o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ՄԱՆԿԱԿԱՆ  ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

02.06.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ՄԱՆԿԱԿԱՆ  ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»


Երեխաների պաշտպանության միջազգային օրը առիթ տվեց  հիշելու 20-րդ դարի մեծագույն չարագործներից մեկի` Վլադիմիր Լենինի աշխատությունը, որը կոչվում էր «Ձախության մանկական հիվանդությունը»: Անշուշտ, Հայաստանի քաղաքական դաշտի հետ «պրոլետարիատի համաշխարհային առաջնորդի» գրվածքը զուգահեռներ չունի, բայց, այնուամենայնիվ, Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը զերծ չէ որոշակի «մանկական հիվանդություններից»: Դրանք թեեւ տհաճ են, բայց ավարտվում են ճիշտ ու ճիշտ ջրծաղիկի կամ այլ մանկական հիվանդությունների պես` քաղաքական օրգանիզմի ամրապնդումով: ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ՄԱՆԿԱԿԱՆ 
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ»
Խոշոր հաշվով, ծայրահեղականության փուլով անցել է ամբողջ հետխորհրդային տարածքը, եւ ոչ միայն: Դրա հիմնական ախտանիշը, այսպես կոչված, «գունավոր» հեղափոխություններն են, որոնց նպատակն է տապալել առկա իշխանությունը եւ այն փոխարինել մի վարչակարգով, որը առաջ է քաշում փողոցը: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ դա ոչ թե բնական քաղաքական ինֆեկցիա է, այլ, որպես կանոն, արհեստական «քաղաքական վարակման» արդյունք: Դրա հիմնական սնուցիչը, ինչպես ժամանակին խոստովանել էր «սերբական գարնան» առաջնորդներից մեկը, այսպես կոչված, «նավապետ Գրանտի զավակներն» են, այսինքն` արեւմտյան դրամաշնորհային սնունդ ստացող եւ ֆինանսավորողի պատվերը կատարող տեղական կառույցները: 
Կարելի  է ասել, որ այդ արհեստածին «մանկական հիվանդությունը» մեր երկրի քաղաքական համակարգը տարավ առանց մահացու կամ ծանր վնաս բերող հետեւանքների: Ի տարբերություն քարե դար վերադարձած Լիբիայի, միջնադար վերադառնալուց մազապուրծ Սիրիայի եւ տարածքային կորուստներ կրած Ուկրաինայի եւ Վրաստանի: Ամբողջ աշխարհով մեկ այդ «գունավոր» հեղաշրջումները անցկացվում էին նույն տեխնոլոգիայով, տեխնոլոգիան համացանցում կա գրեթե բոլոր լեզուներով` Ջին Շարփի հռչակավոր գրքի տեսքով, որը քաղաքականությամբ հետաքրքրվողների շրջանում չեն կարդացել միայն ալարկոտները, մեկ էլ քաղաքագիտության տգետ «ծակպրոֆեսորները», որոնցից մի քանի տասնյակ հազար կարելի է հայտնաբերել Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում: 
Մեր երկրում, չնայած 20 տարվա փորձարկումների, առաջնորդների եւ դերակատարների փոփոխության, այդ քաղաքական ինֆեկցիան պետական քաղաքական օրգանիզմի թուլացման եւ քայքայման չբերեց մի կողմից աշխարհիս հնագույն ժողովրդի զգուշավորության եւ պահպանողականության, մյուս կողմից` հեղափոխականների եւ «շպիոնօնիկների» ծայրահեղ օգտապաշտության հետեւանքով: Ըստ էության, նրանք, ովքեր կոչված էին իրականացնել «գունավոր» իշխանափոխություն, առաջին հերթին առաջնորդվում էին սեփական գրպանի շահով եւ որոնում տարբերակ, թե ինչպես իրենք իրենց փողոցային գործողությունների ռիսկի տակ քիչ դնեն ու միաժամանակ հատկացվող գումարի մեծ մասը հարմարավետ զետեղեն սեփական գրպանում: Դե, եթե ԵՄ գրասենյակի` դրամաշնորհների համար պատասխանատուի մակարդակով է քննվում աղմկալի գրանտագողության գործը, այն էլ` եվրոպական գործընկերների խնդրանքով, ապա կարելի է պատկերացնել օբյեկտիվորեն մեր երկիրը ցնցումներից զերծ պահած գրանտագողության մասշտաբները: Որովհետեւ, եթե դրամաշնորհներն արդյունավետ օգտագործվեին, ապա, միգուցե, «գունավոր» հեղաշրջումը որպես այդպիսին, ստացվեր: 
Իսկ «հեղափոխականների» ամեն մի ձախողումից հետո համապատասխան եզրակացություն անում էին, ինչպես իշխանությունները, այնպես էլ` հանրության ազգային պահպանողական մոտեցումներ ունեցող ամենաակտիվ տարրերը: Արդյունքում գունավոր տեխնոլոգիաների չեզոքացման մեխանիզմները մեզանում հասան կատարելության, հակազդման գործողությունները դարձան նուրբ եւ ճկուն, ու չպահանջվեց հիմնական իրավունքների եւ ազատությունների գործնականում ոչ մի սահմանափակում: Այդ թվում եւ` մեզանում կատարելապես ազատ համացանց է, եւ այդ մեխանիզմները իրենց հստակությամբ նաեւ պետք եկան 2016-ի քառօրյա պատերազմի ու դրան հաջորդող ժամանակաշրջանի ընթացքում, ու ինքնակազմակերպման, փաստորեն գրեթեն ամբողջովին հանրային մեխանիզմներով, հաջողությամբ հետ էին մղվում Ադրբեջանի տեղեկատվական-հոգեբանական գրոհները, միաժամանակ ապահովվում էր ռազմական գաղտնիքի գրեթե անթերի կատարումը: Երեւի թե, աշխարհում այդ փորձառությունն ունիկալ է` որ պատերազմական գործողությունների շրջանում ավելորդ լինի ռազմական գրաքննությունը որպես այդպիսին: 
Սակայն վերադառնանք գունավոր տեխնոլոգիաներին: Դրանց բարձրակետն, անշուշտ, ՊՊԾ գնդի զինյալ գրավումն էր, որին նախորդել էին զինյալ հեղափոխական խմբերի կազմավորման այլ փորձեր, իսկ բուն գրավման ընթացքում լրիվ վստահություն չկար անգամ ուժային որոշ օղակների նկատմամբ: Սակայն դրա հաղթահարումն էլ եղավ նվազագույն կորուստներով, ընդ որում` բանտարկության մեջ գտնվող զինյալների հերոսացումից եւ նրանց կերպարի հիման վրա ծայրահեղական լայն շարժում ձեւավորելու փորձից ոչինչ չստացվեց: 
Այդ բոլոր փորձություններից հետո պետական քաղաքական օրգանիզմի իմունիտետը հասավ բավականին բարձր մակարդակի: Համենայնդեպս, ամբողջովին սնանկ դուրս եկավ «ինքնանպատակ» կամ դրսի ուժերին ի սպաս իշխանափոխության ընդդիմադիր ռազմավարությունը: Եվ դրա օրինաչափ վախճանը «իշխանափոխական» ուժերի կատարյալ մարգինալացումն է, որի հետեւանքով փողոցային  պայքարից հրաժարվում են անգամ Զարուհի Փոստանջյանի պես գործիչները: Այդ ոլորտի բավականին վառ ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ խոստովանում է, որ չի հասկանում, թե ինչու հետընտրական որեւէ գործընթացներ այդպես էլ չեղան...

​​​​​​​«Նիկո´լ, քո քաղաքական եւ անձնական շահիդ մի ծառայեցրու բանակը, անթույլատրելի է»

ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒՆՔԸ
Բնական է, որ, եթե նախկին իշխանափոխական «տիտղոսային» ընդդիմությունը կատարելապես ձախողվում է (դրա կարապի երգն էին ՀԱԿ-ի եւ ՕՐՕ-ի կատարյալ պարտությամբ ավարտված հուսահատ ճիգերը), ապա մի որոշ ժամանակ գոյանում է ընդդիմադիր որոշակի վակուում: Այն ի զորու չեն ակնթարթորեն լցնել այնպիսի արեւմտամետ ուժերը, ինչպիսիք են «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Նույն, էապես ծայրահեղականությունից մաքրված փաղանգի ներկայացուցիչը «Ազատ դեմոկրատներն» էին, որոնք, սակայն, ամբողջ զոռը տվել էին պաստառներին ու հեռուստաքարոզչությանը, բայց գործնականում  չեն աշխատել ընտրազանգվածի հետ անմիջական շփումների միջոցով, արդյունքում օրինաչափորեն վաստակելով ընդամենը մեկ տոկոսի կարգի քվե: 
Որոշակի  հումքային «բազա» նոր տիպի` կառուցողական ընդդիմության համար տեսականորեն կարող էին լինել այն ուժերը, որոնք պարբերաբար տեղաշարժեր էին կատարում իշխանության հետ կոալիցիայից դեպի ընդդիմություն եւ հակառակը: Այդպիսին են ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը» եւ ՀՅԴ-ն: Դաշնակները գլխանց գերադասեցին անգամ ընտրություններին հեռու չգնալ կոալիցիոն կարգավիճակից, ուստիեւ նրաց հետագա ընդդիմադիր ներուժի մասին խոսելը վաղ է: Ինչ մնում է Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի կառույցներին, ապա ընթացքը ցույց տվեց, որ «ընդդիմադիրաիշխանական», կամ պարբերաբար ճամբարափոխ ուժը որեւէ արդյունքի կարող է հասնել, միայն, եթե քչից-շատից դիմանում է ռեսուրսների պայքարին ու գոնե մի քիչ իր ռեսուրսներով համեմատելի է իշխող կուսակցության հետ: Ըստ էության, ձախողումը հայտնի չէ, թե ինչով կավարտվի «Հայկական վերածնունդի» համար, իսկ ԱԺ-ի երկրորդ տեղը ստացած ԲՀԿ-ն (ըստ էության` Ծառուկյան դաշինքը ոչ այլ ինչ է, քան ԲՀԿ+), դեռ պետք է հարմարվի ընդդիմադիր կարգավիճակին ու սովորի կատարել Սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման համակարգի շրջանակում ընդդիմությանը վերապահված գործառույթները: 
Ե՛վ Ծառուկյան դաշինքը, ե՛ւ «Ելքը», դեռեւս պետք է հաղթահարեն քաղաքական որոշ մանկական հիվանդություններ: ԲՀԿ-ի պարագայում դա պատգամավորական կազմի մեծ մասի ապաքաղաքական լինելն է եւ «վատ բնավորությունը»` փորձել հարելու այս կամ այն իշխանական ենթաթիմին: Կարծում ենք կանխատեսելի է, որ ԲՀԿ-ի միայն փոքր մասը իր` այսօրվա ակտիվ ելույթ ունեցող պատգամավորներով կկարողանա դառնալ ապագա ռեալ ընդդիմադիր ուժի կորիզը, իսկ մնացյալը, թերեւս, մինչեւ 2022-ի ընտրությունները կամ կկլանվեն իշխող ՀՀԿ-ի կողմից, կամ կվերածվեն քաղաքական բալաստի: 
Ինչ վերաբերում է «Ելքին», ապա այնտեղ դեռ ուժեղ է կարոտախտը դեպի այն ժամանակաները, երբ ակտիվը հիմնականում բաղկացած էր «նավապետ Գրանտի զավակներ» կատեգորիայից: Այդ պատճառով է, թերեւս, որ սույն քաղաքական ուժը զգուշությամբ հնչեցրեց իր ցանկությունը` ԱԱԾ-ն լուծարված տեսնելու: Պարզ է, որ հակասահմանադրական տարբեր գործողությունները կանխելու գործում հենց ԱԱԾ-ն ուներ շատ կարեւոր դերակատարություն, ու այդ կառույցին այդպես բացասաբար վերաբերվելը թերեւս վկայում է, որ «Ելքի» ակտիվի մի մասը դեռ հրաժեշտ չի տվել «գունավոր» հեղափոխությունների եւ դրսի ուժին սպասարկելու փակուղային մտածողությանը: «Ելքում» պահպանվել է անգամ այնպիսի ատավիզմ, ինչպիսին է հակասովետականությունը` բավական է ծանոթանալ հարգարժան Էդմոն Մարուքյանի պատկերացումներին «եվրոպական արժեքների» մասին, որպեսզի տեսնենք այն նույն իդեալականացված պատկերը, որը նկարել էր խորհրդային այլախոհների դասը Գորբաչովի ժամանակաշրջանում: Եվ ինչքան շուտ «Ելքը» հաղթահարի այդ քաղաքական մանկական հիվանդությունները, կամ պատկերավոր ասած, դրանցից ելք գտնի, այնքան ավելի շուտ այն կկայանա որպես ռեալ ընդդիմություն: 

ՀՀԿ-Ի ԲԱՐԵՓՈԽՄԱՆ 
ԿՆՃԻՌՆԵՐԸ
Իսկ ինչ վերաբերում է իշխող կուսակցությանը, ապա, թեեւ, ընտրություններում ՀՀԿ-ն ունեցավ համոզիչ եւ գործնականում ներսի ու դրսի կողմից ճանաչված լեգիտիմությամբ օժտված անվիճելի հաղթանակ, սակայն դեռ անելիքներ ունի` ամբողջովին խորհրդարանական կարգերին համապատասխանելու համար: 
ՀՀԿ-ի ապաօլիգարխացումը Սերժ Սարգսյանն սկսել էր դեռեւս մինչեւ սահմանադրական բարեփոխումների պաշտոնական հռչակումը: Եվ դա հասկանալի է` Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ կուսակցությունը ուներ օլիգարխիկ կառավարումը համադրողի որոշակի գործառույթներ, ուր «վերկուսակցական» Ռոբերտ Սեդրակիչը արբիտրի դերում էր: Իսկ հիմա լայն լիազորություններով օժտված նախագահի ինստիտուտը անցնում է պատմության գիրկը 2018-ի ապրիլին: Մինչ այդ ՀՀԿ-ն պետք է ամբողջովին պատրաստ լինի, որպեսզի իր առաջ քաշած վարչապետը (ով էլ նա լինի), մի կողմից լիարժեքորեն կատարի պետության ղեկավարի դերը, մյուս կողմից, ելնելով պառլամենտարիզմի տրամաբանությունից, չկարողանա խուսափել նույն ՀՀԿ-ի կուսակցական վերահսկողությունից: Եվ պաշտոնների բաշխումը, ե՛ւ մի շարք գործընթացներ սերտորեն առնչվում են հենց 2018-ի նախապատրաստման հետ: Քանզի այդ պահին ՀՀԿ-ն պետք է մոտենա թեեւ ներքին առողջ մրցակցությունով, սակայն առանց «թայֆայակռվի» նմանվող ներքին հակամարտությունների: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանից ժառանգություն մնացած օլիգարխիզմի որոշակի, գնալով թուլացող դրսեւորումները ինչ-որ տեղ կարող են համարվել քաղաքական «պատանեկական» հիվանդության տարր: Բայց երեւի թե իզուր չէ, որ ՀՀԿ առաջնորդը Շախմատի ֆեդերացիայի նախագահ է, իսկ ԱԺ նախագահը` հայտնի բժիշկ: Ճիշտ է, դրանք մետաֆորիկ, սիմվոլիկ պահեր են, սակայն հազարամյակներ ի վեր խորհրդանիշներն են կառավարում աշխարհը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Ոստիկանությունը, ինչպես միշտ, սպասարկում է այդրոպեական քաղաքական շահը»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА