ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԵ ԻՆՉՈՒ ԹՐԱՄՓԸ ՈՐՈՇԵՑ ՆՄԱՆԱԿԵԼ ՕԲԱՄԱՅԻՆ

26.04.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԵ ԻՆՉՈՒ ԹՐԱՄՓԸ ՈՐՈՇԵՑ ՆՄԱՆԱԿԵԼ ՕԲԱՄԱՅԻՆ

Ինչպես եւ ենթադրել էինք ԱՄՆ հերթական նախագահը եւս Ապրիլի 24-ին նվիրված ուղերձում շրջանցեց Ցեղասպանություն տերմինը: Բայց նաեւ՝ Դոնալդ Թրամփի ուղերձը ուշագրավ մտորումների տեղիք տալիս է:ԵՎ ՆՈՐԻՑ՝ ՄԵԾ ԵՂԵՌՆ
Այսպես, իմաստային առումով Թրամփի ուղերձը ոչ մի բանով չէր տարբերվում նրա նախորդի՝ Բարաք Օբամայի Հայոց ցեղասպանությանը նվիրված ուղերձներից: Ասենք՝ միայն Մեծ եղեռն տերմինի կրկնությունը հենց դա է վկայում: Եվ այն փաստը, որ Թրամփը եւս նույն տերմինի օգնությամբ շրջանցեց Ցեղասպանությունը, ինչը ժամանակին մտահղացել էր Օբաման, արդեն իսկ հետաքրքիր է թվում: Նկատի ունենք հետեւյալը.
Հայտնի ճշմարտություն է, որ ամերիկյան նախագահները խուսափում են Ցեղասպանություն բառից բացառապես մեկ պատճառով՝ Անկարայի հետ հարաբերություններից ելնելով: Լավ թե վատ, Թուրքիան ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցն է, այդ երկրում տեղակայված են ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական ռազմաբազաները, կան հազարումի այլ կապեր: Եվ եթե ամերիկացի նախագահը հնչեցնի Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, միանգամայն իրատեսական կդառնա նաեւ ամերիկյան պետության կողմից օրենսդրորեն փաստն ընդունելը: Իսկ դա թեմային միանգամայն այլ մակարդակի հնչեղություն կտա նաեւ աշխարհի մակարդակով: Իսկ որ դրա արդյունքում Թուրքիան կհայտնվի միանգամայն աննախանձելի վիճակում, կարելի է կռահել: Ի վերջո, չմոռանանք, որ ցեղասպանություն ասվածը համարվում է վաղեմության ժամկետ չունեցող պետական մասշտաբի հանցագործություն, ընդ որում՝ հանցագործություն մարդկության նկատմամբ: Ու ինչպես ամեն մի հանցագործություն, այս մեկն առավել եւս՝ ենթադրում է վնասների փոխհատուցում: Իսկ թե ինչ ընթացք կարող է ստանալ փոխհատուցման հարցը՝ ԱՄՆ-ի կողմից ճանաչումնից հետո, կարելի է ենթադրել: Առավել եւս, եթե խոսք գնա նաեւ տարածքային փոխհատուցման մասին:
Այսինքն, ամերիկյան նախագահների խնդիրն այն չէ, որ եթե Ցեղասպանություն ասեն, Թուրքիայի հետ հարաբերությունները մինչեւ վերջ կփչանան: Ամենեւին: Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների օրինակները ցույց են տալիս, որ այդ դեպքում Անկարան պարզապես մի լավ հիստերիա է սարքում, դեսպաններին ետ կանչում ու շատ չանցած էլ այդ երկրների հետ հարաբերություններն առաջ է տանում այնպես, ասես ոչինչ էլ չի եղել: ԱՄՆ-ի պարագայում եւս Անկարան, իհարկե, մի քիչ կգոռգոռա եւ սովորականից էլ արագ կանցնի հարաբերությունների նորմալացման:
Սա, իհարկե, հասկանում են բոլորը, առավել եւս՝ ամերիկյան նախագահները, եւ եթե խնդիրը միայն թուրքական հիստերիան լիներ, հաստատ ԱՄՆ-ը նոր չէ, որ ճանաչած կլիներ Ցեղասպանությունը: Ուրեմն՝ պատճառն այն մյուսն է, թե ինչ էֆեկտ կունենա Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճանաչումը: Այսպիսով՝ ինչո՞ւ Օբաման իր նախորդների օրինակով չբավարարվեց ստանդարտ արտահայտություններով: Խոստացել էր Ցեղասպանությունը ճանաչել եւ Մեծ եղեռնի տեսքով առանձնահատուկ տարբերա՞կ գտավ: Հազիվ թե. թեկուզ հարյուր խոստում էլ տված լիներ, դա ամերիկյան քաղաքականության վրա չէր կարող ազդել: Մեծ եղեռնը, հասկանալի է, իրավական նորմ չէ: Բայց մեկ է, այն ցեղասպանության հայկական տարբերակն է, եւ հիշենք, թե Անկարան ինչքան անհանգստացավ այդ տերմինից: Իմաստն էլ ենթադրելի է. Վաշինգտոնը միշտ էլ կարող է Մեծ եղեռն ասելուց հետո անցնել ցեղասպանություն տերմինի, այսինքն՝ Օբամայի այդ արտահայտությունը Անկարան ընկալեց, որպես սպառնալիք: Ու հաշվի առնելով, թե դրանից հետո ինչ վատթարագույն վիճակի հասավ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, կարելի է վստահաբար ասել, որ Էրդողանին սպառնալու պատճառներ Օբաման ուներ:

Թրամփը պետք է ավելի մեծ համբերություն ցուցաբերի Հյուսիսային Կորեայի հետ

ԹՐԱՄՓ-ԷՐԴՈՂԱՆ 
ՍԻՐԱԽԱՂԸ ՉՍՏԱՑՎԵՑ
Ու ահա, Թրամփն է կրկնում Մեծ եղեռն արտահայտությունը:
Դա, իհարկե, հայերին չհիասթափեցրեց. պատրանքներ, որ Թրամփը կասի Հայոց ցեղասպանություն, չկային: Իսկ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով այն տեսակետն առաջ տարավ, որ Թրամփն այդ կերպ սատարեց Թուրքիայի լռեցման քաղաքականությունը. «Չկարողանալով պատշաճ ձեւով հարգել զոհերի հիշատակը Ապրիլի 24-ին, Թրամփը, փաստորեն, ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ քաղաքականությունը հանձնեց Ռեջեփ Էրդողանի՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի ձեռքը, որը հրապարակավ շանտաժի է ենթարկում ԱՄՆ նախագահներին...»:
Սակայն Թրամփի հայտարարությունից դժգոհ է նաեւ Անկարան եւ, թերեւս, ոչ անհիմն: Մեծ եղեռն արտահայտությունը, ինչպես Օբամայի օրոք, հիմա եւս կարող է արագորեն վերածվել Ցեղասպանության: Առավել եւս, որ նման մեսիջներ Անկարան ստացավ: Նախ՝ ամերիկյան 80 կոնգրեսմենների հայտնի նամակն էր լուրջ սպառնալիք, այսինքն՝ Թրամփը կարող է եւ դա ընթացքի մեջ մտցնել: Չնայած՝ նաեւ ընթացք կա. ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը Սենատի քննարկմանը բանաձեւ է ներկայացրել, որում կա Հայոց ցեղասպանություն տերմինը:
Իհարկե, ամենեւին էլ առաջ չենք տանում այն վարկածը, որ այդ կցկտուր դրվագները կվերածվեն ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչման: Բայց այս բոլոր հանգամանքները եւ հատկապես՝ Թրամփի Մեծ եղեռնը հուշում են, որ Թրամփի օրոք Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը գոնե այս պահին նույնն է, ինչ Օբամայի ժամանակներում: Եվ Թրամփն էլ ճանաչման մահակը պահում է Անկարայի գլխին կախված:
Այսպիսով՝ Անկարայի պատկերացումները, թե Վաշինգտոնի հետ խնդիրները պայմանավորված են Օբամայի քաղաքականությամբ եւ որ Թրամփի օրոք վիճակը կփոխվի, կարծես թե չեն արդարացել: Իհարկե, որոշակի դրական մեսիջներ Էրդողանը Թրամփից ստացավ: Այդ թվում, հիշեցնենք, Թրամփը մեծ տերությունների լիդերներից առաջինը հանդիպեց Բրիտանիայի վարչապետի հետ, եւ Վաշինգտոնից վերադառնալիս՝ վերջինիս այցը Անկարա վերլուծական գնահատականներ էր առաջ բերել, որ Թրամփը փորձում է Լոնդոնի միջոցով Էրդողանին պահել Մերձավոր Արեւելքի մեծ խաղի մեջ: Դրա օգտին էր խոսում նաեւ փաստը, որ Էրդողանն առաջիններից մեկն էր, որ ողջունեց ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծումը, իսկ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն այդ՝ սիրիական քիմիական զենքի պատմության պատճառաբանմամբ մինչեւ իսկ չեղյալ համարեց նախատեսված այցը Մոսկվա: Բայց այն բանից հետո, երբ վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց կառավարության լուծարման մասին, ակնհայտ դարձավ, որ եթե անգամ կար Վաշինգտոն-Լոնդոն-Անկարա ինչ-որ նախնական ծրագրեր, դրանք այս պահին ակտուալ չեն: Կամ գոնե, որ Մեյը դա համարում էր այն աստիճան, ասենք, ռիսկային, որ նախընտրեց պաշտոնից հեռանալու գնով խուսափել դրանից:
Իսկ Էրդողանի համար ամերիկյան ուղեծիրը հրապուրիչ կլինի միայն այն դեպքում, երբ Վաշինգտոնը ձեռք քաշի սիրիական եւ իրաքյան քրդերից: Մինչդեռ փաստն այն է, որ այս պահին էլ քրդերն ակտիվ ռազմական համագործակցության մեջ են ամերիկացիների հետ եւ պատրաստվում են Իրաքում անկախ պետության հռչակման: Ու փաստը, որ Թուրքիան վերսկսել է օդային հարվածներ հասցնել իրաքյան քրդերին, հուշում է, որ առնվազն այս առանցքային թեմայի շուրջ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ նույնքան սուր են, որքան Օբամայի օրոք:
Եվ, վերջապես, հայտնի դարձավ նաեւ, որ պետքարտուղար Թիլերսոնը Մոսկվա կատարած այցի ժամանակ խնդրել է՝ վերականգնել Սիրիայի երկնքում ռուս-ամերիկյան համագործակցությունը, որը Կրեմլը չեղյալ էր համարել սիրիական հրթիռակոծությունից հետո: ՌԴ-ն միայն օրերս հայտարարեց, որ համագործակցությունը կվերսկսվի, ինչը հազիվ թե լիներ, եթե չստացվեին հավաստիացումներ, որ հրթիռակոծությունները չեն կրկնվի: Չնայած՝ ԱՄՆ-ն այս օրերին այնքան է խորացել Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության մեջ, այն քանակի զինուժ է կենտրոնացրել այդ ուղղությամբ, որ հազիվ թե մտածի Սիրիային նոր հարվածներ հասցնելու մասին:
Եթե ավելացնենք նաեւ, որ այս օրերին սիրիական ուժերը, հասկանալի է՝ ռուսների օժանդակությամբ, բավականին ակտիվ եւ հաջող հարձակողական մարտեր են մղում ու միաժամանակ նախապատրաստվում էլ ավելի մասշտաբային օպերացիաների, այդ թվում՝ ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքքայի ուղղությամբ, ապա դա եւս ազդակ է, որ ԱՄՆ-ի հետ նոր հակասությունների, առավել եւս՝ բախումների հավանականությունը շատ փոքր է գնահատվում: 
Ու այս ամենը հուշում է, որ Մերձավոր Արեւելքի ուղղությամբ ռազմաքաղաքական մթնոլորտն աստիճանաբար վերադառնում է այն իրավիճակին, որը կար մինչ ամերիկյան հրթիռակոծությունը: Եվ չմոռանանք, որ հենց այդ իրավիճակն էր պարտադրել Էրդողանին՝ գնալ ՌԴ-ի եւ Իրանի հետ խորացված համագործակցության, ու կարելի է ենթադրել, որ հենց այդ կուրսին էլ կվերադառնա Անկարան: Առավել եւս, որ Եվրոպայի հետ հակամարտությունը եւս աննախադեպ մասշտաբների է հասել, ինչը եւս Էրդողանին այլ լուծումներ չի թողնում:
Այսպիսով, կարծես թե Էրդողանին իրոք այդպես էլ դեռ չի հաջողվում Թրամփի հետ սիրախաղ սկսել: Ու եթե հարաբերություններն էլ մնում են մոտավորապես այն մակարդակի, ինչ Օբամայի ժամանակներում, Թրամփն էլ, տրամաբանական է նաեւ Ցեղասպանության հարցում պետք է կրկնօրինակեր իր նախորդին: Բայց սա մեզ համար լավ է այնքանով, որ իրավիճակը կարող է եւ գնալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ, եւ այդ  դեպքում արդեն Վաշինգտոնը, միգուցե, որոշի նաեւ Ցեղասպանության մահակը գործադրել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Թրամփը զրուցել է Հաֆթարի հետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА