o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ» ԻԼՀԱՄԸ ԿԳՆԱ՞ ՊԱՏԵՐԱԶՄ

17.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐ» ԻԼՀԱՄԸ ԿԳՆԱ՞ ՊԱՏԵՐԱԶՄ

Պաշտոնական հաղորդագրությունը, որը նախօրեին տարածեց ՀՀ պաշտպանության նախարարությունը, ինչ խոսք, որոշ մտահոգություններ առաջացնում է: Խոսքն այս մասին է. «Մայիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով Պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել...»:ԱՌԱՆՑ  ԲԱՔՎԻ ՀՐԱՄԱՆԻ, ՀՐԹԻՌ ՉԷՐ ԱՐՁԱԿՎԻ
Հասկանալի է, այս հարվածը չի մնա անպատասխան: Բայց նաեւ կա այս հարցը. մինչ վերջին ժամանակներս սահմանը մնում էր համեմատաբար հանգիստ: Ասենք, կառավարվող հրթիռի կիրառման օրը եւս քիչ թե շատ ծավալուն այլ գործողություններ չեն եղել: Ավելի կոնկրետ, եթե մի կողմ թողնենք այդ փաստը, հիմնականում լարվածության եւ սահմանային կրակոցների նույն մակարդակն է, ինչ մինչ այդ: Եվ դրանից հետո եւս, համենայնդեպս՝ երեկվա դրությամբ ինչ-որ արտառոց միջադեպեր չեն գրանցվել: Ուստիեւ՝ հետեւյալ հարցն է առաջ գալիս. նկարագրված վիճակը հուշում է, որ կառավարվող հրթիռի արձակումը հավելյալ սրացումների խնդիր  չէր հետապնդում: Այդ դեպքում` ինչո՞ւ կրակեցին: Իհարկե, կարող են տարաբնույթ բացատրություններ լինել, սակայն հնարավոր տարբերակներից այս մեկը միանգամից պետք է բացառել: Այն է՝ գործնականում հնարավոր չէ, որ այս կրակոցն ինչ-որ զինվորի կամ ցածրաստիճան հրամանատարի նախաձեռնությամբ լինի: Նկատի ունենք, որ հարվածից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չհապաղեց հայկական զինտեխնիկայի վնասման փաստը ներկայացնել, որպես «մարտական ձեռքբերում»: Ասենք նաեւ այն, որ այդ գործողությունը տեսանկարահանվել էր բավականին պրոֆեսիոնալ ձեւով, հուշում է, որ հրամանը եկել է առնվազն Պաշտպանության նախարարությունից: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ սա նախարար Զաքիր Հասանովի նախաձեռնությունն էր: Այն առումով, որ նախարարի նկատմամբ վերջին օրերին տեսանելի հրապարակային ճնշումներ կան, այդ թվում՝ Բաքվի գիշերային ակումբներից մեկում նրա դստեր մեկամյա վաղեմության խայտառակ ծեծկռտուքի տեսագրությունը նորից շրջանառության մեջ դնելու տեսքով: Այսինքն, Հասանովը կարող էր եւ Ալիեւի աչքին հերոսանալու փորձ կատարել՝ հայկական զինտեխնիկայի ուղղությամբ հրթիռային հարվածի միջոցով: Սակայն սա քիչ հավանական տարբերակն է, հաշվի առնելով, որ նախարարը հազիվ թե առանց սուլթանական դաբրոյի՝ ինքնուրույն գնար մի քայլի, որը միանշանակ մեծ արձագանք է ունենալու նաեւ գերտերությունների մոտ: Մի խոսքով, որ հրթիռն առանց նախագահական նստավայրի իմացության չէր արձակվի, ամենահավանական տարբերակն է: Բայց դա Ալիեւի ինչի՞ն էր պետք:

ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ ՍԱՐՔԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՆ Է՞Լ ՁԱԽՈՂՎԵՑ

ՄԱՅԻՍԻ 15-Ը ԹԵԺ ԷՐ
Հարցի պատասխանը, թերեւս, տալիս է վերջին օրերին արձանագրված մի քանի իրադարձություններ: Նախ՝ շաբաթ-կիրակի օրերին Պեկինում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհին» նվիրված մեծ գագաթաժողովը ֆիքսեց, որ ծրագիրն աստիճանաբար ընթացք է ստանում: Ընդ որում, դժվար չէ կռահել, որ ղարաբաղյան հակամարտությունը դրան խոչընդոտող գործոն է, այսինքն տրամաբանական կլինի, որ սրվեն հակամարտության վերջնական կամ միջանկյալ կարգավորմանը միտված գործոնները, այդ թվում՝ պարտադրանքի տեսքով: Եվ հետեւյալ փաստը նման ճնշումային մոտեցման տպավորություն է թողնում. նախօրեին ՌԴ գերագույն դատարանի վճռով լուծարվեց «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպությունը: Եվ դա այն դեպքում, երբ այդ կոնգրեսի տիպի «Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպությունը ոչ միայն շարունակում է հաջողությամբ գործել, այլ նաեւ միության նախագահ Արա Աբրահամյանի վերջերս նշված ծննդյան տոնակատարությանը մասնակցեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ու նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Ու սրանից հետո, երբ լուծարվում է Ադրբեջանական կոնգրեսը, ապա այն լուրջ մտահոգություններն ու դրանից բխող հիսթերիան, որ առաջ եկան թե՛ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների շրջանում եւ թե՝ Բաքվում, հասկանալի է: Բանը հասավ նրան, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն սկսեց խոսել երկու երկրների հարաբերությունների վատթարացումից,կոնգրեսի ղեկավար Կուրբանովը սկսեց սպառնալ «հեռուն տանող հետեւանքներով»: Բայց այս վայնասունի տակ մեկ բան է զգացվում՝ ՌԴ գերագույն դատարանի վճիռը Բաքվին լրջորեն վախեցրել է, որ նման հարվածները կարող են շարունակվել եւ ավելի ծանր դառնալ:
Եվ այս առումով հաստատ պատահական չէր, որ նույն օրը՝ մայիսի 15-ին հնչեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի ուշագրավ հայտարարությունը: Հաստատելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, որ հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո կարող է տեղի ունենալ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում, Մամեդյարովը նաեւ նշեց. «Հետեւելով արտգործնախարարների մոսկովյան հանդիպման տրամաբանությանը, ես տպավորություն ունեմ, որ զորքերի դուրսբերում՝ խաղաղության դիմաց կամ տարածքներ՝ խաղաղության դիմաց հնարավոր է: Դա վերջին 12 տարիների ամբողջ բանակցային գործընթացի տրամաբանությունն է: Սակայն դիվանագիտության մեջ գոյություն չունեն բանակցություններ՝ հանուն բանակցությունների: Արդեն բոլորին է ակնհայտ, որ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքներից»: 
ԱԳ նախարարի շուրթերով ի՞նչ է ուզում ասել Բաքուն: «Արտգործնախարարների մոսկովյան հանդիպման տրամաբանության» մասին հիշատակումը ռուս հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի մոտ այն տպավորությունն է առաջացրել, որ. «Ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռք է բերվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ինչ-որ բանավոր համաձայնություն: Նալբանդյանն ու Մամեդյարովն այդ մասին զեկուցել են իրենց նախագահներին, եւ հայ նախարարը հետագա քայլեր ձեռնարկելու արտոնություն է  ստացել: Եվ հենց նույն պահին էլ Բաքուն հարված է հասցնում զենիթա-հրթիռային «ՕՍԱ» համակարգին, ինչը եթե չձախողի, ապա զգալիորեն կդժվարացնի հետագա դիվանագիտական Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսությունը...»:
Այսինքն՝ ադրբեջանցի նախարարը, ի տարբերություն Նալբանդյանի, մոսկովյան պայմանավորվածության ուղղությամբ առաջ գնալու «դաբրո» չի՞ ստացել: Նկատենք, որ Մամեդյարովի հայտարարության երկրորդ հատվածը եւս այդ է ակնարկում:  Այսինքն՝ ինչպե՞ս հասկանանք «զորքերի դուրսբերում՝ խաղաղության դիմաց կամ տարածքներ՝ խաղաղության դիմաց» արտահայտությունը: Եթե ուղղակի, ապա ստացվում է, որ Բաքուն պարզապես սպառնում է՝ «Եթե տարածքները չտաք կամ զորքերը դուրս չբերեք, խաղաղություն չի լինի, պատերազմ կսկսենք»: Եվ կարող ենք նաեւ այսպես մտածել. Մոսկվայում Մամեդյարովը պարտադրված ինչ-ինչ խոստումներ է տվել, բայց Ալիեւը չի համաձայնվել: Դրան հաջորդում է նոր ճնշումային քայլ՝ ադրբեջանական կոնգրեսը փակելու տեսքով, եւ Ալիեւն էլ գնում է շանտաժի՝ «Եթե այդպես է, ապա պատերազմ կսկսենք»: Եվ այս տրամաբանությամբ՝ հրթիռային հարձակումն էլ արդեն կարելի է ընկալել այդ սպառնալիքը հաստատող գործնական քայլ:

ՇԱՆՏԱԺԻ ՏԱՐԲԵՐԱԿՆ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է
Այսպիսով՝ ի՞նչ է ակնարկում Ալիեւը: Սա միայն անցանկալի իրադարձություններից խուսափելու նպատակով շանտա՞ժ է, թե իրականում պատրաստ է գնալ մինչեւ վերջ՝ պատերազմի: Թերեւս, դա նաեւ կախված է այն պատասխանից, որը հայկական կողմը կտա հրթիռային հարձակման դիմաց: Եթե մի լավ քիթ ու մռութին ուտի, դա հաստատ նկատելի ազդեցություն կունենա, եթե անգամ նպատակը պատերազմն է:
Բայց նաեւ այն հարցը կա, թե ի՞նչ ռիսկերի է գնում Ալիեւը, եթե իրականում էլ պատրաստ է վա-բանկի: Այստեղ նախ չմոռանանք, որ ղարաբաղյան հանգուցալուծումն այս պահին կարեւորություն է ստանում «Մետաքսի ճանապարհի» անվտանգության առումով: Ասենք՝ պատերազմը առավել քան անցանկալի է ՌԴ-ի համար նաեւ իր հարավային սահմաններին կայունություն եւ նոր լարվածության օջախ չունենալու առնչությամբ: Այսինքն, եթե Ալիեւն իրականում պատրաստ է մինչեւ պատերազմ գնալ, ապա պետք է նաեւ հաշվի առնի այն, մեղմ ասած, բացասական ռեակցիան, որն կառաջանա Մոսկվայում, ասենք նաեւ՝ Պեկինում, ապա՝ Իրանում:
Եվ սրա հետ նաեւ Բաքուն պետք է հաշվի առնի այն սահմանափակումները, որոնք ներկայումս ունի Թուրքիան: Այսինքն, ղարաբաղյան պատերազմին Թուրքիայի մասշտաբային ներգրավվածությունը Մոսկվան հաստատ կհամարի Անկարայի կողմից թիկունքից հասցված հերթական հարվածը: Եվ, վերջապես, Թուրքիան իր շահագրգռվածությունն ունի «Մետաքսի Ճանապարհի» հարցում, իսկ նոր պատերազմը  հաստատ այդ հարցում լուրջ  խնդիրներ կառաջացնի:
Մյուս կողմից չբացառենք, որ Բաքվին կարող էր ոգեւորել օրերս ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության հանձնաժողովում հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած լսումներում հնչած այն գնահատականը, որ 2017թ.-ին հնարավոր է ղարաբաղյան պատերազմի վերսկսումը: Չբացառենք, որ դա Բաքվում գնահատել են` որպես պատերազմ սկսելու մասին ցուցում, այսինքն, որ կարող են այդ դեպքում հույսը դնել Վաշինգտոնի վրա: Միգուցե նաեւ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի համար «Մետաքսի Ճանապարհը», մեղմ ասած, անցանկալի ծրագիր է, եւ կօգնեն ցանկացած նախաձեռնության, որը կնպաստի դրա արգելակմանը: Բայց երեւի Բաքվում էլ են հասկանում, որ պատերազմի դեպքում ամերիկյան բանակն իրենց օգնության չի գալու: Բայց այ՝ Հայաստանի ռուսական ռազմաբազան իրեն ինչպե՞ս կդրսեւորի:
Այսպիսով, եթե անգամ Ալիեւը իրոք որոշել է պատերազմ սկսել, առավելագույնը, դա կարող է անցած քառօրյա բախման կրկնությունը լինել: Այսինքն՝ գրեթե զրոյական արդյունք, իսկ կորուստները, ով իմանա, ինչպիսին կլինեն: Ուստիեւ, Մամեդյարովի հայտարարություններն ավելի շատ նմանվում են շանտաժի: Բայց դե, դա էլ ի՞նչ է տալու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանում կրկին «պատերազմ են փորձում»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА