o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՅԻՍ` ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՅԻՍ.

28.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՅԻՍ` ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՎԱՅԻՍ.

Մինչեւ Աշխատավորների օրը` մայիսի 1-ը, մնացել է ընդամենը 3 օր: Սակայն քաղաքական ուժերից գրեթե ոչ ոք այդ օրվա մասին որեւէ հիշատակում չունի եւ որեւէ միջոցառում չի ծրագրել: Ընտրություններում պարտված կոմունիստները կարծես թե մոռացել են, որ դա իրենց ամենասիրելի տոներից մեկն է, «ընկերվարություն» դավանող ՀՅԴ-ից էլ մայիսմեկյան որեւէ ծրագիր կամ հատուկ հայտարարություն նույնպես չենք տեսնում, թեեւ դաշնակները կարծես թե պետք է գոհ լինեն, որ ոչ միայն անցել են խորհրդարան, այլեւ վերանորոգվում է իրենց կոալիցիոն համագործակցությունը ՀՀԿ-ի հետ: Իսկ ովքեր նախօրոք ծրագրել են մայիսմեկյան միջոցառումներ` դա նախընտրական դաշինքներում այդպես էլ չհայտնված երկու կուսակցություն են` ՍԴՀԿ-ն եւ «Հայազնը»: Ընդ որում, եթե առաջինը` իր իսկ անունով հանդերձ, սոցիալ-դեմոկրատ է, ապա երկրորդը` ազգայնական ուղղվածություն ունեցող, բայց ավելի շուտ արեւմտամետությանը հարող կուսակցություն է: ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
ՀՅԴ-ին, անշուշտ, իշխող կոալիցիայում հարմարավետ տեղավորվելը թերեւս ավելի շատ է հետաքրքրում, քան` սոցիալիստական իդեալները: Առավել եւս, որ ինչպես ՀՀԿ ԳՄ նիստից հետո տեղեկացրեց Էդուարդ Շարմազանովը, կոալիցիոն փաստաթղթի ստորագրման պահը բավականին մոտ է: ՀՅԴ-ն, անշուշտ, ավելի մեծ ախորժակներ ունի, քան նախորդ գումարման խորհրդարանի պարագայում, եւ դաշնակցական տրամաբանությունն այն է, որ եթե 2012-ի համեմատ` մի քիչ ավելի շատ են քվե հավաքել, ապա պետք է ունենան ավելի մեծ քվոտաներ: Սակայն ՀՀԿ-ն այս ընտրություններում ավելի լավ ցուցանիշներ ունի, քան 2012-ին, հետեւաբար տրամաբանական չի լինի, որ լծակների բաշխման ժամանակ ավելի մեծ բաժինք հատկացնի դաշնակներին: Կան նաեւ այլ հետաքրքիր հանգամանքներ եւս: Այսպես, ակնհայտ է` ինչպես Գելափի հարցումներով, այնպես էլ առանց գելափների, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ունենալու է ավելի լավ ցուցանիշ, քան ԱԺ ընտրություններին, հետեւաբար էլ ավելի բարձրացնելու է սեփական քաղաքական քաշը: Իսկ ՀՅԴ-ն, Երեւանի ընտրություններից խուսափելով, բնականաբար, անխուսափելիորեն ունենալու է վարկանիշի եւ քաղաքական քաշի նվազում: Գումարած դրան, կա եւ հետեւյալ հարցադրումը` իսկ ինչքանով հուսալի կոալիցիոն գործընկեր են դաշնակները: Այսպես, եթե դիտարկենք ՀՅԴ-ի վարքագիծը ԱԺ-ում 2016-ի դեկտեմբերին, ապա կտեսնենք, որ ՀՅԴ խմբակցությունը պետբյուջեի նախագծին այն ժամանակ տվել էր երկու ձայն, իսկ Զարուհի Փոստանջյանի ծայրահեղական նախագծին, որով առաջարկվում էր փաստացի օրինականացնել ամռանը տեղի ունեցած զինյալ հեղաշրջման փորձը` 5 քվե: Անշուշտ, այստեղ տրամաբանական չէ այն ենթադրությունը, որ ելնելով սեփական անվան մեջ «հեղափոխական» բառից, դաշնակները համակրանքով պետք է մոտենան հեղափոխական մեթոդներին` այդ կուսակցությունում, թերեւս իրականում նույնքան հեղափոխական են, որքան` սոցիալիստական, կամ հենց դաշնակցական տերմինով` «ընկերվարական»: Իսկ կոալիցիոն գործընկերության տրամաբանությունը հուշում է, որ ավելի պատշաճ կլիներ առավելագույն քվեներ տալ բյուջեին, իսկ տիկին Փոստանջյանի ծայրահեղական նախագծի օգտին ընդհանրապես ոչ մի քվե չտալ: Բայց ինչպես ցույց է տալիս իրականությունը եւ ԱԺ նիստերի արձանագրությունների չորուցամաք տողերը, ՀՅԴ-ն հակում ունի կոալիցիոն գործընկերոջ հաշվին պոպուլիստական միավորներ վաստակել: Եվ ընդհանրապես, նույն դաշնակցական գործիչներից բավականին հաճախ կարելի էր լսել դատողություններ, ըստ որոնց, իշխանության բոլոր ձեռքբերումներն իրենց բաժինն է, իսկ բացթողումների պատասխանատվությունը բացառապես ՀՀԿ-ին է հասնում: 
Հիմա այդ հանգամանքները հաշվի կառնվե՞ն` կարծում ենք, որ` այո: 
Բնականաբար, արդեն հիմիկվանից էլ կուլիսային քննարկումների, զոնդաժների եւ ինչու չէ, նաեւ PR-ի առարկա է այն հարցը, թե ովքեր կլինեն ապագա կառավարության կազմում, ովքեր կստանձնեն ԱԺ նախագահի եւ փոխնախագահների պաշտոնները: Ընդ որում, ԱԺ` ընդդիմությանը հասանելիք փոխնախագահի քվոտան ԲՀԿ-ի ներսում լարվածություն առաջացնող գործոն է, որը գումարվում է եւ մանդատ վերցնելու կամ մանդատից հրաժարվելու կնճիռին: Եվ պատահական չպետք է համարել, թե ինչու ԲՀԿ-ականները ձգտում են հնարավորինս խուսափել լրագրողների հետ շփումներից: 

​​​​​​​«Նիկո´լ, քո քաղաքական եւ անձնական շահիդ մի ծառայեցրու բանակը, անթույլատրելի է»

ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒՆԵՐ
Արդեն լրիվ զվարճանքի առարկա է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի հայցի քննությունը Սահմանադրական դատարանում: Որ ջախջախիչ պարտություն կրած ծերուկ ԼՏՊ-ի թիմը ռեալ փաստեր եւ հիմնավորումներ չունի, դա ակնհայտ է նաեւ հենց այդ թիմի համար, ու միանգամայն տրամաբանական էր ԿԸՀ Նախագահ Տիգրան Մուկուչյանի առաջարկությունը` մերժել այդ դաշինքի հայցը: Եվ հայցի քննարկումը ամբողջովին նմանվում է ֆարսի, ուր ամենահիշվող դետալներն են դարձել Լեւոն Զուրաբյանի կողմից մատ թափ տալով խոսելը եւ Տիգրան Մուկուչյանի հորդորները` խոսելու առանց մատի եւ «դուք»-ով: Ընդ որում, հետեւելով ֆարսի ժանրի կանոններին, Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ջանում է համոզել, թե Տիգրան Մուկուչյանը «բարդույթավորվում» է մատից: Իսկ ինչու են հիշվում մատի հետ կապված դրվագները, եւ մոռացվում հայցի էությունը` դրա բացատրությունն էլ պարզ է: Ռեալ փաստերից զուրկ «թղթապանակում» ինչ բովանդակություն կարելի է գտնել, որ մի բան էլ` հանրությանը դա հետաքրքրի: Պարզից էլ պարզ է, որ ՍԴ-ում խաղարկվող թատերականացված ֆարսը ՀՀ առաջին նախագահի եւ նրա թիմի կարապի երգն է, այդ մարդկանց ռեալ վերադարձ քաղաքականություն չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբեք: 
Բայց իհարկե, թատերական տարրերից զերծ չէ եւ Երեւանի ավագանու տեղերի համար պայքարող երկու ընդդիմադիր ուժերի` «Ելք» դաշինքի եւ «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական վարքագիծը: Բազում զվարճալի բաներ կարելի է գտնել ե՛ւ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ Զարուհի Փոստանջյանի վարքագծում: Առաջինը սկսել է հանդիպումների գնալ «Ելքի» թերեւս ամբողջ պատգամավորական կազմով ու նույն բանաձեւով, թե ելք կա` առանց ռեալ հիմնավորումների, քանզի դժվար թե կարելի է լուրջ ծրագրային բան համարել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե քաղաքապետ ընտրվի, ապա երթեւեկելու է հասարակական տրանսպորտով: Իսկ Զարուհի Փոստանջյանը փորձում է որոշակի փոխակերպման ենթարկել սեփական «հեղափոխական» իմիջը եւ երեւանցիներին ներկայանալ որպես «Երեւանի սիրուն աղջիկ», փոխել է սանրվածքը, հագուստի ոճը, մայրաքաղաքով շրջելիս նրան ուղեկցում են գեղեցկադեմ կանայք` իր իսկ կուսակցությունից... Բայց դե վաղուց է հայտնի, որ կարմիր (կամ նարնջագույն) կովը կաշին չի փոխում: 
Ե՛վ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ Զարուհի Փոստանջյանի` ավագանու ընտրություններին լուծվելիք իրական խնդիրները քաղաքական արեւի տակ տեղ ունենալուն են հանգում: ԱԺ ընտրություններին 3-րդ տեղը ստացած «Ելքը» փորձում է ամրապնդել իր դիրքը, կամ գոնե քաղաքական քաշի կորուստ չունենալ, քանզի հենց դրանից է կախված այդ դաշինքի ընդդիմադիր ապագան: Իսկ Զարուհի Փոստանջյանի համար ավագանու ընտրությունները շանս են` հիմք ստեղծելու հետագա ավելի լայնածավալ ընդդիմադիր գործունեության համար: Եթե նրա նորաստեղծ կուսակցությանը հաջողվի ստանալ ավելի շատ քվե, քան «Ելք» դաշինքին, ապա դա, բնականաբար, հիմք կդառնա պնդելու, թե տեսեք, Զարուհուն չթողեցին ԱԺ ընտրություններին մասնակցել, բայց, միեւնույնն է, ժողովրդից պատկառելի քվե է ստանում: Բնականաբար, ե՛ւ Նիկոլի, ե՛ւ Զարուհու պարագայում մայիսի 14-ին արձանագրվելիք քաղաքական քաշը կունենա եւ նյութական դրսեւորում` պատկերավոր ասած, «քեռի Սեմի» համակրանքի չափաբաժնի տեսքով: Իսկ այդ համակրանքը, ինչպես հայտնի է, հաճելի երանգով կանաչ գույն ունի... 
Ինչեւէ, մայիս ամիսը ոմանց համար լինելու է հաղթանակների ամիս, իսկ ոմանց համար էլ` «վայիս»: Բայց բոլոր դեպքերում, դա ռեալ ամենօրյա աշխատանքի մեկնարկն է` այդ ամսվա կեսից սկսած: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА