ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷՐ, ՈՐ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԴԱՐՁԱՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽ

24.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷՐ, ՈՐ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԴԱՐՁԱՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԹԻՐԱԽ

Այն տպավորությունն է, որ Մեծ Բրիտանիան վերածվել է ահաբեկչության հիմնական թիրախի: Դեռ միայն վերջերս էր, որ հարձակում տեղի ունեցավ բրիտանական խորհրդարանի անմիջական հարեւանությամբ: Եվ հիմա էլ՝ նախնական տվյալներով ավելի քան 2 տասնյակ մարդու կյանք խլած եւ մոտ 6 տասնյակին վիրավորած մանչեստրյան հարձակումը: ՈՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԵԼԵՐԸ
Կարելի է նկատել նաեւ, որ փորձ էր արված հարձակմանն առանձնակի դաժանություն հաղորդել, հաշվի առնելով, որ պայթյունը տեղի ունեցավ համերգային դահլիճում, որտեղ մեծ մասամբ դեռահասներ էին գտնվում: Գումարած դրան, մանչեստրյան ֆուտբոլային  ակումբը՝ «Մանչեստր Յունայթեդը» վաղը մասնակցելու է Եվրոպայի լիգայի եզրափակչին: Եվ այդ հանդիպման շեմին նման ահաբեկչական հարձակում իրականացնելը ոչ միայն Մանչեստրի բնակչության, այլ՝ բրիտանացիների համար է այդ հարվածն էլ ավելի ծանրացնում:
Թե ում ձեռքի գործն էր մանչեստրյան հարձակումը, պարզելու համար երկար ժամանակ չպահանջվեց: «Իսլամական պետությունը» ստանձնեց հարձակման պատասխանատվությունը` դրանով էլ տալով այդ հարցի պատասխանը: Բայց դրանով էլ հարցականները չեն վերանում: Այսինքն, կա նաեւ այն հարցը, թե ԻՊ-ի ինչի՞ն է պետք թիրախավորել Բրիտանիան, առավել եւս իրենց հարձակումներին, խորհրդարանի հարեւանությամբ գրոհելով եւ դեռահասներին պայթեցնելով՝ ծայրահեղ հանդգնության եւ դաժանության տեսք տալ: Այն էլ այն ժամանակահատվածում, երբ ԻՊ-ն ամենեւին  էլ իր լավագույն օրերը չի ապրում՝ Սիրիայում եւ Իրաքում կրելով պարտություն պարտության ետեւից: Ի վերջո, չմոռանանք, որ Բրիտանիան ամենեւին էլ ԻՊ-ի դեմ պատերազմում առաջնային դիրքերում չի գտնվում: Մինչդեռ այդ երկրի նկատմամբ գրոհները կարող են Լոնդոնին մինչեւ իսկ պարտադրել՝ ԻՊ-ի դեմ պատերազմում  առավելագույնս ակտիվանալ: Այսինքն, Բրիտանիայում նման հարձակումները, տրամաբանորեն, կարող է ԻՊ-ին ոչ միայն օգուտ չտալ, այլ՝ մեծ վնաս հասցնել: Բայց այդ դեպքում ո՞րն է ԻՊ-ի գործողությունների տրամաբանությունը: Խմբավորման ինչ-որ տեղային կառույցի մտքով անցնում է պայթյուններ կազմակերպել եւ գնում է այդ քայլի՞ն. սա բավականին միամիտ բացատրություն կլիներ: Թե՞ԻՊ-ն ընդամենը առաջին պլանում  գտնվող կատարածուն է, իսկ բրիտանական այս հարձակումների իրական կազմակերպիչներին եւ նպատակները պետք է բոլորովին այլ տեղերում որոնել...
Այստեղ, թերեւս, մեկ հետաքրքիր մանրամասն կարելի է նկատել: Մարտի կեսերին վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց կառավարության հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների նշանակման մասին, որը տեղի կունենա հունիսի 8-ին: Եվ ահա՝ այդ հայտարարությունից հազիվ մեկ շաբաթ անց Լոնդոնի կենտրոնը ենթարկվեց ահաբեկչական գրոհի: Գումարած դրան, հենց Մեյն էր, որ ոչ միայն ակտիվ ընթացք տվեց ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացին, այլ ձեռնարկում է մի շարք քայլեր, որոնց  արդյունքում Brexit-ը ԵՄ-ի համար կարող է ունենալ ծանր հետեւանքներ: Այդ թվում, Լոնդոնը սպառնում է եվրոպական առանցքային բանկերից ետ վերցնել բրիտանական ակտիվները, ինչը կարող է նաեւ շղթայական ռեակցիայի էֆեկտ ունենալ եւ արդյունքում՝ ծանրագույն հարված դառնալ եվրոյին, եվրոպական տնտեսությանը եւ, ի վերջո, ԵՄ-ի կենսունակությանը: Ընդ որում, Մեյը նաեւ ակտիվ նախընտրական փուլում է: Իսկ վերընտրվելու ու արդեն իր հայեցողությամբ, այսինքն՝ մի շարք խանգարող օղակներից, այդ թվում՝ ԱԳ նախարար Ջոնսոնից ազատվելով՝ կառավարություն ձեւավորելու դեպքում, ինչպես շատ փորձագետներ են ենթադրում, նա կարող է ակտիվ դաշինքի մեջ մտնել Թրամփի հետ եւ ԵՄ-ի դեմ շարունակել նույն կոշտ քաղաքականությունը:
Իհարկե` ասել, թե ԵՄ-ն կամ միության անդամ երկրներն են ԻՊ-ին ուղղորդում Բրիտանիայի դեմ, սխալ կլիներ: Համենայնդեպս, մասնավորապես ԵՄ առաջատար Գերմանիան կամ Ֆրանսիան երբեք չեն կասկածվել ԻՊ-ի վրա ազդեցության անգամ ստվերային լծակներ ունենալու մեջ: Բայց փոխարենը ԻՊ-ի հետ նման կապերի մեջ քանիցս մեղադրվել են Օբամային նախորդած ամերիկյան սուպերլիբերալ իշխանական համակարգը, որն ակտիվ դաշինքի մեջ է եղել եւ մնում է եվրոպական սուպերլիբերալիզմի հետ: Չնայած՝ խոսքը գործնականում նույն ուժի մասին է, որի համար ԵՄ-ն  վերջին պատնեշի պես մի բան է, որը պետք է ամեն գնով պահպանել: Մինչդեռ Թրամփ-Մեյ դաշինքի կայացման պարագայում ԱՄՆ գործող նախագահը ոչ միայն ներամերիկյան ներկայիս կատաղի պայքարում է իր դիրքերն էականորեն ամրապնդելու հնարավորություն ստանում, այլ նաեւ այդ ներքին հակամարտությունը հաղթահարելով, կարող է նաեւ եվրոպական խաղատախտակին անցնել գրոհի:

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է

ՍԻՐԻԱԿԱՆ 
ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ
Ինչ վերաբերում է ԻՊ-ին, ապա այս կառույցը եւս Թրամփի առնվազն «անգործունեությունից» դժգոհելու առիթ ունի: Նկատի ունենք այն «տարօրինակ» իրավիճակը, որը վերջին շաբաթներին ձեւավորվում է Սիրիայում: Այսպես, չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը Հորդանանում՝ սիրիական հարավային սահմանների հարեւանությամբ ունի բավարար ուժեր, սակայն այստեղ հատկապես վերջին օրերին ակնհայտ է սիրիական ուժերի ակտիվությունը: Ընդ որում, չնայած այն բանին, որ ամերիկյան ավիացիան օրերս գրոհել էր սիրիական առաջնապահ ստորաբաժանումներից մեկը, սակայն Ասադին ենթակա ուժերը ռուսական ավիացիայի ակտիվ աջակցությամբ մի շարք հաջող օպերացիաներ են իրականացնում: Այդ թվում,  օրերս կարողացան դուրս գալ Հորդանանի սահման եւ սահմանագծի երկայնքով շարունակում են հարձակումը: Միաժամանակ ակտիվ հարձակողական փուլ է նաեւ Պալմիրայի տարածաշրջանում: Այս բոլոր գործողությունների հաջող ավարտի դեպքում ոչ միայն Հորդանանի, այլ նաեւ՝ Իրաքի հետ ողջ սահմանը կվերադառնա Դամասկոսի ենթակայության տակ: Միաժամանակ հաջող հարձակումներ շարունակվում են նաեւ Սիրիայի կենտրոնական հատվածներում, այսինքն՝ երկրի ողջ հարավի եւ կենտրոնի նկատմամբ Դամասկոսի վերահսկողության հաստատումը դարձել է միանգամայն տեսանելի:
Կարճ ասած, տեսանելի է սիրիական պատերազմի վերջը: Եվ եթե խաղից դուրս է գալիս ԻՊ-ն, այսինքն՝ Օբամայի առնվազն թողտվությամբ, եթե ոչ՝ նրա ձեռքով ստեղծված այդ կառույցը, ապա այդ կերպ նաեւ, այսպես ասենք, գլոբալ սուպերլիբերալիստական համակարգն է զրկվում Մերձավոր Արեւելքի մեծ խաղում միջնորդավորված ռազմական ներկայությունից: 
Իհարկե, դրանից հետո էլ խորքային որոշ հակասություններ Սիրիայում կմնան: Այդ թվում, դեռ կա քրդերի խնդիրը, որոնք Իրաք-Սիրիայում զբաղեցնում են բավականին մեծ տարածքներ, եւ այդ իրողությունը իրավական ինչ-որ լուծում պահանջում է: Սակայն այս պահին էլ այն, որ սիրիական բանակն ազատորեն գործում է հենց ամերիկյան ուժերի քթի տակ, իսկ Սպիտակ տունը խոստանում է չհարվածել, եթե միայն ամերիկյան զինվորականներին անմիջական վտանգ չսպառնա, հերթական ակնարկն է, որ կան ռուս-ամերիկյան որոշակի պայմանավորվածություններ: Ընդ որում, եթե նույնիսկ նման պայմանավորվածությունների հաշվին տեղի ունենա ԻՊ-ի ոչնչացումը, Թրամփն իրեն ներկայացնելու է եթե ոչ միակ, ապա առնվազն հիմնական հաղթողներից մեկը: Իսկ այդ դեպքում նախ՝ Մերձավոր Արեւելքի այս մեծ խաղին ԱՄՆ-ի մասնակցությանը կտա ոչ թե ժամանակին Օբամայի ծրագրած, այլ՝ իր պատկերացրած տեսքը: Եվ ամենակարեւորը՝ այս կերպ Թրամփը էլ ավելի ծանրակշիռ կդարձնի ներամերիկյան պայքարում իր դիրքերը:
Հիմնականում քարոզչական մեխանիզմներով գործող սուպերլիբերալիստական համակարգը, ակնհայտ է, որ Սիրիա-իրաքյան ռազմականացված խաղատախտակին միջամտելու հնարավորություններ առանձնապես չունի: Փոխարենը, հակագրոհի լավ տարբերակ կարող է դառնալ Թրամփ-Մեյ ակնկալվող դաշինքի ձախողման փորձերը: Եվ արդյունքում, որ հենց Բրիտանիան է դարձել ահաբեկչության հիմնական թիրախ, իր տրամաբանությունն է ստանում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА