ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԴԵՆ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է ԹՐԱՄՓ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՐՑԸ

21.03.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԵՆ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ Է ԹՐԱՄՓ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՐՑԸ

Վերջին օրերի համաշխարհային մասշտաբի սկանդալներից մեկը դարձավ Թրամփ-Մերկել հանդիպումը: Ավելի կոնկրետ, այն փաստը, որ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը ցուցադրաբար չսեղմեց տրամաբանորեն ամենասերտ դաշնակցի՝ Եվրոպայի փաստացի ղեկավարի ձեռքը: Այսպես, Սպիտակ տանը լրագրողները նկարահանումների ժամանակ խնդրել են նախագահին ու կանցլերին՝ իրար ձեռք սեղմել: Մերկելը նույնիսկ դիմել է՝ «Պարո՛ն նախագահ, մենք կարո՞ղ ենք իրար ձեռք սեղմել», եւ Թրամփը ոչ մի կերպ չի արձագանքել:ԱՄՆ-ԵՎՐՈՊԱ 
ՊԱՅՔԱՐԸ ԿԹԵԺԱՆԱ
Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը դրանից հետո փորձեց բացատրել, թե Թրամփը պարզապես ուշադիր չի եղել այդ պահին. «Թյուրիմացություն է եղել»: Սակայն լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ անկախ իրար ձեռք սեղմել-չսեղմելու էլ՝ Թրամփ-Մերկել հանդիպումն ու դրան հաջորդած քայլերն ամենեւին էլ, մեղմ ասած, դաշնակցային չէին: Նախ՝ Թրամփը հրապարակավ կոշտ քննադատության ենթարկեց Գերմանիային, այդ թվում, որ վերջինս ողջ ծավալով չի կատարում ՆԱՏՕ-ի հանդեպ պարտավորությունները: Գերմանիայից էլ հնչեց հակառակ ուղղության մասին հայտարարություն, որն անուղղակիորեն Թրամփի հասցեին ստախոսության մեջ մեղադրանք է:
Այսպիսով, կարելի է կռահել, որ թեեւ Վաշինգտոնն ու Բեռլինը փորձում են Թրամփի ընտրվելուց եւ հատկապես՝ Եվրամիության փլուզման ցանկալիության մասին նրա հայտնի արտահայտություններից հետո նկատելիորեն սառած հարաբերությունների վերականգնման ինչ-որ մի մեկնարկային վիճակի գալ, սակայն դեռ երկկողմ քննադատությունից այն կողմ չեն անցնում: Ու դա սպասելի էր, հաշվի առնելով փաստը, որ հենց Թրամփ-Մերկել այս սպասված հանդիպման շեմին էր, որ Բրիտանիան տվեց ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի մեկնարկը: Իսկ դա, թերեւս, Բեռլինի համար ակնարկ էր, որ ԵՄ-ի գոյության անցանկալիությունը դեռ մնում է Թրամփի համար նախապատվելի տարբերակ: Ընդ որում, նույնի մասին է ակնարկում նաեւ այն կոշտ քննադատական հեղեղը, որ այս օրերին Բեռլինից հասցեագրվում է Թրամփին: Օրինակ՝ դաշնային ժողովի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ, այսինքն՝ Մերկելի թեւի ներկայացուցիչ Նորբերթ Ռետգենի խոսքով՝ «Նախագահի՝ ԱՄՆ-ի պատմական դերի մասին սխալ դատողությունները, աննախադեպ են եւ մտահոգիչ»: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խոսնակ, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Նիլս Անենն հասել է այն մտքին, որ Թրամփն այդ կերպ իրավիճակը կհասցնի ՆԱՏՕ-ի պառակտմանը: Փորձագետի գնահատմամբ՝ «Թրամփն իրեն պահում է ինչպես չինացի կայսրն իր հպատակների հետ, որոնք պարտավոր են տուրք մուծել նրան»: 
Մի խոսքով, այս տպավորությունն է. Թրամփը Եվրոպայից պահանջում է անվերապահ ենթակայություն, եւ ոչ թե միայն քաղաքական, այլ նաեւ՝ ֆինանսական առումով: Այդ թվում, որ 1945թ.-ից սկսած Եվրոպայում գտնվող ամերիկյան զորքերին հենց Եվրոպան պետք է պահի: Վերջնագրի տեսքով ներկայացվող այդ պահանջներին ենթարկվելու դեպքում, Բեռլինին հազիվ թե հաջողվի Եվրոպային պահել իր տնտեսական, համաեվրոպական բանակի ստեղծման դեպքում էլ՝ նաեւ ռազմաքաղաքական տիրույթում: Իր հերթին Վաշինգտոնն էլ հասկանում է, որ եթե Գերմանիայի ներկայիս լծակներին գումարվի նաեւ համաեվրոպական բանակը, ապա 500 միլիոնանոց Եվրոպան իր համար դառնում է նույնքան վտանգավոր հակառակորդ, որքան Ռուսաստանն է կամ՝ Չինաստանը: 
Արդյունքում, Եվրոպայի քաղաքական թուլացումն ու Վաշինգտոնի կատարյալ վերահսկելի գոտի դառնալը կենսական շահերից է: Օգտվելով առիթից, համաեվրոպական ինքնուրույնություն ձեռք բերելն էլ ոչ պակաս կենսական նշանակություն է ձեռք բերել Գերմանիայի համար, եւ հենց այս շահերն են այսօր ձեւավորում երկու երկրների հարաբերությունների օրակարգը: Թրամփը պարզապես առաջարկեց վճարել, այսինքն՝ ենթարկվել: Պատասխանն էլ, թերեւս, պետք է համարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի արձագանքը, թե՝ ԵՄ-ից այլեւս ոչ մի պետություն դուրս չի գա: Այսինքն, բրիտանական օրինակն ու Թրամփի ցանկությունները չեն փլուզի ԵՄ-ն: Այսինքն, անկախ նրանից, թե Թրամփն ու Մերկելն իրար ձեռք կսեղմեն, թե՝ ոչ, կարելի է հասկանալ, որ երկու լիդերներն այդպես էլ չկարողացան այդ հակադիր շահերի արանքում լեզու գտնել, եւ մնում է սպասել հարաբերությունների հետագա սրացմանը:

ԻՆՉ ԿԱՐ, ԱՐԴԵՆ ԶԻՋԵԼ-ՊՐԾԵԼ ԵՔ. ՔԱՄԻ ՄԻ ԱՐԵՔ

ԹՐԱՄՓԸ ԴԵՌ  Ի ԶՈՐՈՒ ՉԷ 
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՈԽԵԼ
Այլ հարց է, թե ուր կտանի այս ոչ վառ արտահայտված, սակայն ներքուստ միայն թեժացող ԱՄՆ-Եվրոպա պայքարը:
Թերեւս, նաեւ այս հակամարտությունից ելնելով է, որ Թուրքիան էլ իր հերթին նման սուր պայքարի մեջ է մտել Եվրոպայի հետ: Սակայն այն ճնշող գործիքները, որ Թուրքիան ուներ սիրիական պատերազմի ամենաթեժ օրերին, այն է՝ փախստականների հոսքերը Թուրքիա եւ այնտեղից էլ՝ «վերահասցեագրումը» Եվրոպա, արդեն գրեթե չկա: Թուրքական սահմանն արդեն կտրված է պատերազմական հիմնական գոտիներից, այսինքն՝ փախստականների անցումն էլ Սիրիայից՝ Թուրքիա գրեթե կանգնած է:
Մյուս լծակը՝ եվրոպական թուրքերին Եվրոպայի դեմ հանելը եւս քիչ էֆեկտիվ է: Նախ՝ Դանիայում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Դոնմեզը դանիական թուրքերին մեղադրել է հայրենիքի դավաճանության մեջ, քանի որ նրանք այս խառը օրերին, Էրդողանին աջակցելու փոխարեն, դեռ մի բան էլ՝ քննադատում են: Չնայած՝ դա հասկանալի է: Երբ Էրդողանը եվրոպական թուրքերին հրապարակավ կոչ է անում՝ երեքի փոխարեն հինգ երեխա ունենալ եւ մեկ-երկու տասնամյակ անց նվաճել Եվրոպան, դա, ինչպես այս օրերի իրադարձություններն էլ հուշեցին, արդեն ոչ թե միայն արմատական, այլ, այսպես ասենք, միջին եվրոպացիների մոտ բուռն հակազդեցություն է առաջ բերում: Իսկ ի՞նչ կլինի, եթե ներկայիս լիբերալների փոխարեն, արմատական ուժերը գան Եվրոպայում իշխանության, որի մեկնարկն արդեն իսկ տեսանելի է: Բնական է, որ եվրոպական թուրքերն արդեն իսկ առնվազն արտաքսվելու հեռանկար են տեսնում, ինչն Էրդողանից հեռու մնալու եւս մեկ պատճառ  է: Գումարած դրան, ըստ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի. «Եթե Թուրքիայում վերստին մահապատիժ սահմանվի, դա կհանգեցնի ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցմանը»: Չսահմանվի էլ, մեկ է, Եվրոպան քանիցս ցույց տվեց, որ ամենեւին էլ իր կազմում Թուրքիային ընդունողը չէ: Օրինակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով. «Այսօր Թուրքիան ավելի քան երբեւէ հեռու է ԵՄ-ին անդամակցությունից»: Մինչդեռ չմոռանանք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թեման միշտ էլ եղել է Եվրոպային ճնշող ԱՄՆ-ի հիմնական գործիքներից մեկը, որը հիմա գործնականում օրակարգից դուրս է գալիս:
Վաշինգտոնը Եվրոպային ճնշելու նաեւ ֆինանսական գործիքակազմն ունի: Սակայն ամերիկյան 20 տրիլիոն դոլարանոց պարտքն ու դոլարի շատ վտանգավոր ապագան դրանք կիրառելու քիչ հնարավորություն են տալիս: Եթե սրան էլ ավելացնենք, որ Վաշինգտոնը պայքարի էլ ավելի սուր թատերաբեմեր ունի, այդ թվում՝ չինական եւ ռուսական ուղղությունները, ապա հասկանալի է դառնում, որ ճիշտ կազմակերպման դեպքում եվրոպական պաշտպանությունը Թրամփի համար շատ դժվար կլինի ճեղքելը: Առավել եւս, որ Գերմանիան էլ իր ձեռքին մեկ կարեւորագույն հաղթաթուղթ ունի: Գնալով միայն Եվրոպայում տարածում է գտնում ողջ Եվրասիայում ընդհանուր առեւտրատնտեսական համակարգի անցնելու Պուտինի գաղափարը, եւ միայն այդ սպառնալիքը Վաշինգտոնին զրկում է եվրոպական ուղղությամբ ագրեսիվ քայլերի հնարավորությունից:
Այսպիսով, նախագահական պաշտոնին Թրամփի առաջին քայլերը, որոնք կարելի է համարել իրավիճակի հստակեցում, աշխարհաքաղաքական առումով դեռ  որեւէ փոփոխության չեն բերել: Ինչպես Օբամայի օրոք, այնպես էլ հիմա, միգուցե, միայն տոնայնության որոշակի փոփոխությամբ, ԱՄՆ-ը դեռ նույն անելանելի իրավիճակում է նախ՝ չինական, ապա՝ եվրոպական ուղղություններով: Ընդ որում, Թրամփը թեեւ փորձեց երկու ուղղություններով էլ իրավիճակի սրման գնալ, թերեւս՝ ընդհանուր ռեակցիան ստուգելու համար, բայց դա էլ դեռ բան չի տալիս:
Բայց դեռ  անորոշ է մնում ռուսական ուղղությունը: Դեռ Մոսկվայի հետ հարաբերություններում Թրամփը, այն էլ, հիմնականում ակնարկային տոնայնությամբ փոքրիկ քայլերի է դիմել, սակայն Կրեմլը նախ՝ կողմ է արտահայտվել միասնական Եվրոպային, ապա՝ Չինաստանի հետ դաշնային կապերին: Վերջապես, նաեւ Մերձավոր Արեւելքում է շարունակում ամրապնդել դիրքերը: Դա, հասկանալի է, Թրամփի ցանկալի ռեակցիան չէ: Բայց դե Մոսկվային, ակնարկներից զատ, կոնկրետ առաջարկներ էլ նա դեռ չի արել: Արդյունքում, կարծես արդեն հասունացել է Թրամփ-Պուտին հանդիպման հարցը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА