ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՄԱ «ԵԼՔԸ» Ե՞ԼՔ Է ՓՆՏՐՈՒՄ, ԹԵ` EXIT

23.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄԱ «ԵԼՔԸ» Ե՞ԼՔ Է ՓՆՏՐՈՒՄ, ԹԵ` EXIT

Եվ այսպես, խորհրդարանը բարեհաջող ընտրեց իր ղեկավար կազմը` ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովների նախագահներ: Առջեւում կառավարության ձեւավորումն է, որը, համաձայն Սահմանադրության, պետք է բաղկացած լինի 18 նախարարներից, ինչը կառավարության կազմի եւ կառուցվածքի մասին օրենքի ընդունում է պահանջում: ԱԺ-ում եղան նաեւ զավեշտալի պահեր, քանզի Էդմոն Մարուքյանը` հայտնի ֆիլմի հերոսի նմանությամբ, պատրաստ էր գլխավորել ցանկացած հանձնաժողով, այսինքն` «Ես» էր պատասխանում ե՛ւ «միսկոմբինատին», ե՛ւ «շինարարությանը», ե՛ւ ընդհանրապես ամեն ինչին:«ՄԱՐԴՈՒ 
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» 
ՎԿԱՆԵՐԸ
Հանձնաժողովների քանակն էլ 12-ից դարձավ 9-ը, ինչը հիսթերիայի առիթ տվեց ընդդիմադիր դաշտի մի մասին` ի դեմս «Ելքի»: Հատկապես շատ լացուկոծ եղավ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը կրճատելու կապակցությամբ: «Ելք» խմբակցությունը աղմկում էր, թե այդ հանձնաժողովը պետք է պահպանել, թող հանձնաժողովների քանակը լինի 10-ը, այդ դեպքում այդ հանձնաժողովը բաժին կհասնի իրենց խմբակցությանը: ՀՀ վաստակավոր «էլեկտրիկ» Էդմոն Մարուքյանը նաեւ հայտարարեց, որ պատրաստ է գլխավորել ցանկացած հանձնաժողով, միայն թե հանձնաժողովների քանակը լինի 10-ը: Այստեղ հետաքրքիրը հետեւյալն է` «Ելք» դաշինքը եւ նրա բաղկացուցիչ մաս կազմող կուսակցությունները մշտապես իրենց պատռտում էին, պահանջելով կրճատել պետական ծախսերը` մասնավորապես ի դեմս ծառայողական ավտոմեքենաների, քարտուղարուհիների եւ այլն: Իսկ խորհրդարան անցնելուն պես, միանգամից դարձան այդ ծախսերի ավելացման ջատագով, միայն թե այդ բարիքներից իրենց բաժին հասնի: 
Սա երեւի թե առաջին անգամ է, որ ինքն իրեն արմատական ընդդիմադիր համարող ուժը իշխանություններից իշխանական բարիքների փայ ուզի: Այսինքն` պարզվում է, որ նրանց ուզածը ոչ թե հարկատուների փողերի կրճատելն էր, այլ` պաշտոն ուզելը: Եվ, երեւի թե, Էդմոն Մարուքյանն իրավացի էր, երբ խոստովանում էր, որ 5-րդ գումարման խորհրդարանում իր հայտնվելը համակարգային սխալի` «Error»-ի հետեւանք է: Դատելով այդ խմբակցության վարքագծից` կարելի է ենթադրել, որ թերեւս տեղով  «Error» են: 
Սակայն անցնենք  Մարդու իրավունքների հանձնաժողովը կրճատելու շուրջ բարձրացված աներեւակայելի աղմուկին: Թեեւ մեր ընդդիմադիրների այդքան սիրած մի շարք եվրոպական երկրներում Մարդու իրավունքների առանձին հանձնաժողովներ չկան, ու կարծես թե, դրանից աշխարհը փուլ չի գալիս, սակայն, միեւնույնն է, երկու ոտքը մի կոշիկի մեջ մտցրած այդ հանձնաժողովն էին ուզում: Դա արդեն կրոնական մոլեռանդության տպավորություն է թողնում, եւ այդ տպավորությունը, կարծում ենք, որպես առաջին տպավորություն, միանգամայն ճիշտ է: 
Բանն այն է, որ աշխարհը գլոբալացնող վերազգային կառույցները Մարդու իրավունքներ են կոչում նոր կեղծ կրոնը, որի դոգմաների հիման վրա էլ աշխարհով մեկ անչափ բազմացել են տարատեսակ դեգեներատիվ փոքրամասնությունների «իրավունքների» պաշտպանները եւ լոբբիստները: Հենց այդ դոգմաների հիման վրա «հակախտրականության» կարգախոսի ներքո ինչքան ավելի մերժելի է այս կամ այն հակաբնական փոքրամասնությունը, այնքան նա արտոնյալ է: Այդ դոգմաների պատճառով է, որ մտավոր հետամնացին «խտրականությունը վերացնելու» պատրվակով հատուկ դպրոցից հանում բերում են սովորական դասարան` դրանով իսպառ զրկելով գոնե որեւէ կրթություն ստանալու իրական շանսից: Ու նաեւ այդ կեղծ կրոնի դրույթներով են ծնողներին զրկում սեփական զավակներին դաստիարակելու ցանկացած իրավունքից, իսկ դաստիարակելու փորձի դեպքում երեխաներին օտարում են...Այդ աբսուրդները կարելի է դեռ երկար թվարկել, բայց, կարծում ենք, «մարդու իրավունքներից» մինչեւ կոկորդը կուշտ մեր ընթերցողները կարող են ցանկության դեպքում իրենք շարունակել այդ ցանկը: Իսկ մենք ընդամենն արձանագրենք, որ «ելքիստների» արձագանքը մոտավորապես այնպիսին էր, ինչպիսին կտեսնես, եթե մոլեռանդ հավատացյալների աչքի առաջ մեր ժանգոտ կողպեքով փակես նրանց աղոթաթեղին, կամ ընդհանրապես դա վերածես, ասենք, պահեստի: Այսինքն` ընդդիմադիրների այդ տարատեսակին հանգիստ կարելի է անվանել «մարդու իրավունքների վկաներ»: 

Փաշինյանն իր օրոք վատ ապրողների՞ է փնտրում, թող գնա ԱԺ

ԻՆՉՈ՞Ւ 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ 
ԵՐԴՈՒՄ ՉՏՎԵՑԻՆ ՀՀ-ԻՆ
Հարկ է նշել, որ թեեւ «մարդու իրավունքների վկաների» «տաճարը»` ի դեմս համապատասխան մշտական հանձնաժողովի, փակվեց, սակայն անձեռնմխելի մնաց «կրոնական գրականության» դեր կատարող մեկ այլ հանձնաժողով` Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովը: Ավելին, նման է, որ այդ հանձնաժողովը մանրակրկիտ ձեւով ցանկանում է ստուգել ցանկացած օրենքի համապատասխանությունը ինչ-որ առասպելական «եվրոպական չափանիշներին»: Թե դա ինչ է, եւ ինչով դա կարելի է ուտել` նորմալ քաղաքացուն կամ պարզապես հայ մարդուն բացատրելը շատ դժվար կլինի, քանզի բացատրությունը բաղկացած կլինի խուճուճ եզրույթների դժվարամարս կույտից: Բայց դա էլ երեւի թե, մնա հաջորդ փուլին` ձերբազատվել նաեւ այդ ավելորդությունից, չէ՞ որ ՀՀԿ-ն որպես ազգային պահպանողական ուժ, կողմնակից է էվոլյուցիոն ճանապարհի, որը ենթադրում է ժամանակից շուտ կտրուկ քայլեր չանել: Համ էլ, մեր ամբողջ քաղաքական դաշտը, կարծես թե, հերթական անգամ կատարում է հերթական «տատանումը» դեպի Արեւմուտք: 
«Ելք» դաշինքի վարքագծում դա երեւաց անմիջապես: Այսպես, թեեւ խորհրդարանի օրակարգում չկար արտաքին քաղաքական հարցերի քննարկում, սակայն այդ խմբակցության պատգամավորները հասցրին մեծաքանակ ելույթներ ունենալ, թե ինչ «քըխ» բան են Եվրասիական միությունը, ՀԱՊԿ-ը եւ այլն: Գումարած դրան, շատ տարօրինակ էր, թե ինչու «Ելք» խմբակցությունը խուսափեց օրենքով սահմանված պատգամավորական երդման արարողությունից: 
Այդ խմբակցությունը դահլիճ չմտավ այնքան ժամանակ, քանի դեռ ելույթ էին ունենում ՀՀ նախագահն ու կաթողիկոսը եւ տեղի էր ունենում պատգամավորների երդումը: Պատճառաբանեցին դա իբրեւ բողոքի ձեւ` ՀՀԿ-ի կողմից կիրառված ընտրակաշառքների, վարչական ճնշումների եւ այլ խախտումների, բայց այդ դեպքում զարմանալի է` ինչո՞ւ, եթե ընտրություններն այդքան «քըխ» եւ անարդար էին համարում, ե՛ւ ԱԺ, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո, այնուամենայնիվ, հստակ հայտարարեցին, որ իրենց բոլոր ձայները տեղ են հասել, եւ ոչ մի քվե չի գողացվել: Լավ, ասենք սովորական մահկանացուներիս ոչ հասու տրամաբանությունից ելնելով, անպայման պետք է բոյկոտեին Սերժ Սարգսյանի ելույթը, բայց այդ դեպքում դահլիճ վերադառնալիս ինչո՞ւ չդիմեցին նախագահողին, որպեսզի կազմակերպի նրանց երդման արարողությունը, առավել եւս, որ օրենքը հստակորեն տալիս է այդ հնարավորությունը: Այդ ինչո՞ւ հարցին նրանք տալիս են այնպիսի խուճուճ պատասխաններ, որ այդ պատասխանները մեկ րոպեից ավել ունկնդրելը ցանկացած նորմալ մարդու մոտ գլխացավ կառաջացնի: 
Իսկ իրականում, եթե ելնենք պարզ ողջամտությունից եւ տրամաբանությունից, ապա պետք է գանք եզրակացության, որ նրանց պարզապես պետք էր հենց երդումից խուսափելը: Պետք էր չերդվել ծառայելու ՀՀ քաղաքացիների եւ պետականության շահերին: Եվ հարց է ծագում, այդ դեպքում ո՞ւմ շահերն է սպասարկում «Ելք» խմբակցությունը: Միգուցե, նրանց պետք է կոչել ոչ թե «Ելք», այլ` «Exit»: Համենայնդեպս, ինչ-որ դրսի ուժի, կամ լավագույն դեպքում զուտ սեփական խմբակային շահին ծառայելու տպավորություն հաստատ թողնում են: Դե, իսկ երդում չտվեցին երեւի թե այն պատճառով, որ հոգեբանորեն ծանր կլիներ դառնալ երդմնազանց: 

ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ 
ԱԺ-ԻՑ ԴՈՒՐՍ...
Ինչպես եւ սպասվում էր, ԿԸՀ-ի մերժումը ստանալուց հետո Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը սուսուփուս վերցրեց ավագանու մանդատները: Այսինքն` մայրաքաղաքային իշխանությունում թերեւս ականատես լինենք, թե ինչպես է տիկին Փոստանջյանը կատարում իր խոստումը` Տարոն Մարգարյանին օր ու արեւ չտալու վերաբերյալ: 
Բայց հարկ է նշել, որ ՀՀ քաղաքական պատմությունում դա առաջին դեպքը չէ, որ որեւէ ընդդիմադիր գործիչ որեւէ բարձրաստիճան իշխանավորի խոստանում է վերջինիս կյանքը դժոխքի վերածել: Ժամանակին այդպիսի խոստում տվել էր Արամ Զ. Սարգսյանը` նա խոստացել էր ե՛ւ ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնության, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի կյանքը դժոխքի վերածել: Սակայն այդ «դժոխքի վերածելը» արտահայտվում էր ընդամենը ամիսը մեկ խորհրդարան այցելելով: Եվ ճիշտ ու ճիշտ այն օրերին, երբ պատգամավորների աշխատավարձերն են տրվում: Եթե այն ժամանակ այդքան տարածված լիներ բանկային քարտերի համակարգը, երեւի այդ մեկ օրն էլ ոտք չէր դնի ԱԺ եւ իշխանության կյանքը «դժոխքի կվերածեր» մոտակա բանկոմատի մոտ: 
Հիմա Զարուհի Փոստանջյանի կհետեւի՞ Արամ Զավենիչի օրինակին: Կարծում ենք, որ, այնուամենայնիվ, կգերադասի Երեւանի ավագանիում ծավալել ընդդիմադիր գործունեություն, միաժամանակ դրա շուրջ լրատվական դաշտում մեծ աղմուկ ստեղծելով: Չէ՞ որ հակառակ դեպքում «Երկիր ծիրանի» անունով քաղաքական նախագիծը դեռ չծնված` կդատապարտվի կործանման, ու չի արժանանա այնպիսի փողատու քեռիների սիրուն, ինչպիսին է «քեռի Սեմը» ԱՄՆ-ից, կամ` «քեռի Ռուբենը» Մոսկվայից: Դե, իսկ ինչպես կստացվի «Երկիր ծիրանիի» եւ «Ելքի» համագործակցությունը ավագանիում` դա էլ շուտով կտեսնենք: Միգուցե ստացվի քչից-շատից բանի նման ընդդիմադիր գործունեություն, իսկ միգուցե դա էլ դառնա «Exit»:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Ելքը» կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА