o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԸ ՀԻՄԱ ԷԼ ՀՈՒՅՍՆ  ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՎՐԱ՞ Է ԴՐԵԼ

12.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎԸ ՀԻՄԱ ԷԼ ՀՈՒՅՍՆ  ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՎՐԱ՞ Է ԴՐԵԼ


Հերթական անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցույց տվեց, որ անիմաստ է ղարաբաղյան բանակցություններում որեւէ առաջընթացի սպասել, եթե, իհարկե, այդ առաջընթացը միայն իրենից կախված լիներ: Համենայնդեպս` այն, որ Ալիեւը շարունակում է հրապարակավ ադրբեջանական եւ հայերի կողմից օկուպացված համարել ոչ միայն Արցախի, այլ՝ Հայաստանի տարածքները, ասվածի հերթական վկայությունն է:ՄԱԶՈՒԹԱՅԻՆ ՍՈՒԼԹԱՆՆ 
ԻՐՈՔ ԱՆՈՒՂՂԵԼԻ Է
Այսպես, «OIC Journal»-ը հրապարակել է Ալիեւի հեղինակային հոդվածը, որում այս միտքն է. «Ներկայիս հայկական պետությունը ստեղծված է պատմական ադրբեջանական հողերի վրա: Այդ ագրեսիվ քաղաքականության շարունակությունն էր անցած դարի 90-ականներին Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի օկուպացիան...»: Իհարկե, հայկական համապատասխան մասնագետները պետք է շատ ավելի ծավալուն եւ փաստարկված արձագանքեին Ադրբեջանից պարբերաբար հնչող նման հայտարարություններին: Ի վերջո, սխալ կլինի, եթե ինքներս մեզ հանգստացնենք այն մտքով, թե աշխարհում ով կհավատա Ալիեւին եւ ադրբեջանական նման քարոզչությանը: Վերջին հաշվով, նույն աշխարհի բացարձակ մեծամասնությունը ոչ միայն տեղյակ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի պատմություններից, այլ միգուցե այդ պետությունների տեղն էլ չկարողանա գտնել քարտեզի վրա: Այսինքն՝ պարտավոր ենք ոչ միայն մշտապես մերն ասել, այլ ամեն անգամ նախահարձակ կերպով բոլորին հիշեցնել, որ հազիվ հարյուր տարվա պատմություն ունեցող ու արհեստականորեն ստեղծված Ադրբեջանը չի կարող նույնիսկ Բաքուն համարել իր պատմական տարածքը:
Բայց այս անգամ Ալիեւի հիշատակված միտքը պատմությունը կեղծելուց էլ առաջ մեկ այլ նպատակ է հետապնդում: Այս հոդվածն ուղղված է իսլամական երկրներին: Ալիեւը, նշելով այն հակամարտությունները, որոնց մեջ այսօր գտնվում են տարբեր իսլամական պետություններ, փորձում է նաեւ ղարաբաղյան թեմային նման ուղղվածություն տալ. «Այսօր իսլամական աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների, իրենց լուծմանը սպասող շատ հիմնախնդիրների առաջ: Դրանց թվում կարելի է նշել ղարաբաղյան, պաղեստինյան, քաշմիրյան հակամարտությունները, Մերձավոր Արեւելքում բախումները, փախստականների ճգնաժամը եւ այլն»: Միայն այն, որ Ալիեւը Ղարաբաղի հարցը դնում է Պաղեստինի, Մերձավոր Արեւելքի կողքին, արդեն իսկ նշանակում է, որ փորձ է անում արցախյան խնդիրը ներկայացնել ոչ թե հայ-ադրբեջանական, այլ՝ քրսիտոնյա-իսլամ հակամարտություն: 
Թե ինչու է Բաքուն ցանկանում նման ֆոնային փոփոխության գնալ, դժվար չէ կռահել: Անցած դարի 90-ականներից մինչ այս պահը ղարաբաղյան հակամարտությունը նաեւ գերտերությունների աչքերով դիտարկվում է որպես զուտ երկու պետությունների մեջ առկա խնդիր: Եվ այդ հարթությունում Ադրբեջանը ոչ միայն ռազմական, այլ 23 տարի շարունակվող քաղաքական գործընթացում այդպես էլ քիչ թե շատ որեւէ լուրջ ձեռքբերման չհասավ: Ու հիմա էլ տեսանելի է, որ գերտերությունները փորձում են անցնել հակամարտությունների կարգավորման փուլ, ու նաեւ նման մոտեցումներ զգացվում է ղարաբաղյան խնդրի շուրջ: Իրավիճակը փոխելու նպատակով Ալիեւը փորձեց տարբեր մեթոդներ՝ պատերազմի վերսկսումից սկսած մինչեւ իսկ Ղարաբաղը բոնուսի տեսքով ստանալ ԵՏՄ-ին անդամակցության դիմաց: Չստացվեց: Ու հիմա այն, որ Բաքուն վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի է նյարդային ցնցումների նկատվող քայլերի դիմում, հուշում է նրա շուրջ սեղմվող օղակի մասին: Ուստիեւ, պետք է փորձել նոր դաշնակիցներ ներգրավել, եւ Ալիեւը, թերեւս ոչ առանց Անկարայի հուշելու, փորձում է թեման դարձնել քրիստոնյա-իսլամական պայքար, որը հաջողացնելու դեպքում հնարավոր կլինի Արցախ-Հայաստանի դեմ ուղղորդել մինչեւ իսկ ծայրահեղ իսլամիստական  ուժերի: 
Ամեն դեպքում, որ Ալիեւի լսարանը հենց այդ՝ սունի իսլամի ծայրահեղ ուժերն են, կարելի է կռահել: Այն առումով, որ վերջերս շիա իսլամը, ավելի կոնկրետ՝ այդ թեւի առաջնորդ Իրանը իր վերջնական խոսքն ասաց ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Այսինքն՝ ընդգծեց, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի նաեւ ինքնորոշման իրավունքի առաջնահերթ կարեւորմամբ: Դրանից զատ՝ Հայաստանը բավարար հարաբերություններ ունի նաեւ սունի իսլամական պետությունների հետ, որոնք հիմնականում փորձում են ղարաբաղյան հակամարտության մեջ առանձնապես շատ չխորանալ: Եվ արդյունքում, երբ Ալիեւը համատեղ գործունեության կոչեր է անում իսլամական աշխարհին, միակ ուժը, որից կարող է ինչ-որ սպասելիքներ ունենալ, Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող եւ շատ դեպքերում հենց թուրքական ծագմամբ ծայրահեղական եւ ահաբեկչական իսլամիստական կառույցներն են: Չնայած սա էլ նոր բան չէ: Ղարաբաղյան պատերազմի տարիներին Ադրբեջանը զանգվածաբար օգտագործում էր վարձկան աֆղան մոջահեդներին: Մեր օրերում էլ արդեն իսկ եղել են ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻՊ-ին ղարաբաղյան գոտի հրապուրելու փորձեր: 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԵՎ ԱԼԻԵՎԸ

ՍԻՐԻԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Այլ հարց է, թե հնարավո՞ր է, որ հերթական նման փորձը հաջողվի: Այստեղ, թերեւս, արժե եւս մեկ անգամ հիշեցնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններից մեկի մասին, որով նա մասնավորապես Հայաստանի ռուսական ռազմաբազան եւ ՀԱՊԿ ուժերին միանգամայն պատրաստ էր համարում ծայրահեղ իսլամիստական խմբավորումների դեմ պատերազմին: Ելնելով Ալիեւի հիշատակված ելույթից` Լավրովի այդ հայտարարությանն արդեն կարելի է նաեւ այդ տեսանկյունից նայել:
Բայց էլ ավելի կարեւոր հարց է, թե մասնավորապես ԻՊ-ն, որպես մարտական միավոր, դեռ որքա՞ն ժամանակ կկարողանա գոյատեւել: Իրաքում ուր որ է, Մոսուլը ամբողջապես կազատագրվի, որը գործնականում այդ երկրում ԻՊ-ի գոյության վերջը կդառնա: Սիրիայում քրդական ուժերը շարունակում են հարձակումը ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքայի ուղղությամբ: Դա դանդաղեցրեց հսկայածավալ Ասադի ջրամբարի պատնեշի մերձակա քաղաքի Տաբակի ազատագրումը. պատնեշը գտնվում է Ռաքքայից մի փոքր դեպի հյուսիս, եւ կար մտավախություն, որ առանց դրա գրավման ԻՊ-ի մայրաքաղաքի գրոհի ժամանակ ԻՊ-ն կպայթեցներ այն եւ ոչնչացման կդատապարտեր ողջ Եփրատի ստորին հունի ուղղությամբ գտնվող բնակավայրերը: Նախօրեին Տաբակն ու պատնեշն ազատագրվեց, եւ հիմա տրված է Ռաքքայի գրոհի վերջնական փուլի մեկնարկը: Սիրիական բանակային ուժերը եւս մասշտաբային հարձակողական օպերացիաներ են սկսել, այսինքն, Սիրիայում եւս ԻՊ-ի վերջը տեսանելի է:
Իհարկե, շատ բան այստեղ կախված է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի քայլերից: ԱՄՆ-ը դեռ ակտիվ հարաբերությունների մեջ է քրդական ուժերի հետ, օրերս նույնիսկ նրանց զենքի մեծ ծավալներ մատակարարելու որոշում ընդունեց: Ճիշտ է, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն այդ որոշումը համարում է «ճգնաժամ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ»: Բայց այս իրավիճակը հուշում է, որ մայիսի 16-ին նախատեսված Թրամփ-Էրդողան հանդիպումը Թուրքիայի ապագա քայլերի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում առանձնապես բան չի փոխի: Այսինքն, Անկարան դեռ կմնա ՌԴ-ից սպասելիքներ ունեցողի դիրքերում: Բայց ասել, թե այդ սպասելիքներն արտառոց մեծ են, էլի սխալ կլիներ: Հաշվի առնելով փաստը, որ կամաց-կամաց հստակեցում է նկատվում նաեւ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ 
ԹՐԱՄՓ-ԼԱՎՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վաշինգտոնյան այցը մի շարք փակագծեր բացեց: Ամենակարեւորը. այն,  որ նախ՝ Մոսկվա է գալիս պետքարտուղար Թիլերսոնը, ապա պատասխան այց է կատարում նրա  ռուս գործընկերը, արդեն իսկ ցույց է տալիս, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները, անկախ նրանից, թե այդ այցերի ժամանակ ինչ է խոսվել, մեռյալ կետից գոնե մի փոքր տեղաշարժվել են դրական դինամիկայի ուղղությամբ: Բայց ելնելով այն հայտարարություններից, որ հնչեցին հանդիպումից հետո, կարելի է ենթադրել, որ ոչ թե մի փոքր, այլ նկատելի տեղաշարժ կա: Թրամփի ներկայացմամբ՝ շատ լավ հանդիպում է եղել: Լավրովն էլ տեղեկացրեց, որ Թրամփը հաստատել է երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծման իր պատրաստակամությունը:
Նաեւ այլ ազդակներ կան, որ հուլիսին կայանալիք Պուտին-Թրամփ հանդիպման ժամանակ շատ ավելի ռեալ զարգացումներ կլինեն: Օրինակ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հանկարծ որոշեց հայտարարել, որ Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններն անհրաժեշտ են վերականգնել. «Նույնիսկ եթե ներկայում մեր հարաբերություննրում կան խնդիրներ, դա չի նշանակում, որ դրանք կործանված են: Մենք պետք է վերականգնենք դրանք, եւ կարծում եմ՝ մենք կկարողանանք դա անել»: Եվ հազիվ թե պատահական էր, որ հնչեց նաեւ ԵՄ-ում ՌԴ ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի այն տեսակետը, թե հույս ունի, որ առաջիկայում ԵՄ-ն կհրաժարվի հակառուսական պատժամիջոցներից: Այսինքն, եթե կա ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների բարելավման նախանշաններ, ապա տրամաբանական կլիներ, որ ԵՄ-ն նման քայլով իրադարձություններից ետ չմնար:
Առավել եւս, որ Սպիտակ տունը Թրամփ-Լավրով հանդիպման հետ կապված նաեւ նման հաղորդագրություն է տարածել. «Նախագահ Թրամփը ընդգծել է Սիրիայի հակամարտությունն ավարտին հասցնելու հարցով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, շեշտելով նաեւ, որ անհրաժեշտ է, որ ՌԴ-ն զսպի Ասադին, Իրանին եւ այլն»:
Սա արդեն ամենեւին նման չէ Ասադի հեռանալու եւ Իրանին հազար ու մի ձեւով պատժելու մասին սպառնալիքներին, որոնք մշտապես հնչեցրել է Վաշինգտոնը: Իսկ տոնայնության նման փոփոխությունը հուշում է, որ «Սիրիայի հակամարտությունն ավարտին հասցնելու» Թրամփի այդ հույսերը իրատեսական են: Ընդ որում` նկատենք, որ էլ ավելի վաղ նկատելի էր նաեւ հենց Սիրիայում ռուս-ամերիկյան ռեալ համագործակցության նշաններ:
Բայց եթե սիրիական իրավիճակն այս հունով շարունակի ընթանալ, էլ ի՞նչ ուժերի օգնության վրա է հաշվարկներ փորձում կատարել Ալիեւը...
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ․ ԱԼԻԵՎԸ ԽՈՍԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА