ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈԳԼԱՆԴԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆԵՑ ԼԱՎՐՈՎԻ ԱՍԱԾԸ

29.03.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՈԳԼԱՆԴԸ, ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆԵՑ ԼԱՎՐՈՎԻ ԱՍԱԾԸ

Այն, որ ղարաբաղյան գործընթացի շուրջ գերակտիվ մթնոլորտ է ձեւավորվում, նկատելի էր դեռ այս տարեսկզբից: Չթվարկենք այդ մասին ակնարկող դրվագները, դրանք ներկայացնելու առիթներ ունեցել ենք: Նշենք միայն, որ նման դրվագ էլ դարձավ Մինսկի խմբի ¥ՄԽ¤ այս վերջին տարածաշրջանային այցը:ԻՆՉՊԵՍ ՀԱՍԿԱՆԱԼ ՄԽ-Ի 
ԱՅՍ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ
Հայտարարությունները, որ նախօրեին հնչեցրեց Բաքվից Երեւան ժամանած եւ Ստեփանակերտ մեկնել պատրաստվող ՄԽ-ն, ավելի կոնկրետ՝ ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ինչ խոսք, լուրջ մտորումների տեղիք տալիս են: Թեեւ, եթե խորը նայենք, դրանցում նոր բան չկար: Այսպես, թերեւս Հոգլանդի հիմնական հայտարարությունը կարելի է համարել հետեւյալը. «Այն, որ դուք անվանում եք «Լավրովյան պլան», դիվանագիտորեն, թույլ տվեք ասել, որ մենք  այդ արտահայտությունը չենք շրջանառում: Կա պլան, որը շատ համընդգրկուն է՝ երեք մասերից բաղկացած: Հիմա  տեղին չէ, որ մանրամասներ ներկայացնեմ, քանի որ կողմերը պետք  է առանձին հարցերի շուրջ աշխատեն... Կա պլան , բայց չի նշանակում, որ կա համաձայնություն այդ պլանի շուրջ... Դիվանագիտության խնդիրն  էլ հենց այն է, որ  ձեւավորեն պայմաններ, որ լինեն  բանակցություններ այն հարցերի շուրջ, որտեղ կան անհամաձայնություններ...»: Ասում ենք՝ նոր բան չկար, քանի որ կարելի է հիշել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդամենը 20 օր առաջ ասածը՝ «Հաջողվել է մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի հետ կապված ընդհանուր գաղափարներ... Հարցերի մեծ մասի հետ կապված մենք ունենք համաձայնեցվածություն: Սակայն երկու-երեք կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռ քննարկվում են...»:
Կարճ ասած, Հոգլանդը, ըստ էության, նույն բանն է ասում, ինչ Լավրովը. կա հակամարտության կարգավորման ինչ-որ ծրագիր, այն հիմնականում համաձայնեցված է, բայց որոշ առանցքային դրույթներ դեռ պետք է համաձայնեցնել: Բայց նաեւ հետեւյալը նկատենք. տարեսկզբից թեման մոտավորապես այս ուղղվածությամբ նախ շահագրգիռ երկրների ԱԳ նախարարների տարբեր հանդիպումներում քննարկումների փուլ անցավ: Այնուհետեւ, քննարկումներ ծավալվեցին նաեւ նախագահական մակարդակով: Եվ ահա նույն ուղղությամբ գործում է ՄԽ-ն: 
Ուստիեւ՝ այն տպավորությունն է, որ ԱԳ նախարարների եւ նախագահների այն քննարկումներում եղել են որոշակի ընդհանրական պայմանավորվածություններ, որոնց հիմքի վրա ՄԽ-ն անցել է արդեն դրանց դետալների հստակեցմանը:
Ուրեմն, ի՞նչ ծրագիր է դրված բանակցային սեղանին: Հոգլանդն այն այս կերպ է նկարագրում. «Այն, ինչ այժմ սեղանին է գտնվում, տարբեր պլանների հղկված, փայլեցված տարբերակն է: Դա արդյոք կրկնօրինա՞կն է նախկին պլաններից մեկի, ո՛չ: Սա նոր ուղիներ, նոր լուծումներ է դիտարկում, որը կարող է հակամարտության բոլոր կողմերի համար լինել ընդունելի»: Այն տպավորությունն է, որ ծրագրում շատ բան վերցված է «Մադրիդյան սկզբունքներից», ու թեեւ դրան տրված են նոր մոտեցումներ, սակայն հիմքը՝ ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության մեխանիզմները պահպանված են: Հիշատակված հայտարարության մեջ այդ մասին խոսել էր նաեւ Լավրովը: Գումարած դրան, առանց այդ երկու սկզբունքների, չկա որեւէ այլ տարբերակ, որը կտա «հակամարտության բոլոր կողմերի համար լինել ընդունելի» կամ այլ ձեւով՝ հակամարտության կողմերի համար հավասարաչափ անընդունելի լուծում:

Փոմփեոն մեկնաբանել է Լավրովի հետ բանակցությունները

ՌԴ-ԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է 
ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ
Ինչեւէ, սպասենք, մինչեւ Հոգլանդի ասած` եռամաս ծրագրի այլ դետալներ եւս ի հայտ կգան: Մինչ այդ փորձենք այլ հարցից գլուխ հանել. որքանո՞վ է ՄԽ-ն, ավելի կոնկրետ՝ համանախագահող երկրներն ու հատկապես՝ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը վճռական տրամադրված՝ ծրագիրը մինչեւ վերջ տանելու հարցում:
Նախ նկատենք հետեւյալը, որը, կարծում ենք, շատ կարեւոր է: Առաջարկվող ծրագիրը կոչվում է «Լավրովի պլա՞ն», «Մադրիդյան սկզբունքնե՞ր», թե մի ուրիշ բան, արդեն բացարձակապես կարեւոր չէ: Հոգլանդը հետեւյալն է ասում. «Սա պլան է, որին աջակցում են համանախագահները ու ԵԱՀԿ-ն»: Այսինքն, անկախ առաջարկվող կարգավորման սխեմայի «հեղինակային իրավունքից», դրան միաժամանակ կողմ է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, եւ վերջինիս չտարանջատելով, նաեւ՝ Եվրոպան: Արդյունքում, կարելի է ասել, որ ղարաբաղյան գործընթացը վերածվել է մեր օրերում մի այնպիսի բացառիկ համաշխարհային հարթակի, որտեղ բազում այլ հարցերով սուր հակամարտության մեջ գտնվող թվարկված կողմերը նույն բանի մասին են խոսում: Եվ դա, նկատի ունենք՝ համատեղ գործունեության հաջողված օրինակ ունենալու ձգտումը կարող է լրացուցիչ ազդակ դառնալ, որ հատկապես ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ցանկանան մինչեւ վերջ առաջ տանել այդ գործընթացը: Ասենք՝ Ֆրանսիայի, ավելի կոնկրետ՝ Օլանդի համար եւս առավել քան ցանկալի կլիներ նախագահական պաշտոնը լքել այս կարգի բարդ հակամարտությունը կարգավորողներից մեկի դափնեպսակով:
Բայց ինչքան էլ «հաջողված համագործակցություն» գաղափարը հրապուրիչ տեսք ունի, մեկ է՝ այս կարգի հարցերում առաջ գնալ-չգնալը հիմնականում կախված է գերուժերի աշխարհաքաղաքական շահերից: 
Մոսկվայի համար, ինչ խոսք, շահի առումով ցանկալի է ղարաբաղյան թեման փակելը: Ի վերջո, դրա հետեւում ուրվագծվում է Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդումը դեպի Իրան, ասենք՝ նաեւ Թուրքիա, ապա՝ Սիրիա տանող ուղիների կայացումը եւ այլն: Ի վերջո, չմոռանանք, որ վերջերս Լավրովը խոսեց նաեւ հայ-թուրքական սահմանը բաց տեսնելու ցանկության մասին, որը եւս նույն շահերի տրամաբանության մեջ է:

ԱՄՆ-Ը ԿԱՄԱ ԹԵ ԱԿԱՄԱ 
ԿՀԵՏԵՎԻ ՄՅՈՒՍ 
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Իսկ ահա ԱՄՆ-ի համար ընդունելի՞ է այդ հեռանկարը: Դա բարդ հարց է, հաշվի առնելով, որ առհասարակ թրամփյան Վաշինգտոնի աշխարհաքաղաքական ձգտումների մասին դեռ միայն հակասական ազդակներ են ստացվում: Չնայած, որոշ փաստեր կարելի է նկատել: Օրինակ Սիրիայում վերջին ժամանակներս ԱՄՆ-ը բավականին ակտիվ օպերացիաներ է իրականացնում քրդերի հետ համատեղ: Այդ թվում, ընթացքի մեջ է «Իսլամական պետության» մայրաքաղաք համարվող Ռաքքայի ուղղությամբ մեծ օպերացիան, որի մի շարք դրվագներ այն տպավորությունն է առաջացնում, որ դրանք հստակորեն համաձայնեցված են ռուսների հետ:
Բայց եթե այդպես էլ չէ, մեկ է, Մերձավոր Արեւելք-Հարավային Կովկաս ուղղություններում այդպես էլ տեսանելի չի դառնում այն հիմքը, որի վրա հենվելով, Վաշինգտոնը կկարողանար իրավիճակն արմատապես իր օգտին փոխել: Եվ առաջին հերթին խնդիրը դաշնակիցների հետ է կապված: Տարածաշրջանային հիմնական ուժերից Իրանը այլ վեկտոր ունի: Սաուդյան Արաբիայի հնարավորությունները բավարար չէն, էլ չասած, որ սաուդների հարաբերությունները Վաշինգտոնի հետ միայն վատթարացման նշաններ են ցուցաբերում:
Երբեմնի հիմնական դաշնակցի՝ Թուրքիայի հետ եւս Թրամփին այդպես էլ չի հաջողվում հարաբերությունները նորմալացման տանել: Ճիշտ է, պետքարտուղար Թիլորսոնը մեկնում է Անկարա, սակայն կան այնպիսի հակասություններ, որոնք բանակցելով չէ, որ կարող են լուծվել: Այդ թվում, ինչպես նշեցինք, Սիրիայում քրդերն ԱՄՆ-ի աջակցությամբ լուրջ հարձակողական օպերացիաների մեջ են, այսինքն՝ Վաշինգտոնը համառորեն հանդես է գալիս քրդերի հովանավորի դերում, ինչի հետ Էրդողանը ոչ մի պարագայում չի հաշտվի: Մյուս կողմից՝ օրերս նաեւ Մոսկվան քրդերի հետ կնքեց համագործակցության մասին համաձայնագիր: Բայց, եթե Վաշինգտոնը կարող է գնալ ընդհուպ մինչեւ քրդական պետության ստեղծման, ապա Մոսկվան հանդես է գալիս Սիրիայի տարածքային ամբողջությունը պահելու օգտին: Իսկ դա նշանակում  է, որ իր հարեւանությամբ քրդական պետություն չունենալու համար Էրդողանի միակ հույսը մնում է Մոսկվան, ինչքան էլ, որ ռուս-թուրքական հակասությունների պակաս էլ չի զգացվում:
Այսպիսով, տարածաշրջանում Վաշինգտոնի համապատասխան լծակների անբավարարության պայմաններում Մոսկվան կարող է նաեւ միայն սեփական նախաձեռնությամբ ղարաբաղյան գործընթացը առաջ տանել, ինչը, ի դեպ, հայտարարեց նաեւ Էրդողանը՝ իր վերջին մոսկովյան այցի ժամանակ: Եվ արդյունքում, Վաշինգտոնը պարզապես կարող է ղարաբաղյան թեմայով «խաղից դուրս» վիճակում հայտնվել, ինչը Թրամփի համար կդառնար քաղաքական ծանր հարված: Իսկ այս կերպ, եթե նույնիսկ չի ասվում, թե համանախագահողներից կոնկրետ որն է ներկայացրել ծրագիրը, եւ ավելին, բանակցային գործընթացը կազմակերպելու հայտ է ներկայացրել Փարիզը, Վաշինգտոնը կընկալվի, որպես հակամարտության կարգավորողներից մեկը` դրանից բխող քաղաքական դիվիդենտներով հանդերձ:
Այսպիսով, հակամարտության կարգավորումն այս փուլում ակնհայտորեն ձեռնտու է Մոսկվային, ով ունի նաեւ ինքնուրույն գործելու հնարավորություն: Եվ տարեսկզբից սկսած ՌԴ-ի բարձր ակտիվությունը հուշում է, որ կփորձի հնարավորինս արագ ինչ-որ հանգուցալուծման հասնել: Զգացվում է նաեւ Փարիզի պատրաստակամությունը. ի վերջո, չմոռանանք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջերս Ֆրանսիա կատարած այցերի մասին: Եվ Վաշինգտոնն էլ կամա թե ակամա, կփորձի գնալ ՄԽ-ում իր գործընկերներին հավասար: Եվ այդ առումով պատահական չէր, որ ծրագրի առկայության մասին հենց Հոգլանդը խոսեց Երեւանում. դա նման էր այն ցուցադրական ժեստին, թե ԱՄՆ-ն էլ մյուս համանախագահներին հավասար, գործընթացն առաջ է մղում:
Բայց դա կհասնի՞ ավարտին. ղարաբաղյան բանակցությունների անցած 23 տարիներին քանիցս է գրեթե ավարտին հասած գործընթացը ետ գնացել զրոյական վիճակի: Այնպես որ, որեւէ նոր շրջադարձ բացառված չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА