o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԵԼԵՐԸ

09.06.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԹԵԼԵՐԸ

Եվ այսպես, ահաբեկչական հարվածի թիրախ, ի վերջո, դարձավ Իրանը: «Իսլամական պետությունը» թեեւ ստանձնել է նախօրեին Թեհրանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, սակայն ինչպես բազում այլ ահաբեկչությունների պարագայում նույն հարցն է առաջ գալիս. հանուն ինչի՞ ԻՊ-ն պետք է այդ քայլին գնար:ԻՊ-Ն ԸՆԴԱՄԵՆԸ 
ԿԱՏԱՐՈՂՆ ԷՐ
Եվ իրոք, ԻՊ-ին ի՞նչ կարող է տալ Թեհրանում մի քանի մարդու սպանելը: Երբ, ասենք, Եվրոպայում են նման հարձակումներ գործում, կարելի է մի պահ մտածել, թե դա հանրային վախի մթնոլորտ ձեւավորելու միջոցով կոնկրետ երկրների վրա ազդելու փորձ է: Իրանի պարագայում, անգամ այս թույլ վարկածն է բացառվում: Իրանն այն երկիրն է, որի բնակչությանն ու պետական համակարգին նման հարվածներով որեւէ կերպ չես վախեցնի: Ավելին՝ կկատաղեցնես, եւ եթե մինչ այս Սիրիայում եւ այլ հատվածներում ԻՊ-ի եւ նման կառույցների դեմ պատերազմում Իրանն ուներ որոշակի ներգրավվածություն, ապա հիմա, միանշանակ, այն կդառնա ավելի մասշտաբային: ԻՊ-ի վերնախավում էլ հաստատ հիմարներ չեն նստած: Նրանք լավ հասկանում են, որ Թեհրանին հասցված հարվածը շատ արագ բումերանգի էֆեկտով ու բազմապատկված ուժով  ետ է գալու իրենց: Թերեւս, նաեւ դա էր պատճառը, որ տարիներ շարունակ Մերձավոր Արեւելքի այս պատերազմական քաոսի պարագայում անգամ ահաբեկչական ուժերը խուսափում էին հարվածել Իրանին: Ու հիմա հարվածեցին: Ինչո՞ւ:
Այն, որ, որպես կանոն, ԻՊ-ի եւ նմանատիպ կառույցների այս կարգի ահաբեկչական հարվածների տակ կարելի է բոլորովին այլ ուժերի շահը տեսնել, նոր բան չէ: Ելնելով վերը նշված տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ Իրանին հասցված հարվածը եւս ոչ թե ԻՊ-ի, այլ ուրիշ ուժերի շահերից ու պատվերից էր բխում: Ու կարծես թե նույն կարծիքին են նաեւ Թեհրանում: Կարելի է բերել ահաբեկչությունից շատ չանցած «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հնչեցրած հայտարարությունը: Դրանում նախ նկատելով, որ այս հարվածը տեղի ունեցավ նախագահ Թրամփի եւ «ահաբեկիչներին աջակցող» Սաուդյան Արաբիայի լիդերների հանդիպումից հետո, կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Հոսեյն Սալամին գալիս է այն հետեւությանը. «Այն փաստը, որ ԻՊ-ն է ստանձնել պատասխանատվությունը, ապացուցում է, որ նրանք ¥Սաուդյան Արաբիայի առաջնորդները- Հեղ.¤ խառնված են այդ դաժան հարձակմանը»: Եվ, բնականաբար, գեներալը խոստանում է, որ այդ հարվածի պատասխանը կտրվի, այսպես ասած, արագ եւ որակով: Ու հաշվի առնելով, որ խոսքը Իրանի մասին է, դժվար չէ կռահել, որ կորպուսի փոխհրամանատարը ներկայացրել է ոչ թե սեփական, այլ՝ պետության ամենաբարձրաստիճան ղեկավարության տեսակետը:
Իրականում այս հարվածի հետքերը տանում են Սաուդյան Արաբի՞ա. նույնիսկ սա արդեն էական չէ: Բուն փաստը, որ Իրանը հենց սաուդներին է մեղադրում եւ խոստանում պատասխանել, շատ ավելի կարեւոր է: Ինչպիսի՞ն կլինի այդ պատասխանը, ի՞նչ հետեւանքներով է այն հղի. մինչ այս հարցերին հասնելը` մեկ այլ հանգամանքի եւս  ուշադրություն դարձնենք:

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ 
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ...
Ինչո՞ւ ԻՊ-ն հենց այս պահին հարվածեց Իրանին: Կարելի է նկատել երկու խորքային պատճառ, ասենք, դրանց արմատներն էլ նույնն են: Նախ՝ Սիրիայում այս պահին տիրող իրավիճակը ծանր հետեւանքներ է խոստանում հենց Սաուդյան Արաբիային: Այն, որ ի սկզբանե սիրիական պատերազմը Սաուդյան Արաբիան փորձում էր օգտագործել իր ղեկավարած սունի իսլամի կողմից Իրանի ղեկավարած շիա իսլամի նկատմամբ գերիշխանության հասնելու համար, հին ճշմարտություն է: Ընդ որում, թույլ ռազմական պոտենցիալ ունեցող Սաուդյան Արաբիան դա ոչ մի պարագայում չէր կարող սեփական ձեռքերով անել, ուստիեւ խաղն առաջ էին տանում ուրիշների ձեռքերով՝ հանդես գալով «գաղտնի» ֆինանսավորողի դերում: Բայց հիմա սիրիական բանակը, հասկանալի է՝ ռուսների եւ մյուս օգնական ուժերի հետ միասին, ինչպես արդեն նշելու առիթ ունեցել ենք, մասշտաբային հարձակումներ են իրականացնում, որոնք գործնականում կարող են նույնիսկ հաշված ամիսների ընթացքում վերջ դնել եթե ոչ սիրիական պատերազմին, ապա գոնե հակառակորդի հիմնական ուժին՝ ԻՊ-ին: Առավել եւս, որ Ամերիկայի օժանդակությամբ գործող քրդական ուժերը նախօրեին սկսեցին ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքայի գրոհը եւ արդեն իսկ մուտք են գործել քաղաք: Ու մյուս կողմից Իրաքը եւս ԻՊ-ի դեմ պատերազմում հասել է լուրջ հաջողությունների, ու տեսանելի է նաեւ այդ պետությունում իսլամիստական ուժերի պարտության հեռանկարը: ԻՊ-ի պարտությունը ոչ միայն ջուրը կլցնի արաբ շեյխերի ծախսած հսկայական փողերը, այլ նաեւ իսլամական աշխարհում գերիշխանության հասնելու պայքարում ծանր պարտության կմատնի Սաուդյան Արաբիային:
Եվ երկրորդ պատճառը: Վերը նշված իրողությունները, ինչպես ցույց տվեց Քաթարի շուրջ այս նույն օրերին ծագած սկանդալը, հիմնավորում է, որ արաբական աշխարհում ներքին բուռն պառակտում է առաջ եկել: Քաթարը, որ ի սկզբանե նույն իսլամիստական շարժումները ֆինանսավորողներից մեկն էր, շատ է խոսվել, որ այդ քայլին գնացել է Սաուդյան Արաբիայի հետ դաշինքի եւ այդ կարգի մի քանի այլ պատճառներով: Բայց վերջին ժամանակներս նկատելի էր, որ Քաթարը ակտիվ համագործակցության է գնում նաեւ Իրանի հետ: Եվ, միաժամանակ, երբ ԻՊ-ի դիրքերի թուլացման ֆոնին ակտիվացան խոսակցությունները, որ Սաուդյան Արաբիան կարող է արդեն առաջին դեմքով պատերազմի  մեջ մտնել Իրանի հետ, Քաթարը ներսից փորձում էր տորպեդահարել նման հեռանկարը: Քաթարին կարելի է հասկանալ. մի կողմից Իրանը նրա համար տնտեսական գործընկեր է, մյուս կողմից՝ Թեհրանի հետ ռազմական հակամարտությունը շատ վտանգավոր է հատկապես արաբական փոքր, բայց կուշտ ու գոհ երկրների համար: Հանուն ինչի՞ իրենց բարեկեցությունը վտանգի տակ դնեն, որ մրցակից սաուդները էլ ավելի՞ ամրացնեն իրենց կշիռը:
Բայց մյուս կողմից էլ, երբ Սաուդյան Արաբիան փորձեց նման արմատական քայլերով դարձի բերել Քաթարին, պարզվեց, որ այստեղ էլ կարող է պարտվել: Արաբական մի քանի երկրների կողմից դիվանագիտական հարաբերությունների դադարեցումը Քաթարի համար միայն տհաճություն է: Իսկ տնտեսական շրջափակման ենթարկելու վտանգից չհապաղեց նրան ապահովագրել Իրանը՝ Քաթարին թույլ տալով օգտվել իր երեք նավահանգիստներից: Ավելին, նույնիսկ այս ահաբեկչական հարվածից ժամեր անց սննդամթերքով բեռնված ինքնաթիռ մեկնեց Քաթար, որն ակնարկ էր, որ Իրանը ամեն դեպքում այդ երկրին համակողմանիորեն կաջակցի: Իսկ Սաուդյան Արաբիայի համար դա մեծ խնդիր է այն առումով, որ եթե չկարողանա հնազանդեցնել «դավաճան» Քաթարին, դժվար է ասել, թե հետագայում իրենց ինչպես կդրսեւորեն նույնքան կուշտ ու գոհ արաբական մյուս փոքրիկ նավթագազային երկրները:

... ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Բայց եթե անգամ Իրանում ահաբեկչական հարձակման հրամանը իրականում էլ սաուդներից է եկել, դժվար է պատկերացնել, թե դրանով ինչի են ուզում հասնել: Սա Թեհրանին ուղղված մեսի՞ջ է, թե ահաբեկչական կառույցներին կուղղեն Իրանի դեմ: Բայց Իրանը, ինչպես նշեցինք, հեշտ վախեցողներից չէ, ու Սաուդյան Արաբիան էլ դա քաջ գիտի: Կամ միգուցե այդ հարվածը ընդամենը նյարդային ռեակցի՞ա էր... Ժամանակը կտա այս հարցի պատասխանը: Իսկ այս պահին շատ ավելի կարեւոր է, թե ինչ ռեակցիա կցուցաբերի Իրանը: Քաթար ուղարկված պարենային ինքնաթիռը հուշում է, որ Թեհրանի մտքով անգամ չի անցնում փոխել իր քաղաքականությունը: Այսինքն՝ ներկայիս քաղաքական կուրսը Իրանի համար հաղթական է, ու երեւի Թեհրանը ավելորդ նյարդայնության չգնա եւ ուղղակի ռազմական պատասխան չտա սաուդներին:
Բայց այստեղ մեկ այլ խաղացող էլ կա՝ Իսրայելը: Արաբներից էլ ավելի շատ հրեական պետությունն էր շահագրգռված Իրանի թուլացմամբ: Եվ իրերի ներկայիս ընթացքը, անշուշտ, Իսրայելի համար ձեռնտու սցենարների չի բերում: Մինչդեռ, եթե այս պահին տարածաշրջանում Իրանը հասնի գերիշխող դիրքի, եւ ընհանուր աշխարհաքաղաքական ֆոնը կայունանա, ապա այդ ստատուս-քվոյի հետ Իսրայելը ստիպված է լինելու հաշտվել, այսինքն՝ հենց հիմա պետք է կատարեն մի վերջին փորձ՝ արաբական աշխարհին փորձել ուղղակիորեն ուղղորդել Իրանի հետ ռազմական բախման: Առավել եւս, որ Թրամփն էլ միգուցե նաեւ հրեա փեսայի եւ հրեականացած դստեր միջոցով խոստանում է մինչեւ վերջ կանգնել Իսրայելի թիկունքին: Ու, եթե այս սխեման է միացված, ապա դա միանգամայն նոր կարգի վտանգներ է խոստանում արդեն ոչ թե միայն Մերձավոր Արեւելքին, այլ՝ ողջ աշխարհին:
Չնայած նաեւ պետք է հաշվի առնել այն դերակատարությունը, որը ներկայումս տարածաշրջանում ունի Ռուսաստանը: Գումարած դրան՝ կա նախ ՌԴ-Իրան, ապա՝ Չիանաստան-Իրան սերտ տնտեսաքաղաքական հարաբերությունների փաստը: Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ Իսրայելը ամերիկյան «դաբրոյով» արաբական աշխարհին ուղղորդի Իրանի դեմ, քիչ հավանական է, որ դրան ամերիկյան բանակը ուղղակիորեն կներգրավվի: Իսկ առանց դրա Սաուդյան Արաբիան, որը անգամ Եմենում չի կարողանում որեւէ լուրջ հաջողության հասնել, հազիվ թե Իրանի դեմ պայքարում էական շանսեր ունենա: Այսինքն՝ այս պատմությունը, ամենայն հավանականությամբ, մեծ աղմուկից այն կողմ հազիվ թե անցնի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Զելենսկին առաջարկում է լրագրող Վիշինսկիին փոխանակել Ղրիմում ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Սենցովի հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА