերեւս հավանականությունը չնչին է: Նախ հայտնի արգելակը այն է՝ միջուկային բալանսը, ինչպես եւ միշտ, այս անգամ էլ անիմաստ է դարձնում նման պատերազմը: Եվ երկրոդը, եթե նույնիսկ բանը միջուկային հարվածների փոխանակմանը չհասնի, մեկ է՝ նման քայլը Թրամփի համար քաղաքական առումով էլ է խիստ վտանգավոր: Թեեւ նրա ներքին որոշ հաջողությունների, այնուամենայնիվ, դեռ նույն ուժգնությամբ շարունակվում է իմպիչմենտի ուղղությամբ ներամերիկյան պայքարը: Գումարած դրան՝ բազում հակասություններ կան նաեւ հիմնական դաշնակցի՝ Եվրոպայի հետ: Ընդ որում, նախօրեին Ռուսաստանում էր եվրոպական առաջատարի՝ Գերմանիայի ԱԳ նախարարը եւ Լավրովի հետ նրա տված համատեղ մամուլի ասուլիսից, մեղմ ասած, այն տպավորությունը չէր առաջանում, որ հանուն ԱՄՆ-ի Գերմանիան, որպես ՆԱՏՕ-ական երկիր, պատրաստ է ռուսների հետ պատերազմել: Ճիշտ է, Թրամփի հիմնական դաշնակիցներից Բրիտանիան միգուցե նրան օգնության հասնի, բայց այստեղ էլ օրերս նման հետաքրքիր միջադեպ եղավ. բրիտանական որոշ իշխանավորներ այնքան հպարտացան նոր շահագործման հանձնված իրենց ավիակրով, որ սկսեցին խոսել, թե միայն դրա տեսքը ռուսների նախանձը կառաջացնի: Իսկ ահա ռուսական պաշտպանական գերատեսչությունից նման պատասխան ստացվեց, թե այդ ավիակիրը ծովային շատ հարմար թիրախ է: Ավելին, զուգահեռաբար ավիակիրների թեմային անդրադարձավ նաեւ «Bloomberg»-ը: Հեղինակավոր մասնագետների տեսակետների հիման վրա լրատվամիջոցը փոխանցում է այն տրամադրությունը, որ ժամանակակից հրթիռային տեխնիկայի պարագայում ավիակիրներն արդեն իսկ դարձել են «երեկվա օրը»: Այսինքն՝ մասնավորապես, ռուսական սպառազինության մեջ քիչ չեն գերժամանակակից հրթիռները, որոնք գործնականում անխոցելի լինելով, ի զորու են մինչեւ իսկ մի քանի հազար կիլոմետրից ոչնչացնել միլիարդավոր դոլարների արժողությամբ ավիակիրները՝ նրանց վրա գտնվող տասնյակ ինքնաթիռներով հանդերձ: Իսկ դա նաեւ Սիրիային հարված հասցնելու համար դիրքավորված ամերիկյան նավատորմի համար է ահազանգ. ռուսների հետ բախումը դեռ հազիվ սկսած, այդ նավերը դառնալու են թիրախ:
Իհարկե, զինտեխնիկայի առումով ԱՄՆ-ն էլ պակաս միջոցներ եւ զորություն չունի: Բայց փաստն այն է, որ թեկուզեւ կարճատեւ ռուս-ամերիկյան բախումը կբերի այն քանակի կորուստներ, որ առնվազն Թրամփի վարչակազմը հազիվ թե ի զորու լինի դա մարսել, այն էլ՝ կրկնենք, ներկայիս իմպիչմենտային տրամադրությունների պայմաններում:

Ադիգեայում բեռնատարի հետ բախման արդյունքում բռնկվել է ուղեւորատար գնացքը

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ 
ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Այսպիսով, Վաշինգտոնն ինչքան էլ որ այս օրերին բարձր տոնայնություն է վերցրել, սակայն առկա իրավիճակում քիչ հավանական է, որ կգնա մասշտաբային բախման: Որոշ կետային հարվածների միգուցե, բայց թե դրանցից էլ միակ հույսը կարող է լինել ինչ-որ քաղաքական դիվիդենտներ ստանալը: Թեեւ, դա էլ բան չի տալիս, եթե սիրիական բանակը պահպանի իր ներկայիս հարձակողական տեմպերը: 
Կարճ ասած՝ քիմիական զենքի կիրառման այս ողջ աղմուկի տակ, թերեւս քաղաքական դիրքերի ամրապնդման նպատակ է դրված: Հաշված օրեր են մնացել Համբուրգում կայանալիք G-20 գագաթաժողովին, որի շրջանակներում այս կամ այն ձեւաչափով Պուտին-Թրամփ հանդիպումը կայանալու է: Կողմերն ունեն այդ հանդիպմանը հնարավորինս ամուր դիրքերից ներկայանալու խնդիր, ու կարծես թե Թրամփը հենց դրա լուծմանն էլ փորձում է հետամուտ լինել նաեւ Սիրիայում իրավիճակը սրելով: Կամ էլ՝ փորձում է իր ներքին լսարանին ցույց տալ, թե՝ տեսեք, ինչքան կոշտ եմ ռուսների հետ: Այսինքն՝ որ Պուտինի հետ հանդիպումն ու միգուցեեւ պայմանավորվածությունները ներամերիկյան հարթակում հավելյալ ճնշումներ չառաջացնեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА