o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.06.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, գարնան վերջին օրը վարչական դատարանը մերժեց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ հայցը: Սակայն Փոստանջյանը Փոստանջյան չէր լինի, եթե մի զարմանալի «օյինբազություն» չաներ: Դատարանի որոշման ընթերցման  ժամանակ տիկին Փոստանջյանը ոչ թե դատարանի դահլիճում էր, այլ դատարանի մուտքի մոտ, մի խումբ կողմնակիցների հետ միասին բեմադրում էր «այլընտրանքային դատ»: Եվ քանի որ մայիսի 31-ը Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր էր, մնում է հռետորական հարց հնչեցնել` ի՞նչ էր ծխել տիկին Փոստանջյանը: Որովհետեւ, եթե ցանկացած դժգոհ քաղաքացի դատարանի որոշման ընթերցման ժամանակ դրսում «այլընտրանքային դատ» անի, ապա երկիրը կվերածվի մի մեծ կրկեսի կամ գժանոցի: 

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրը զարմանալի ձեւով իրեն դրսեւորեց առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ: Նա, չգիտես ինչու, ծխելու դեմ պայքարի ծրագիրը ներկայացնելիս սկսեց նրանից, որ վիրավորեց բոլոր ծխողներին` նրանց պիտակելով «անհաջողակներ»: Իսկ այդ «անհաջողակների» մեջ մտնում է ՀՀ քաղաքացիների գրեթե կեսը, այդ թվում` պարոն Ալթունյանի գործընկերները կառավարությունում եւ խորհրդարանում ու նրա երկու անմիջական վերադասները: Դե ինչ ասես, փաստորեն ժամանակին մահացած ծննդկանների մասին իր ցինիկ արտահայտվելու պատմությունից պարոնը դասեր չի քաղել, ուստիեւ, հանրային բավականին մեծ վրդովմունք եղավ, ու մարդիկ ծխելու դեմ պայքարելու բոլոր ասպեկտները առարկայորեն եւ հանգամանալից քննարկելու փոխարեն քննարկում են նախարարի վարքագիծը: Հետաքրքիր է, պարոնը հասկացա՞վ, որ բան ասելուց առաջ մտածել է պետք:

Աչքներս լույս, վերջապես այնպիսի անօգուտ կառույցից, ինչպիսին է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ, մի ինչ-որ խեր էլ մենք ստացանք: Դե, սովորաբար այդտեղ կամ քայքայիչ փոքրամասնությունների իրավունքներ են պաշտպանում, կամ քննարկում հերթական հակահայկական բանաձեւը, սակայն այս անգամ Եվրոպայի խորհուրդը սկսել է հետաքննություն` կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ: ԵԽ ԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի գործը հետաքննելու են երեք հայտնի փաստաբան` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Նիկոլաս Բրատցան (Միացյալ Թագավորություն), հակաահաբեկչական հետաքննության գործում ֆրանսիացի հայտնի դատավոր Ժան-Լուի Բրուգիերը (Ֆրանսիա) եւ ՄԻԵԴ նախկին դատավոր Էլիզաբեթ Ֆուրան (Շվեդիան): Դե ինչ, շարունակական լինի: 

Իսկ եվրաարժեքներ դավանող շրջանակները անասելի աղմուկ են բարձրացրել, թե` տեսեք, տեսեք, Հյուսիսային պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆԻՆ` մի խուրձ բանալիների համար: Մինչդեռ ուռած գրպան տեսնելով` նրանք կասկածել են սառը զենքի առկայություն: «Կասկածը հիմնավորվել է հատկապես այն հանգամանքով, որ Կիվիրյանը հրաժարվել է ոստիկանության ծառայողներին կամավոր ներկայացնել իր մոտ եղած իրը: Նկատի ունենալով նշվածը` Կիվիրյանի ազատությունը սահմանափակվել է: Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում կրումն արգելված առարկա չի հայտնաբերվել (սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը)»,- նշված է հաղորդագրության մեջ: Բայց, ախր որ ակտիվիստին էլ հարցնես` օրենքի եւ օրինականության ջատագով են: Իսկ այսօր օրենքը պահանջում է, որ կասկածի դեպքում ոստիկանությունը ստուգի` կա՞ զենք, թե` չկա: Իհարկե, ավելի լավ կլիներ, որ քաղաքացիները զենք կրելու իրավունքով օժտված լինեին (անձամբ դրա կողմնակիցն եմ), բայց քանի որ օրենքն այդպիսին չէ, այն պետք է կատարվի, անկախ նրանից` դա դուր է գալիս կոնկրետ ակտիվիստին, թե` ոչ:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА