o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆՔԻՆ ԻՐԵՆԸ, ԿԱՄ ԲՈԼՈՐԻ ՔՎԵՆԵՐՆ ՕՐԻՆԱՉԱՓ ԵՆ

16.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆՔԻՆ ԻՐԵՆԸ, ԿԱՄ ԲՈԼՈՐԻ ՔՎԵՆԵՐՆ ՕՐԻՆԱՉԱՓ ԵՆ

Եվ այսպես, մայրաքաղաքային ընտրություններն էլ եղան: Արդյունքը սոցիոլոգների եւ քաղաքագետների համար անսպասելի չէր, սակայն մասնակից քաղաքական ուժերը յուրաքանչյուրը որոշակի լուծելիք խնդիր ուներ: Կարելի է ասել, որ ընդդիմադիրները` «Ելքը» եւ «Երկիր ծիրանին» իրենց ծրագիր-մաքսիմումը կատարել չկարողացան:
ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ 
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Թեեւ մասնակցության տոկոսի առումով` ավագանու այս ընտրությունը զիջում է ինչպես նախորդ նույնանման ընտրությանը, այնպես էլ ԱԺ ընտրություններին, սակայն, կարծում ենք, դա միանգամայն օրինաչափ է: Ավագանու նախորդ ընտրությունները նորույթ էին որպես այդպիսին, իսկ ընդհանուր առմամբ, տեղական ընտրությունները բնակչության համար ավելի քիչ հետաքրքրություն են ներկայացնում, քան` համապետական: Եվ դա հասկանալի է, քանզի ինչքան էլ խոշոր լինի մայրաքաղաքը` որպես համայնք, այնուամենայնիվ, ե՛ւ մայրաքաղաքային խնդիրները, ե՛ւ մայրաքաղաքային իշխանության հնարավորությունները զիջում են պետականին: 
Ինչեւէ, անցնենք թվերին: «Ելք» դաշինքը ԱԺ ընտրություններին Երեւանում ստացել էր 69.465 քվե, իսկ այս անգամ ստացավ 70.731 քվե: Այսինքն` տանիքից տանիք այդքան թռչկոտելը, «ընտրակաշառք բռնացնելու» շոուներն ու աղբամանները քջջելով` այդտեղից իբր թե «կեղծարարական ինստրուկցիա» հայտնաբերելը քվեներն ավելացրին ընդամենը 1266-ով: 
Անշուշտ, շատերը զարմացել ու արդեն ձանձրացել էին այդ շոուներից, շատերին տարօրինակ էր թվում Նիկոլ Փաշինյանի արտասովոր հետաքրքրությունը աղբամանների եւ աղբակույտերի նկատմամբ (նրա ֆեյսբուքյան էջում կարելի է աղբակույտերի լուսանկարների հարուստ հավաքածու գտնել), բայց այդպես էլ որեւէ նոր բան «Ելք» դաշինքից երեւանցիները չլսեցին: Մայրաքաղաքում այդ դաշինքը կարող էր քվեներ ավելացնել միայն, եթե ներկայացներ ռեալ մայրաքաղաքային ծրագիր, սակայն ներկայացրածը ԱԺ ընտրությունների ծրագրի յուրահատուկ շարունակությունն էր եւ ոչ ավելին: Եվ կարող ենք փաստել, որ այդքան ջանքերով այդքան քիչ քվե ավելացնելը վկայում է` համապետական մակարդակով «Ելք» դաշինքը հասել է իր հնարավոր առավելագույնին: 
Իսկ ՀՀԿ-ի պարագայում պատկերը հետեւյալն է: ԱԺ ընտրություններին իշխող կուսակցությունը մայրաքաղաքում ստացել էր 241.082 քվե, իսկ այս ընտրություններին` 240.036: Գործնականում նույն քվեներն են, 1046-ով նվազելը զարմանալի չէ, քանզի ավագանու ընտրություններին 149.432 երեւանցի պակաս է մասնակցել, քան` Ազգային ժողովին: Այդ գրեթե 150.000 չմասնակցածների մեջ էլ թերեւս պետք է փնտրել Ծառուկյան դաշինքի, «Հայկական վերածնունդի» եւ ՀՅԴ-ի քվեները: Ըստ ամենայնի, ՀՀԿ-ի դիրքերը մնացին նույնը` քվեների բացարձակ քանակի տեսակետից, սակայն ավելի պասիվ մասնակցության պայմաններում իշխող կուսակցության ցուցանիշը հասավ 71 տոկոսի: 
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի քվեներին, ապա կարելի է ենթադրել, որ նրան քվե են տվել «Ազատ դեմոկրատների» 7836 ընտրողները, ՕՐՕ դաշինքի 10.229 ընտրողները, եւ, միգուցե, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի 12.600 ընտրողների մի մասը: Դժվար թե, «Երկիր ծիրանի» կուսակցությանը քվե տված լինեին Ծառուկյանի կամ Բաղդասարյանի ընտրողները: Զարուհի Փոստանջյանն էլ չկարողացավ լուծել իր խնդիրը եւ իրացնել իր հնարավորությունները: Ի վերջո, եթե նա կարողանար քաշել իր կողմը ՀԱԿ-ի ընտրազանգվածն ամբողջությամբ, ապա նրա ցուցանիշը կլիներ ոչ թե 26.109-ը, այլ կհասներ 31.000-ի: 
ԵՎամենակարեւորը` նա չկարողացավ լուծել «Ելք» դաշինքի ընտրազանգվածը փախցնելու խնդիրը, թեեւ որպես ընդդիմադիր, երբեք չի կասկածվել իշխանության հետ թաքուն համագործակցության մեջ, եւ իջեւանցի Նիկոլ Փաշինյանի ու նրա շտաբի պետ վանաձորցի Էդմոն Մարուքյանի համեմատ ուներ այն առավելությունը, որը մայրաքաղաքում կարող էր աշխատել` երեւանցի լինելը: Չկարողանալով լուծել Նիկոլ Փաշինյանից 2-րդ տեղը խլելու հարցը, նա, ըստ էության, չկարողացավ ապահովել լավ ելակետային  մեկնարկ իր նորաստեղծ կուսակցության համար, եւ ընտրության օրով Ավանում սարքած տգեղ միջադեպը ոստիկանության հետ, նրան առանձնապես չօգնեց լրացնել բացը: Ի դեպ, մեր թղթակիցները նաեւ նկատել էին, որ ընտրատեղամասերի մեծ մասում «Երկիր ծիրանիի» վստահված անձինք չկային, մինչդեռ գրեթե չկար տեղամաս, ուր չլինեին «Ելքի» վստահված անձինք: 

Սա «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ. ՀՀ ԱԳ

ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ 
ԿՈՒՆԵՆԱՆ 
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ 
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ինչպես արդեն նշեցինք, «Ելքը» հասավ իր ներուժի սահմանագծին եւ սեփական ազդեցությունն ավելացնելու լրացուցիչ հնարավորություն այլեւս չունի: Այսինքն` այդ քաղաքական ուժը զուտ պահպանեց իր` քվեներով 3-րդի կարգավիճակը, որ նվաճել էր ԱԺ ընտրություններում: Այդ հանգամանքը պայմանավորեց նաեւ այն հայտարարությունները, որ հնչեցին Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի ասուլիսին: Ինչպես եւ ԱԺ ընտրություններին, այժմ էլ այդ քաղաքական ուժը արձանագրեց, որ իրենց ստացած քվեները տեղ են հասել ամբողջությամբ, այսինքն` ձայնագողություն չի եղել: Սակայն որոշակի առումով, արդեն խորհրդարանական աշխատանքի ժամանակ նրանք որոշակի լրացուցիչ հնարավորություններ կարող են ունենալ: Պարզապես, քաղաքական առումով նրանց բախտն է բերել, որ խորհրդարանական 2-րդ ուժը` Ծառուկյան դաշինքը, սեփական ձեռքերով վատթարացրեց սեփական ներուժն ու վարկանիշը: Այսինքն` այս պահի դրությամբ հենց «Ելք» դաշինքը ստացավ, այսպես ասած, տիտղոսային ընդդիմության կարգավիճակը, իսկ Ծառուկյան դաշինքը թեեւ համարվում է ընդդիմություն, սակայն անհասկանալի տեսակի ընդդիմություն: 
Զարուհի Փոստանջյանի նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, թեեւ ժառանգել է ամբողջ արմատական ընդդիմադիր ընտրազանգվածը` ինչպես «Ժառանգությունից», այնպես էլ «Ազատ դեմոկրատներից» եւ ՕՐՕ-ից, այնուամենայնիվ, ապագա ընտրական գործընթացների տեսակետից ունի մշուշոտ հեռանկար: Եվ դա է պատճառը, որ տիկին Փոստանջյանը միանգամից որդեգրել է ծայրահեղական դիրքորոշում, քանզի դա թերեւս միակ դաշտն է, ուր նա դեռեւս աճի տեղ ունի: Բայց քաշային կատեգորիան, այնուամենայնիվ, մնում է թույլ: 
ՀԱԿ-ը իր կցորդ ՀԺԿ-ով եւ կոմունիստները, կարելի է ասել, քաղաքական ապագա չունեն, նույնը վերաբերում է եւ ՕՐՕ դաշինքում ժամանակին միավորված խայտաբղետ ուժերին: Բավականին մշուշոտ է եւ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդի» ապագան: Ինչքան էլ պարադոքսալ հնչի` մանդատակռվի հետ կապված պատմությունները հարցականի տակ են դրել նաեւ ԲՀԿ-ի քաղաքական ապագան` արդյո՞ք ավանդաբար երկրորդ տեղը զբաղեցնող այդ ուժը հաջորդ ընտրություններին կկարողանա հավակնել երկրորդ տեղին:
Իսկ ՀՀԿ-ի վերաբերյալ կարելի է ասել, որ իշխող կուսակցությունը ոչ միայն  պահպանել, այլեւ ամրապնդել է սեփական դիրքերը: Ընտրողների ավելի թույլ մասնակցության պայմաններում գործնականում ամբողջովին պահպանել ընտրազանգվածի քանակը` դա կազմակերպական շատ լավ աշխատանքի վկայություն է: Տպավորիչ է նաեւ 71 տոկոս թիվը` եթե անցյալ տարի Գյումրիի եւ Վանաձորի ընտրություններից հետո ՀՀԿ-ի` այդ քաղաքներում գրանցած ոչ այնքան լավ արդյունքները ոմանց մոտ տպավորություն էին ստեղծում, թե ՀՀԿ-ն թուլանում է, ապա մայրաքաղաքային ընտրությունները ցույց տվեցին հակառակը: Ըստ էության, մյուս խոշոր քաղաքներում կազմակերպական թերությունների փորձը հաշվի է առնվել, այդ թերությունները շտկվել են: 
Համ էլ, հարկ է նշել նաեւ այն առանձնահատկությունը, որ ի տարբերություն ԱԺ ընտրությունների, մայրաքաղաքային ընտրություններում գործնականում չերեւացին այնպիսի «լոկոմոտիվներ», ինչպիսիք են Կարեն Կարապետյանն ու Վիգեն Սարգսյանը, փոխարենը բավականին ակտիվ էր ՀՀԿ-ի, այսպես ասած, «երկրորդ սերունդը»: Այսինքն` իշխող կուսակցությունը ցույց տվեց, որ նաեւ սերնդափոխության  առումով ունի կադրային կազմակերպական լավ ներուժ: 
Այդ հանգամանքը բավականին կարեւոր է 2018-ի տեսանկյունից, երբ ավարտվում են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, եւ երկրի ղեկավարի դիրքերը զբաղեցնելու է վարչապետը: Ըստ էության, կարելի է հիմիկվանից վստահ ասել, որ լիակատար խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում ՀՀԿ-ն` որպես կառույց, պահպանելու է իր դերը եւ վերահսկելու է իրավիճակը, իսկ իշխող կուսակցության առաջնորդը, անկախ այն բանից, պետական պաշտոն զբաղեցնում է, թե` ոչ, ունենալու է վիթխարի ազդեցություն կայացող որոշումների վրա: 
Հենց այդ գործընթացների համատեքստում էլ մայիսի 18-ին պետք է հանգուցալուծվի ինտրիգային մնացած հարցը` ով է ստանձնելու ԱԺ նախագահի պաշտոնը: Թեեւ տարբեր ազգանուններ արտահոսքերի տեսքով լրատվական շրջանառության մեջ կան, բայց բավականին հավանական է, որ թեկնածուն կլինի «սյուրպրիզային»: Առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը ոչ ստանդարտ կադրային քայլեր է կատարում, ու բավականին հավանական է, որ այս անգամ էլ այդպես կլինի:  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բոլորին կոչ եմ անում իջնել Կենտրոնի ոստիկանություն. Նարեկ Մալյան (տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА