ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆ «ՓՉԱՑՐԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ» ԿԱՐԳԱԽՈՍՈ՞Վ

12.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԵՆ «ՓՉԱՑՐԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ» ԿԱՐԳԱԽՈՍՈ՞Վ

Երեւանի ավագանու ընտրությունները մոտենում են եզրափակման, եւ կենացները քաղցրանում են: Տպավորությունն այնպիսին է, որ «Ելքն» ու «Երկիր ծիրանին» պայքարում են ոչ այնքան ՀՀԿ-ի, որքան` իրար դեմ: Նիկոլ Փաշինյանի` 15 հազար դրամի առաջարկությունը բազում քննադատությունների է ենթարկվել, նա էլ ասել է, թե ով համարում է, որ դա ապօրինի է, թող դիմի իրավապահներին: Չգիտենք, Զարուհի Փոստանջյանը իրավապահներին դիմել է, թե` ոչ, սակայն նա այդ գործելակերպը որակել է քրեորեն պատժելի, եւ ԿԸՀ-ն էլ քննարկման առարկա է դարձրել այդ հարցի օրինականության խնդիրը: 
ԷԼ «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄ», 
ԷԼ «ՊՈՒՏԱՆԿԱ» 
Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելու մեջ, այլեւ պնդում է, որ նա «կրկնօրինակում է իշխանությունների բացասական դրսեւորումները»: Ընդ որում, մշտապես համացանցով եթեր հեռարձակվող տիկին Փոստանջյանը թվարկել է բազում դեպքեր, երբ պարոն Փաշինյանը ԱԺ-ում քվեարկել է նույն կերպ, ինչ` ՀՀԿ-ն: Նա նաեւ մշտապես շեշտում է, որ քանզի Փաշինյանը պատգամավոր է ընտրվել, ապա Երեւանի ավագանիում ոչինչ չի անելու: 
Սակայն «Ելք» դաշինքը Զարուհի Փոստանջյանի ամենեւին էլ միակ թիրախը չէ: Մամուլում արդեն հայտնվել է այն դրվագը, որ Փոստանջյանը հրապարակավ իրեն բարեւելու մոտեցող «Կենտրոնի» հաղորդավար Պետրոս Ղազարյանին անվանել է «պուտանկա» եւ առաջարկել «մաքրվել տարածքից»: Այդպիսի վարվեցողությունը, կարելի է ասել, որ ուղղված է ոչ միայն հաղորդավարի անձին եւ նույնիսկ ոչ այնքան, որքան Ծառուկյան դաշինքին` որպես քաղաքական ուժի: 
Իդեպ, ինքը` Պետրոս Ղազարյանը, այնուհետ դրան համացանցում արձագանքել է, թե միջադեպը եղել է բավականին վաղուց, եւ ենթադրել, որ քանզի դա լրատվական դաշտում հնչեցվել է ավագանու ընտրությունների նախաշեմին, ապա ունի քարոզչական նպատակներ: Բայց թե մայրաքաղաքային ընտրությունների ենթատեքստում դա ինչ «քարոզչական նպատակ» կարող է ունենալ, եթե ո՛չ Ծառուկյան դաշինքը, ո՛չ էլ ԲՀԿ-ն` որպես կուսակցություն, այդ ընտրություններին չեն մասնակցում: Ղազարյանը նաեւ փորձել է կատակել, թե զարմացած է, որ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարը հայհոյել է ռուսերեն, այլ ոչ թե արեւմտահայ որեւէ բարբառով: 
Ինչեւէ, պարզ է, որ ներընդդիմական հակամարտությունը սոսկ ավագանու ընտրություններով չի սահմանափակվում, քանզի այդ ընտրություններից չորս օր անց էլ իր աշխատանքն է սկսում Ազգային ժողովը: Թեեւ տիկին Փոստանջյանը խորհրդարանում ներկայացված չէ, սակայն նա խնդիր ունի հանրության աչքերում երեւալ ավելին, քան ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերը` Ծառուկյան դաշինքը եւ «Ելքը»: 
Իսկ Ծառուկյան դաշինքը առանց Փոստանջյանի էլ, արդեն ստացել էր բավականին հուժկու հարված այն բանի զորությամբ, որ 12 թեկնածու պաշտոնապես հետ են կանգնել կանխավ գրած իրենց` մանդատներից հրաժարվելու դիմումներից, եւ նրանցից 8-ը ստացել են մանդատներ, ըստ էության` դաշինքի առաջնորդի կամքին հակառակ: Ու հիմա ինչքան էլ հնչեն հավաստիացումներ, որ նրանք պատրաստ են իրենց մանդատները դնել Ծառուկյանի ոտքերի տակ` գնացքն արդեն գնացել է, այդ քաղաքական ուժի վարկանիշին վնաս հասցվել է: Իսկ դա խորհրդարանում կանդրադառնա ոչ միայն այն հարցին, թե որպես ընդդիմադիր ուժ ԲՀԿ-ն ինչպես կստանա խորհրդարանական ղեկավար պաշտոններ, այդ թվում` եւ փոխխոսնակի: Թե ինչքան կստանա` այդ թվերն, ըստ էության, կանխորոշված են օրենքով, սակայն պարզ է, որ այդ քաղաքական ուժի վարկանիշի անկման պայմաններում այդ պաշտոնական անձանց քաղաքական քաշն էլ կլինի ավելի քիչ: Իսկ ընդհանուր առմամբ, ցանկացած քաղաքական գործընթացում ապագա ենթադրելիք կամ հնարավոր սակարկությունների Ծառուկյան դաշինքը կկարողանա պահանջել կամ ստանալ զգալիորեն ավելի քիչ, քան դա հնարավոր էր մինչ ներքին այդ հակասությունների սրումը: 
Իսկ այն, ինչ տեղի է ունենում «Ելք» դաշինքի հետ` որպես խորհրդարանական երրորդ ուժ, նրանց դիրքերին եւ քաղաքական քաշին կանդրադառնա: Եթե ավագանու ընտրություններին նրանք տպավորիչ տոկոս չստանան, եւ առավել եւս, պարտվեն Զարուհի Փոստանջյանին, ապա այդ քաղաքական քաշը կնվազի: 
Իսկ Զարուհի Փոստանջյանի գործողությունների տրամաբանությունը միանգամայն հասկանալի է` միավորներ, վարկանիշ եւ քաղաքական քաշ խլել խորհրդարանական ընդդիմությունից, ինչը հարթակ կդառնա ապագա գործունեության համար: Ի դեպ, փաստացի նաեւ ստացվեց, որ առանց կրակի ծուխ չի լինում, եւ իզուր չէին այն խոսակցությունները, թե տիկին Փոստանջյանի կուսակցությունը ֆինանսավորվում է ռուսաստանաբնակ խոշոր գործարար Ռուբեն Գրիգորյանի կողմից: Ինքը` Գրիգորյանը, բավականին ծավալուն հարցազրույցում անչափ գովաբանեց ե՛ւ Զարուհի Փոստանջյանին, ե՛ւ «Երկիր ծիրանիին» ու հայտարարեց, որ պատրաստ է ֆինանսավորել այդ կուսակցությանը: Զուտ չոր նախընտրական տրամաբանության տեսակետից դա պրակտիկորեն էլ քվեներ բերող գործողություն է, քանզի ընտրողների մի մասը, որպես դրական փաստարկ կընկալեն «խոշոր գործարար Մոսկվայից» բառակապակցությունը: 
Իսկ թե հետագայում ինչպես կհամագործակցեն «զմիմյանս փչացնող» քաղաքական ուժերը, եւ կկարողանան արդյոք համագործակցել մեղադրանքներից եւ  պիտակավորումներից հետո, դա արդեն այլ հարց է: 

ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐ 
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ
Եվ այսպես, արդեն պաշտոնապես ի կատար ածվեց այն, ինչի մասին հայտարարվում էր նախօրոք` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հռչակումը: Հուշագիրը ստորագրելու արարողությունը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում, ընդ որում` հուշագիրը ստորագրվեց կուսակցությունների ոչ թե առաջին, այլ երկրորդ դեմքերի կողմից: 
Բովանդակային առումով նախորդ նույնանման հուշագրից շատ բան է այդտեղ ներառված, իսկ տարբերությունն այն է, որ եթե նախորդ հուշագիրն անժամկետ էր, ապա այս հուշագրի ժամկետը 6-րդ գումարման ԱԺ-ի լիազորությունների շրջանն է: Այսինքն` շատ ավելի կոնկրետ է: ՀՅԴ-ն իր պորտֆելային քվոտան, ըստ էության, պահպանեց, սակայն հատուկ շեշտվել է, որ վարչապետի թեկնածուի առաջադրումը լինելու է ոչ թե երկու կուսակցությունների կողմից համատեղ, այլ դա անելու է բացառապես ՀՅԴ-ն: 
Թե ով է առաջադրվելու վարչապետ` դա վաղուց է ակնհայտ: Եվ հետաքրքիրը այն է, որ երկու օր առաջ որոշակի շեշտադրումներ արեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում անունը շատերը կապում էին Ծառուկյան դաշինքի, ինչպես նաեւ որոշ չափով Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա, ըստ էության, Հաղթանակի տոնը ընտրելով որպես հարմար առիթ եւ այցելելով թոռնիկների հետ համապատասխան զբոսայգի, առիթ ունեցավ զրուցել լրագրողների հետ եւ հայտնել նրանց, որ ՀՀԿ-ի հետ ինքը որեւէ պրոբլեմներ չունի: Անշուշտ, այդ շեշտադրման կատարումը կապ ունի Ծառուկյան դաշինքում տեղի ունեցած իրադարձությունների հետ, եւ դրանով, ըստ էության, ի ցույց դրվեց որոշակի դիստանցավորումը այդ դաշինքից: 
Իսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում ուշագրավ է նրա անհետացումը հրապարակային դաշտից: Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ նրա կայքէջում վերջին գրառումն ապրիլի 24-ով է, Հաղթանակի օրվա կապակցությամբ այդտեղ ոչինչ չկար, ինքը` նախկին նախագահն էլ, այդ տոնական առիթը չօգտագործեց` հրապարակավ որեւէ բան հնչեցնելու կամ, միգուցե, լրագրողների հետ շփվելու համար: Ըստ էության, ստացվել է այնպիսի իրավիճակ, որ ստվերային առումով էլ նա որեւէ ազդեցություն ԱԺ-ի եւ ապագա կառավարության գործունեության ուղղությամբ չի կարող ունենալ, եւ ընդդիմադիր ուղղությամբ էլ ոչ հրապարակային, ոչ էլ ստվերային անելիքներ չունի: Ծառուկյան դաշինքը չի կարող նրա շահերի արտահայտիչը լինել, այնպիսի նախագիծը, ինչպիսին ՕՐՕ-ն է, ջախջախիչ պարտություն կրեց ընտրություններում եւ չունենալով հետընտրական գործընթացներ ծավալելու ներուժ, ըստ էության, անհետացավ քաղաքական տեսադաշտից: Ոչ մի ծպտուն չի հանում եւ «Հայկական վերածնունդը», թեեւ ժամանակին ենթադրվում էր, որ Արթուր Բաղդասարյանը կարող է լինել Ռոբերտ Սեդրակիչի քաղաքական գործընկերը: Մյուս ենթադրյալ հնարավոր գործընկերը` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նույնպես, ըստ էության, դիրքավորվեց` իշխող կուսակցությանը եւ ՀՀ նախագահին չհակադրվելու դիրքերում, ինչը փաստացի արեց հրապարակավ: Նաեւ «հին ընկերը»` Դաշնակցությունը, տեսականորեն անգամ հեռու մնաց իրեն խորթ չլինող ՀՀ երկրորդ նախագահից, եւ կոալիցիոն հուշագրի ստորագրումը դրա վերջակետն էր: 
Իսկ որոշ փակագծեր բացել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախ այն, որ այս ԱԺ-ի կողմից ձեւավորվող կառավարությունում խոշոր փոփոխություններ չեն լինելու, քանզի հիմնական փոփոխությունները նախատեսված են 2018-ին: 

ԻՍԿ ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 2018-ԻՆ
Կարեն Կարապետյանը նաեւ կարեւոր հայտարարություն է արել, որ մտադիր է կառավարությունը գլխավորել նաեւ 2018-ին: Այսինքն` այն ժամանակ, երբ Սահմանադրության անցումային դրույթներին համապատասխան, վարչապետը ստանում է լիազորությունների ամբողջ ծավալը եւ, ըստ էության, դառնում պետության գլխավոր պաշտոնյա: Այդ հայտարարության շուրջ որոշ շրջանակներ փորձում են փնտրել կամ, միգուցե, լրատվական գործիքների օգնությամբ հրահրել հակասություն Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ: Սակայն, դժվար թե, իրական ինչ-որ կոնֆլիկտ այդտեղ կարող է լինել: Իսկ վարչապետի հայտարարության մասին կարող են լինել հետեւյալ վարկածները: 
Առաջինը եւ ամենահավանականը, որ այդ հարցը քննարկվել է ՀՀԿ-ում ամենաբարձր մակարդակով, եւ դա ամբողջովին համաձայնեցված է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հակառակ պարագայում Կարեն Կարապետյանն այդպիսի հայտարարություն պարզապես չէր անի: Իսկ երկրորդը` որի հավանականությունը համարում ենք շատ ցածր, որ այդ հայտարարությունը համաձայնեցված չէր: Սակայն այդ դեպքում արդեն այս Ազգային ժողովում պարոն Կարապետյանը չի առաջադրվի վարչապետ: 
Կարծում ենք, որ բավականին հստակ էլ որոշված է, թե ինչ շարունակություն պետք է լինի 2018-ի ապրիլից հետո, երբ ավարտվում են Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, եւ լիակատար ուժի մեջ են մտնում Սահմանադրության բոլոր դրույթները: ՀՀԿ-ում իրավիճակն այնպիսին է, որ, խոշոր հաշվով, իշխող կուսակցության առաջին դեմքը շատ մեծ ազդեցություն ունի եւ ունենալու է որոշումների կայացման վրա, եւ այդ ազդեցությունը կլինի անկախ այն հանգամանքից` պաշտոնապես պետական բարձր պաշտոն զբաղեցնում է, թե` ոչ: Դա էլ խորհրդարանական համակարգի կարեւոր առանձնահատկություններից է` բացարձակ մեծամասնություն ունեցող կուսակցության առաջնորդը շատ ազդեցիկ ֆիգուր է: Ի դեպ, ԱԺ-ում ընդամենը 4-րդ տեղն ունեցող ՀՅԴ-ի հետ կոալիցիան էլ իր քաղաքական կարեւոր գործառույթն ունի, եւ այդտեղ կարեւոր է ոչ թե ՀՅԴ-ի` ունեցած պատգամավորների պորտֆելների քանակը եւ երկրի ներսում քաղաքական քաշը, այլ այն, որ ՀՅԴ-ն Սփյուռքի ամենաազդեցիկ կուսակցությունն է: Իսկ սփյուռքահայության հետ մշտական կենդանի կապը եւ ներգրավումը համազգային գործընթացների մեջ, դեռ 2008-ից ի վեր  Սերժ Սարգսյանի քաղաքական գծի բաղադրիչներից մեկն է:  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА