ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԵՑՑԵ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ  ԴԱՏԱՐԱՆԸ», ԿԱՄ...

26.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԿԵՑՑԵ ԱՄԵՆԱԱՐԴԱՐ  ԴԱՏԱՐԱՆԸ», ԿԱՄ...

Ճիշտ են ասում, որ պատմությունը կրկնվում է երկու անգամ, առաջին անգամ` որպես ողբերգություն, երկրորդ անգամ` որպես ֆարս: Հանրահայտպատմական փաստ է, թե ինչ դեր է ունեցել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակը 1915-ի Ցեղասպանությունը կազմակերպելու հարցում: Եվ ահա 102 տարի անց այդ օթյակի ղեկավար Քրիստոֆ Հաբբասը գալիս է Հայաստան` Ծիծեռնակաբերդ բարձրանալու եւ մեր երկրում օթյակի մասնաճյուղ բացելու: Ինչ վերաբերում է 1915-ին, ըստ օթյակի մեծ վարպետի. «Թալեաթ փաշան մարդասպան էր, փաստը, որ նա ֆրանկոմասոն էր, չի նշանակում, թե բոլոր ֆրանկոմասոններն այդպիսին են: Բոլոր նրանք, ովքեր չեն հարգում մեր դավանած արժեքները, հեռացվում են օթյակից»: ԶՐՈ ՓԱՍՏ, 
ՄԵԾ-ՄԵԾ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ժամանակին ոչ ոք չէր հավատա այն պնդմանը, թե ոմանք «հեռացվում են օթյակից», քանզի այդտեղից հեռանալու ընդամենը մեկ ճանապարհ կար` դեպի անդրաշխարհ: Եվ ժամանակին ոչ ոք բացեիբաց հանդես չէր գա` որպես օթյակի առաջնորդ: Իսկ այսօր օթյակի ղեկավարը արտաքնապես էլ բոլորովին նման չէ աշխարհ կառավարող «գաղտնի կառույցի» առաջնորդի... 
Իսկ բախտի բերմամբ, թե պատահմամբ, այնպես է ստացվել, որ երկրիս Սահմանադրական դատարանը քննում է այն մարդու հայցը, ում անունը արդեն քառորդ դարից ավելի է, ինչ տարբեր հրապարակումներում կապվում է մասոնության հետ: Խոսքը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի փաստաբան Տիգրան Եգորյանը այնքան երկար թվարկեց ԶԼՄ-ների եւ տարատեսակ ՀԿ-ների ահազանգերը, որ ՍԴ նախագահող Գագիկ Հարությունյանի «աչքը կպավ»: Հետաքրքրականն այն է, որ ԱԺ ընտրություններին մասնակցած եւ այժմ դրանց արդյունքները վիճարկող թիմը բարձր դատարանին չունի ներկայացնելու գեթ մեկ սեփական փաստ: Ամենը բաղկացած է ԶԼՄ հրապարակումներից, տարբեր ՀԿ-ների հաղորդումներից, ասեկոսեներից ու, այսպես կոչված, «վերլուծություններից»: Ահա հետաքրքիր համառոտ երկխոսություն: 
ԿԸՀ նախագահը նաեւ հարցրեց. «Ձեր ելույթի ժամանակ խոսելով ընտրակեղծիքների մասին` մեջբերում էիք կայքերին, լրատվամիջոցներին, ասեկոսեներին: Դաշինքը, որին ներկայացնում եք, դիմում, հաղորդում ներկայացրե՞լ է իրավապահ մարմիններին»: Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով` ոչ: Ու այդպես շարունակ` վստահված անձի ոչ մի դիմում, ոչ մի հաղորդում իրավապահներին խախտման արձանագրության ոչ մի դեպք: Իսկ Լեւոն Զուրաբյանի պատմածը, այն էլ` Մուկուչյանի վրա մատ թափ տալով, այն էր, թե ինչպես էին հետեւում տեղամասերից ուղիղ հեռարձակումներին, եւ ինչ վատ էր, որ ընտրատարածքային շտաբներում հեռարձակում դիտելու հնարավորություն չկար, եւ դա կար միայն կենտրոնական գրասենյակում... 
Դե ինչ ասես, այս ամենը դժվար է որակել այլ կերպ, քան` խեղկատակություն: Եվ այդ խեղկատակությամբ երկրի առաջին նախագահի կարգավիճակ ունեցողը ու նրա թիմը ծանրաբեռնում են երկրի բարձրագույն դատական մարմնին` Սահմանադրական դատարանին: Անշուշտ, իրենք էլ քաջ գիտակցում են, որ արածը խեղկատակություն է, քաղաքական տեսանկյունից` ինքնասպանության բնույթ ունեցող խեղկատակություն, եւ դա անում են, ընդամենը ձգտելով, մինչ տեղի է ունենում դատաքննությունը, ուշացնել նորընտիր Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկը: Թե ում պատվերով է դա արվում, եւ ինչ են ստանում այն բանի դիմաց, որ ամենածիծաղաշարժ ձեւով քաղաքական ինքնասպանություն են գործում` թերեւս միակ հարցն է, որը հետաքրքիր է այս ամբողջ պատմության մեջ: 

«Տղա ջան, ես խղճում եմ քեզ». Դավիթ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին

ԻՍԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ
Դժբախտագույն Լեւոն Զուրաբյանը նաեւ ամպագոռգոռ հայտարարություն արեց, թե Երեւանի ավագանու ապագա կազմն արդեն կանխավ գծած, պրծած է: Սակայն հետաքրքիր է ոչ թե քաղաքական անհաջողակների տեսակետը, այլ` իրական պատկերը:
Իսկ իրական պատկերն այնպիսին է, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ավելի բարձր տոկոս է վաստակելու, քան ԱԺ ընտրություններին: Դա փաստում է նաեւ Գելափի հարցումը, սակայն առանց գելափների էլ, այդ պատկերը բավականին պարզ երեւում է: Եթե սոցցանցերում Տարոն Մարգարյանի տեսահոլովակներին, նրա նախընտրական հանդիպումների մասին պատմող նյութերին սկսել են հավանություն տալ մարդիկ, ովքեր ավանդաբար քննադատում էին ՀՀԿ-ին, ապա պարզ է դառնում, որ ավելի գերադասելի են համարում չսիրած իշխող ուժին, քան տարատեսակ քաղաքական ծիպլիծատուրներին: 
Իսկ ընտրարշավի ընդդիմադիր մասնակիցների վարքագծում ծիպլիծատուրության տարրերը բավականին շատ են: Զորօրինակ, «Ելքի» տեսահոլովակում ամբողջ թիմի` հերթով բաղաձայն երգելը բազում կատակների տեղիք է տալիս, անգամ մարդիկ կատակում են` «ձեզ ձայն կտանք, միայն թե այլեւս չերգեք»: Դե, իսկ որ ԱԺ ընտրություններից հայտնի «տանիքներով թռչկոտելուն» ավելացավ նաեւ ոչ միայն բակերում, այլեւ հասարակական տրանսպորտում մտնել երգելը` նույնքան բաղաձայն, դա երեւի թե Նիկոլ Փաշինյանի քաղաքագիտական հայտնագործությունն է: 
Իսկ հիմա էլ դրան ավելացավ սկանդալը: Նախ` «Ելք» դաշինքի առաջնորդը այնքան է դիվադադար անում ոստիկանությանը այս կամ այն` իրեն դուր չեկած երեւանցու առնչությամբ, որ դա կատակների առարկա է դարձել: Իսկ թե մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, ինչպիսի վերաբերմունք է այդպիսի գործելակերպի հանդեպ, կարծում ենք, մեկնաբանելն ավելորդ է: 
Սակայն ամենասկանդալայինը համացանցում տեսահոլովակի հայտնությունն է, ուր ակնհայտ գոմիկական տեսք ունեցողները բարակ ձայնով ճչում են` «Ելք կա»: Սեւ PR է` անշուշտ, բայց արդյո՞ք այդ ծուխն ամբողջովին առանց կրակի է: Չէ՞ որ «Ելքը», այսպես ասած, եվրոպական ուղի է դավանում: Իսկ եվրոպական ուղին ենթադրում է բավականին ստանդարտ փաթեթ` աղանդավորների պաշտպանություն, սեռական փոքրամասնությունների լոբբինգ, ֆեմինիզմ: Համենայնդեպս, այդ պատմությունը կարող է փակվել միայն հստակ պատասխանով` քաղաքապետ ընտրվելու դեպքում պարոն Փաշինյանը մայրաքաղաքում կթույլատրի՞, թե` կարգելի գեյ-շքերթները: 
Բայց, անշուշտ, ծիպլիծատուրական դրսեւորումները տեսնում եք նաեւ Զարուհի Փոստանջյանի մոտ: Զորօրինակ, շատ տարօրինակ էր նրանից լսել, որ ապրիլի 24-ին նրան դուր չի գալիս հնչող տխուր երաժշտությունը... Դե, նորանոր բլթոցներ մինչեւ մայիսի 14-ը հաստատ էլի կլսենք: Այնպես որ, շատ ուրախ ընտրություններ են լինելու... 
Իսկ եթե անցնենք այդ ուրախ ընտրությունների լուրջ քաղաքական հետեւանքներին` ապա առաջինը, անշուշտ, ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդումն է: Իսկ երկրորդը կարող է լինել լրիվ սյուրպրիզային: Օրինակ, «Ելք» խորհրդարանական խմբակցության դիրքերին շատ ծանր հարված կլինի, եթե ավագանու ընտրություններում «Ելքը» պարտվի Զարուհի Փոստանջյանին: Իսկ ընտրություններից խուսափածների համար հետեւանքները լինելու են էլ ավելի լուրջ եւ դրամատիկ: 
Այսպես, Ծառուկյան դաշինքի կողմից ավագանու ընտրություններին չմասնակցելը անխուսափելիորեն բերելու է այդ դաշինքի, իսկ ավելի ստույգ` դրա հիմք ԲՀԿ-ի ազդեցության անշեղ թուլացման: Մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ, արդեն թերեւս հարցականի տակ կլինի այդ ուժի` երկրորդ տեղը գրավելու հեռանկարը: Հիմա էլ այդ թիմի ներսում մանդատ վերցնելու կամ դրանից կամավոր-պարտադիր հրաժարվելու թեման թիմը ներսից պայթեցնող հանգամանք կարող է դառնալ: Իսկ ժամանակին թիմի առաջնորդը իրեն համարում էր գրեթե երկրի նախագահին հավասար մարդ, որը եթե ցանկանա, հեղափոխություն էլ կանի: Դե, Դաշնակցության մասին չենք էլ խոսում: Նրանց հավերժական բաժինքը 5 ու մի քիչ տոկոսն է, որով ապահովվում է մշտական կոալիցիոն հավելվածի կարգավիճակը: Երեւի թե, եթե այդ կուսակցությունը, ինչպես ժամանակին ասաց Գալուստ Սահակյանը, «ազգային արժեք» չլիներ, ապա, միգուցե, այդպիսի հոգատարության առարկա չէր լինի: 
Դե ինչ, մինչ մայիսի կեսերը դեռ կլինեն քաղաքական տեսարաններ` ուրախ, տխուր եւ զավեշտալի, իսկ մայիսին վերջապես սկսվելու է աշխատանքը: Հասարակ օրենսդիր աշխատանքը, ու նաեւ պարզ կլինի, թե ինչ թիմով իր գործադիր աշխատանքը կշարունակի վարչապետ Կարեն Կարապետյանը: Դե, իսկ մայրաքաղաքի թիմը մոտավորապես արդեն պարզ է: 

«Կեցցե՛ Հայաստան». տեղի ունեցավ ակցիա` հեղափոխությամբ խոստացված բարեփոխումներն անելու պահանջով (տեսանյութ)


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА