o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳՈՐԾ ԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՆԵՐԸ

21.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾ ԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՆԵՐԸ

15 կետ, 30 կետ, 100 կետ... Յուրաքանչյուրը քարոզարշավի ընթացքում շռայլում է խոստումներ` ապագա ոսկե սարերի մասին: Ընդ որում, ինչքան ավելի ցածր է կոնկրետ ընդդիմադիր ուժի հնարավորությունը, այնքան ավելի ճոխ են ու բազմազան տրված խոստումները: Դե, ռեկորդակիրը, իհարկե, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է` իր 100 կետերով: Նրա մասին վաղուց չար լեզուները խոսում են, որ ձեռքի հետ ուրիշների համար էլ է գեղեցիկ ծրագրեր գրում: ՀԱԿԱԴԻՐ ԲԵՎԵՌ` ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Որ Հրանտ Բագրատյանի եւ այլ ընդդիմադիրների լեզուն, ավելի ճիշտ` գրիչը կամ ստեղնաշարը ոսկոր չունի, դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը` բժշկական փաստ է: Ընդ որում, այս կամ այն չափով բոլոր ընդդիմադիրներին բնորոշ է ոչ կոնվենցիոնալ բառապաշարը, վիրավորանքներ շաղ տալը, մյուսներին վատաբանելը, այլ ընդդիմադիրներին ավելի շատ, ՀՀԿ-ին ավելի քիչ: 
Ի հակադրություն դրա` ՀՀԿ գործիչները համապետական քարոզարշավը անցկացնում են բարեկիրթ, ու դա վերաբերում է, բնականաբար, ե՛ւ քարոզարշավի ակտիվ մասնակիցներին` վարչապետ Կարեն Կարապետյանին, ե՛ւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Հայրենիքից` Ամերիկայից վերջապես ժամանել բարեհաճած Րաֆֆի Հովհաննիսյանը անգամ քննադատեց վարչապետի բարեկրթությունը` այն բանի համար, որ վարչապետն անկաշկանդ խոսում է եւ իր ու ՀՀԿ-ի թույլ տված սխալների մասին: Իսկ Րաֆֆու ուզածն այն է, որ վարչապետը լրիվ ընդդիմագրգիռ բառապաշարով «քլնգեր» սեփական կուսակցությունը` ՀՀԿ-ն: 
Սակայն ՀՀԿ-ի թիմն առանձնանում է ոչ միայն բարեկիրթ քարոզարշավով, այլեւ դատարկ խոստումներ չտալով: Զորօրինակ, գործնականում հնարավոր չէ գտնել դեպքեր, որ վարչապետը բան խոստացած լինի ու խոստումն օդում մնա: Իսկ դա շահեկանորեն զանազանում է նրան` ՀՀ վաստակավոր գյուլնազտատերին ընդդիմության շարքերից: Այնպես որ, իզուր չէ, որ ՀՀԿ ընտրարշավի կայքում կա առանձին բաժին` «Մեր վարչապետը»: 
Վիգեն Սարգսյանն էլ շատ ակտիվ քարոզարշավում եւ նույնպես համբերատար ու առանց քաշվելու պատասխանում է ամենադժվարին հարցերին: Բայց, ի վերջո, ՕՐՕ դաշինքը իր հայհոյաբանությամբ հատեց նաեւ պաշտպանության նախարարի համբերության սահմանները, ինչը նա ներկայացրեց ավանդական կիրթ եւ կոռեկտ տեսքով. «Ճիշտն ասած, հետեւում եմ քարոզարշավին թեթեւ, ու ինձ զարմացնում է այդ բացահայտ պայքարը Հանրապետականի դեմ, որը պարոն Օհանյանն անձամբ է հայտարարել, որ պայքարում է Հանրապետական կուսակցության դեմ եւ զարմացնում է իր ջերմ երկխոսության պատրաստակամությունը մի շարք ուժերի հետ, որոնց հետ իր հարաբերությունները ինձ հայտնի են նախկինից, բայց իր ընտրությունն է, ես որեւէ բան չեմ կարող հակադրել»: «Իրսահմանադրական իրավունքն է պայքարել ու առաջադրվել: Մարդու անձնական իրավունքն է հայտնվել տարբեր կողմերում` կախված նրանից, այսօր պաշտոն ունի, թե չունի, կարծում եմ` կարեւոր բաղադրիչ է այդ ամեն ինչում անցած մարտական ուղին, եւ այն ուղին, որը անցել է շատ մարդկանցով»: Վիգեն Սարգսյանը նաեւ տարակուսանք հայտնեց Սեյրան Օհանյանի այն թեզի առնչությամբ, իբր ինքը բանակը զրոյից է կառուցել: Դե, երեւի թե, երազում ենք տեսել Վազգեն Սարգսյանին, Կոմանդոսին, այն վաստակաշատ գեներալներին, որ Ռուսաստանում ապահով կարիերան մի կողմ դնելով շտապել էին իրենց ավանդը ներդնել երկրի պաշտպանության եւ բանակի կազմավորման գործում: 
Իսկ ինչեր է խոսում Սեյրան Օհանյանը` իր թիմակիցներով հանդերձ, դա արդեն քաղաքական ծայրահեղականության տիրույթից է: 

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ» ՄՈՏ 
ԲԱՆ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
ՕՐՕ դաշինքը եւ նրան զորակցող բոլոր տեսակի ծայրահեղականները` 2013-ի անկարգությունների համար դատված Շանթ Հարությունյանի անչափահաս որդով սկսած, ՀՀ վաստակավոր հացադուլավոր Անդրեաս Ղուկասյանով վերջացրած, ամեն կերպ փորձում են ակտիվացնել փողոցը, հիմիկվանից ստեղծել հանրահավաքային մթնոլորտ, որը թույլ կտա ապրիլի 2-ից հետո ծավալել գունավոր խռովություն: 
Բայց մոտներն առանձնապես բան չի ստացվում: Կրքերի շիկացմանը չօգնեցին ոչ Ջրառատ գյուղում կազմակերպված սադրանքը, ո՛չ էլ «հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը ամեն կերպ շահարկելու փորձերը: Ազատության հրապարակում ստացվում են ոչ թե հանրահավաքներ, այլ` մանրահավաքներ, որոնք հետո վերածվում են սակավամարդ երթերի: Ու այդ ամենին մասնակցող գրանտակերները երբեմն անում են նաեւ այնպիսի գործողություններ, որ ընտրողների ոչ թե համակրանքը, այլ զայրույթն են շարժում: Օրինակ, շատ տգեղ էր, իբր ի հիշատակ «հաց բերողի» ԱԺ-ի դեմը փողոցում հաց թափելը: Դրանից վրդովվել են նույն Արթուր Սարգսյանին անկեղծորեն համակրող քաղաքացիներից շատերը, համարելով դա անարգանք` հացի գինը լավ իմացող մարդու հիշատակի հանդեպ: 
Բայց համառորեն շարունակում են այդ հակակրելի եւ արգահատելի շահարկումը, նաեւ հույս տածելով, որ մահվան պատճառների մասին դատաբժշկական փորձաքննության արդյունքը  ինչ ցույց կտա: Մահվան ե՛ւ բնական, ե՛ւ արհեստական պատճառների պարագայում էլ կարելի է վստահ լինել, որ լսելու ենք ծայրահեղականների տհաճ ճղճղոցը: 
Սակայն նրանք շարունակում են հույս տածել, որ կկարողանան ճոճել պետության նավակը ու դրանով ներգրավել նաեւ այլոց` այլեւս կորցնելու ոչինչ չունեցող Լեւոն Տեր-Պետրոսյանով սկսած, «Ելք» դաշինքի առանձին ներկայացուցիչներով վերջացրած: 

ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ
Իսկ հանուն քվեների ընդդիմադիրների կողմից արվող քայլերը, նրանց անիրագործելի խոստումներն ու բաղաձայն քննադատությունը բավականին հաճախ հենց դրանց հեղինակներին դնում են անհարմար վիճակի մեջ: Անկասկած, այդտեղ էլ յուրահատուկ ռեկորդ տեսնում ենք Արթուր Բաղդասարյանի կողմից` դեռ երկու շաբաթ առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ լրագրողների ներկայությամբ որեւէ կուսակցապետ բարձրաձայնի դժգոհությունը, թե լավ ծափ չեք տալիս: Բայց շատ չխորանանք այդ ամենի մեջ` ընտրողները դա տեսնում են հեռուստաեթերում, իսկ համացանցը պարզապես հեղեղված է այդպիսի կազուսներով: 
Կարեւորն այն է, որ հենց քաղաքական գործիչները, կարծես թե, չեն էլ գիտակցում, թե դրանով բացասական տպավորություն են ստեղծում եւ նվազեցնում սեփական ռեյտինգը: Օրինակ, ՀԱԿ-ի կողմից առաջ քաշած բացահայտ հակազգային դավաճանական թեզերը խրտնեցնում են անգամ այդ ուժին ավանդաբար քվե տվող ընտրողներից շատերին: «Հայկական վերածնունդը» եւ Ծառուկյան դաշինքը նույնպես գրեթե ամեն օր ինչ-որ կուրիոզային բաներ անում են, նրանցից բացարձակ հետ չի մնում եւ «Ելքը», ուր քարոզչության տոն տվողը սկանդալներ սիրող Նիկոլն է: Անգամ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն էլ զերծ չի այն դրսեւորումներից, որ բնորոշ են այժմյան ընդդիմադիրներին, բայց երեւի թե, դաշնակները չեն ըմբռնում այն ճշմարտությունը, որ հնարավոր չէ միաժամանակ հա՛մ պորտֆելներ ունենալ, հա՛մ զբաղվել կոալիցիոն գործընկերոջը քննադատելով: 
Դե ինչ, քաղաքացիների մոտ աստիճանաբար իմունիտետ է ստեղծվում այդ քաղաքական աբսուրդների վերաբերյալ: Եվ իզուր չէ, որ հաճախ ռեյտինգային թեկնածուների բուկլետները բնակարանների դռների արանքը խցկված լինելուց հետո հայտնվում են հատակին` շքամուտքերը վերածելով աղբանոցի: Իսկ դա վկայում է, որ քաղաքացիները քաղաքականապես հասունանում են ու այլեւս պատրաստ չեն քվե տալ ամենաբարձր ու ամենաաղմկալի ձեւով «բլթացնողներին»: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА