o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՖՈՐՈՒՄԸ ՋՐԲԱԺԱՆ` ԱԴԵԿՎԱՏՆԵՐԻ  ԵՎ ՈՉ ԱԴԵԿՎԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

20.06.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՖՈՐՈՒՄԸ ՋՐԲԱԺԱՆ` ԱԴԵԿՎԱՏՆԵՐԻ   ԵՎ ՈՉ ԱԴԵԿՎԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

 

ՀՀԿ-ի եւ Արցախի խորհրդարանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված հայկական կուսակցությունների 3-րդ համաժողովը անցավ շատ կառուցողական մթնոլորտում: Ի դեպ, դա եւս մեկ առիթ եղավ հիշեցնելու, որ մենք միասնական երկիր ենք` զորօրինակ, իր ողջույնի խոսքում Բակո Սահակյանը  օգտագործում էր ոչ թե «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, այլ` «Մեր հայրենիքի այս հատվածը»: 

Ուղիղ. Վիտալի Բալասանյանի ասուլիսը Ստեփանակերտից

ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ 

ՀՆԱՐԱՎՈՐ Է

Իհարկե, Ադրբեջանն Ադրբեջան չէր լինի, եթե հերթական ագրեսիվ գործողություններով չփորձեր մթագնել համաժողովի մեկնարկը, ինչի արդյունքում ունենք չորս զոհ: Բանակն իր պատասխանը տվեց, հենց այս պահին էլ պատժիչ գործողությունները շարունակվում են, սակայն, ինչպես իր ելույթում մատնանշեց ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը, հարկավոր է «բնազդային»` իրավիճակային արձագանքներից անցնել «պրեսինգի»` նախօրոք շատ լավ պատկերացնելով, թե որ տեսակի թշնամական ոտնձգությանը ինչպիսի արձագանք պետք է տան պետության եւ հանրության տարբեր օղակներն ու ինստիտուտները` սկսած Ազգային ժողովից ու Արտգործնախարարությունից, վերջացրած լրատվական-քարոզչական դաշտով եւ արտերկրում ունեցած մեր լծակներով: ՍԻՄ նախագահը նաեւ ֆորումի առիթն օգտագործեց` կրկին հիշեցնելու կուսակցության առաջարկությունը, որ դեկտեմբերի 1-ը` այսինքն այն օրը, երբ 1989-ին ընդունվել էր Հայաստանի եւ Արցախի վերամիավորման պատմական որոշումը, սահմանել որպես տոն` Վերամիավորման օր: 

Ինչ վերաբերում է թշնամու լպիրշ ոտնձգությանը, ապա «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց ենթադրություն, որ մեր ամեն մի նշանակալի քայլին մազութային սուլթանատն արձագանքում է այս կամ այն աստիճանի ագրեսիվ սադրանքով` լինի դա կրակոցների ինտենսիվացման տեսքով, թե` մի քանի օր տեւած լիարժեք ռազմական գործողություններով, ինչը տեղի էր ունեցել անցյալ տարվա ապրիլին: 

Հարկ է նշել, որ կոնսենսուսով ընդունված եզրափակիչ բանաձեւը ընդգրկում են ոչ միայն բուն Արցախի եւ ադրբեջանական ագրեսիայի հիմնախնդիրները, այլեւ էապես ավելի լայն օրակարգ, այդ թվում կուսակցական համակարգի զարգացումը, քաղաքական համակարգերի կատարելագործումը, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները, հանրային կառավարման արդյունավետությունը, սոցիալ-տնտեսական նպատակները եւ այլն: Բանաձեւի կետերի գրեթե կեսը վերաբերում է այն խնդիրներին, ուր սովորաբար առկա են իշխանության եւ ընդդիմության էական հակասություններ. 

«7. Արձանագրում ենք ներկուսակցական ժողովրդավարության եւ միջկուսակցական հարաբերությունների արդյունավետության մեծացման եւ հանդուրժողականության անհրաժեշտությունը:

8. Նպաստելու ենք ընտրական համակարգերի շարունակական կատարելագործմանը եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը:

9. Վերահաստատում ենք Ստեփանակերտ քաղաքում հայկական կուսակցությունների ամենամյա քննարկումների անցկացման անհրաժեշտությունը` ստեղծելով կուսակցությունների ոլորտային կառույցների համատեղ քննարկումների անցկացման զուգահեռ հարթակներ:

10. Առաջարկում ենք Սփյուռքի մյուս երկու ավանդական կուսակցություններին հետագայում միանալ այս համաժողովի աշխատանքներին»:Այսինքն` միասնականություն դրսեւորվեց ոչ միայն գոյատեւման հիմքում ընկած հարցերում, այլեւ բավականին լայն սպեկտրով, ինչը վկայեց, որ իշխանության եւ ընդդիմության կառուցողական համագործակցությունն ընդհուպ կոնսենսուսով ընդունված որոշումները, միանգամայն իրագործելի խնդիր են: 

Եվ կարեւոր է նաեւ այն դիրքորոշումը, որ այսպիսի ֆորումներ պետք է պարբերաբար լինեն, ու նաեւ Սփյուռքի` դեռեւս չմասնակցած ավանդական կուսակցությունների ներգրավումը: Այնպես որ, իզուր չէր դեռ մեկնարկից առաջ Ստեփանակերտի ֆորումը «հայկական քաղաքական Դավոս» անվանելը: 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԵՄԻՆԻԶՄՆ ՈՒ 

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՂԶԻԿՈՒԹՅՈՒՆԸ»

Ֆորումի կազմակերպիչները շատ ճիշտ էին վարվել, որ չէին հրավիրել Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությանը: Էլ չենք խոսում ամբողջովին լուսանցքում հայտնված այնպիսի քաղաքական ձախորդփանոսների մասին, ինչպիսիք են «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», Օսկանյանի կուսակցությունը եւ ՕՐՕ դաշինքի այլ բաղադրիչները: Զարուհի Փոստանջյանի վարքագիծը պարզորոշ ցույց տվեց, որ նրա գլխավորած քաղաքական ուժի տեղը լուսանցքն է, բայց դրա մասին մի փոքր ուշ: 

Իսկ այժմ` հրավերից չօգտվողների մասին: Հրավերը մերժել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը եւ արցախյան սաքունց Հայկ Խանումյանի կուսակցությունը: Դե, առաջինը շատ ճիշտ էլ վարվել է, որ չի ներկայացել, քանզի ինքնին պարզ է, թե Արցախում ինչպես պետք է դիմավորեին հողատու թրքասիրության գաղափարախոսության կրողներին, իսկ 2-րդը ակնհայտորեն ներկայացնում է հայ հանրությանը բացարձակապես խորթ, օտարամուտ արժեքները: Այսինքն` այդ երկու ապազգային, եթե չասենք դավաճանական ուղղությունները, կատարեցին անցում դեպի իրենց իսկական տեղը` քաղաքական լուսանցք: 

7787 ձայնով Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել Դավիթ Սարգսյանը

Իսկ բոլոր խորհրդարանական ուժերն անխտիր ցույց տվեցին, որ ի զորու են գործել կառուցողական դաշտում, ապահովելով փոխընդունելի լուծումներ, իսկ քաղաքական մրցակցությունը տանելով առողջ, խթանող դաշտ: Այդ դաշտում իրենց դրսեւորեցին եւ ոչ խորհրդարանական ուժեր, զորօրինակ` կոմունիստները եւ «Հզոր հայրենիքը», գումարած անգամ Հրանտ Բագրատյանի կուսակցությունը: 

Իսկ թե ինչու լիովին ճիշտ էր Զարուհի Փոստանջյանին Ստեփանակերտի ֆորումից հեռու պահելը` ցույց են տալիս նրա եւ նրա կուսակիցների լրիվ ոչ ադեկվատ գործողությունները: 

Այսպես, «Երկիր ծիրանի» հինգհոգանոց խմբակցության երեք կանայք անվստահություն են հայտնել խմբակցության երկու տղամարդկանց` վերջիններիս մեղադրելով կուսակցության սկզբունքների դավաճանության մեջ: Ընդ որում, դավաճան պիտակված Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը այն դեմքերն են, ովքեր ե՛ւ ավագանու ընտրարշավի ընթացքում, ե՛ւ դրանից հետո կուսակցությանը օժտում էին ոչ ծայրահեղական, ադեկվատ ուժի իմիջով: Այդ մեղադրանքներին նշյալ ավագանիները պատասխանել են հայտարարությամբ, ուր մասնավորապես ասված է. «Ինչ-ինչ պատճառներով, այն հանգամանքը, որ մենք կողմնակից ենք կուսակցության Երեւանի ծրագիրը իրագործել սառը դատողությամբ եւ ոչ թե էմոցիոնալ երանգներ հաղորդելով գործընթացներին, ինչպես նաեւ բոլոր գործողությունները կատարել օրենքի շրջանակներում եւ անկախ ամեն ինչից` պահպանել պրոֆեսիոնալիզմ եւ հարգալից վերաբերմունք, կուսակցության կողմից գնահատվել է որպես կուսակցության գծից շեղում, պարտականությունների չկատարում եւ թիմային աշխատանքի խաթարում»: 

Այսինքն` «Երկիր ծիրանին» անվստահություն է հայտնել իր այն գործիչներին, ովքեր մտադիր էին հանդես գալ կիրթ, պարկեշտ, ադեկվատ մարդու դիրքորոշմամբ: Դե, եթե սեփական կուսակիցների նկատմամբ են այդպես վարվել, ապա պարզ է, թե ինչու «Ելք» դաշինքին առավել եւս պիտակել են «իշխանությունների սպասարկու», իսկ դաշինքի ամենահավասարակշռված պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին տիկին Փոստանջյանը որակել է «հրեշների փաստաբան»:

Դե, իսկ այն, ինչ տեղի է ունեցել ավագանու նիստից հետո` «Երկիր ծիրանի» կուսակցությունը հանդես է եկել երկարաշունչ հայտարարությամբ, որի 6-րդ կետը վերնագրված է (թող ընթերցողը մեզ ների օտարամուտ քաղաքական հայհոյանքները մեջբերելու համար) «Գենդերային հիմքով խտրական (սեքսիստական) կոչեր նիստերի դահլիճում»: Իսկ թե ինչն է որակվել այդպիսի ահավոր խտրականություն` թեկուզ այն, որ հիշատակվել է փոստանջյանական ավագանիների սեռը: Մասնավորապես, ըստ այդ կուսակցության` Տարոն Մարգարյանն ահավոր հանցանք է գործել` ասելով. «Ինձ թվում է` այս աղջկա միկրոֆոնը անջատել է արդեն պետք» եւ «քանի որ Դուք կին եք, ես չընդհատեցի»: Այդ ահավոր խտրականության «գնդակահարության հոդվածի» տակ գնացին նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Հասմիկ Սարգսյանը, ով ասել էր. «Անհարմար է, վերջը կին եք, մայր եք», եւ Կամո Արեյանը, որ իր խոսքում ընդհանրապես համարձակվել է օգտագործել «տղամարդ» եւ «տղամարդկություն» բառերը: 

Այսինքն` տիկին Փոստանջյանի ստեղծած «Երկիր ծիրանին», գործնականում ոչ միայն ինքն իրեն հանել է քաղաքական դաշտի լուսանցք, այլ ընդհանրապես այդ դաշտից դուրս է եկել` գլորվելով ամենաքյառթու ֆեմինիզմի ճահիճը: Լավ է, գոնե դեռեւս չենք տեսնում ֆեմինիստական զինանոցի այնպիսի գործիքակազմի կիրառումը, ինչպիսին են, օրինակ, մերկացույցերը: 

Ինչեւէ, ամփոփելով կարող ենք ասել, որ Ստեփանակերտի ֆորումը խորհրդանշեց ջրբաժանը` ադեկվատ եւ ոչ ադեկվատ քաղաքական ուժերի եւ գործիչների միջեւ: Եվ ոչ պաշտոնապես սահման անցկացվեց` ինչն է ընդունելի, իսկ ինչը` անընդունելի ներքաղաքական պայքարում, ընդ որում` այդ չափանիշները հանրային յուրահատուկ պայմանագրի մակարդակով գործելու են ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ մեր միասնական երկրի մեծ ու փոքր քաղաքներում ու գյուղերում: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА