o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱՆՏԱԺՆ ԷԼ ԷՖԵԿՏ ՉՈՒՆԵՑԱՎ

21.06.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱՆՏԱԺՆ ԷԼ ԷՖԵԿՏ ՉՈՒՆԵՑԱՎ

 

Այսպիսով, ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ¥ՄԽ¤ հերթական տարածաշրջանային այցը: Համանախագահներն իրենց շրջագայությունն ամփոփեցին միայն հակիրճ հայտարարությունով, որը, թեեւ, շատ բան չի ասում, բայց տողատակերում, այնուամենայնիվ, որոշ ուշագրավ հանգամանքներ կարելի է նկատել:

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ 

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Նախ, իհարկե, կարեւոր էր, որ համանախագահները երկրորդ անգամ հասցեական մեղադրանք հղեցին Ադրբեջանին՝ այցի ընթացքում սահմանային իրավիճակի լարման համար. «Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խոր մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից: Համանախագահները նույն ուղերձը հղում են Հայաստանի ղեկավարներին եւ Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանություններին...»:

Իհարկե, լավ է, որ վերջապես ՄԽ-ն սկսել է ուղղակիորեն հրադադարը խախտողներին մեղադրել: Կարելի է նաեւ ասել, որ նման մեղադրանքները բավարար չեն, ՄԽ համանախագահները, ավելի կոնկրետ՝ համանախագահող երկրները պետք է մեղադրանքներին գործնական քայլեր, ընդհուպ  մինչեւ պատժամիջոցներ ավելացնեն: Ի վերջո, ամեն անգամ, երբ համանախագահներն ինչ-որ քայլ են կատարում, սահմանային նման սրացումները կան, ինչը նաեւ արհամարհանք է հենց համանախագահ երկրների նկատմամբ: Բայց նաեւ, եթե ՄԽ-ն անցել է հասցեական մեղադրանքների, դա ակնարկ է, որ մի օր էլ ավելի վճռական քայլեր կլինեն: Այսինքն, որ  նման սադրանքների գնալու Բաքվի հնարավորությունները կամաց-կամաց նվազում են: Միգուցե ոչ այն տեմպերով, որ մեզ համար ցանկալի է, բայց ունենք այն, ինչ ունենք:

Սրանով հանդերձ ՄԽ հայտարարության մեջ այլ հետաքրքիր դրվագներ կան: Այսպես, հրադադարի հետ կապված համանախագահները դիմում են նաեւ «Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանություններին»: Նաեւ այս միտքը կա. «Համանախագահները մեկնեցին Լեռնային Ղարաբաղ (հունիսի 12) հանդիպելու դե-ֆակտո իշխանությունների հետ...»: Եվ նկատենք, որ արդեն նման տարածաշրջանային այցերի պարտադիր պայման է դարձել, որ համանախագահներն այցելում են Արցախ: Ինչո՞ւ, ի՞նչ են քննարկում Ստեփանակերտում, դա դեռ հարցի մյուս կողմն է: Շատ ավելի էական է այդ այցելությունների բուն փաստը: Այսինքն, ինչքան էլ Բաքուն հակառակը պնդի, մեկ է, համանախագահները Ստեփանակերտի հետ քննարկումները, նրա տեսակետը դնում են Երեւանի եւ Բաքվի դիրքորոշման հետ նույն շարքում՝ առերեւույթ անգամ չտարբերակելով, թե որ մայրաքաղաքի խոսքն է առաջնային կամ երկրորդ պլանում: Եվ նկատենք, որ համանախագահները կարող էին այլ կերպ շարժվել. այցելել կամ բանակցել միայն Երեւանի հետ՝  համարելով, որ վերջինս ներկայացնում է նաեւ Ստեփանակերտին: Փոխարենը՝ ՄԽ-ն Արցախի հետ խոսում է առանց միջնորդավորման եւ դրանով ցույց տալիս, որ Արցախը փաստացի բանակցային կողմ է:

Եվ համանախագահների հայտարարության վերջին դրվագը. «Նախագահներն արտահայտել են իրենց մտադրությունը՝ վերսկսելու քաղաքական երկխոսությունը՝ նպատակ ունենալով գտնել փոխզիջումային լուծում կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»: Ուստիեւ՝ ՄԽ-ն խոսում է արդեն հաջորդ քայլից. «Ծրագրում են շուտով կրկին հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձեւաչափերը»:

 

ԵՎ ՆՈՐԻՑ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ 

ՊԱՏԵՐԱԶՄՈՎ

Իհարկե՝ փոխզիջումային լուծումների մասին հայտարարություններ այս տասնամյակներին շատ ենք լսել, եւ հերթական նման միտքն էլ առնվազն հերթապահ հայտարարության տպավորություն է առաջացնում: Բայց չէ, համանախագահներն այս անգամ այլ իմաստ են դրել իրենց խոսքի տակ: Այսինքն, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են «վերսկսել» այդ փոխզիջմանը միտված «քաղաքական երկխոսությունը»: Հասկանալի է՝ հակամարտության կարգավորման ամենաբարդ մասը հենց դա է՝ «կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար փոխզիջումային լուծում» գտնելը: Ընդ որում, կարելի է նաեւ առանձնացնել այդ «ամենավիճահարույց հարցերից» հիմնականը՝ Արցախի կարգավիճակը, որի հետ կապված քանիցս բանակցային գործընթացը տապալվել է ու սկսվել ՄԽ-ի նոր առաջարկների փաթեթից: Եվ կոնկրետ դեպքում էլ, գաղտնիք չէ, որ այդ հարցը բանակցային առաջարկների առանցքային դրույթներից է: Ճիշտ է, հազիվ էր ՄԽ-ն հեռացել Բաքվից, որ Ալիեւն իր օգնական Ալի Հասանովի միջոցով շտապեց հայտարարել, թե՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի... Հակառակ դեպքում՝ պատերազմը եւ ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ այլ շրջանների ազատագրումն անխուսափելի են»: Բայց նման հայտարարությունները դարձել են Բաքվի «հին ու բարի» ավանդույթներից մեկը: Մեկ նման ավանդույթ էլ կա. հենց Բաքուն ՄԽ-ից դժգոհ է լինում, անմիջապես սկսում է հետեւներից հայհոյել: Եվ ահա նույն Հասանովը հայտարարում է. «Թո՛ղ նրանք (ՄԽ-ն- Հեղ.¤ ամաչեն այն հանգամանքից, որ 20 տարի է այցելում են տարածաշրջան, սակայն այսքան ժամանակ ոչ մի արդյունքի չեն կարողացել հասնել»: Լավ, բա այդ դեպքում սուլթան Իլհամն այդ ինչո՞ւ է հանդիպում ՄԽ-ի հետ: Կամ ինչո՞ւ է նույն Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարում. «Մենք պաշտպանում ենք բարի մտադրությունների եւ քաղաքական կամքի հիման վրա առարկայական բանակցությունները շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը»: Այսինքն՝ ուզում է ասել, թե բանակցում է բացառապես «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի» ադրբեջանական թեզի շո՞ւրջ: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Բաքուն գոնե մեկ անգամ չհերքեց ինչպես Մոսկվայից, այնպես էլ՝ Վաշինգտոնից հնչած այն պնդումը, թե բանակցային սեղանին են երեք հայտնի սկզբունքների վրա հիմնված փաթեթը:

Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել

 

ԱՄՓՈՓԵՆՔ

Բայց փորձենք  ամփոփել այս իրավիճակը: Այն, որ հրադադարի հերթական խախտման հետ կապված ՄԽ-ն բավականին լուրջ խոսակցություն է ունեցել Ալիեւի հետ, ենթադրելի է: Կազդի՞ դա Բաքվի վրա. դա արդեն կասկածելի է: Ավելի շուտ, Բաքվի վրա  կարող է ազդել այն պատասխանը, որ վերջին հարձակումների հետ կապված երեկ տվեց հայկական բանակը:

Բայց նաեւ հասկանալի է, որ եթե բուն բանակցային գործընթացն ու ՄԽ-ի այս վերջին այցն Ալիեւի սրտովը լինեին, ապա նա սահմանային այս հերթական հիստերիան սարքելու եւ իրեն պատերազմ գնացողի տեղ դնելու կարիքը չէր ունենա: Ու երեւի այդ ռազմատենչությունը սովորական շանտաժի տեղ դնելով` համանախագահներն Ալիեւին տվել են այս պարզ հարցը՝ պատրա՞ստ է գնալ բանակցությունների սեղանին դրված առաջարկների շուրջ: Եվ ելնելով ՄԽ հայտարարությունից` նման է նրան, որ պատասխանը եղել է դրական:

Դա սպասելի էր, հաշվի առնելով այն փաստացի վիճակը, որում այսօր գտնվում է Բաքուն: Ավելին, նաեւ այս հանգամանքը հաշվի առնելով: ՄԽ «երջանկահիշատակ» ամերիկացի համանախագահ, համատեղության կարգով էլ՝ թուրքափեսա Մեթյու Բրայզան պարբերաբար մեջ մտնելու հատկություն ունի: Բրայզան, որ հիմա իրենից ԱՄՆ-ում քիչ բան է ներկայացնում եւ, տարբեր աղբյուրների համաձայն, հիմա մեկ-մեկ կատարում է Անկարայի ոչ պաշտոնական խոսափողի դերը, կրկին մեջ ընկավ՝ հայտարարելով, թե Թրամփը ներկայումս ամենեւին էլ Հարավային Կովկասով, առավել եւս՝ Ղարաբաղով չի զբաղվելու: Կարելի է  ենթադրել, որ Անկարայից է նման հիշեցում հղվում Բաքվին, կամ միգուցե Բրայզան սեփական նախաձեռնությամբ խոսեց այդ մասին: Բայց մեկ է, ոչ միայն նա, այլ նաեւ ամերիկյան շատ այլ հեղինակավոր վերլուծական կառույցներ եւս նույն բանն են պնդում, որ Թրամփը ոչ միայն Հարավային Կովկասի հետ կապված ծրագրեր չունի, այլ նույնիսկ կարող է դուրս գալ այդ տարածաշրջանից: Այսինքն, եթե Բաքուն հույսը դրել էր ԱՄՆ-ի հետ հնարավոր դաշինքի վրա, ապա գոնե ներկայուս նման հիմք չկա:

Ավելին. այս իրավիճակում ՄԽ-ում նկատելի է ռուսական դերի ակտիվացում: Իսկ ահա ամերիկյան համանախագահը՝ Ռիչարդ Հոգլանդը, Սպիտակ տան հստակ դիրքորոշման բացակայության պարագայում կարծես թե իր հերթին է առաջ գնում ՄԽ-ի դիրքորոշման ընդհանուր տրամաբանությամբ: Միգուցե սա նաեւ ձեռնտու է Սպիտակ տանը. եթե հստակեցում չկա, ապա ՄԽ-ն կարող է դառնալ ՌԴ-ի հետ հաջող համագործակցության լավ հարթակ:

Նկատենք նաեւ, որ ՌԴ-ն, ունենալով ՄԽ-ում նման առաջնային դիրքեր, նաեւ դրանով կարող է շահագրգռվել՝ ղարաբաղյան հանգուցալուծումն իր պատկերացումներով կառուցելու հարցում: Իսկ այդ դեպքում պետք է շտապել. եթե Բրայզայի ասածի պես, ԱՄՆ-ը հիմա դեռ հստակ կողմնորոշում չունի, ապա վաղը-մյուս օրը դա կարող է եւ փոխվել:

Այսպիսով, ենթադրելի է, որ ՄԽ-ն կփորձի կամաց-կամաց տեմպ տալ բանակցություններին: Բայց նաեւ ասել, թե այդ գործընթացը կհասնի վերջին, էլի հնարավոր չէ: Ղարաբաղի շուրջ այնքան շատ շրջադարձեր են եղել, որ ոչինչ չի կարելի հստակ ասել, մինչեւ չլինի ստորագրված պայմանագիր:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА