ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԿԱԶԴԻ՞ ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՎՐԱ

16.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԿԱԶԴԻ՞ ԱՐՑԱԽԻ ԽՆԴՐԻ ՎՐԱ

Այսօր, եթե միայն անակնկալ տեղի չունենա ¥ինչը փորձագետները չեն բացառում¤, Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Դոնալդ Թրամփը կընդունի Էրդողանին: Սա մի վերջին փորձ է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները եթե ոչ նորմալացնելու, ապագոնե՝ փոխընդունելի հուն տեղափոխելու համար: Բայց կստացվի՞...ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ` ԹՐԱՄՓ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ
Այն, որ ներկայումս Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունները վատթարագույն մակարդակի վրա են, նոր բան չէ: Ու էլ ավելի սրվեցին, երբ օրերս Թրամփը վերահաստատեց Սիրիայում գործող քրդական ուժերին ժամանակակից զենքի պատկառելի ծավալների մատակարարման դեռ Օբամայի ընդունած որոշումը: Այսինքն՝ Թրամփն այդ քայլով եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Վաշինգտոնի համար քրդերն ավելի նախընտրելի են, քան ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիան: Ու հենց քրդերի նկատմամբ այդ վերաբերմունքն էլ, մեծ հավանականությամբ, կլինի Թրամփ-Էրդողան քննարկումների առանցքը: Սակայն մեծ հարցական կա, թե իրար լրջորեն հակասող շահերը հնարավոր կլինի՞ փոխընդունելի հունով տանել...
Թրամփը հազիվ թե քրդերից ետ քաշվելու տարբերակ ունի: Քրդերը պարզապես ներկայումս սիրիական պատերազմում այն միակ ուժն են, որի վրա Վաշինգտոնը կարողանում է խաղադրույքներ կատարել: Եվ ապագայում էլ, եթե ստեղծվի Քուրդիստան, դա կարող է ԱՄՆ-ի համար դառնալ Մերձավոր Արեւելքի կարեւորագույն հատվածներից մեկում՝ Թուրքիայի եւ Իրանի հարեւանությամբ ԱՄՆ-ի հիմնական ռազմաքաղաքական տրամպլինը:Այդ ռեալ ուժից հրաժարվելն ու հաշվարկներն աշխարհաքաղաքական սեփական խաղի վրա կառուցող Թուրքիայի հետ կապելը հազիվ թե Վաշինգտոնի նախընտրելի տարբերակը լինի: Առավել եւս, որ նման դավաճանությունից հետո քրդերը կարող են համագործակցել Մոսկվայի հետ, այդ կերպ պահել իրենց ռազմաքաղաքական դիրքերը եւ նույն մայացու վտանգով սպառնալ Թուրքիային: Այսինքն՝ Էրդողանին պետք է քրդական պետականության հարցում ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ՝ Մոսկվայի հետ խորացված համագործակցությունը: Բայց այդ դեպքում էլ Վաշինգտոնի ինչի՞ն է պետք ինքնուրույնության ձգտող ու դեռ մի բան էլ՝ նաեւ Մոսկվայի հետ բարձր մակարդակով ընկերություն անող նման դաշնակիցը, ավելի լավ չէ՞ շարունակել հիմնական շեշտը քրդերի վրա դնելու կուրսը:
Այսպիսով, եթե չասենք չկա, ապա առնվազն տեսանելի չէ այն փոխընդունելի հանգուցալուծումը, որին կարող են գալ Թրամփն ու Էրդողանը: Ուստիեւ, պատահական չի կարելի համարել նաեւ այն, որ մինչ Վաշինգտոն մտնելը Էրդողանը Պեկինում էր, որտեղ ցույց տվեց, որ պատրաստ է մաս դառնալ ձեւավորվող այն նոր համակարգին, որն ի զորու է ԱՄՆ-ի ներկայիս աշխարհակալության ու դոլարի համաշխարհային գերիշխանության վերջակետը դնել:

«Բա ու՞ր մնաց Փաշինյանի խոստացված՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին». Արմեն Աշոտյան

«ՄԵԿ ԳՈՏԻ, 
ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ»
Այս հանգստյան օրերին Պեկինում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովը, ինչպես նախատեսված էր, պետք է տար «Մետաքսի ճանապարհ» գլոբալ տնտեսական ծրագրի գործնական մեկնարկը: Դրան ընդառաջ՝ ԱՄՆ-ն գնաց մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ Սիրիայում եւ Կորեայի շուրջ իրավիճակի թեժացման: Կռահել, որ այդ բոլոր գործողությունները վերջնարդյունքում հանգում էին «Մետաքսի ճանապարհի» թուլացմանը, դժվար չէր: Բայց փաստը, որ Պեկինի գագաթաժողովում մոտ երեք տասնյակ երկիր մասնակցում էր առաջին դեմքի մակարդակով, մի քանի տասնյակը՝ երկրորդ, եւ ներկա էին բարձրաստիճան պատվիրակություններ 130 երկրից, հուշում է, որ ԱՄՆ-ն այս պահին չունի գործընթացը կանգնեցնելու ռեալ հնարավորություններ: 
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Մետաքսի ճանապարհը». գաղափարը ողջ եվրասիական տարածաշրջանով մեկ առեւտրական հիմնական ուղիների ձեւավորումն է, նաեւ գլոբալ տնտեսական համագործակցության անցնելու հեռանկարով: Այսինքն՝ այդ հսկայածավալ առեւտրի էական մասը բացահայտորեն ամերիկյան վերահսկողության տակ գտնվող օվկիանոսից տեղափոխվում է ցամաք` դրանից բխող բոլոր տնտեսական հետեւանքներով հանդերձ: Այդ թվում՝ առաջ է գալիս  այն հարցը, թե նման տեղափոխությունից հետո համաշխարհային առեւտրի ո՞ր մասը կունենա դոլարային տեսք, այսինքն՝ դա ինչ է խոստանում ամերիկյան դոլարին:
Գագաթաժողովում եւս մեկ հանգմանք ընդգծվեց, որ իրոք  Թրամփը այդ ծրագրին հակազդելու քիչ հնարավորություն ունի: Բոլորն են վստահ, որ «Մետաքսի ճանապարհը» կգործի միայն Ռուսաստանի եւ Չինաստանի կայուն համագործակցության պարագայում: Ժամանակին Օբաման եւ նրան փոխարինելուց հետո էլ՝ Թրամփը Մոսկվա-Պեկին սառնություն առաջ բերելու մի քանի փորձեր արեցին: Բայց ահա, գագաթաժողովի շրջանակներում կայացած Պուտին-Ցզինպինի հանդիպման ժամանակ ամենակարեւոր փաստը, որն ընդգծեցին կողմերը, հենց դա էր, որ ռուս-չինական համագործակցությունը ոչ միայն իր բարձր մակարդակն է պահպանելու, այլ շարունակելու է զարգանալ: Ընդ որում, միանգամայն պարզ էր նաեւ ԱՄՆ-ին ուղղված ակնարկը՝ գնալ ոչ թե հակազդեցության, այլ հարմարվել այս նոր իրողություններին ու այս բոլոր գործընթացների մասը դառնալ: 
Ու, թերեւս նկատենք նաեւ, որ վերջին ժամանակներս ԱՄՆ-ից հնչող ազդակներն էլ այդ՝ համագործակցության բնույթի են: Թեկուզեւ, նշենք պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ թեեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ մեծաթիվ խնդիրներ կան,  բայց. «Մենք պետք է այս հարաբերությունները ամենաընդարձակ ծրագրով քննարկենք», եւ որ ինքը հավատարիմ է Վաշինգտոնի եւ Մոսկվայի համագործակցության խորացմանը:
Ինչեւէ, թերեւս արդեն ամենամոտ ապագայում տեսանելի կդառնա, թե համաշխարհային հզորները ո՞ր ճանապարհով են շարժվում՝ հարաբերությունների հետագա սրմա՞ն, թե՞ բարելավման: Բայց նաեւ չմոռանանք, որ հենց այդ որոշումներից է կախված նաեւ այն բոլոր հակամարտությունների ապագան, որոնք ամեն օր հարյուրավոր ու հազարավոր կյանքեր են խլում:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ 
ԵՏՄ ՍԱՀՄԱՆ
Ի վերջո, գանք նաեւ Հայաստանին: Մեր երկիրը, ասենք, նաեւ ոչ հարավկովկասյան տարածաշրջանը «Մետաքսի ճանապարհի» ծրագրում ներգրավելու հայտ ներկայացրել է: Միաժամանակ բոլորն են հասկանում, որ քանի դեռ կա ղարաբաղյան հակամարտությունը, այդ ուղղությամբ բեռների մեծ ծավալների տեղափոխումը անհնար է: Եվ մյուս կողմից՝ «Մետաքսի ճանապարհի» հարավային հատվածում առանցքային դեր ունի Իրանը, այսինքն՝ այդ կերպ կարեւորվում է նաեւ Հարավային Կովկասի ու Թուրքիայի դերակատարումը: Այս տեսանկյունից, իհարկե, պատահական չէ, որ վերջին ժամանակներս  աստիճանաբար ավելի ծանր են դառնում  ղարաբաղյան հակամարտությանը գոնե միջանկյալ լուծումներ տալու խոսակցությունները: Եվ մյուս կողմից էլ՝ այն փուլերում, երբ Թուրքիան իր հաշվարկները կապում է Մոսկվայի հետ, նորից ու նորից ի հայտ են գալիս հայ-թուրքական սահմանը բացելու մասին խոսակցությունները:
Պեկինի գագաթաժողովից հետո, երբ «Մետաքսի ճանապարհի» թեման տեղափոխվում է որակապես բոլորովին այլ հարթություն, թերեւս ինչպես Ղարաբաղի, այնպես էլ՝ հայ-թուրքական սահմանի հետ կապված, հիշատակված գործոնները պետք է, որ էլ ավելի խորանան: Թեեւ դեռ հարց է, թե վերջնական լուծումների պե՞տք է սպասել:
Բայց նաեւ այս հանգամանքը հաշվի առնենք: «Մետաքսի ճանապարհում» Ռուսաստանը թեեւ առաջին դերակատարների թվում է, բայց նաեւ քանիցս ընդգծվեց, որ այդ գործընթացի մեջ Մոսկվան ներգրավված է ողջ Եվրասիական միությունով հանդերձ: Օրինակ՝ ՌԴ նախագահը գագաթաժողովի շրջանակներում մինչեւ իսկ ընդգծեց. «Մենք, ընդհանուր առմամբ, խոսում ենք, այսպես կոչված, Եվրասիական մեծ գործընկերության մասին: Խոսքը բազմակողմանի կոոպերացիայի մասին է ԵՏՄ երկրների մասնակցությամբ...»: Դրանից զատ՝ Վ. Պուտինը նշեց նաեւ, որ մոտ 50 երկրներ, այդ թվում՝ «Մետաքսի ճանապարհում» ներգրավված առանցքային պետություններից Չինաստանը եւ Իրանը արդեն իսկ բանակցում են ԵՏՄ-ի հետ՝ ազատ առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորման պայմանագրի շուրջ: Հայաստանը, իհարկե, փոքր երկիր է եւ ինքնուրույն հազիվ թե կարողանա ինչ-որ հավակնություններ ներկայացնել «Մետաքսի ճանապարհի» հարցով: Բայց նաեւ այն փաստը, որ այդ ծրագրի հարավային թեւում՝ Իրանին կպած ԵՏՄ միակ սահմանը հենց Հայաստանն է, միանգամայն այլ որակ է տալիս մեր երկրին: Թեկուզեւ այն առումով, որ առեւտրային հարաբերությունների առումով սահմանակից լինելը արդեն միայն աշխարհագրական հասկացություն չէ: Բեռների սահման հատելը հիմքում պարունակում է նաեւ համապատասխան ընթացակարգային լուծումներ, որոնք գրեթե տրված են ԵՏՄ-ի շրջանակներում, եւ նույն լուծումները կգործեն արտաքին երկրների հետ ԵՏՄ-ի կնքած պայմանագրերով: Այսինքն` այն փաստը, որ «Մետաքսի ճանապարհի» իրանական ուղղության համար ԵՏՄ միակ սահմանը Հայաստանն է, մեր երկրի հետ բաց սահման ունենալը նաեւ Թուրքիայի համար է սկսում կարեւորվել, առավել եւս, եթե այսօր կայանալիք Թրամփ-Էրդողան հանդիպման ժամանակ ինչ-որ արտառոց լուծումների չգան, որոնք հիմքից կարողանան փոխել Ռուսաստանի հետ ակնկալվող հարաբերությունները: Մի խոսքով, եթե Թուրքիայի համար «Մետաքսի ճանապարհը» շարունակի մնալ առաջնահերթությունների թվում, ապա ԵՏՄ-ին Հայաստանի միջոցով սահմանակից լինելու հանգամանքը չի կարող իր որոշակի ազդեցությունը չունենալ նաեւ ղարաբաղյան թեմայի վրա: 
Ամեն դեպքում, իրադարձություններից առաջ չընկնենք: Թեեւ զգացվում է, որ մտել ենք գլոբալ հանգուցալուծումների փուլ, ոորնց մասնակի դրվագներն էլ անմիջապես մեր հետ են կապված:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանում Իրանի դեսպանը հանդես է եկել Արցախի մասին հայտարարությամբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА