ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԳԵՐԻՆԵՐԸ, ԿԱՄ ՄՆԱՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ

28.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԳԵՐԻՆԵՐԸ, ԿԱՄ ՄՆԱՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ

«Ելք» դաշինքը իր`«Ելք կա» կարգախոսով էլ ինչ լարախաղացություն ասես արեց, որպեսզի շատացնի լսարանը եւ նորանոր ձեւերով այդ արդեն հնամաշ դարձած կարգախոսը հրամցնի ընտրողներին:  Եվ քանի որ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Արամ Սարգսյանը բավականին հեռու են չափուսահմանի կատեգորիայից, ապա ստացվեց ինչպես միշտ: Նույնիսկ ՀՀ նախագահի խոսքում ակնարկ հնչեց «տանիքների վրա թռչկոտողների» մասին, որն ակնհայտորեն վերաբերում էր Նիկոլին: ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԼԱՎ, 
ԲԱՅՑ ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Թեեւ երկրի ղեկավարի ակնարկի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն էր, սակայն վերջինս իր պատասխանը հնչեցրեց ոչ թե ՀՀԿ-ի, այլ Ծառուկյանի դաշինքի եւ ՀՅԴ-ի հասցեին, հայտարարելով, որ թռչկոտում են այդ երկու քաղաքական ուժերը «հայրենիքի կրկեսում»: 
Առաջին հայացքից դա թվում է անտրամաբանական, սակայն ընտրարշավի տրամաբանությունը տարբերվում է սովորական մարդկայինից: Միեւնույնն է, ՀՀԿ-ի դեմ ինչքան էլ սեւ քարոզչություն անեն, դրա արդյունքում «պռճոկած» սակավաթիվ տատանվողները դառնում են ոչ քե Նիկոլի, այլ` Ծառուկյանի ընտրող: Դե, իսկ դաշնակներից ձայն փախցնելու փորձերը ավանդական են «Ելքի» համար: Այդ պատճառով «Ելքի» գտնված  ելքը եղավ ոչ թե ՀՀԿ-ին, այլ` նշյալ քաղաքական ուժերին «թռչկոտելու» մեղադրանքը վերահասցեավորելը: Ահա այդպիսի նախընտրական «ռիկոշետ»: 
Եվ այդտեղից հեռու չէ նաեւ անմիջապես Ծառուկյան դաշինքի դեմ սեւ քարոզչությունը, այդ դաշինքին «ՀՀԿ-2» անվանելը, ու էլ չխոսենք «ելքային» այլ օյինբազությունների մասին: 
Թե ինչ են պատասխանել կամ պատասխանում «հին ընկերները» եւ ծառուկյանենք` դա այս նյութի խնդիրը չէ: Պարզապես փորձենք «դասավորել», թե որ քաղաքական ուժը ինչ արդյունքով կհասնի ապրիլի 2-ին: 
Նախ պարզ է, որ անակնկալներ դժվար թե լինեն: ՀՀԿ-ն հանգիստ լուծելու է խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու խնդիրը: Երկրորդը լինելու է Ծառուկյան դաշինքը: Երրորդը, ամենայն հավանականությամբ, «Ելքն» է: Ու մրցապայքարի երկաթյա տրամաբանությունը հուշում է, որ երկրորդը պետք է փորձի քվեներ փախցնել առաջինից եւ «փոշեկուլի» սկզբունքով փորձել կլանել  երրորդի, չորրորդի ու այլոց քվեները, երրորդը պետք է փորձի քվե փախցնել երկրորդից ու կլանել չորրորդի ու մնացյալի քվեները:«Ելք» դաշինքը ամբողջովին տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, բայց Ծառուկյան դաշինքը բավականին զգուշավոր է ՀՀԿ-ին քննադատելու հարցում, գերադասելով որպեսզի այդ «սեւ գործը» անեն ուրիշները, սակայն շատ ակտիվ է ավելի թույլերի քվեները կլանելու մարտավարությունում: Երեւի թե, 2015-ի փետրվարը իր հուշերով հուշում է Ծառուկյան դաշինքին, որ իշխող կուսակցությանը քննադատելիս չափն անցնելը հղի է հետեւանքներով: Իսկ «Ելքը» այդ չափը բավականին հաճախ անցնում է: Բայց, օրինակ, ՕԵԿ-ի կողմից չափն անցնելու դեպքեր, կարծես թե չկան, «Ազատ դեմոկրատներն» էլ գերադասում են ավելի շատ քննադատել ռուսներին, քան` ՀՀ իշխանություններին: 
Եվ կարելի է ասել, որ առաջին եռյակը կլինի խորհրդարանում, հավանաբար, իրենց հինգական տոկոսները կհավաքեն ՀՅԴ-ն եւ «Հայկական վերածնունդը»: Իսկ մնացածները... 

Ընտրարշավի ընթացքում ձևավորված ատելության մթնոլորտը բովանդակային առումով հետքայլ էր. Դավիթ Հարությունյան

ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ 
ԿԱՏԱՐՅԱԼ ՁԱԽՈՂՈՒՄԸ
Քայքայիչ քարոզչություն տարածողները երկուսն են` ՀԱԿ-ՀԺԿ եւ ՕՐՕ դաշինքները: Առաջինը իշխանությանը քննադատում է բավականին մեղմ, բայց քարոզում է բացարձակ դավաճանություն եւ պարտվողականություն: Նրանց քարոզչությունը քվե եւ ընտրող ավելացնելու փոխարեն պակասեցնում է, ու դա վերաբերում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստաելույթին: Այդպիսի քարոզչությունը, մեղմ ասած, վանող է, առավել եւս Սերժ Սարգսյանի այն ասելիքի ֆոնին, թե ինչի համար են մեր բանակի ունեցած «Իսկանդերները»: Այնպես որ, կարելի է ասել, որ ծեր աղվեսը երկու թաթով ընկավ թակարդը, գործելով երկու խոշոր ճակատագրական սխալ: Առաջինը` Ստեփան Դեմիրճյանի պես քաղաքականապես անիմաստ միավորին հրավիրելով եւ սեփական շեմը 5 տոկոսից բարձրացնելով մինչեւ 7: Իսկ երկրորդը` ԼՏՊ-ն սխալ գնահատեց մեր երկրում բացարձակ թափթփուկների տեսակարար կշիռը, համ էլ հաշվի չառավ, որ հոգով դավաճանների զգալի մասը իրենց դավաճանության մեջ սկզբունքային չեն ու կազմ ու պատրաստ են իրենց քվեն վաճառել կանխիկ դրամով: 
Իսկ ՕՐՕ դաշինքի ուղղվածությունը ագրեսիվ հակաիշխանական է, եւ նրանց նպատակը խռովությունն ու մայդանն է: Սակայն նման է, որ փուքսները սկսել է իջնել: 
Այդ դաշինքին առաջին թուլացնողը հենց Սամվել Բաբայանի ձերբակալությունն էր` «Իգլա» զենիթահրթիռային համալիրի մաքսանենգ ներմուծման համար: Երկրորդը` Սամվել Բաբայանի «ձեռքի գործն» էր, որը հանրությանը հասավ գլխավոր դատախազության շուրթերով: Մեջբերենք. «Թեեւ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում  նրանք, այդ թվում` Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը եւ տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»: 
Այսինքն` էլ հնարավոր չէր ասել, իբր գործը շինծու է, եւ Սամվել Բաբայանի գլխին սարքել են: Իսկ դրան հաջորդածը Սամվել Բաբայանը մատուցեց իր փաստաբանի միջոցով` որ ինքն իրեն քաղբանտարկյալ չի համարում եւ վաղաժամ է իր ձերբակալությունում քաղաքական դրդապատճառ փնտրել: Դե, դա շատ նման է իր բնավորությանը` «տաքացնել», ոգեւորել, իսկ հետո «քցել»: Արդյունքում հիմա ՕՐՕ-ում իրենց պատռում են, թե, միեւնույնն է, ինչ է ասել Բաբայանը, նա քաղբանտարկյալ է, եւ վերջ: 
Ի դեպ, նկատվում է եւ ծայրահեղական ակտիվության նվազում: Այսպես, Շանթ Հարությունյանի որդի Շահենի կազմակերպած փողոցային ակցիաները, ինչպես նաեւ ՊՊԾ գունդը գրաված զինյալների համակիրների ակտիվությունը այդպես էլ բազմամարդության կամ անգամ մասնակիցների աճի դինամիկա չապահովեցին, ու Շահեն Հարությունյանը գործնականում դադարեցրեց միտինգային ակտիվությունը: ՕՐՕ-ի քարոզչության ագրեսիայի «գրադուսն» էլ, կարծես թե, պակասում է` մարդիկ սկսեցին հասկանալ, որ խռովությունը հաջողության շանսեր չունի: Ու մի տեսակ Սփյուռքից ժամանած «հեղափոխական բրիգադը» առանձնապես իրեն չի դրսեւորում, ու պայմաններ էլ չկան, որպեսզի Բեյրութում Հեզբոլլահի ու այլ ծայրահեղական խմբավորումների հարեւանությամբ իր մանկությունն անցկացրած Արսինե Խանջյանը կարողանա Երեւանը վերածել Բեյրութի: 
Ահա այդպես` արտաքին հրահրմամբ ներսում իրավիճակը լարելու նպատակով կիրառված ողջ ռեսուրսը` ե՛ւ բոլոր ծայրահեղականների միավորումը ՕՐՕ-ի ներսում կամ նրա շուրջ, ե՛ւ գրանտակերների աննախադեպ ակտիվությունը, ե՛ւ Սփյուռքից ուղարկած դեսանտը, ե՛ւ ԱՄՆ-ի ու այլ արեւմտյան տերությունների դիվանագետների ոչ դիվանագիտական միջամտությունները իրենց համակցությամբ արդյունքի փոխարեն տվեցին այն, ինչը բնութագրվում է ռուսական «փշիկ» ընդգրկուն բառով: Մեր ծայրահեղականները, պարզվում է, որպես սեփական քաղաքական ճակատագրի դարբին, լրիվ ձախողակ են: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА