o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ  ՀԱՍՑՆՈՒՄ Է  ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ

07.06.2017 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ  ՀԱՍՑՆՈՒՄ Է  ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ


Մենք երեկվա` «Նոր տեղեկատվական-հոգեբանական պատերազմ Հայաստանի դեմ» հոդվածում անդրադարձել էինք մեր երկրի նկատմամբ բազմակողմանի գրոհին` սկսած Միջազգային ճգնաժամային խմբի եւ Կարնեգի հիմնադրամի սադրիչ «վերլուծականներով», վերջացրած ՀՀԿ-ի միասնության եւ վարչապետի անվան շուրջ «մուտիլովկաներով»: Եվ ահա, Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ՀՀ նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թեմային:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԻՏԻ 
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐՈՀԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ
Սերժ Սարգսյանը հերքեց իր եւ վարչապետի միջեւ լարված հարաբերությունների եւ Կարեն Կարապետյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը. «Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը` իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե՛ կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող»: 
Դա պարզ ազդանշան էր, որ «բեմականացման հեղինակները» հայտնի են, հետեւաբար նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Ու այդ բանաձեւումը` «իրավիճակի վրա որեւէ ազդեցություն ունենալ չի կարող», վերաբերում է ոչ միայն ՀՀԿ-ի շուրջ ստեղծված կեղծ լրատվության սարդոստայնին, այլեւ տեղեկատվական-հոգեբանական գրոհի բոլոր բաղադրիչներին: Եվ խորհրդանշական էր, որ Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը հնչեց զորամասից անմիջապես դուրս գալուց հետո` դա կարելի է դիտարկել նաեւ որպես յուրահատուկ ակնարկ` ուղղված նախաբանում հիշատակված խառնակիչ եւ սադրիչ միջազգային կառույցներին: 
Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, ում խոսքից «եզի տակ հորթ փնտրելու» սկզբունքով փորձում էին եզրահանգում սարքել վարչապետի ապագա ճակատագրի վերաբերյալ, հստակորեն հերքեց ասեկոսեների, իսկ ավելի ճիշտ` միտումնավոր ապատեղեկատվությունների ամբողջ կույտը. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունում իրավիճակը շատ նորմալ է, աշխատանքային է, արշալույսները մեզ մոտ խաղաղ են, ես չեմ պատրաստվում մամուլի ամեն մի անհեթեթություն մեկնաբանել, նման բան չկա, Կարեն Կարապետյանին մենք, կուսակցության խորհրդի միաձայն որոշմամբ, ընտրել ենք վարչապետ, ՀՀ նախագահն էլ նշանակել է, կառավարությունը ձեւավորված է, շուտով Ազգային ժողովում քննարկելու ենք կառավարության ծրագիրը»: Միաժամանակ պարոն Շարմազանովը չզլացավ հնչեցնել պառլամենտական համակարգին վերաբերող «քաղաքագիտական դասագրքային ճշմարտությունները»: Ինչ վերաբերում է 2018-ին, ապա ՀՀԿ մամլո խոսնակը վերջակետ դրեց. «Այդ վստահությունը օդից չի եկել, ժողովուրդն է այդ մանդատը տվել Հանրապետականին, ուստի` մեկի դուրը կգա, մեկի դուրը չի գա, 2018-2022 թվականներին, մինչեւ նոր ընտրություններ, ժողովուրդը տվել է ՀՀԿ-ին վարչապետ, կառավարություն, իշխանության մարմիններ ձեւավորելու իրավունք»: 
Իսկ ինչո՞ւ ե՛ւ երկրի ղեկավարը, ե՛ւ իշխող կուսակցությունը պաշտոնական մակարդակով հարկ համարեցին անդրադառնալ ապատեղեկատվություններին եւ լրատվական սադրանքներին: Պատճառը բավականին հասարակ է` եթե ստեղծվում է տեղեկատվական դաշտ, ուր գերիշխում է մթնոլորտ, իբր «էսօր-էգուց» մեծ պատերազմ է լինելու, իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ նշանակված վարչապետը իբր ներքին գզվռտոցների պատճառով պատրաստվում է հրաժարական տալ, կողքից էլ բեմականացվում է գոմիկների մարտահրավերը հանրությանը ու նման այլ բաներ, ապա դա կխրտնացնի պոտենցիալ ներդրողներին, եւ ոչ միայն: Տագնապի մթնոլորտը նաեւ, մեղմ ասած, օգուտ չէ երկրի ազգաբնակչության տրամադրությունների տեսակետից: 
Բայց պարզ է նաեւ, որ տեղեկատվական-հոգեբանական պատերազմ սանձազերծած ինչ-ինչ վերազգային խաղացողները այդպես արագ չեն հրաժարվի իրենց նպատակներից: Եվ անպայման ինչ-որ նոր քարոզչական բանաձեւեր կմոգոնեն: 

ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ ՍՏԱՑԱՎ

ԻՆՉՊԵՍ Է ՆՆՋՈՂ 
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 
ՃԻՎԱՂՆԵՐ ԾՆՈՒՄ
ՀՀ նախագահի հստակ խոսքից հաշված ժամեր անց այդ` մեր հիշատակած քարոզչական բանաձեւ մոգոնելը դարձավ իրականություն: Լրատվական դաշտում հայտնվեց եւ արագորեն տիրաժավորվեց կայքերում եւ սոցիալական ցանցերում սադրիչ վերնագիր. «ՌԴ կրթության նախարարը Հայաստանին առաջարկել է հրաժարվել այբուբենից»: 
Դրա հաշվարկը շատ պարզ է` շատերը ընթերցում են միայն վերնագրերը, իսկ այդպիսի վերնագիր կարդացողը, բնականաբար, կատաղելու է եւ սկսի դոնքիշոտյան պայքար հողմաղացների դեմ: Տեղեկատվական անվտանգության հիմունքներին ծանոթ մարդիկ նույնիսկ հատուկ եզրույթով են բնութագրում այդպիսի վարքը` «տեսահոլովակային գիտակցություն»: 
Չալարենք եւ մեջբերենք Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլեւայի խոսքը. «Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար` տառատեսակների լատինականացում եւ արաբականացում: Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի` դա կիրիլիցան է, որովհետեւ, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին»: Բնականաբար, վերադառնալ ինչ-որ տառատեսակի կարող են միայն նրանք, ովքեր ժամանակին դա օգտագործել են: Իսկ կիրիլիկ տառատեսակ օգտագործել են, բայց անկախացումից հետո անցել են լատինատառի եւ արաբատառի Միջին Ասիայի պետություններում եւ մազութային սուլթանատում: Այսինքն` դա ոչ մի կերպ չի կարող առնչվել Հայաստանին եւ հայերենին: Այդ եզրակացությունը կանի ցանկացած ոք, ով ուղեղն աշխատեցնելու սովորություն ունի եւ չի զլանում կարդալ: Իսկ «տեսահոլովակային գիտակցություն» ունեցողը կսկսի պայքարել իր իսկ երեւակայությամբ ստեղծված ճիվաղի դեմ` Հայաստանի եւ հայության թշնամի հռչակելով թեեւ դաշնակից, բայց այլ պետության կրթության նախարարին: 
Եվ պայքարում են, արդեն համացանցային  լայն արշավանք է սկսվել ընդդեմ այդ տիկնոջ` «հայոց լեզուն փրկելու» նպատակով, մինչդեռ տիկնոջ մտքով անգամ նման ոտնձգություն կատարելը չի անցել: Այ, ումից իրոք պետք է պաշտպանել հայոց լեզուն` օտարամոլ եւ շահամոլ հայրենական որոշ չինովնիկներից, ովքերմիանգամից մոռացության մատնվեցին: 
Այդպիսի կեղծ թիրախներ դեռ շատ են ստեղծվելու: Ակնհայտ ստեր դեռ շատ են տարածվելու` չէ՞ որ ինչպես ուսուցանում էր ծերուկ Գեբելսը, ինչքան ահավոր լինի սուտը, այնքան հեշտ դա կարելի է կերցնել մտածել չսիրող զանգվածին: Հատկապես եթե այդ սուտը օրական մի քանի անգամ խոթեն մարդկանց աչքը: Եվ դրա վրա ահագին փող է ծախսվում` ինչ-որ մարդիկ կամ կառույցներ նույն Ֆեյսբուքին գովազդային գումարներ են վճարում, որպեսզի այդ լրատվական աղբը անպայման խցկվի ամեն մի հայ օգտատիրոջ աչքը: Բնականաբար, առանց կանաչ թղթադրամի չեն մնում եւ այդ ամենը «առաջին անգամ հայտնաբերող» եւ տիրաժավորող «լրատվականները»: 
Թե ինչու այդպես կլինի` պարզ է: Մեր տարածաշրջանում բախվում են աշխարհաքաղաքական հսկաների շահերը: Նաեւ աշխարհի մասշտաբով պայքար է ընթանում վերազգային գլոբալացման եւ ազգային պետությունների գերակայության զարգացման մոդելների միջեւ: Իսկ մեզ մնում է ապրիլյան պատերազմի օրերին ձեռք բերված տեղեկատվական-հոգեբանական պատերազմի փորձից օգտվել նաեւ այժմ եւ օգտվել ոչ միայն զուտ ռազմական կամ ռազմաքաղաքական ոլորտին վերաբերող լրատվական հոսքերի հետ գործ ունենալիս: Ի վերջո, 21-րդ դարում ենք ապրում, չէ՞:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА