ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ОТЦЫ АРМЯНСКОЙ ДЕМОКРАТИИ»

23.03.2017 14:14 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ОТЦЫ АРМЯНСКОЙ ДЕМОКРАТИИ»

Իլֆի ու Պետրովի հերոսներն անմահ են եւ բավականին հաճախ վերամարմնավորվում են մեր օրերում: Մեր երկրում էլ վերամարմնավորվել են բազում «հայկական դեմոկրատիայի հայրիկներ»: Ու դրանց բոլորի հայացքը դեպի Արեւմուտք է, նրանք հավատում են կամ ձեւացնում, թե Արեւմուտքն իրենց կօգնի: Եվ քանի որ մեր ընդդիմադիր դաշտը իսկական փրկչաբուծական ֆերմա է, ապա փրկիչների այդ տարատեսակը, բացի սոցիալ-տնտեսական հրաշքների խոստումներից, նաեւ փորձում է հավատացնել, որ եթե հրաժարվենք ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից եւ ասոցացվենք ԵՄ-ին ու մտնենք ՆԱՏՕ, ապա միանգամից սկսելու ենք լավ ապրել: 
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ «ՓՉԱՑԱԾ ՁԱՅՆԱՊՆԱԿԸ» ԿՐԿԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
«Ելք» դաշինքը, որն ասում է, թե «հյուսիսային ուղղությունից» հրաժարվենք, հետո կորոշենք, թե ինչ անենք, իր կրակոտ «ժողովրդական տրիբուն» Նիկոլ Փաշինյանի միջոցով նախընտրական հանդիսասրահներ վերադարձրեց նաֆթալինոտ տեխնոլոգիան` շահել ընտրողների համակրանքը մերկապարանոց հայտարարություններով` իբր իշխանությունները պատրաստվում են իրենց սպանել. «Էսօր հասկանալով, որ ժողովուրդը` ի դեմս «Ելք» դաշինքի, տեսնում է միավորված ընդդիմությանը, սկսել են անհեթեթ հարցադրումներ անել. բանը հասել է այնտեղ, որ ասում են` բա Սերժ Սարգսյանը քեզ ինչո՞ւ չի սպանում: Ես էլ ասում եմ` բա ինչու ձեզ չի սպանում»: 
Բայց սա դեռ այդ տեխնոլոգիայի «լայթ» տարբերակն էր: Իսկ ավելի ծանր տարբերակը վերաբերում է ՕՐՕ դաշինքի համակիրներին: Այսպես, այդ դաշինքին իր զորակցությունը հայտնած Շանթ Հարությունյանը փաստաբանի միջոցով Ֆեյսբուքում տարածել է մի երկար տեքստ, որը կարելի է բնութագրել «հեքիաթ-հեքիաթ պապս»: Բավարարվենք ընդամենը փոքր մեջբերումով. «Արդեն քանի օր է` Շահենը ցույցեր է կազմակերպում Արթուր Սարգսյանի` Հաց բերողի համար»:«Սերժ Սարգսյանը նույնքան օրեր Շանթ Հարությունյանին լուրեր է ուղարկում, անգամ օրը մի քանի անգամ, որ եթե Շանթը հետ չպահի Շահենին, եւ նա չդադարեցնի ցույցերը, սպառնում է սպանել նրան: Շանթն էլ պատասխանել է, որ նա իր որդուն` Շահենին պայքարից երբեք հետ չի պահի` քաջ գիտակցելով, որ ՍՍ-ն, երբ հարմար եւ անպատիժ հնարավորություն ունեցավ, կսպանի ե՛ւ Շանթին, ե՛ւ նրա որդուն»: Շահեն Հարությունյանն էլ այդ անհեթեթությունից հետ չի մնում. «Ես այլեւս ինձ տանը չեմ պատկերացնում: Ինչ ուզում եք գրեք, ասեք, երգեք, նվագեք: Բոլորով ուղղված են, որ կոտրեն ինձ ու ընկերներիս: Պապային են բանտում Սերժի անունից փոխանցում, որ եթե չդադարեցնեմ ցույցերը, գլուխս կուտեն եւ այլ նմանատիպ բաներ: Ամեն օր խաղաղ անհնազանդություններ եմ իրականացնելու, թեկուզ լինեմ մենակ, տասը հոգով, հազար թե միլիոն հոգով: Արթուրի սպանությունը չեմ թողնելու, որ անցնի ու գնա: Վրեժ եմ լուծելու եւ հենց փողոցում»: 
Ի դեպ, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան թեման այնքան շատ շահարկողներ կան ամբողջ ընդդիմադիր դաշտով մեկ, որ մարդու սիրտ է խառնում: Սակայն այստեղ կարեւորը հետեւյալն է` կրկին պահանջարկ է ստացել հին մաշված ձայնապնակը, որը կոչվում է «իշխանությունն ինձ ուզում է սպանել»: Լավ է գոնե «Հայկական վերածնունդից» եւ Ծառուկյան դաշինքից այդպիսի բան չենք լսում, թեեւ Արթուր Բաղդասարյանը ընդհուպ 2008-ը շատ էր սիրում այդ ձայնապնակը: Այստեղ կարեւորն այն է, որպեսզի չկրկնվի 2013-ին Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը` մահվան սպառնալիքի մասին դատարկախոսություններին չհետեւի «կաֆելշչիկ ուղարկելը»:  

ՆՈՐ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԵՎ «ՀԱՃԱԽՈՐԴՈՒԹՅԱՆ 
ՎԱՐԿԱԾԸ»
Իր հայրենիք ԱՄՆ-ից վերադարձած Րաֆֆին` ՕՐՕ-ի գծին համապատասխան, սպառնում է թեժացումով. «Եթե ընտրություններին ամեն ինչ անցնի ժողովրդի կամքով, արդեն խորհրդարանում մեծամասնություն կազմելու բանակցություններ կլինեն, եւ մենք վկա կլինենք կուսակցապետության ավարտին: Եթե կեղծիքներ կլինեն, հերթական անգամ ակնհայտորեն կգողանան ժողովրդի քվեն, կարծում եմ, որ հետընտրական թեժ մթնոլորտ կլինի»: Իսկ Սամվել Բաբայանի հնչեցրած արյունահեղության խոստման առնչությամբ մեծն բարեւասերն ասաց. «Չեմ կարծում, որ գեներալ Բաբայանը արյունահեղություն խոստացած լինի, պարզապես մեր երկրում, որտեղ չկա կատարյալ արդարադատության, կան ներքին բարքեր, որ եթե մեկը քեզ ապտակ է տալիս, դու պատասխան ես տալիս:  Չեմ կարծում, թե արյունահեղության խնդիր կա, կա ինքնապաշտպանության խնդիր: Սահմանադրորեն պաշտպանված է նաեւ ինքնապաշտպանվելու եւ կեղծիքի ու ոճրագործության դեմ ընդվզելու իրավունքը»:
Այսինքն` խռովությունը, սահմանադրական կարգի դեմ հանցագործությունները, նոր անուն են ստանում` ինքնապաշտպանություն: Բայց հեղափոխության մի տեսակ էլ մոգոնեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը: Նրա ելույթի ժամանակ մի շիրակցի անընդհատ գոռում էր, որ հեղափոխություն պիտի արվի: Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ ընտրատեղամասերում կեղծելը գրեթե անհնար է. «Հեղափոխության ձեւը միրոպեանոց հեղափոխությունն է` ձայնը տվեք «Ելք»-ին»: 
Դե ինչ ասես, քաղաքագետների եւ հոգեբույժների համար «հայկական դեմոկրատիայի հայրիկները» անթիվ թեկնածուական ու դոկտորական թեզերի նյութ են ապահովում: Առավել եւս, որ վաղուց մոլեգնում է այնպիսի ընդդիմադիր հիվանդությունը, ինչպիսին է մյուս ընդդիմադիրներին «Բաղրամյան 26-ի հաճախորդ» պիտակելը: Ծառուկյան դաշինքը այդ պիտակը փակցնում է «Ելք»-ին, «Ելք»-ը` Ծառուկյան դաշինքին, իսկ հող ծախող ՀԱԿ-ՀԺԿ-ն` բոլորին: 
«Ազատ դեմոկրատների» մոտ էլ աբսուրդի պակաս չկա: Ամենահանդարտը մեջներից նայվում է Խաչատուր Քոքոբելյանը, ով, ի տարբերություն «Ելք»-ի, ոչ միայն ասում է, թե պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, այլ դրանից հետո մտնել ՆԱՏՕ: Այդ թեզերի հետ բանավիճելը տվյալ նյութի խնդիրը չէ, նշենք միայն, որ այդ նույն ցուցակում ընդգրկված որձ կովերի մեծն մասնագետ Հրանտ Բագրատյանն էլ հիմա նոր աբսուրդ է մոգոնել` որ պետք է մարմնավաճառներին բերել հարկային դաշտ: Բայց «100 կետի» հանճարեղ հեղինակն այդպես էլ չի բացատրում, թե «գիշերային թիթեռնիկները» հատկապես որ մարմնամասի վրա պետք է կրեն ՀԴՄ կտրոն տրամադրող սարքը: Այդ նույն ցուցակով գնացող լոնդոնասեր Ստյոպիկ Սաֆարյանի մասին էլ ասելիք չմնաց, իսկ ինչ վերաբերում է Անահիտ Բախշյանին, ապա թերեւս արդեն կարելի է կամակոր երեխաներին «Մեշոկ պապիի» փոխարեն վախեցնել «Ազատ դեմոկրատների» քարոզարշավի այն կադրերով, ուր կա տիկին Բախշյանը: 
Կարճ ասած, մեր քաղհոգեբուժարանում  այժմ տոն է` գլխավոր բժիշկը նա է, ով առաջինը թռցնի խալաթը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА