ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ

25.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՃԱՆԱՉՈՒՄԻՑ` ՀԱՏՈՒՑՈՒՄ

 Անկախ պետականության 25 տարիները բարեբեր ազդեցություն են թողել ոչ միայն հայրենաբնակ, այլեւ Սփյուռքի մեր հայրենակիցների վրա: Կարծես թե, անցյալ է դառնում այնպիսի նոնսենսը, ինչպիսին է ապրիլի 24-ը օրացույցերում «ազգային սգատոն» պիտակելը: Համենայնդեպս, ավանդական ջահերթի ընթացքում հիմնականում վանկարկում էին ոչ թե «ճանաչում», այլ` «հատուցում»: Մտածողության անհրաժեշտ տեղաշարժը, կարծես թե, տեղի է ունենում: 
ՊԱՊԵՐԻ ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾԸ 
ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Այնպես եղավ, որ հենց ապրիլի 24-ին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը Ստրասբուրգից դրական լուր հաղորդեց. «Գարնանային նստաշրջանի մեկնարկը հաճելի չէր Հայաստանում տխրահռչակ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի համար: ԵԽԽՎ պատվիրակների մեծ մասը պահանջում է քննել նախագահի վարքը եւ ինքնագլուխ որոշումները: Նա քննադատվում է նույնիսկ իրեն առաջադրած ԵԺԿ քաղաքական խմբի կողմից: ԵԺԿ առաջարկով եւ վեհաժողովի պնդմամբ` հարցի քննարկման համար վաղը կազմակերպվելու են լսումներ»: Ավելին, պարզվում է, որ ադրբեջանական խավիարի սույն սիրահարը պարզապես փախավ, երբ ԵԺԿ-ի նրա կուսակիցները հրաժարականի հարց բարձրացրին: 
Անշուշտ, այն, ինչ տեղի է ունենում Ստրասբուրգում, բացի գործնականից, ունի եւ խորհրդանշական նշանակություն: Դա կարծես թե հուշում է, որ որեւէ հետեւողական ջանք առանց արդյունքի չի մնում: Իսկ թե ինչ ուղղություն է վերցնում պաշտոնական Երեւանը Բաքվի ավագ եղբայր եւ հովանավոր Անկարայի նկատմամբ` կարելի է դատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 24-ի ուղերձից: Երկրի ղեկավարը միանգամից շեշտեց, որ կրկնակի ջանքեր գործադրելու պարտավորություն ունենք. «Հայության նյութական, մշակութային եւ քաղաքական կորուստներն անչափելի են, բայց ամենամեծ կորուստը մարդիկ են, որոնք կրողն էին հինավուրց, հարուստ եւ ինքնատիպ քաղաքակրթության:
Մեր` ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլեւ ապրել, աշխատել ու պայքարել կրկնակի ավյունով` նաեւ նրանց փոխարեն: Ապրել, աշխատել ու պայքարել կենսահաստատ աշխարհայացքով` հավատալով բարուն, մարդկայնությանը եւ արդարությանը»: 
Սերժ Սարգսյանը նաեւ ավելորդ չհամարեց արձանագրել, որ մենք հաղթող սերունդ ենք. «1915 թվականի այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում եւ գիտենք, որ հաղթել ենք մահին: Արցախյան հերոսամարտը վկայությունն է եւ ապացույցը, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլեւս երբեք թույլ չենք տալու: Հայ ժողովրդի վերածնունդն իրականություն է, եւ այն իրականություն դարձավ վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ: Հայոց պետականության վերականգնումը հայրենի հողի վրա իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ, հայ մշակույթի եւ գիտության վերազարթոնքն իրականություն դարձավ այդ զավակների շնորհիվ»:Իսկ արդյո՞ք այդքան հնարավորություն եւ ներուժ ունենք, որպեսզի իրականացնենք ե՛ւ մեր բաժինը, ե՛ւ պապերի կիսատ թողածը: Երկրի ղեկավարը դրական է պատասխանում այդ հարցին եւ բացատրում, թե ինչու. «Այս ընթացքում մենք աշխարհին պարգեւեցինք ստեղծագործ մտքի հանճարների մի ամբողջ աստղաբույլ: Նաեւ մեծանուն հայերի միջոցով աշխարհը տեղեկացավ, թե ինչ է կատարվել մեզ հետ եւ իմացավ, որ նրանք զավակներն են բնաջնջման եզրին հայտնված ազգի: Ես այս ամենը թվարկում եմ ընդգծելու համար մեր ժողովրդի հսկայական կենսական ու ստեղծագործ ներուժը եւ իմ անսասան հավատը մեր հնարավորությունների եւ վաղվա օրվա հանդեպ: Այո՛, 1915-ին մենք հայտնվեցինք դժոխքում, բայց եթե դեպի կյանք վերադառնալու ճանապարհին մենք մեր մեջ ուժ ենք գտել նման մեծագործությունների, ապա անկախ պետականության պայմաններում` 21-րդ դարում ի զորու կլինենք անելու ավելին»: 
Փաստորեն, եթե հիմնական խնդիրը մինչ այժմ եղել է հնարավորինս լայն միջազգային ճանաչում ապահովելը, ապա դրանով արդեն բավարարվել չի կարելի, եւ կան նոր, առավել ընդգրկուն անելիքներ: 

Անտուն ու անփող. քանի՞ պատգամավոր է դիմել բյուջեից բնակարանի վարձի փոխհատուցում ստանալու համար.«Հրապարակ»

ՎԵՐԱԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ 
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ ՊԱՀԸ 
ՀՀ նախագահը հատուկ շեշտեց. «Հիշենք, որ այս ամենամյա երթը երթն է վերածնված ժողովրդի, որ չի մոռացել, թե ինչ է թողել ետեւում, բայց վստահությամբ նայում է առաջ»: Իսկ թե այդ «առաջը» ինչ է իրենից ներկայացնում` անշուշտ կան տարբեր տեսակետներ եւ մոտեցումներ, ու դեռ պետք է մշակվի ռազմավարությունն ու մարտավարությունը: 
Ճանաչման փուլի աշխատանքի առյուծի բաժինն արված է: Կարեւոր տերություններից մնացել է դեռ ԱՄՆ-ի կողմից ճանաչման հասնելը: Անշուշտ, հարմար պահը կգա, երբ այդ խնդիրը նույնպես կլուծվի, առավել եւս, որ գրեթե չեն մնացել նահանգներ, որ առանձին-առանձին ճանաչած չլինեն: Ինչ վերաբերում է Թուրքիայի ճանաչմանը, ապա այսօրվա պայմաններում, բացի կեղծավոր ափսոսանքից, այլ բան այդ ցեղասպան պետական գոյացությունից չի կարող հնչել, ինչն արդեն տեւական ժամանակ է, որ ապացուցվում է «նոր սուլթան» Էրդողանի կողմից: Թուրքիան ճանաչման կգնա միայն պարտված վիճակում: Հատուցման խնդիրը, բնականաբար, պետք է դրվի հիմիկվանից, թեեւ այս պահին առայժմ իրագործելի է երեւում թերեւս միայն դրա նյութական բաղադրիչը: Իսկ Թուրքիայի պարտությանը հասնելը, բնականաբար, պետք է լինի մեր ռազմավարական նպատակը` ինչքան էլ դա ժամանակ պահանջի: 
Անշուշտ,  ճանաչման գերխնդրից կառչողներ դեռ երկար կլինեն, քանզի դա հեշտ է: Բայց, խոշոր հաշվով, դեռ 19-րդ դարի վերջում բոլոր ապագա ճանաչումների իրողությունը ամփոփել էր լորդ Գլադստոնը, իր հռչակավոր բանաձեւով. «Ծառայել Հայաստանին, նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»: Սակայն, ինչպես ցույց տվեց առավել քան մեկ դարի փորձը, ոչ ոք չի շտապում սեփական նպատակները թողած` ծառայել քաղաքակրթությանը, ուստի դա մնում է մեր ազգի առաքելությունն ու մենաշնորհը: 
Սակայն մինչ ռազմավարության ու մարտավարության մշակումը, պատասխանի կարիք ունեն առավել քան մեկ  դարի ընթացքում կուտակված հարցականները: 
Ինչպիսի՞ դասեր պետք է քաղենք 1915-ի աղետից: Թվում է,  կարծես թե, դասերը ամբողջովին ձեւակերպել են այնպիսի մեծն մտածողները, ինչպիսիք են Շահան Նաթալին եւ Գարեգին Նժդեհը: Բայց, ցավոք, մինչեւ հիմա ունենք դրսի ուժերի սպասարկուներ, կա՛մ պարզապես տհասներ, ովքեր փորձում են ամեն կերպ կամ Նժդեհին ու առավել եւս, Նաթալիին հռչակել ֆաշիստական գաղափարախոսության կրողներ, կա՛մ առնվազն նրանց մղել ետին պլան` փորձելով անժամանցելի գաղափարական ժառանգությունը ներկայացնել որպես «ժամանակավրեպ»: Բայց արդյո՞ք Թուրքիայի նորագույն վայրագությունները Մերձավոր Արեւելքում չեն վկայում, որ թուրքի բնույթը գերազանցորեն է ներկայացված Նաթալիի եւ Նժդեհի կողմից, ու մազաչափ իսկ փոփոխության չի ենթարկվել: Թե՞ ոմանց համար ավելի կարեւոր է լիբերալ գլոբալիստների ստեղծած հակագիտական տեսությունը, իբր վատ ազգեր չեն լինում... Բայց մի կարեւոր հարց օդում մնում է` այդ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ հիմնարար գաղափարական ժառանգությունը չի դարձել դպրոցական ծրագրի մի մաս: 
Ինչեւէ, 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաները, այդ թվում եւ համացանցն ու սոցիալական ցանցերը ունեն այն առավելությունը, որ արագորեն բացահայտվում են «յան» ազգանունով տարատեսակ դեգեներատիվ տարրերը` ե՛ւ նրանք, ում արյան կանչը ընդվզեց եւ վիրավորվեց  թուրքական դրոշ վառելու արարողությունից, ե՛ւ նրանք, ովքեր լեղաճաք եղան, թե չի կարելի «Ազգ-բանակ» համաժողովի ցուցահանդեսի շրջանակներում երեխաներին համազգեստ հագցնել եւ բերել խաղալու զենքի ու ռազմական տեխնիկայի հետ, որ չի կարելի ռազմատենչ սերունդ դաստիարակել, որ չի կարելի դպրոցականներին ներարկել ատելություն թուրքի նկատմամբ... 21-րդ դարի առանձնահատկությունն այն է, որ անգամ ապրիլի 24-ին այդպիսիները հրապարակավ արտահայտվում էին Ֆեյսբուքում, անգամ ցինիկ կատակներ հնչեցնում օրվա խորհրդի շուրջ, անգամ դեռ իսպառ չեն վերացել բլեյանական մնացուկները, որ ասում են, թե Ցեղասպանությունը «թուրքերին դավաճանելու» հետեւանքն է:
Անշուշտ, հակահայկական եւ հակապետական մտածողություն կրողներին բացահայտելը կարեւոր գործ է, բայց ընդամենը ընդհանուր խնդրի մի փոքր դրվագ է: Իսկ պատասխան պահանջող հարցականները կան, եւ մեր փոխարեն ոչ ոք այդ պատասխանները չի գտնի: 
Զորօրինակ, ինչպե՞ս եղավ, որ 1909-ի Ադանայի ջարդերը` որպես ահարկու ահազանգ, չընկալվեցին,  եւ երիտթուրքերի հետ նույն հարաբերությունները շարունակվեցին: Հաջորդը` ամենացավոտը. ինչպե՞ս եղավ, որ 1915-ին ինքնապաշտպանության դիմեցին ընդամենը մի քանի քաղաքներ, եւ դա այն դեպքում, որ օսմանյան կայսրության բնակչության մեկ քառորդը հայեր էին, իսկ կայսրության ռեսուրսների թերեւս մինչեւ 40 տոկոսը հայերի հսկողության տակ էր: Կան նաեւ Առաջին հանրապետության ժամանակաշրջանին վերաբերող հարցեր` ինչո՞ւ հանկարծ Սարդարապատի հաղթանակից մի քանի օր անց հանկարծ կնքվեց Բաթումի ստորացուցիչ «բարեկամության եւ եղբայրության» պայմանագիրը, պարտված եւ փախուստի դիմած թուրքերի հետ, ինչո՞ւ ընդհանրապես այդ հաղթանակից հետո կանգնեցվեց հայկական զորքերի առաջխաղացումը: Եվ ինչո՞ւ Ցեղասպանությունից անմիջապես հետո այնքան «դեմոկրատ» գտնվեցինք, որ անգամ թուրք պատգամավորներ ունեինք խորհրդարանում, իսկ թուրքերի դեմ չկռվելու քարոզչություն իրականացնողների հանդեպ 1919-1920 թվականներին այդքան բարեհոգություն եւ հանդուրժողականություն դրսեւորվեց: Եվ վերջապես, նաեւ որո՞նք էին Առաջին հանրապետության այն ֆունդամենտալ սխալները, որոնք հանգեցրեցին պետականության անկմանը: 
Իհարկե, 21-րդ դարի հայացքով վերագնահատման շատ բաներ կան, նաեւ նորանոր անելիքների անմշակ խոպան: Սակայն ամենաերկար ճանապարհը միշտ սկսվում է առաջին քայլից: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Փոխհատուցում կստանան այն անձինք, որոնք 2008-ի մարտի 1-ից հետո հաշվառվել են որպես մարմնական վնասվածք ստացածներ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА