o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ՞ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

31.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ԿՀԵՏԵՎԻ՞ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Ինչպես եւ սպասվում էր, մեծ աղմուկ է բարձրացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նախօրեին արված հայտարարության շուրջ: Հիշեցնենք՝ անցած շաբաթ կայացած ՆԱՏՕ-ի եւ G7-ի գագաթաժողովներում նախագահ Թրամփի հետ ունեցած տարաբնույթ քննարկում-բանակցություններն ամփոփելով, ֆրաու Մերկելը հայտարարեց. «Մենք` եվրոպացիներս, պետք է մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք: Ժամանակները, երբ մենք կարող էինք մեր հույսը դնել ուրիշների վրա, անցել են: Ես դա հստակ հասկացա վերջին մի քանի օրերին»: ՖՐԱՈՒ ՄԵՐԿԵԼԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՊԱՐՈՆ ԹՐԱՄՓԻՆ
Եվ ահա, առանցքային լրատվամիջոցներն  ու փորձագետներն իրար հերթ չտալով, փորձում են կանխատեսել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ԱՄՆ-ի նկատմամբ Գերմանիայի, ասել է, թե մայրցամաքային Եվրոպայի այդ դիրքորոշումը: Կարծիքները տարբեր են, սակայն այդ բազմազանության մեջ դժվար է չհամաձայնվել «The New York Times»-ի այս տեսակետի հետ. «Անգելա Մերկելը, որը Եվրոպայի ամենաազդեցիկ առաջնորդն է, տրանսատլանտյան հանդիպումների երեք օրերից հետո հանգել է այն եզրակացության, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսալի գործընկեր չէ»: Իմաստը հասկանալի է. եթե Եվրոպան այն մտքին է, որ արդեն պետք է հույսը բացառապես իր վրա դնի, այսինքն՝ համաշխարհային մեծ խաղատախտակին դառնա բացառապես սեփական շահերով առաջնորդվող ինքնուրույն խաղացող, ապա դա նշանակում է, որ այն ավանդական դաշինքը, որը կար ԱՄՆ-ի հետ, ներկայումս Վաշինգտոնին ոչ մի կերպ չի բավարարում: Եվ դրանում մեծ տրամաբանություն կա: Նախ՝ Երկրորդ աշխարհամարտի արդյունքում ձեւավորված ԱՄՆ ¥նաեւ՝ Բրիտանիա¤-Եվրոպա դաշինքը կողմերին ի՞նչ տվեց: Այո, այդ դաշինքի հաշվին ԱՄՆ-ն իրեն աշխարհակալ էր համարում:Բայց, օրինակ, հիմնականում սեփական միջոցներով ապահովելով Եվրոպայի անվտանգությունը, ճիշտ է, ԱՄՆ-ն իր համար ռազմավարական դիրքեր էր ապահովում, սակայն դրանից առաջացող հիմնական տնտեսական շահը մնում էր եվրոպական հաշված թվով երկրների: Արդյունքում, եթե ժամանակին Հիտլերը  միլիոնանոց բանակներ էր տեղաշարժում՝ Եվրոպան նվաճելու համար, ապա մեր ժամանակներում Գերմանիան նույն բանին հասավ առանց մեկ կրակոց անգամ արձակելու: Ավելին, պատկերավոր ասած, նաեւ խնայելով այդ մեկ կրակոցի համար անհրաժեշտ փամփուշտի արտադրության գումարը: Միգուցե ԱՄՆ-ը շարունակեր դրան մեծ ուշադրություն չդարձնել: Բայց ահա մոտավորապես Իրաքի երկրորդ պատերազմից սկսած, որին Գերմանիան ցուցադրաբար չմասնակցեց, դրանով իսկ ցույց տվեց, որ արդեն դարձել է ինքնուրույն խաղով առաջնորդվող երկիր: Ու դրա եզրափակիչ դրվագը դարձավ փաստը, որ չնայած Վաշինգտոնի համառ ջանքերին, Բեռլինն այդպես էլ չգնաց ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ Նահանգներին այնքան անհրաժեշտ ազատ առեւտրի պայմանագրի ստորագրմանը: 
Այսպիսով՝ Գերմանիան Եվրոպան իրենով է արել, իսկ ամերիկյան զորքերը թող մնան ու ԱՄՆ-ի հաշվին եվրոպական սահմանները պաշտպանեն: Հենց դա էր, որ փորձում էր փոխել Թրամփը: Իսկ Մերկելը, ով հաջողությամբ շրջանցում է Եվրոպայի միասնականության, այսինքն՝ Գերմանիայի համաեվրոպական լիդերության դեմ, բնական է, ոչ պատահականորեն հայտնված խութերը, կարող է իրեն թույլ տալ՝ Վաշինգտոնի պահանջները մերժել: «Մենք` եվրոպացիներս, պետք է մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնենք» արտահայտությունը հենց դա է նշանակում: Ավելի ճիշտ՝ դրանով Մերկելը գնդակը տեղափոխեց Թրամփի խաղադաշտ. Սպիտակ տունը կցանկանա՞ նախկին պայմաններով զորքերը պահել Եվրոպայում. լավ: Չի՞ ցանկանա, իր որոշելիքն է: 

Էրդողանը հայտարարել է Սիրիայում «ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլի» մեկնարկի մասին

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՊՈՒՏԻՆԻ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱՅՑԸ
Ընդ որում, այդ որոշումը կայացնելիս, Թրամփը նաեւ պարտադրանքային մեխանիզմների խիստ սահմանափակում ունի, եթե չի զրկվել: Նկատի ունենք, որ հազիվ թե պատահական լիներ հենց Թրամփի եվրոպական շրջագայությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ֆրաու Մերկելի «ավագ որդուն»՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մակրոնին: Վերջերս էլ Մերկելն էր այցելել Վ.Պուտինին, ու այդ հանդիպումը ցույց տվեց, որ ՌԴ-Եվրոպա հարաբերություններում դեռ մի շարք կնճիռներ պահպանվում են: Ֆրանսիական այս այցը եւս չի կարելի բացարձակ անամպ համարել, թեեւ տոնայնության աչքի ընկնող մեղմացում եւս նկատվեց: Իսկ դա հուշում է, որ թեեւ հակասություններ կան, բայց Եվրոպա-ՌԴ հարաբերությունները հնարավոր է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել: Առավել եւս, որ կա նաեւ «Մետաքսի ճանապարհի» գերծրագիրը, որն ի զորու է ապահովել Եվրոպայից մինչեւ Չինաստան առավելագույնս արագ եւ էժան, այսինքն՝ հավելյալ շահեր խոստացող բեռնափոխադրումներ: Իսկ դա մեկ բան է նշանակում. ԱՄՆ-ի հետ դաշինքի անգամ դադարեցման  պարագայում Եվրոպան աշխարհաքաղաքական այլընտրանք ունի: Ժամանակին Օբաման իր կոշտ հակառուսական քայլերով մեծապես նպաստեց ռուս-չինական դաշինքի ձեւավորմանը: Եվ հիմա, եթե Թրամփը նույն սխալը կրկնի Եվրոպայի նկատմամբ, ապա նաեւ վերջինիս դեպի արեւելք մղելու փաստին կբախվի` դրանից ԱՄՆ-ին սպառնացող մահացու վտանգներով հանդերձ: Չնայած, եթե Վաշինգտոնը զերծ մնա ճնշումներից, էլի նույն հեռանկարն է. դեպի Չինաստան ցամաքային առեւտուրը այնքան շահավետ է եվրոպական բիզնեսի համար, որ ամերիկյան խոժոռ հայացքի բացակայության պարագայում միանգամից կնետվեն այդ ուղղությամբ: Ավելի ճիշտ՝ նման հայացքն էլ արդեն խոչընդոտ չէ, երբ հաշվի ենք առնում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի՝ Մերկելի հիշատակած հայտարարությունից շատ ավելի կոշտ այն միտքը, թե՝ ԱՄՆ-ն կորցրել է արեւմտյան աշխարհի առաջատար գերտերության կարգավիճակը: Դե, եթե կորցրել է, նրա խոժոռ հայացքներից էլ վախեցող չկա:

ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ 
ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Այն, որ այսքանից հետո Թրամփն ԱՄՆ վերադառնալով՝ բախվեց ոչ միայն գերցածր՝ 38 տոկոսանոց վարկանիշին, այլեւ արդեն նաեւ ամերիկյան տարբեր քաղաքային իշխանությունների կողմից բարձրացվող իմպիչմենտային պահանջներին, կարելի է հասկանալ: Բայց նաեւ ասել, թե նա լիակատար փակուղում է հայտնվել, էլի սխալ կլիներ: Դեռ կա կարեւոր խաղաթղթերից մեկը, այն է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ու ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերելու կամ չբերելու հեռանկարը: Եվ դրանից կախված էլ նոր միայն կամբողջանա ՌԴ-ԱՄՆ-Եվրոպա եռանկյան մեջ բարիկադների վերջնական տեսքը:
Թեեւ շատ բան մինչ սպասվող Պուտին-Թրամփ հանդիպումն էլ բավականին տեսանելի է դարձել: Սիրիայում, որն այդ հարաբերությունների կարեւորագույն ինդիկատորներից մեկն է,  իրավիճակը գնալով միայն ավելի ու ավելի է հուշում, որ մինչ Թրամփ-Պուտին հանդիպումն էլ ռուս-ամերիկյան որոշ պայմանավորվածություններ կան եւ գործում են: Նկատի ունենք, որ այս օրերին էլ շարունակվում է մոտ երկու շաբաթ առաջ մեկնարկած սիրիական ուժերի ակտիվ հարձակումները երկու առանցքային ուղղություններով: Արդեն տեսանելի է, որ այդ օպերացիաների արդյունք կարելի է դառնալ, բացի հաստատված չորս հումանիտար գոտիներից, Սիրիայի մնացած ողջ տարածքը ԻՊ-ից վերջնականապես ազատագրումը: Հաշվի առնելով նաեւ, որ միաժամանակ ԱՄՆ-ի վերահսկողությամբ Սիրիայում գործող քրդական ուժերն էլ իրենց հերթին են հիմնականում կենտրոնացած ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի եւ Եփրատի արեւելյան ափի սիրիական տարածքները այդ խմբավորումից ազատագրելու մարտերի վրա: Եվ այդ ընդհանուր պատկերից այն միանգամայն հավանական տպավորությունն է առաջանում, որ պատերազմում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից վերահսկող ուժերի մեջ կա դերերի բաշխում, ու այդ ուժերը գործում են տվյալ սխեմայի համաձայն: Իսկ նման պայմանավորվածություն կարող էր լինել միայն գլխավոր ուժերի, այն է՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ:
Մի խոսքով, արդեն պարզ երեւում է սիրիական պատերազմի վերջը, եւ, ելնելով նկարագրված իրողություններից, նաեւ այն տպավորությունը կա, որ արդեն իսկ գոյություն ունի նաեւ հետպատերազմյան Սիրիայի ապագայի վերաբերյալ պատկերացումներ:
Կգնա՞ Մերձավոր Արեւելքը գոնե ժամանակավոր խաղաղեցման ուղղությամբ, նման տպավորություն այս պահին կա: Իսկ այդ դեպքում, կարելի է ենթադրել, որ զուգահեռաբար նաեւ պետք է փորձեն վերջնական կարգավորման փուլ տանել տարածաշրջանային մյուս հակամարտությունները, այդ թվում՝ ղարաբաղյան հարցը: Եվ նկատենք, որ երեկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զայների հետ Երեւանում տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ վերջին ժամանակներս նկատելի ակտիվություն դրսեւորող Մինսկի խմբի հերթական այցը տարածաշրջան տեղի կունենա մոտ ժամանակներս: Ու եթե հաշվի առնենք նաեւ այն փաստը, որ օրերս հայտարարվեց շփման գծում դիտորդական առաքելություն ունեցող  ԵԱՀԿ խմբի ընդլայնման մասին, ըստ էության, պայմանավորվածություններ ձեռք բերելու մասին, ապա նման է այն բանին, որ Վիննեայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունները իրականացման ընթացք ունեն: Իսկ դրանից հետո, ինչպես հայտնի է, օրակարգ կվերադառնա հակամարտության բուն կարգավորման հարցով բանակցությունները:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՄՆ-ն փորձում է համոզել Թուրքիային՝ հրաժարվել Սիրիայում նոր օպերացիայից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА