ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ ԾԱՆՐ ՕՐԵՐ Է ԱՊՐՈՒՄ

23.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԸ ԾԱՆՐ ՕՐԵՐ Է ԱՊՐՈՒՄ

Թուրքիայի նախագահի վաշինգտոնյան սկանդալային այցի հետ կապված եւս մեկ ուշագրավ մանրամասն ջրի երես ելավ: Այն, որ Էրդողանի թիկնապահները թուրքական դեսպանատան դիմաց խաղաղ ցույց անցկացնող քաղաքացիների վրա հարձակվել են շեֆի ուղղակի հրամանից հետո:ԹՐԱՄՓԸ ԲԱՑԵՑ ՓԱԿԱԳԾԵՐԸ
Այդ փաստը շարունակեց ԱՄՆ-ում, այդ թվում՝ վերին քաղաքական էշելոններում շիկացնել հակաթուրքական դժգոհության ալիքը: Բանը հասավ մինչեւ ամերիկյան հերթական նահանգի՝ Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Այն, որ նման հակաթուրքական տրամադրություններ ԱՄՆ-ում ձեւավորում են Սպիտակ տանն ընդդիմադիր հայտնի ուժերը, դժվար չէ կռահել: Բայց դա նաեւ էական է այնքանով, որ տարաբնույթ այլ հարցերի շուրջ ներամերիկյան ծանր հակամարտության մեջ գտնվող Թրամփի համար անգամ ցանկության դեպքում դժվար կլինի Թուրքիայի հետ հարաբերություններում որակական փոփոխությունների գնալ: Եվ արդյունքում, ինչպես նաեւ Էրդողանի այցին հաջորդած իրադարձություններն են հուշում, Անկարան, որ առանց այդ  էլ վատթարագույն հարաբերությունների մեջ էր Օբամայի օրոք իշխանական եւ հիմա՝ ընդդիմադիր հատված տեղափոխված ուժերի հետ, նաեւ չկարողացավ ամերիկյան գործող իշխանությունների հետ գնալ հարաբերությունների կարգավորման: Մինչդեռ այդ ձախողումը շատ ավելի ցավոտ էր, հաշվի առնելով, որ այն տեղի ունեցավ Թրամփի առաջին պաշտոնական արտաքին շրջագայության շեմին: Նկատի ունենք այս հանգամանքը...Միայն այն փաստը, որ Թրամփն իր առաջին այցով մեկնեց Մերձավոր Արեւելք, հուշում է, որ Սպիտակ տունը հենց այդ տարածաշրջանին է տալիս հիմնական աշխարհաքաղաքական նախապատվությունը ¥2009թ.-ին նախագահ Օբաման  Մերձավոր Արեւելքի իր շրջագայությունը սկսեց Թուրքիայից, որի հետ այն ժամանակ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գերբարձր մակարդակի վրա էին¤ : Եվ, հասկանալի է, ընդհուպ մինչեւ վերջին պահը քննարկվում էր, թե հատկապես որ պետությունների վրա Վաշինգտոնը կկարողանա հիմնական խաղադրույքը կատարել: Այն, որ հիմնական գործընկերը եղել եւ մնում է Իսրայելը ¥ուր Թրամփն այցելեց երեկ¤, հասկանալի է: Բայց նաեւ կար իսլամական աշխարհի հետ հարաբերությունների հարցը: Շիա իսլամը, այսինքն՝ Իրանը, բնականաբար, հակառակորդ ուժ է: Իսկ ահա սունի իսլամի հետ հարաբերություններ ԱՄՆ-ը կարող էր կառուցել՝ հիմնական խաղադրույք կատարելով կա՛մ Թուրքիայի, կա՛մ էլ՝ Սաուդյան Արաբիայի վրա: Այդ երկու ուղղությունն էլ իր դրական եւ բացասական կողմերն ուներ: Սաուդյան Արաբիան արաբական աշխարհի փաստացի առաջնորդն է. այդ դիրքը կարողացավ Եգիպտոսից խլել մի քանի «հեղափոխությունների» արդյունքում Կահիրեի թուլանալուց հետո: Սաուդները հարուստ են, ինչը եւս Վաշինգտոնին ձեռնտու է: Բայց նաեւ կան վտանգները. այդ երկիրն ԱՄՆ-ում ունի հսկայական ֆինանսական ներդրումներ, ինչը Վաշինգտոնի նկատմամբ լուրջ ճնշումային գործիք է: Բացի այդ, վերջին ամիսների պատմությունը ցույց տվեց, որ սաուդները կարող են իրենց պետք եղած պահին՝ ռուսների հետ գնալ նավթային պայմանավորվածությունների: Վերջապես, ամենակարեւորը. Սաուդյան Արաբիան ռազմական առումով էական արժեք չունեցող պետություն է, ինչը ցույց տվեց եմենական պատերազմը: Այսինքն, չի կարող դառնալ Իրանին արժանի հակառակորդ:
Փոխարենը Թուրքիան, որն իր հերթին է տարիներ շարունակ սունիական խալիֆաթ դառնալու հավակնություններ ներկայացնում, անհամեմատ ավելի լուրջ ռազմական պոտենցիալ ունի: Բայց Էրդողանն իր սեփական խաղն է վարում, եւ եթե վերահսկի նաեւ սունիական աշխարհը, այդ պատկառելի ուժը ոչ թե Վաշինգտոնի, այլ՝ Անկարայի շահերի սպասարկմանը կարող է ուղղել:
Էրդողանի վերջին վաշինգտոնյան այցի ժամանակ Թրամփը կարող էր եւ խաղադրույքը Թուրքիայի վրա կատարելու որոշմանը հանգել: Բայց լեզու չգտան, ասենք նաեւ՝ Էրդողանի նման հիստերիկ պահվածքն իրենն արեց: Ամերիկյան ներքին ուժերը եւս ամեն ջանք գործադրեցին՝ Թուրքիային երկրորդ պլան մղելու համար: Եվ այդ ամենից հետո այն, որ Թրամփն Էրդողանի այցից մեկ-երկու օր անց Էր-Ռիադում Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հետ ավանդական «Թրերով պարը» պարեց, առավել քան խորհրդանշական ժեստ էր: Էլ չասած, որ զենքի եղբայրության ավանդական իմաստ ունեցող «Թրերով պարը» համեմվեց այնպիսի կարեւորագույն բաղադրիչով, ինչպիսին է Սաուդյան Արաբիային աննախադեպ ծավալի՝ մոտ 110 միլիարդ դոլարի սպառազինության վաճառքի մասին պայմանավորվածությունը: Ավելացնենք, որ Թրամփն այդ այցին, կնոջից զատ, տարել էր նաեւ դստերն ու Սպիտակ տան «գորշ կարդինալի» համարում ունեցող հրեա փեսային: Իսկ դա հուշում է, որ այս այցը պետք է ոչ թե միայն երկկողմ, այլ՝ եռակողմ՝ նաեւ Իսրայելի մասնակցությամբ դաշնության ձեւավորման հիմք համարել:

Վրաստանի նախկին նախագահն ապրում է բնության գրկում, զբաղվում ատաղձագործությամբ ու քոթեջի վարձակալությամբ

ԹՈՒՐՔԻԱՅԻ 
ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
Այսպիսով, այս տպավորությունն է. Մերձավոր Արեւելքում ձեւավորվում է ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա դաշինքը, որը կհակակշռի ՌԴ-Իրան-Սիրիա եւ մնացած շիա իսլամական աշխարհի բեւեռին: Սա ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների արդյո՞ւնք է, ԱՄՆ-ը գնաց հնարավոր միակ տրամաբանական քայլի՞ն, կամ՝ ամերիկյան նոր դաշինքը ռազմակա՞ն, թե՞ դիվանագիտական դիմակայության մեջ կմտնի Իրան-Սիրիա ուղղությամբ: Այս հարցերի պատասխանը ժամանակը կտա: Թեեւ այս պահին էլ է նկատելի, որ շիաական աշխարհի հետ ՌԴ-ի հարաբերությունների սերտացմանը ԱՄՆ-ը պատասխանեց սունիական աշխարհի հետ նման դաշինքով: Բայց ասել, որ դա կհանգեցնի Սաուդյան Արաբիա-Իրան պատերազմի, քիչ հավանական է. քիչ հույսեր կան, որ անգամ այդ 110 միլիարդ դոլարի զենքով սաուդները կկարողանան դառնալ Իրանին արժանի ռազմական հակառակորդ:
Բայց ահա այս նոր իրավիճակում դեռ անորոշ է մնում տարածաշրջանային հիմնական ուժերից մեկի՝ Թուրքիայի դերը: Եթե Վաշինգտոնը հիմնական շեշտադրումը վերջնականապես որոշի կատարել Էր-Ռիադի վրա, ապա Անկարան, եթե ցանկանա խաղալ ամերիկյան թեւում, ստիպված է լինելու ընդունել սունիական աշխարհում սաուդների գերիշխանության փաստը: Այսինքն, խալիֆայությունը՝ սունիական աշխարհում իսլամական գերիշխանությունը կհասնի Էր-Ռիադին, իսկ Անկարան պետք է այդ երազանքներից հրաժարվի: Բայց ասել, թե տարիներով խալիֆայությունը ¥որը դարերով Օսմանյան Թուրքիային էր պատկանում ու որից Աթաթուրքը կամավոր հրաժարվեց¤ ետ վերադարձնելու երազանքից Էրդողանը հենց այնպես կհրաժարվի, միամտություն կլիներ: Իսկ դա հուշում է, որ Անկարան, թերեւս, կփորձի առայժմ դիրքավորվել ռուսական դաշտում, որտեղ թեեւ Իրանի հետ եւս հակասություններ ունի, բայց Թեհրանը գոնե խալիֆայության ֆունկցիայի նկատմամբ հավակնություններ չունի: Ասենք, Էրդողանն այլ քայլի հնարավորություն պարզապես չունի: Նկատի ունենք, որ Սաուդյան Արաբիան միանգամայն լոյալ, ավելին՝ դրական կվերաբերվի, եթե ԱՄՆ-ը շարունակի առաջ տանել Քուրդիստանի ստեղծման ծրագիրը: Եվ այդ մահացու վտանգը թույլ չտալու համար Թուրքիային մնում է հույսը կապել միակ ուժի՝ ՌԴ-Իրան առանցքի հետ: Հաշվի առնելով, որ Քուրդիստանը կարող է ստեղծվել Իրաքի եւ Սիրիայի, այսինքն՝ շիա իսլամական տարածքների հաշվին: Այն սպառնալիք է նաեւ բուն Իրանի համար, քանի որ այստեղ էլ մեծ թվով քրդեր կան:

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԵՎՍ «ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԲԱՔՎԻՆ
Այսպիսով, Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական բարիկադները կարծես թե վերջնականապես սկսեցին տեսանելի դառնալ, ինչի հիման վրա էլ կվերակառուցվեն նաեւ քաղաքական սահմանագծերը: Ընդ որում, այդ «ճարտարապետությունը», թերեւս, կհասնի նաեւ Հարավային Կովկասի ներքին սահմաններին, այդ թվում՝ Արցախին:
Չնայած, Արցախի շուրջ նման հսատկեցմանը սպասողական իրավիճակը հատկապես վերջին տարվա ընթացքում նկատելի էր: Իսկ ահա վերջին փաստը, այն, որ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական հայտարարություն է կատարում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների մասին, արդեն նաեւ ակնարկ է այն մասին, որ իրավիճակը սկսում է տեղափոխվել վերջին՝ հակամարտության կարգավորման եւ հստակ սահմանազատման փուլ: Թե դետալային ինչ տեսքով, դա էլ թողնենք ժամանակին: Բայց մեկ բան արդեն միանշանակ է՝ Արցախի ինքնորոշման իրավունքն այդ գործընթացի առաջին պլանում է:
Իսկ ներկայիս տարածաշրջանային իրավիճակը մեկ հանգամանք եւս օրակարգ է բերում: Այն աշխարհաքաղաքական վիճակը, որում ներկայումս հայտնվել է Թուրքիան, նրան առանձնակի մանեւրների հնարավորություն չի տալիս: Առավել եւս, որ Թուքիայի համար այս պահին առաջնահերթություն է դարձել հենց իր ամբողջականությունը խաթարելուն ունակ գործոնների չեզոքացումը, եւ ցանկացած սխալ քայլ կարող է դառնալ ճակատագրական: Ու նման սխալ կարող է լինել ՌԴ-ի հետ նոր մեծ հակամարտության մեջ մտնելը, որը անխուսափելիորեն կլինի, եթե Անկարան հարավկովկասյան զարգացումներն իր նախընտրելի հունով տանելու ռեալ փորձեր կատարի: Այդ թվում, թույլատրվածից շատ քիթը խոթի ղարաբաղյան գործընթացի մեջ:
Այս հանգամանքը լավ հասկանում են նաեւ Բաքվում, այսինքն, որ «մեծ եղբոր» հետ առանձնակի հույսեր կապել չեն կարող: Գումարած դրան՝ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը ¥եւ այս կարգի հարվածները վերջերս հաճախակի են դարձել¤, ինչ խոսք, Բաքվի համար առնվազն «դեղին քարտ» էր, որը կարող է արագորեն վերածվել «կարմիրի»: Չնայած` այսքանից հետո էլ միանշանակ ասել, թե ինչ քայլերի կգնա Ալիեւը, դժվար է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանում մայիսի 1-ին կմեկնարկեն թուրք-ադրբեջանական զորավարժությունները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА