ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

05.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին օրերին ունեցած երկու հանդիպումն ու մեկ հեռախոսազրույցը շատ բան է ակնարկում  աշխարհում տիրող այս խառը վիճակի հանգուցալուծման ուղիների մասին: Եվ մեզ էլ դա հետաքրքրում է նաեւ այն առումով, որ բացի կանցլեր Մերկելի հետ հանդիպումից ու նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից Պուտինը Սոչիում ընդունեց նաեւ Էրդողանին:ՄԵՐԿԵԼԸ ՌԴ-Ի ՀԱՐՑՈՎ 
ՈՒԶՈՒՄ Է ԹՐԱՄՓԻՑ 
ԱՌԱ՞Ջ ԸՆԿՆԵԼ
Այս երեք իրադարձություններից ժամանակագրական առումով առաջինը Մերկելի հետ հանդիպումն էր: Մինչ այդ, գերմանական պաշտոնական աղբյուրները հանդիպման հիմնական նպատակ էին համարում հունիսի սկզբներին գերմանական Համբուրգում կայանալիք G20 գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Բայց նաեւ բոլորի համար էր ակնհայտ, որ տիկին Մերկելը, այն էլ՝ նաեւ Եվրոպայում տիրող այս ծանր օրերին եւ ռուսների հետ ունեցած հակասությունների պարագայում, հազիվ թե նույնիսկ նման կարեւորագույն միջոցառման  նախապատրաստման համար հասներ Սոչի: Այսինքն՝ Պուտին-Մերկել հանդիպման հիմքում բոլորովին այլ խնդիրներ էին դրված, եւ մինչեւ իսկ գերմանական հեղինակավոր աղբյուրներն էին փորձում դրանք դետալացնել: Այդ թվում՝ որ Սոչի այցելելը տիկին Մերկելի համար ինչ-որ առումով նաեւ պարտադրական էր, այսինքն՝ գնալով ավելի ու ավելի շատ փաստարկներ են հուշում, որ Թրամփը, ի վերջո, կարող է կանգնել Մոսկվայի հետ պայմանավորվածությունների գնալու հրամայականի առաջ: Այսինքն՝ նա փորձեց նախ ռազմական մկանների ցուցադրություն կատարել Սիրիայում, ապա՝ Հյուսիսային Կորեայում: Բայց երկու դեպքում էլ արդյունքները գոհացուցիչ չէին: Համենայնդեպս` այն, որ Սպիտակ տունը մինչեւ իսկ խոսում է Թրամփի ու Հս.Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հնարավոր հանդիպման մասին, վկայում է, որ այս գործողությամբ ԱՄՆ-ն նաեւ միջազգային վարկանիշի որոշակի կորուստ ունեցավ:Ի ԴԵՊ
Ժեստերի լեզվի փորձագետ Դարեն Սթենթոնը, վերլուծելով Վլադիմիր Պուտինի եւ Անգելա Մերկելի հանդիպման լուսանկարները, եկել է այն եզրակացության, որ հանդիպումը չափազանց լարված է անցել, հսկայական ճնշման տակ: Միաժամանակ, ըստ փորձագետի, առաջնորդների դեմքի արտահայտությունները, ձեռքերի դիրքն ու շարժուձեւը հուշում են այն մասին, որ Մերկելը «փորձում է բարելավել հարաբերությունները», մինչդեռ ՌԴ նախագահը «ցուցադրում է իր ուժը»:ԵՎայդ ամենի դիմաց Թրամփը նաեւ ներամերիկյան հարթակում ակնկալվող էֆեկտը չունեցավ: Միայն այն, որ նախագահության 100 օրվա կապակցությամբ Թրամփը խախտեց մեկդարյա ավանդույթն ու չճաշեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, արդեն իսկ հուշում է, որ ներքին խնդիրներն ինչպես որ կային, դեռ պահպանվում են:
Այսքանից հետո սպասելի էր, որ Թրամփը պետք է անցնի իր վերջին խաղաքարտի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների գործադրմանը: Ասենք, վերջին ժամանակներս ռուս-ամերիկյան համագործակցության տարրեր Սիրիայում նկատվում էին: Դրանից զատ, Վ.Պուտինի հետ հիշատակված հեռախոսազրույցի ընթացքում եւս առաջին պլանում էր Սիրիան, եւ, ինչպես հաստատեցին կողմերը, զրույցը դրական է եղել: Վերջապես, G20-ի շրջանակներում էլ մեծ հավանականությամբ տեղի կունենա Պուտին-Թրամփ հանդիպումը: Ընդ որում, մեծ է նաեւ հավանականությունը, որ դա կավարտվի բոլոր գլոբալ հարցերի շուրջ հստակ պայմանավորվածություններով: Իսկ այդ դեպքում, եթե նույնիսկ մյուս հիմնախնդիրներն էլ մի կողմ թողնենք, ի՞նչ երկկողմ մոտեցումների կհասնեն, մասնավորապես` ԵՄ-ի ապագայի հարցով. թերեւս այս հանգամանքը չէր կարող կանցլեր Մերկելի մոտ մտավախություններ չառաջացնել: Եվ Սոչի մեկնելն էլ, ինչպես նաեւ գերմանական որոշ աղբյուրներ են ակնարկում, նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում Թրամփից առաջ ընկնելու համար հիմքեր նախապատրաստելու իմաստ էր պարունակում:

ՍԻՐԻԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ՊՈՒՏԻՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ԻՍԿ ԷՐԴՈՂԱՆԸ ՄԵՐԿԵԼԻՑ ԱՌԱՋ ԸՆԿԱՎ
Առավել քան ակնհայտ էր, որ նույն խնդիրն էր հետապնդում նաեւ Էրդողանը՝ Սոչի կատարած այցի ժամանակ: Ընդ որում, եթե Մերկելի այցը ՌԴ-Գերմանիա հարաբերությունների ապագան տեղափոխեց դրական սպասումների հարթություն, ապա Էրդողանը շատ ավելի առաջ գնաց:
Թերեւս արժե հիշեցնել, որ վերջին շաբաթներին ՌԴ-Թուրքիա հարաբերություններն էլ էին տատանողական հուն մտել: Էրդողանը, որ մինչ այդ ակտիվ համագործակցություն էր սկսել ՌԴ-ի եւ Իրանի հետ Սիրիայի հարցով, նկատելիորեն սառեցրեց իր ջերմեռանդությունը: Իմաստն էլ հասկանալի էր. Վաշինգտոնից որոշակի մեսիջներ էին գալիս, որ Թրամփը կարող է փոխել Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի նկատմամբ Անկարային այդքան հուսահատեցնող Օբամայի քաղաքական կուրսը: Եվ, օրինակ, Սիրիայի հրթիռակոծումը, որը Էրդողանը չհապաղեց ողջունել, նման փոփոխության նախերգանքի տպավորություն էր թողնում: Բայց Էրդողանը նույնքան արագ էլ հասկացավ, որ Վաշինգտոնը հիմնական շեշտը քրդերի վրա է դնում: Եվ Մոսկվան էլ Անկարայի այդ հերթական դավաճանությունից հետո իր հերթին ցույց տվեց, որ կարող է առնվազն չեզոք վերաբերմունք ցուցաբերել Քուրդիստանի ստեղծման ծրագրի նկատմամբ: Հաշվի առնելով, թե Քուրդիստանի ստեղծումն ինչ մահացու վտանգ է Թուրքիայի համար, եւ այն, որ Անկարային այդպես էլ չհաջողվեց այդ հարցով Վաշինգտոնից իր համար դրական լուծումներ ստանալ, համագործակցության առաջարկով Էրդողանի Սոչի գնալը դարձել էր անխուսափելի:
Եվ ահա Էրդողանի հետ հանդիպումից հետո արված Վ.Պուտինի հայտարարությունը, որ Թուրքիայի հետ հակասությունները հաղթահարված են, ակնարկում է հետեւյալի մասին: Առաջինը. Էրդողանը վերադարձել է կամ գոնե՝ երաշխիքներ է տվել վերադառնալ այն հուն, որով ընթանում էր մինչ այս վերջին խաղերի մեջ մտնելը: Եվ ընդգծենք, որ խոսքը ոչ միայն սիրիական, այլ նաեւ՝ հարավկովկասյան եւ այլ ուղղություններով թուրքական քաղաքականության մասին է: Միաժամանակ Էրդողանը հայտարարեց, որ ոչ մի պարագայում Անկարան չի համաձայնվի իր սահմանների հարեւանությամբ նոր միավորների, այսինքն՝ Քուրդիստանի ստեղծման հետ: Եվ դա էլ հուշում է, որ այդ հարցով եւս որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերվել: Ընդ որում, Քուրդիստանի հարցով Մոսկվայի ձեռքերն ազատ էին, հաշվի առնելով, որ ՌԴ-ն մշտապես պաշտոնապես հայտարարել է, որ Սիրիայի եւ Իրաքի տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվի, այսինքն, որ Քուրդիստան պետություն այդ երկրների հաշվին չի կարող ստեղծվել:
Հասկանալի է, Էրդողանի այս այցը հազիվ թե ոգեւորությամբ ընդունվի Վաշինգտոնում: Բայց նաեւ տեսանելի չէ այն գործիքակազմը, որով ԱՄՆ-ը կկարողանա ազդել Անկարայի վրա: Առավել եւս թուրքական սահմանադրական հանրաքվեից հետո, որն այնքան է ուժեղացրել Էրդողանի ներքին դիրքերը, որ ներքին ուժերի հաշվին «գունավոր» հարված հասցնելու տարբերակը գրեթե բացառվում է: Ճիշտ է՝ Վաշինգտոնն ունի նաեւ Քուրդիստանից հրաժարվելու եւ առաջվա նման հիմնական խաղադրույքները Անկարայի վրա կատարելու տարբերակը: Բայց դա էլ արդյունք չի տա այն պարզ պատճառով, որ Էրդողանի համար նման քայլը կդառնա Վաշինգտոնի նկատմամբ հաղթանակ՝ դրանից բխող ապագա քաղաքականությամբ հանդերձ: Միայն թե այս դեպքում Վաշինգտոնը կկորցնի նաեւ քրդերի աջակցությունը, ինչը պարզապես կզրոյացնի Սիրիա-Իրաքում ԱՄՆ-ի ունեցած ռեսուրսները:
Մյուս կողմից, գնալ մինչեւ վերջ, այն է՝ ստեղծել Քուրդիստանը եւ դրա հաշվին մասնատել Թուրքիան, իր հերթին է քիչ հնարավոր, եթե Մոսկվան միանշանակ կանգնի Սիրիա-Իրաքի ամբողջականության պահպանման դիրքերում:

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ 
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Չնայած մեկ խաղաքար Վաշինգտոնը դեռ ունի: Եթե առաջ տանի  Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ապա դա կարող է Էրդողանի համար լուրջ հարված դառնալ: Չնայած այս դեպքում Վաշինգտոնն արդեն ինքն իրեն կզրկի հետագա մանեւրների հնարավորությունից: Ընդ որում, դեռ հարց է, թե դա ինչպիսի հարված կդառնա Թուրքիայի համար: Ի վերջո, նման իրավիճակում Անկարան դեռ քայլ կատարելու հնարավորություն կունենա. կարող է փորձել Մոսկվայի միջոցով պայմանավորվածությունների գնալ Հայաստանի հետ ու այդ կերպ վերջնականապես վերջ դնել Ցեղասպանության հարցով գլխին կախված մշտական վտանգին: Սա, իհարկե, քիչ հավանական սցենարների թվում է: Բայց ապրում ենք այն ժամանակներում, երբ ամենաանհավանական տարբերակներն անգամ կարող են իրականություն դառնալ:
Բայց անկախ նրանից` նման թեմա օրակարգում կհայտնվի, թե ոչ, այս իրավիճակում, եթե, իհարկե, փոփոխություններ չլինեն, Էրդողանը ստիպված է լինելու լրջորեն վերանայել նաեւ իր հարավկովկասյան քաղաքականությունը: Ի վերջո, եթե հայտարարվածի պես ընթացք են տրվելու ՌԴ-Թուրքիա խոշոր առեւտրային ծրագրերին, ապա փաստը, որ Հայաստանը Թուրքիային կպած միակ ԵՏՄ սահմանն է, Անկարան չի կարող հաշվի չառնել: Ամեն դեպքում, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի այս հաքյգտարարությանը պետք է ուշադրություն դարձնել. «Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների համատեղ արդյունավետ բանակցություններից հետո սկսվել է նոր գործընկերություն ՌԴ-ի հետ: Այժմ կարագացնենք հարաբերությունները Թուրքիայի եւ ԵՏՄ-ի միջեւ...»: Չմոռանանք, որ օրակարգային է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանով գլոբալ բեռնափոխադրումների հայտնի ծրագրերը:
Ընդ որում, այս քաղաքական կուրսին անցնելու դեպքում Անկարան նաեւ Ղարաբաղի հետ կապված ակցենտային փոփոխությունների խնդիր է ունենալու: Հիշեցնենք, որ երբ նոր էր սկսել ուժի մեջ մտնել Սիրիայի հարցով ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցությունը, ու պլանավորվում էին Աստանայի առաջին հանդիպումները, անձամբ Էրդողանն էր սկսել խոսել Ղարաբաղի հարցով ՌԴ-ի բացառիկ դերակատարման մասին, միաժամանակ հաճախակիացել էին հայկական սահմանը բացելու մասին տարաբնույթ թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Եվ, եթե ռուս-թուրքական հարաբերությունները վերադառնում են նույն մակարդակին ու մի փոքր էլ ավելի առաջ անցնում, ապա Թուրքիայից նույն մոտեցումները նորից դառնում են սպասելի:
Ինչեւէ, Էրդողանը նաեւ հայտարարեց, որ Պուտինի հետ հանդիպման հետեւանքները շատ արագ տեսանելի կդառնան, այնպես որ մենք էլ պետք է սպասենք հետաքրքիր զարգացումների:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Լավ են հասկանում միմյանց․ Պեսկովը բնութագրել է Պուտին-Էրդողան հարաբերությունները

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА