ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՔԼՈՐԱԿՌՎԻՑ» ՀԵՏՈ ՃՏԵՐԸ ՄԻՆՉԵՎ  ԱՇՈՒՆ ԿՁԳԵ՞Ն

05.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԱՔԼՈՐԱԿՌՎԻՑ» ՀԵՏՈ ՃՏԵՐԸ ՄԻՆՉԵՎ  ԱՇՈՒՆ ԿՁԳԵ՞Ն


Գելափից հետո ավագանու ընտրությունների արդյունքների մասին իր կանխատեսումներն արեց եւ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա` Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ն կստանա ընտրողների ձայների 67 տոկոսը, «Ելք» դաշինքը` 21 տոկոսը, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը` 12 տոկոսը: «Ընտրություններին առավելագույնը սպասվում է 57 տոկոս ակտիվություն, նվազագույնը` 47 տոկոս, բայց առավել օպտիմալ է, որ ընտրություններին կմասնակցի երեւանցիների 49 տոկոսը»,- նշեց սոցիոլոգը: ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ 
ՆԱԽԵՐԳԱՆՔԸ
Բնական է, որ քաղաքային ընտրություններում սպասվում է ընտրողների ավելի ցածր ակտիվություն, քան` խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մինչդեռ առավել ցանկալի կլիներ, որ առավելագույն ուշադրություն քաղաքացիները դարձնեն հենց համայնքային ընտրություններին, քանզի հենց համայնքային իշխանության հետ առնչվում են գործնականում ամեն օր: Բայց առայժմ քաղաքական ուժերից շատերը համայնքային ընտրությունները դիտարկում են ընդամենը որպես «պլացդարմ»` համապետական մակարդակով սեփական դիրքերն ամրապնդելու համար: Հենց այդ տրամաբանության շրջանակում էլ, օրինակ, ԲՀԿ-ն արհամարհեց ավագանու ընտրությունները, քանզի հաջորդ համապետական ընտրությունը 5 տարի անց է, իսկ մինչ այդ, կոպիտ ասած, կամ էշը կսատկի, կամ` իշատերը: Նույն տրամաբանությամբ առաջնորդվել են եւ Դաշնակները: Թող տարօրինակ չհնչի, այդ տրամաբանության շրջանակում գործում են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը: Առաջինը ձգտում է ամրապնդել ԱԺ-ում նվաճած 3-րդ տեղը, իսկ երկրորդը ձգտում է պարզապես դրանով տեղ գրավել քաղաքական արեւի տակ, քանզի «Ժառանգություն» անունով քաղաքական նախագիծը այլեւս ոչ եւս է, ու Նիկոլն ինչ-որ տեղ ճիշտ է, որ այդ կուսակցությանը որակում է «քաղաքական մեռել»: 
Ինչ վերաբերում է Ահարոն Ադիբեկյանի հրապարակած թվերին, ապա կարծում ենք, որ ՀՀԿ-ի տոկոսները նա նշել է շատ ճշգրիտ: Փոփոխական կարող են լինել թերեւս միայն քաղաքային ընտրավազքի ընդդիմադիր մասնակիցների թվերը, քանզի գործնականում նրանք ինչքան էլ ջանան, ՀՀԿ-ից քվե փախցնել չեն կարող, դա կարող են անել միայն իրարից: Հենց այդ պատճառով է, որ նրանց մրցակցությունը մի տեսակ կարծես աքլորակռիվ լինի: Մեկը մյուսին փորձում է ներկայացնել որպես իշխանության շահերը սպասարկող, իսկ ինքն իրեն` միակ ընդդիմադիր: Եվ միակ ընդդիմադիրի դափնիների համար կռիվը առավել ակտիվացավ այն բանից հետո, որ Ծառուկյան դաշինքը մանդատների շուրջ սկանդալի արդյունքում, որպես ընդդիմություն, վիթխարի վարկանիշային կորուստներ կրեց: 
Դե, իսկ նրանց քարոզարշավային մեթոդներն արդեն ձանձրույթ են հարուցում եւ հորանջելու ցանկություն: Բոլորի զահլան գնացել է Նիկոլի «Ելք կա» անվերջ բղավոցներից, ցանկացած տեղ աղբամանից դուրս հայտնաբերված աղբի ցուցադրական նկարահանումներից եւ «Տարոն ջան, սիրուն չի» բղավոցներից, ինչպես նաեւ ոստիկաններին տրվող մշտական «կարգադրություններից», որոնց պատճառով էլ մայրաքաղաքում ծնվեց կատակային բանաձեւը. «Հիմա Փաշինյանը քաղաքապե՞տ է ուզում դառնալ, թե` թաղային»: Ոչ պակաս ձանձրալի են եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում մշտապես ցուցադրվող փոստանջյանական «զբոսանքները»` մշտական պնդումներով, թե միանշանակ իրենք 50 տոկոսից ավել են վերցնելու, «գրավելու են քաղաքապետարանը» եւ այլն: Քչից-շատից թարմությունը միայն սպիտակ «կաբրիոլետով» երթեւեկելն էր, սակայն էլի ե՛ւ բարձրախոսն էր նույնը, ե՛ւ հնչեցվող կարգախոսները: 
Եվ հենց ընդդիմադիրների հարուցած ձանձրույթից էլ ծնվեց կատակը, որ ելք կա` դա Տարոն Մարգարյանին ձայն տալն է: Գործող քաղաքապետը իր քարոզարշավը վարում է ծանրակշիռ, առանց ցուցամոլության, եւ երեւանցիներից հայցում է համաձայնություն` շարունակելու եւ ավարտին հասցնելու արդեն արվածը: Մեջբերենք ընդամենը փոքրիկ հատված նրա քարոզարշավային ելույթներից մեկից. «Մենք չենք զիջելու ոչ մի զարգացած մայարաքաղաքի, միասին ենք կառուցելու մեր տունը: Օր ու գիշեր ծառայել ենք երեւանցիներին, այսօր եկել ենք խնդրել, որ դուք թույլ տաք շարունակելու ծառայել երեւանցիներին»: 
Ու եթե խոշոր մասշտաբով ՀՀԿ-ի համար ավագանու ընտրությունները եւս մեկ անգամ կհաստատեն ունեցած դիրքերի անհերքելի ամրությունը, ապա «Ելքի» եւ «Երկիր ծիրանիի» համար դրանք ճակատագրական նշանակություն կարող են ունենալ: Բայց ընդդիմադիր դաշտում, անշուշտ, ամենադառը ճակատագիրը բաժին հասավ ԲՀԿ-ին: 

Հեղափոխությունից առաջ՝ մոնոպոլիա, հեղափոխությունից հետո՝ բարեհաջող ներդրում

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ 
ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՎԵ՞ՐՋԸ
Այն բանից հետո, որ Ծառուկյան դաշինքի 12 ներկայացուցիչներ ըմբոստացան «թագավորական հրամանքի» դեմ եւ գնացին ԿԸՀ` իրենց մանդատների հետեւից, ԲՀԿ-ական միջավայրում բավականին մեծ տարածում են գտել տարատեսակ դավադրության տեսությունները: Դրանից զերծ չմնաց անգամ այնպիսի ողջախոհ գործիչը, ինչպիսին Վարդան Բոստանջյանն է. «Եթե հիմա այդ մարդիկ հանկարծակի ասում են, որ դիմում չեն գրել, դա ընդհանրապես տղամարդուն սազական բան չէ: Ամենայն հավանականությամբ, նրանց դրդող է եղել, հակառակ դեպքում` այլ տարբերակ չկա»: Իսկ որպես դավադրության հեղինակ` նշում են «կասկածյալների» բավականին լայն շրջանակ: Սկսում են Բաղրամյան 26-ով, շարունակում Ռոբերտ Քոչարյանով, Իշխան Զաքարյանով եւ Հովիկ Աբրահամյանով: Մինչդեռ մտքներով չի անցնում ակնհայտ բանը, որը քաջ հայտնի է «Իրավունքի» ընթերցողներին: Բավական էր, որպեսզի ընդամենը մեկ ընտրված պատգամավոր` ի դեմս Նապոլեոն Ազիզյանի, հետեւողականորեն պաշտպաներ սեփական իրավունքները եւ կուլ չգնար քրեաֆեոդալական «դրվածքներին», որոնք նույն ԲՀԿ-ում գործում էին այդ կուսակցության ողջ պատմության ընթացքում, որպեսզի մյուսները օրինակ վերցնեին եւ պաշտպանեին սեփական շահը: Ի դեպ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ցայտուն ձեւով բանաձեւեց, որ իշխող կուսակցությունը Ծառուկյան դաշինքի «ռազբորկաներից» վեր է, եւ ՀՀԿ-ում մանդատից հրաժարվելու սկզբունքներն էլ լիովին այլ են. «Հանրապետականում որոշումները ընդունվում են քննարկումների արդյունքում, յուրաքանչյուրը առաջնորդվում է ընդունված որոշմամբ: Ովքեր որ ինքնաբացարկի դիմումներ են գրել, գրել են կուսակցությունում տեղի ունեցած քննարկումների արդյունքում: Այդ թեկնածուներն իրենց ծառայությունները իրականացնելու են այլ պետական կառույցներում, այդ առումով ՀՀԿ-ն համեմատել ԲՀԿ-ում տիրող իրավիճակի հետ, անհեթեթություն է: ՀՀԿ-ն լուրջ քաղաքական կուսակցություն է»: 
Ի դեպ, մենք դեռ այն պահից սկսած, երբ ՀՀ նախագահը նախաձեռնել էր սահմանադրական բարեփոխումները եւ անցումը խորհրդարանական մոդելին, քանիցս մատնանշել էինք, որ բարեփոխումների արդյունքում էապես կրճատվելու է օլիգարխիայի ներկայությունը ԱԺ-ում եւ քաղաքական դաշտում, իսկ քրեաֆեոդալական բարքերը դուրս կմղվեն: Ամենից վառ այդ բարքերն արտահայտված էին հենց 2-րդ քաղաքական ուժի մոտ, ու դա անխուսափելիորեն պետք է մի օր պայթեր: Եվ եթե նախորդ ԱԺ-ում ԲՀԿ-ի տրոհումները տեղի ունեցան բավականին երկար ժամանակ անց, ապա այժմ հակասությունները պայթեցին դեռ մինչեւ ԱԺ առաջին նիստի գումարումը: Եվ, ըստ ամենայնի, հենց Նապոլեոն Ազիզյանը, ում այդքան համառորեն ուզում էին զրկել մանդատից, որպես տարիքով ավագագույն պատգամավոր, կվարի խորհրդարանի առաջին նիստը: 
Հիմա ինչ բացահայտվեց այս ճգնաժամի ընթացքում: Բացահայտվեց այն, որ մարդկանցից դեռեւս փետրվարին` մինչեւ թեկնածու գրանցվելը վերցրել են ստորագրած թղթեր, որոնք ընտրություններից հետո` առանց այդ մարդկանց կամքը հաշվի առնելու եւ անգամ տեղյակ պահելու, այդ թղթերով փորձել են այդ մարդկանց քաղաքական ճակատագիրը որոշել: Հիմա հարց է ծագում` դատելով առկա հրապարակային հայտարարություններից, թեկնածուներից խաբելո՞վ էին ստորագրություն վերցրել` մի եղանակով, որ վայել է ոչ թե քաղաքական թիմին, այլ` գողական «մալինային»: Այդ ի՞նչ քրեաֆեոդալական փոխհարաբերություններ են ԱԺ-ում 2-րդ տեղը զբաղեցնող թիմում, որոնք անչափ հեռու են ոչ միայն ժողովրդավարության եւ ազատ մրցակցության սկզբունքներից, այլ ընդհանրապես քաղաքական չեն, նույնիսկ քաղաքական ավտորիտարիզմին չեն համապատասխանում: Եվ արդյո՞ք այդ մութ պատմությունում չկա նաեւ քրեական օրենսդրության ոտնահարման հանգամանք: Ու արդյո՞ք մի գեղեցիկ օր լույս աշխարհ դուրս չի գա նաեւ հարկադրանքի մասին պատմություն, առավել եւս, որ անհնազանդ պատգամավորների տների մոտ «սարսափազդու» ջիպավորների հայտնվելու պատմությունը առկա է մամուլի էջերում... 
Սակայն իրավական հետեւանքների մասով իրադարձություններից առաջ չընկնենք: Քաղաքական հետեւանքները արդեն հիմիկվանից են տեսանելի: Խորհրդարանում ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «թագավոր» չճանաչողների քանակը դժվար թե սահմանափակվի այն ութ պատգամավորներով, ովքեր իրենց մանդատները ստացել են` առաջնորդի կամայականության դեմ ըմբոստանալով: Առայժմ այդ ութի մեջ չմտնողներից էլ կգտնվեն նրանք, ովքեր կգերադասեն առաջնորդվել սեփական շահով, այլ ոչ թե «թագավորական հրամանքով»: Պարզ է, որ այդ պատգամավորները ավելի գերադասելի կհամարեն չհակամարտել իշխող կուսակցության հետ, քան կատարել պարոն Ծառուկյանի «ընդդիմադիր» կամքը: Զուտ պրակտիկ առումով, դա էլ ավելի կհեշտացնի ՀՀԿ-ի անելիքներն այն պահին, երբ խորհրդարանում պետք կգա որակյալ մեծամասնություն: 
Իսկ ինստիտուցիոնալ առումով ստացվում է, որ մեր ընդդիմադիր դաշտը բավականին ողբալի վիճակում Է: Եթե ընտրողների քվեների 1/3-ը նվաճած խոշորագույն ընդդիմադիր ուժը առավելագույն հստակությամբ հանրությանը ի ցույց հանեց սեփական քրեաֆեոդալական դեմքը, էլ ինչի մասին է խոսքը: Երրորդ տեղը գրաված «Ելքն» էլ մի բարի պտուղ չի, քանզի այդտեղ հիմնական ընդդիմադիր զինանոցը բաղկացած է մաքուր պոպուլիզմից, գումարած դրան այնտեղ քիչ չեն դոգմատիկ արեւմտամետները, իսկ դոգմատիզմը ինչ գույնի եւ տեսակի էլ այն լինի, բարի արդյունքների չի հանգեցնում: Համ էլ մեր երկրում այնքան է տարածված առաջնորդակենտրոն «մարդ-կուսակցության» մոդելը, որ ներկայիս ընդդիմադիր կուսակցություններից  գրեթե ցանկացածը կվերածվեր ԲՀԿ-2-ի, եթե ունենար նույնքան ռեսուրս եւ համապատասխանաբար ստանար նույնքան քվե: 
Բայց, անշուշտ, ԲՀԿ-ում պայթած այդ տգեղ սկանդալը նաեւ իր դրական կողմն ունի: Դա արագացրեց քաղաքական համակարգի էվոլյուցիան, քանզի շատ գունեղ ձեւով հանրությանը ի ցույց դրեց, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական ուժը, առավել եւս` ընդդիմադիր լինելու հավակնորդ քաղաքական ուժը: Ճիշտ է, դա որոշակի վակուում գոյացրեց, բայց այդ վակուումը առաջիկայում կլցվի: Մայիսի 18-ից հետո արդեն ԱԺ աշխատանքը կլինի այդ վակուումը լցնող կատալիզատորը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ԱԺ այսօրվա նիստից հետո հնարավոր զարգացումները (ինֆոգրաֆիկա)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА