ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԱ-ԲԱՔՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԸ

03.05.2017 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԱ-ԲԱՔՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԸ

Դեռ հազիվ էր Ադրբեջանն ավարտել իր հերթական բավականին մասշտաբային զորավարժությունները, որ սկսեց հաջորդը: Ընդ որում, այս անգամ Թուրքիայի հետ համատեղ: Ու զուգահեռաբար էլ շրջանառության մեջ մտան խոսակցություններ, թե այս զորավարժություններով Անկարան Նախիջեւանում ռազմաբազա հիմնելու համար հող է նախապատրաստում:

Դաղստանում ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ գործով ձերբակալվել է «Չեռնովիկ» թերթի լրագրողը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան առաջին անգամը չէ, որ նման համատեղ զորավարժանքներ են իրականացնում: Բայց երկուսն էլ հազիվ թե չգիտակցեն, որ  այս հերթական զորավարժություններն այլ ընկալում կստանան: Նախ՝ մեծ տարածաշրջանն է խառը օրեր ապրում, եւ ամեն մի հավելյալ ռազմական տարր արդեն իսկ նոր լարվածություն է  առաջ բերում: Երկրորդը. նույն տարածաշրջանային լարվածության մեջ հենց Թուրքիան մեծ սրող դեր ունի, եւ հազիվ թե Անկարայում չգիտակցեն, որ  ռազմականացված բնույթի իր ամեն մի հավելյալ քայլ արդեն իսկ մյուս պետությունների մոտ մտահոգություն ու դրանից բխող ռեակցիա է առաջ բերում: Եվ երբ Բաքուն ու Անկարան, չնայելով այդ ամենին, այնուամենայնիվ, գնացին համատեղ զորավարժությունների, հուշում է, որ դրա կարիքը շատ ունեին: Ինչո՞ւ:

Թե ինչ է ուզում Բաքուն, մինչ այս էլ պարզ էր: Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումը հերթական ազդակներից մեկն էր, որ Մոսկվան համառորեն առաջ է տանում ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Ավելին, աչքի առաջ իրողություն է դառնում ՌԴ-Հարավային Կովկաս-Իրան առանցքի ձեւավորումը, հենց որն էլ առաջնային օրակարգում է պահում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ նաեւ՝ վրաց-աբխազական հակամարտությունների եթե ոչ վերջնական կարգավորման, այլ գոնե՝ փոխընդունելի ինչ-որ կարգավիճակի հասցնելու հարցը: Ու, միաժամանակ, Բաքվի համար բավականին մտահոգիչ պետք է որ լիներ նաեւ Իրանից ստացված վերջին մեսիջը: Խոսքը՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմիի ակնարկի մասին է, թե՝ «Ղարաբաղյան ճգնաժամը չի կարող կարգավորվել, առանց հաշվի առնելու ժողովուրդների դերը, ինչն առանցքային կլինի հակամարտության կարգավորման համար»:

Կարճ ասած, Բաքվում չեն բացառում ՌԴ-Աբխազիա-Վրաստան-Հայաստան-Իրան գծի ստեղծման հնարավորությունը, եւ համատեղ զինավարժությունների տեսքով թուրք-ադրբեջանական «եղբայրությունը» ի ցույց դնելը  նաեւ սպասելի քայլ էր:

Ասենք, նշված գծի ձեւավորումը, բնական է, Անկարայի համար էլ պակաս մտահոգիչ չէ: Ի վերջո, դա նշանակում է հարավկովկասյան տարածաշրջանում տանուլ տալ ոչ միայն Ռուսաստանին, որի հետ Անկարան կարող է մի կերպ հաշտվել, այլ նաեւ՝ Իրանին: Հետեւաբար, Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններով եւ Նախիջեւանում բազա հիմնելու մասին ակնարկներով Անկարան նաեւ ցույց է տալիս, որ իրեն դեռ տարածաշրջանի համար պայքարից դուրս չի համարում եւ հանուն դրա՝ պատրաստ է գնալ նաեւ մթնոլորտը ռազմական առումով թեժացնելու ճանապարհով: Բայց...

ԾԱՆՐ ՊԱՅՔԱՐ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Բայց եթե Թուրքիայի համար հարավկովկասյան տարածաշրջանը լիներ միակ մտահոգիչ ուղղությունը, միգուցե նաեւ «ատամ ցույց տալու» նման քաղաքականությունը որոշակի էֆեկտիվություն խոստանար: Մինչդեռ՝ փաստն այն է, որ Անկարան հատկապես վերջին շաբաթներին  չափից դուրս շատ ուղղություններով է սկսել նույն կերպ «ատամ ցույց տալ»: Առաջին հերթին՝ իր իսկ երկրում, որտեղ մի կողմից՝ քրդերի դեմ պատերազմն է, մյուս կողմից, թեեւ օրական տասնյակներով հանրահավաք-երթեր է ցրում, հարյուրներով մարդկանց բռնում եւ հալածում, բայց այդ ամենն այդպես էլ ներքին լարվածությունը չի հանդարտեցնում: Այնուհետեւ՝ արդեն գրեթե սառը պատերազմ է Եվրոպայի հետ: Դրանից հետո, այդպես էլ  չկարողանալով ԱՄՆ-ի հետ լեզու գտնել, Էրդողանը Սիրիա-Իրաքում բանակն ուղղեց քրդերի դեմ: Կարճ ասած, Էրդողանը, չունենալով ներթուրքական կայունություն, միաժամանակ չորս  աշխարհագրական ուղղություններով  թեժ բախումների մեջ է: Ընդ որում` այն, որ բոլոր ուղղություններով էլ Անկարան փորձում է ագրեսիվ կեցվածք դրսեւորել, հուշում է, որ դիվանագիտական լուծումներ եւ քայլեր չի տեսնում: 

ԿԱ՞ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Բայց այդ ագրեսիան ոչ թե լուծումներ, այլ՝ նոր խնդիրներ է ի հայտ բերում: Համենայնդեպս, հետեւյալ հանգամանքին, թերեւս, արժե լուրջ ուշադրություն դարձնել: Սիրիա-Իրաքում քրդերին հասցրած թուրքական բանակի հարվածներին ի պատասխան, քրդական ուժերը հայտարարեցին, որ կդադարեցնեն ոչ միայն ԱՄՆ-ի հովանու ներքո «Իսլամական պետության» կիսաշրջապատված մայրաքաղաք Ռաքքայի, այլ նաեւ՝ Մոսուլի ուղղությամբ հարձակումը եւ իրենց ուժերը կկենտրոնացնեն թուրքական բանակի դեմ: Վաշինգտոնի մի քանի քաղաքական սպառնալիքներից հետո, երբ թուրքական բանակը էլ ավելի ինտենսիվ դարձրեց քրդերի դեմ հարվածները, ամերիկյան  որոշ ստորաբաժանումներ տեղակայվեցին թուրք-քրդական շփման գծում: Ուշագրավն այն է, որ նույն մանեւրը կիրառեցին նաեւ ռուսական ուժերը՝ բաժանարար կետեր տեղակայելով Սիրիայի հյուսիս-արեւմտյան Աֆրինի քրդական անկլավի եւ թուրքական ուժերի միջեւ: Ընդ որում, ամերիկացիների հետ այնքան սինխրոն ձեւով, որ առաջանում է ռուս-ամերիկյան պայմանավորվածության տպավորություն: Ասենք, եթե մի կողմ ենք թողնում սիրիական օդանավակայանի հրթիռակոծումը ¥թեեւ այստեղ էլ շատ հարցեր դեռ պատասխանի են սպասում¤, ապա Սիրիայում վերջին ամիսներին քիչ չեն արձանագրվել նույն կարգի դրվագներ, երբ ամենատրամաբանական բացատրությունը նույնն է՝ ռուս-ամերիկյան առնվազն Սիրիայում գտնվող զինված ուժերի միջեւ առկա պայմանավորվածությունը:

Վրաստանում առայժմ չի հաջողվում կանգնեցնել կարմրուկի համաճարակը

Թեեւ այդ ամենից առաջացող ընդհանուր տպավորությանը, սակայն դեռ չենք ուզում ենթադրել, թե առհասարակ սիրիական հարցով կան ռուս-ամերիկյան դեռ անտեսանելի պայմանավորվածություններ: Սակայն կոնկրետ դեպքում այդ, այսպես ասենք, իրար զուգահեռ կիրառված նույնատիպ ռուս-ամերիկյան ռազմավարական քայլը լրջորեն սահմանափակեց, եթե ոչ՝ վերջ դրեց Սիրիա-Իրաքում Էրդողանի ռազմական հնարավորություններին. հակառակ դեպքում, եթե շարունակեն քրդական բնակավայրերի ուղղությամբ հարվածները եւ թեկուզեւ փոքր բաժին հասնի ռուսական կամ ամերիկյան այդ պարեկային ուժերին, Անկարայի համար հետեւանքները միանգամայն ողբերգական կարող են լինել: Բայց, եթե Էրդողանը այս կերպ անգործության մատնվի, դրա հետեւանքները եւս կարող են շատ լուրջ լինել: Նախ, այս կերպ Անկարան շարունակում է Սիրիա-Իրաքի ուղղությամբ մնալ պասիվ դիտորդի դերում: Եվ ամենաէականը. ի՞նչ տեղի կունենա, եթե քրդերը գրավեն Իրաքում Մոսուլն ու Սիրիայում՝ Ռաքքան, ինչը, ի դեպ, կարող է հաշված շաբաթների ընթացքում տեղի ունենալ: Այն, որ դրանից հետո, եթե միայն ֆորս-մաժորներ չլինեն, Թուրքիայի սահմանների հարեւանությամբ կձեւավորվի Քուրդիստան պետությունը, ամենահավանական հեռանկարն է թվում: Իսկ դա Էրդողանին՝ Մերձավոր Արեւելքում Սիրիա-Իրաքի հաշվին գերիշխող դիրքի հասնելու երազանքի փոխարեն հասցնում է նվազագույնը բավականին ծանրակշիռ եւս մեկ մահացու թշնամի ձեռք բերելու իրողության: Եվ առավելագույնը՝ Թուրքիայի մասնատման:

Նկատենք նաեւ, որ իր պարեկային ուժերով Աֆրինի անկլավին օժանդակելով, անկախ այն բանից, թե դա Վաշինգտոնի հետ պայմանավորված էր, թե՝  ոչ, Մոսկվան նաեւ ցույց տվեց, որ եթե ոչ դրական, ապա առնվազն չեզոքություն է ցուցաբերում Քուրդիստանի ստեղծման, այսինքն՝ Թուրքիայի հանդեպ այդ մահացու վտանգի հարցում: Միգուցե նաեւ սա էր պատճառներից մեկը, որը Թուրքիային տարավ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների միջոցով ռուսներին «ատամ ցույց տալու» ուղղությամբ:

Բայց ասել, թե նման սպառնալիքներով Թուրքիան կկարողանա ընդհանուր իրավիճակի փոփոխության հասնել, սխալ կլիներ: Նախ՝ նման զորավարժությունները այն գործիքը չեն, որ ի զորու լինեն ազդել մոսկովյան քաղաքականության վրա, առավել եւս, որ այդ հարցով Էրդողանը ատամ կրճտացնելուց այն կողմ հազիվ թե անցնի: Նկատի ունենք, որ Քուրդիստանի նկատմամբ չեզոք դիրքորոշումը Մոսկվայի կողմից Վաշինգտոնին արված մեծ զիջողություն է, այսինքն՝ դա իրոք կարող է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների հիմք լինել: Ու եթե այդպես է, ապա դա նաեւ ակնարկ է, որ ամերիկյան պլանների մեջ կա տարածաշրջանում, հենց Քուրդիստանի հետ համագործակցությունը, այսինքն՝ Թուրքիայի մասնատումը Վաշինգտոնի համար նույնիսկ ցանկալի կլիներ: Եվ Անկարան էլ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությունը չունենալու դեպքում հազիվ թե ցանկանա մինչեւ վերջ թշնամանալ Մոսկվայի հետ:

Եվ մյուս կողմից՝ Անկարան կարծես թե վերադառնում է Իրանի եւ Ռուսաստանի հետ համատեղ Աստանայի գործընթացին: Չմոռանանք Աստանայի վերջին հավաքը ձախողվեց թուրքամետ համարվող սիրիական ընդդիմության կողմից, բայց ահա այդ նույն խմբավորումները արդեն իսկ սկսել են խոսել սպասվող հերթական նիստում հնարավոր հաջողությունների մասին: Եվ եթե Թուրքիան ստիպված է նորից իրեն տեսնել այդ պայմանավորվածությունների շրջանակներում, ապա Քուրդիստանը կարող է ոչ թե պետականության, այլ Սիրիայում եւ Իրաքում ինքնավարության տեսքով ձեւավորվել: Սա էլ Անկարայի երազած տարբերակը չէ: Բայց այն խորը փոսը, որի մեջ ինքն իրեն գցել է Թուրքիան, ավելիին հասնելու հնարավորություն չի տալիս:

Ինչ վերաբերվում է Ալիեւին, ապա երբ այդ աղվեսը նորից այսքան ցուցադրաբար իրեն ռազմականապես կապում է Էրդողանի հետ, ապա դա եւս ակնարկ է, որ նույնքան խորը փակուղում էլ Բաքուն է հայտնվել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА