o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

30.05.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Ինչ-որ խորհրդանշական բան կա այն հանգամանքում, որ հենց Սարդարապատի 99-ամյակին 89 տարեկանում մահացավ աշխարհաքաղաքական խոշորագույն գործիչներից մեկը` ԶԲԻԳՆԵՎ ԲԺԵԶԻՆՍԿԻՆ: Ոմանք ուրախացան, ոմանք տխրեցին, բայց երկու դեպքում էլ այդ զգացմունքային ռեակցիաներն անհասկանալի են: Առավել կարեւորն այն է, որ այդ հզոր ֆիգուրի մահը խորհրդանշում է նրա հիմնադրած գաղափարախոսության` գլոբալիստական եվրաատլանտիզմի վերջի սկիզբը: Իսկ այդ գաղափարախոսությունը մեր երկրին ոչ մի դրական բան չի բերել, ու մասնավորապես այդ գաղափարախոսությամբ նախատեսված էր, որպեսզի ԱՄՆ հովանու ներքո ստեղծվեր Ռուսաստանի եւ Թուրքիայի դաշինք, որը եւ վերահսկեր ամբողջ հետխորհրդային տարածքը: Ինչեւէ, նման է, որ այդ գաղափարը երբեք էլ իրականություն չի դառնա: 

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ Ֆրանսիայում տեղի ունեցավ նույնպես խորհրդանշական, բայց զարմանալի եւ տխուր իրադարձություն: Կոլոմբե-լը-դյոզ-Էգլիզ գերեզմանատանը պղծվել է երկրի նախկին նախագահ ՇԱՌԼ ԴԸ ԳՈԼԻ գերեզմանը: Միայնակ հանցագործը չի էլ թաքնվել եւ տեղի իշխանությունների ու ոստիկանության տվյալներով` հոգեկան խանգարումներ ունեցող մեկն է: Բայց զարմանալին հետեւյալն է` տասնամյակներ շարունակ այդպիսի բան չէր կարող անցնել անգամ խելապակասի մտքով: Ուստի այդ վանդալիզմի ակտով Ֆրանսիայում ինչ-որ մի վեհ բան մոտենում է իր ավարտին: 

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ հայտարարել է, որ վերցնելու է Երեւանի ավագանու մանդատները: Անշուշտ լավ է, որ տիկինը եւ իր գլխավորած կուսակցությունը հրաժարվում են ծայրահեղականությունից եւ անցնում են կառուցողական դաշտ: Բայց զարմանալի է դրա պատճառաբանությունը` ըստ Փոստանջյանի` կուսակցությունը ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից ու մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատները. «Ո՛չ իրավապահ մարմիններն են իրենց տեղում, ո՛չ էլ դատարանը, հետեւաբար` դատական պաշտպանության ակնկալիք մեզ համար չկա»: Լավ, մի՞թե գլխանց հասկանալի չէր: Համ էլ առկա է եւս մի հանգամանք, որը բանաձեւվում է «Իմ լեզուն իմ թշնամին է»: Ժամանակին Զարուհի Փոստանջյանը ասում էր, որ եթե «Ելքը» վերցնի մանդատները, ապա նշանակում է, որ ծախված է: Հիմա «Երկիր ծիրանին» վերցնելով մանդատները` արդյո՞ք հայտնվում է այդ կարգավիճակում:

Իսկ ոստիկանության համապատասխան վարչության պետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԸ լրագրողներին տեղեկացրել էր, որ. 2017թ.-ի առաջին 4 ամսվա ընթացքում Հայաստանում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71-ի փոխարեն: Դուրյանը նշել է, որ անցած չորս ամիսներին Հայաստանում գրանցվել է երեխաների դեմ սեռական բռնության 24 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 34-ի փոխարեն: Հիմա հարց` եթե գործող օրենքի շրջանակում մեր ոստիկանությունը, իր սովորական գործառույթն իրականացնելով, այդքան էապես նվազեցրել է այդ դեպքերը, իսկ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ համեմատությամբ հարյուր հազար բնակչին ընկնող դեպքերի քանակով դրանք մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ են, ապա, գրողը տանի, արդյո՞ք ոչ միայն զարմանալի, այլ չափազանց կասկածելի ու տարօրինակ չէ որոշ շրջանակների փորձը` ամեն գնով անցկացնել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, որը մեր հանրության կողմից ընկալվում է որպես կոպտագույն միջամտություն ընտանիքի ներքին գործերին: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА