o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.06.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Երեւանցիները արդեն վաղուց են սովոր այն հանգամանքին, որ մայրաքաղաքային տաքսիստներից մեկը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանն է: Բայց ինչքան էլ զարմանալի լինի, հռչակավոր տաքսիստների շարքերը համալրում են ստացել: Արդեն հայտնվել է տեղեկություն, որ «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, ով այժմ  քաղաքական արձակուրդում է, այս ընթացքում աշխատանք է գտել GG տաքսի ծառայությունում: Ի դեպ, ըստ պարոն Մարտիրոսյանի` այդ ծառայությունում աշխատում է իր եղբայրը, ում մեքենան նա հաճախ վարում է: Դե ինչ, Արմեն Մարտիրոսյանին դաժանաբար քաշել է ՀՀ քաղաքական դաշտի թերեւս ամենապաշնորհ կուսակցապետը` Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն այն, որ պարոն Մարտիրոսյանը նեղ օրեր քաշելով հանդերձ, կուսակցափոխություն չի կատարել, նրան միայն դրական կողմից է բնութագրում: 

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Մոսկվայում մեր հայրենակից ՍՈՒՐԵՆ ՎԱՆԵՑՅԱՆԸ զարմանալի, նույնիսկ ապշեցուցիչ ձեւով ապացուցեց, որ ագահությունը շատ վատ բան է: Մոսկվայի կենտրոնում կոպիտ խախտումից հետո նրա ավտոմեքենան կանգնեցնում է ավտոտեսուչը, սակայն Վանեցյանը վերջինիս համոզում է արձանագրություն չկազմել` 10 հազար ռուբլի կաշառքի դիմաց: Իսկ հիմա պինդ բռնվեք` դրանից հետո մեր «շուստրի» հայրենակիցը ոստիկանին ասում է, որ ամեն ինչ տեսագրել է, եւ նրանից պահանջում է 2 մլն ռուբլի, որպեսզի վերադասին ցույց չտա այդ տեսանյութը: Սակայն սեփական ագահությունից անչափ ոգեւորված Վանեցյանը հետո նրանից պահանջում է եւս 12 մլն ռուբլի, եւ ավտոտեսուչին այլ բան չի մնում, քան գնալ եւ «հանձնվել» սեփական վերադասին: Եվ հիմա որտե՞ղ է մեր այս հայրենակիցը, որի նմաններ խայտառակել ռեսպուբլիկա: Այո, ճիշտ կռահեցիք` մեկուսարանում:

Մեզ բավականին զարմացրեց ֆինանսների նախարար ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ: Պատասխանելով այն հարցին, թե հրաժարական կտա՞ ակնկալվող տնտեսական աճի չապահովման դեպքում, պարոն նախարարը պատասխանեց. «Դա սպեկուլյատիվ հարց է, դա հանրությունը կասի: Գիտեք, իրականում այդ ցուցանիշները, որ պետք է ապահովել կամ չապահովել, բազմաթիվ գործոններ կան, որ կարող են ազդել դրա վրա: Չմոռանանք, որ գլոբուսի վրա ենք ապրում»: Դե ինչ ասես, դա էլ է «շուստրիություն», բայց քաղաքական` լծակներ ունենալ, դրանցից օգտվել, բայց երբեք պատասխանատվություն չկրել, «քանի որ գլոբուսի վրա ենք ապրում»: Զարմանալով հանդերձ, երեւի թե, հարկ է մեր ընդդիմադիր պատգամավորներին խնդրել, որպեսզի առաջին իսկ հարմար առիթով պարոն նախարարին գլոբուս նվիրեն: Թող այդ գլոբուսի հետ անի ինչ ուզում է, միայն թե առավել պատասխանատվությամբ մոտենա եւ թույլ չտա ձախողումներ: 

Ի դեպ, ընդդիմադիրներից մեզ որոշ չափով զարմացրեց «Ելք» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԸ` հայտարարելով. «Գիտեք, մենք մինչ այդ եղած բոլոր ընդդիմություններից տարբերվում ենք նրանով, որ հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում, եւ պոպուլիզմի դաշտ չենք մտնում: Այլ հարց է, որ շատ հաճախ մեր դիրքորոշումները ճիշտ չեն ընկալվում, ու սկսում են քննադատել»: Եթե ճիշտ չհասկացվելու մասին հայտարարեր սուպերպոպուլիստ Նիկոլ Փաշինյանը, կամ ՀՀ վաստակավոր էլեկտրիկ Էդմոն Մարուքյանը, դա դեռ կհասկանայինք: Բայց ճշգրիտ գիտության մարդ, բարձրորակ ծրագրավորող Գեւորգ Գորգիսյանը... Չէ, թող մի քիչ հաճախ միացնի իր համակարգիչը եւ գոնե որպես հոբբի` ծրագիր գրի, այլապես կընկղմվի տերյանական «չի հասկանա ձեր հոգին ե՛ւ ծույլ, ե՛ւ օտար...» բանաձեւի մեջ:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА