o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.06.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Բաքվի սեւ խավիարի համը շատերին է ձգում, եւ բացառություն չեղավ ինքն իրեն ռուս ազգայնական հռչակող ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՐՈԽԱՆՈՎԸ: Ճիշտ է, նա դեռ 1988-ից ի վեր իրեն դրսեւորում էր որպես Կովկասի թուրքերի ջերմ ջատագով, սակայն օր ծերության, երեւում է, զարմանալիորեն լրիվ կորցրել է բանականությունը, քանզի Ադրբեջանում ճոխ ընդունելության արժանանալուց հետո ափսոսանք էր հայտնել, որ 2016-ին Ադրբեջանի զորքերը չկարողացան լուծել «Ղարաբաղը վերադարձնելու» հարցը: Ոչ պակաս զարմանալի է նրա այցը, այսպես կոչված «Շեհիդների պուրակ», մինչդեռ ռուս ազգայնականի համար, կարծես թե, պետք է ամոթալի լիներ պատվելու այն ճիվաղների հիշատակը, ովքեր սպանել են ոչ միայն անպաշտպան հայերի, այլ նաեւ իր ազգակիցներին: Ինչեւէ, զարմանալու ու վրդովվելու փոխարեն ժամանակն է, որպեսզի Պրոխանովի, Դուգինի ու այլ` հակահայկական գործունեությամբ աչքի ընկնողների մուտքը Հայաստան, ընդմիշտ արգելվի:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ պատգամավոր ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ բավականին ուշագրավ հարց է բարձրացնում. «Իսրայելը սկսել է չճանաչել ԵՊԲՀ դիպլոմները, իսրայելական մամուլը գրում է, որ Արցախի սահմանին մեր ՕՍԱ-ն խփվել է սպայկի նոր փորձարարական մոդիֆիկացիայով, այսօր էլ ՌԴ-ում եւ Ուկրաինայում Իսրայելի նախկին դեսպանը հայտնել է, թե Իսրայելը պատրաստվում է Բաքվին մատակարարել նորագույն զինատեսակներ: Այլ կերպ ասած` Իսրայելը բարձրացել է մեր շալակն ու ոնց որ թե իջնելու միտք չունի...»: Դե ինչ, մեր շալակը բարձրանալու փաստը ոչ միայն զարմանալի է, այլեւ մեզ պատիվ չի բերում: Ի վերջո, նաեւ օգտագործելով Մերձավոր Արեւելքի մեր համայնքների հնարավորությունները, կարող էինք վաղուց մշակել հակաքայլերի տարբերակներ, բայց... մինչեւ հիմա չենք մշակում: 

Իսկ առավել քան զարմանալի իրադարձություն տեղի է ունեցել ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ: Քամին ուղիղ եթերում քշել-տարել է եղանակի տեսության հաղորդավարին: Բայց հուսանք, որ նման բան երբեք չի պատահի մեր Գագիկ Սուրենյանի հետ, թեեւ բավականին հաճախ լավատեսություն չներշնչող կանխատեսումներ է անում: Օրինակ, առաջիկայում, նրա հրապարակած տվյալների համաձայն, սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում եւ Երեւանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով: Ինչեւէ, զարմանալով նաեւ այդքան սրընթաց հաստատվող շոգերի կապակցությամբ, մաղթենք, որ միշտ էլ պարոն Սուրենյանին օպերատիվ գտնենք Ֆեյսբուքում եւ եղանակի մասին ամենահրատապ հարցերը ուղղենք նրան: 

Ի դեպ, նույն ՖԵՅՍԲՈՒՔԸ, զարմանալիորեն ամռան վերջից դառնալու է մի նոր պատուհաս հայերիս գլխին: Մեր տեղական արտադրության` քրեական այլանդակությամբ հագեցած սերիալները քիչ էին, վերջերս հեռուստաէկրանները լցրած հնդկական սերիալները քիչ էին, հիմա էլ Ֆեյսբուքը պատրաստվում է թողարկել սեփական սերիալները: Ըստ The Wall Street Journal-ի տվյալների` սոցկայքը պատրաստ է ներդնել 3 մլն դոլար` մեկ շարքի ստեղծման համար, որը համեմատելի է մալուխային հեռուստատեսության թանկարժեք նախագծերի հետ: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչի է դա հանգեցնելու` քիչ է, որ մեր հայրենակիցները տներում պոկ չեն գալիս հեռուստաաղբարկղից, հիմա էլ ցանկացած տեղ` փողոցում, տրանսպորտում, սրճարաններում եւ այլուր պոկ չեն գալու սեփական հեռախոսների էկրաններից, միայն թե բաց չթողնեն հերթական սերիալը:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА