o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՅԱՆՔ` ԸՆՏՐԱԿԱՆ ՑԻԿԼԻՑ ՀԵՏՈ

17.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՅԱՆՔ` ԸՆՏՐԱԿԱՆ ՑԻԿԼԻՑ ՀԵՏՈ

Այսօր նիստերի օր է: ՀՀԿ ԳՄ-ն կորոշի, թե ովքեր ԱԺ-ում կառաջադրվեն ղեկավար պաշտոնների, Ծառուկյան դաշինքը կոնյակի գործարանի տարածքում նույնպես կորոշի, թե ընդդիմադիր քվոտաներով ովքեր են գնալու համապատասխան պաշտոնների, գումարած դրան` պետք է որ կարծես թե որոշվի մանդատից հրաժարվածների եւ հրաժարումից հրաժարվածների հարցը: Երեւանի ավագանու կազմը նույնպես հայտնի է, գումարած դրան` ամռանը ՊՊԾ գունդը գրաված զինյալներից 14-ի գործն ուղարկվել է դատարան: Ընտրական ցիկլը ավարտվել է, եւ բոլորը որոշելիք ունեն, թե առաջիկա «չընտրական» տարիներին ինչ ռազմավարությամբ եւ մարտավարությամբ պետք է առաջնորդվեն:ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԸ
ՊՊԾ գունդը գրավածների գործը դատարան ուղարկելը նաեւ որոշակի խորհրդանշական պահեր է պարունակում: Դա հեղափոխությունների, հեղաշրջումների, մայդանների, խռովությունների ժամանակաշրջանի ավարտն է: Ճիշտ է, ավագանու ընտրություններից դժգոհ Զարուհի Փոստանջյանը խոսում է «դիմադրության շարժման» մասին, սակայն նույնիսկ քվեարկության օրը, ի տարբերություն «Ելքի», մայրաքաղաքի տեղամասերը նրա կուսակցության կողմից խելքը գլխին ապահովված չէին դիտորդներով: 
Ինչ վերաբերում է զինյալներին, ապա ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու գործունեության մեկնարկից առաջ արդեն կա այն հարցի պատասխանը, թե անհատապես ում խղճի վրա են զոհված ոստիկանները, եւ ով է կատարել «հեղափոխական ռոմանտիզմի» հետ, մեղմ ասած, ոչ համատեղելի հափշտակությունը ՊՊԾ գնդի պարսպին ամրացրած բանկոմատից: Հայի արյուն թափածներն են Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, ընդ որում` Բիլյանը նաեւ բանկոմատի կողոպուտի հեղինակն է: Եվ ճակատագրի բերումով այնպես է ստացվել, որ հենց Բիլյանն է շատ հայտնվել քարոզչական բնույթի «հերոսական-հեղափոխական» լուսանկարներում... 
Խռովությունների ժամանակաշրջանի ավարտի վկայությունն է նաեւ  ընդդիմադիր ուժերի հռետորաբանությունը: Այսպես, ինչպես խորհրդարանական, այնպես էլ ավագանու ընտրությունների արդյունքով «Ելք» դաշինքը թեեւ իշխանություններին մեղադրել է ընտրակաշառքի, վարչական ճնշումների եւ այլ, եւ այլ մեղքերի մեջ, սակայն, այնուամենայնիվ, հայտարարել, որ իրենց քվեներից եւ ոչ մեկը չի գողացվել: Այսինքն` ընտրություննեը թեեւ «քըխ» են, բայց` լեգիտիմ: 
Ի դեպ, ընտրությունների ապալեգիտիմացման եւ դրա հիման վրա խռովություններ բորբոքելու գործելակերպը հիմնազուրկ է մնացել նաեւ գրանտային փողերով գործող «քաղաքացիական» դիտորդների ինստիտուտի կիրառական պրակտիկայում: Դեռ ԱԺ ընտրություններին աղմուկի արժանի փաստեր չպեղեցին, իսկ ավագանու ընտրություններին արդեն կռվեցին իրար հետ, թե ով իրավունք ունի կամ չունի օգտագործել «քաղաքացի դիտորդ» բրենդը: Դե, եթե բրենդի համար է կռիվը, ասել է թե ենթադրաբար խիստ նվազած գրանտային ռեսուրսների, ապա պարզ է, որ ապալեգիտիմացման «սուրբ գործի» մասին բոլորը մոռանում են: Ճիշտ է, մինչ այդ էլ հայոց աշխարհի քաջարի «հեղափոխականներին» հեղափոխությունն ավելի քիչ էր հետաքրքրում, քան «քեռի Սեմի» տված հեղափոխական փողերը, բայց հիմա այդ գործընթացը հասել է գագաթնակետին: Հեղափոխությունն արդեն չի հետաքրքրում բացարձակապես ոչ ոքի: 
Ճիշտ է, «Երկիր ծիրանի» կուսակցությունը դիմել է ԿԸՀ` արդյունքները անվավեր ճանաչելու, եւ խոսում են մանդատներից հնարավոր հրաժարման մասին, սակայն ավելի արժանահավատ է թվում Զարուհի Փոստանջյանի այն խոստումը, որ Տարոն Մարգարյանին օր ու արեւ չի տա: Իսկ դա հնարավոր է իրականացնել միայն մանդատները վերցնելու եւ ավագանու խմբակցության գործունեություն ծավալելու դեպքում: Ի դեպ, Տարոն Մարգարյանի 71 տոկոսը չպետք է տպավորություն ստեղծի, որ ավագանիում ընդդիմության գործը մեռել է: Ընդհակառակը` ի տարբերություն ավագանու նախորդ կազմի, սպասելի է ընդդիմադիր ակտիվության ավելի բարձր մակարդակ, քանզի չկան իրենց բնույթով «ոչ նալին, ոչ մեխին» այնպիսի ուժեր, ինչպիսին են ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Կա միայն ՀՀԿ եւ ընդդիմություն: 
Ընդդիմադիրներից էլ նույն «Ելքը» դեռ իներցիայով շարունակում է որոշակի շոուներ: Ճիշտ է, այլեւս աղբամաններում «Բազե» նշանաբանով ընտրակեղծարարական հրահանգներ չեն գտնում, բայց հիմա էլ բանը հասել է 7/51 տեղամասում վերահաշվարկի ընթացքում ցնդող թանաքով քվեարկած քվեաթերթիկների պատմությանը: Այսինքն` դատարկ են, բայց տպավորություն է, որ չգրող գրչով նշումներ են արվել, ու չգիտես ինչու` դրանց հասցեատերը «Ելքն» է: Պարզ է, որ դա դրսից բերված ցնդող թանաքով գրչով արված է, այլ ոչ թե ընտրատեղամասի ներսի գրիչներով, ու նման է, որ էլի շոու է` երեւի թե, եթե ըստ ընդդիմադիր խասյաթի որեւէ տեղամասում վերահաշվարկի առիթ չունենային, ապա սրտները կճաքեր: 

Ի՞նչ կփոխվի Ընտրական օրենսգրքում. «Ժողովուրդ»

ԻՍԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ 
ԽԱՂԱ՞Ղ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Քանի որ ընտրություններն ավարտվել են, որոշակի իներցիոն պահերը անցնելուց հետո կավարտվի եւ ընդդիմադիրների կատաղի գզվռտոցը: Դա հատկապես վերաբերում է Երեւանի ավագանուն, ուր թերեւս «Ելքը» ու «Երկիր ծիրանին» պարզապես դատապարտված են համագործակցության: Մինչ այդ էլ Զարուհի Փոստանջյանի հետ եթե «քյալա տվող» կար, դա «Ելքի» պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն էին, սակայն նրանց ավագանիները մնալու են հիմնականում առանց պատգամավորական օժանդակության` փոխարենը սլաքներն ուղղելով ընդդեմ գործող քաղաքապետի: Թերեւս մեր աչքի առաջ հենց մայրաքաղաքի ավագանիում է ծնունդ առնում իրական, այլ ոչ թե «իշխանափոխական» ընդդիմությունը, քանզի ավագանին երկբեւեռ է:
Սակայն խորհրդարանում պատկերը այդպիսին չէ: Կա երկրորդ տեղը զբաղեցրած Ծառուկյան դաշինքը, որը թերեւս կոչվում է ընդդիմություն եւ, ըստ Սահմանադրության, ստանալու է ընդդիմադիր քվոտաներով հասանելիք պաշտոնները, սակայն իր էությամբ հեռու է ոչ միայն ընդդիմադիր ուժ, այլ առհասարակ քաղաքական թիմ լինելուց: Մի մասը ԲՀԿ առաջնորդի ստվերն են, մի մասն էլ` կիսաօլիգարխիկ ապաքաղաքական տարրեր, որոնք դեռեւս պետք է ավարտին հասցնեն մանդատակռվի «բազարները»: Իհարկե, «Ելքը» ԱԺ ամբիոնի մոտ իրեն զգալու է ինչպես ձուկը ջրում, առավել եւս, որ դեռ մինչ ընտրությունները հայտարարել են դաշինքը միասնական կուսակցության վերածելու մտադրության մասին: Եվ եթե այդ ընթացքում չգժտվեն, ապա իրենց մոտ ամեն ինչ էլ հունի մեջ կընկնի, առավել եւս, որ բոլորն էլ լիբերալ են եւ արեւմտամետ: 
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ ուժը թերեւս միայն էպիզոդիկ տարբերակով կխաղա ընդդիմության դեր, իսկ այն դեպքերում, երբ ՀՀԿ-ին անհրաժեշտ լինի որակյալ մեծամասնություն` այս կամ այն հարցի քվեարկության ժամանակ, «խմբակցությանը ազատ թողնելու» ռեժիմում այդ ուժին ներկայացուցիչ անհրաժեշտ թվով պատգամավորները իրենց քվեներով կսատարեն իշխող կուսակցությանը: Անշուշտ, երբեմն-երբեմն իրենց բնավորությանը հավատարիմ ընդդիմադիր խաղեր կտան եւ դաշնակները: 
Դե, իսկ ԱԺ ղեկավար կազմը եւ խմբակցությունների ղեկավարները կորոշվեն «ժողովային չորեքշաբթիի» ընթացքում: Անուններ, իհարկե, շրջանառվում են, բայց ամեն ինչ արդեն պարզ կլինի ընդամենը առաջիկա երկու օրերին:

ՎԻՐՏՈՒԱԼ ԱՇԽԱՐՀԻ 
ՔԱՇՎԱԾՆԵՐԸ
Հետադարձ հայացքով զննելով ընտրական ցիկլը` կարելի է արձանագրել, որ ընդդիմադիրների ձախողումները պայմանավորված են ոչ միայն օբյեկտիվ պատճառներով եւ իրենց իսկ թույլ տված սխալներով: Ինչպես իր «Ընտրությունները եւ սոցցանցերը, ինչպես ալգորիթմը հաղթեց Գիքորին» ուսումնասիրությունում ներկայացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մեր ընդդիմադիրները նաեւ համացանցի եւ սոցիալական ցանցերի քաշվածներ են: 
Այն, որ ՀՀ գրեթե ամբողջ բնակչությունը այս կամ այն կերպ առնչվում է սոցցանցերին, բոլոր քաղաքական ուժերն էլ հաշվի առել են եւ օգտագործել են այդ հարթակը: Օգտագործել են նաեւ այնպիսի տեխնիկական նորույթը, ինչպիսին է Ֆեյսբուքի կենդանի եթերը: Բայց այդտեղ սկսվեցին նաեւ զավեշտալի պահերը: Ինչպես նշում է Սամվել Մարտիրոսյանը. «Այն, որ Հայաստանում հիմնական քաղաքական ուժերը գերադասում են մտնել Ֆեյսբուք եւ այնտեղից դուրս չգալ` հայտնի փաստ է: Այն, որ առանձնապես հետաքրքիր, անսովոր, կրեատիվ բաներ մենք չտեսանք` էլի փաստ է»: Փորձագետը նաեւ մատնանշում է, որ Հայաստանի քաղաքական թիմերը նույն սոցցանցերում ընկան թյուրիմացության մեջ, քանզի դրանցից ցանկացած օգտվող սոցցանցից ստանում է այն տեղեկատվությունը, որն իրեն դուր է գալիս. «Նույն Ֆեյսբուքի ալգորիթմը անընդհատ հետեւում է օգտատիրոջը եւ իր շրջապատին, հաշվի է առնում ցանցային վարվելակերպի հազարից ավելի չափանիշները եւ ըստ դրանց է ձեւավորում լրահոսները: Արդյունքում` մենք մեր Ֆեյսբուքի պատին տեսնում ենք այն, ինչով մեզ որոշում է «կերակրել» ֆեյսբուքյան արհեստական ինտելեկտը: Իսկ այդ գործիքը այնպես է ծրագրավորված, որ մարդն իրեն առավել լավ զգա սոցցանցում»: Կուսակցությունների պարագայում. «Ձեւավորվում է կուսակցական պղպջակ, որտեղ բոլորը  հա՛մ ասում են «ջան», հա՛մ լսում...  Որպես հետեւանք` ամեն մեկն իր յուղով է տապակվում: Եվ օֆլայնը հաղթում է, քանի որ օնլայնը պարզապես իր ներուժը չի օգտագործում»: 
Եվ եթե, օրինակ, ԱՄՆ-ում Թրամփը սոցցանցերի օգնությամբ հաղթել էր, ապա Հայաստանում դրանք նպաստել են, որպեսզի ընդդիմադիրները ապրեն պատրանքներով: Եվ եթե, օրինակ, ՀՀԿ-ն ավելի շատ նախապատվությունը տալիս էր իրական, նյութեղեն ռեսուրսներին եւ հենվում էր սեփական կառույցների վրա, ապա ընդդիմադիրները հաճախ սոցցանցերի մատուցած ցանկալի վիրտուալ իրականությունը ընդունում էին հալած յուղի տեղ եւ ռեալ ընտրատեղամասերում բախվում դառը իրականությանը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ԱԺ-ում սկսում ենք ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները. Աժ փոխնախագահ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА