o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.04.2016 21:47 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ամերիկյան ծագումնաբանություն ունեցող եւ հաստիքային ամերիկյան շպիոն համարվող ՌԻՉԱՐԴ ԳԻՐԱԳՈՍՅԱՆԸ մի զարմանալի բան է ասել. «Մեր իրական թշնամին ավելի շատ երկրի ներսում է: Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները գեղեցիկ խոսքերից անցնեն գործի եւ սկսեն արմատական փոփոխություններ երկրի ներսում` իրական պայքար սկսելով կոռուպցիայի դեմ, որն իրականում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, քան Ադրբեջանը»: Այն, որ ներսում փոփոխություններ պետք են, եւ կոռուպցիայի դեմ արմատական պայքար է պետք, դա անվիճելի է: Բայց որ կոռուպցիան Ադրբեջանից ավելի վտանգավոր է... Միանգամից պատկերացրեցինք տեսարան, թե ինչպես կոռումպացված չինովնիկները, հատուկ տեխնոլոգիայով սրելով հենց նոր-նոր կաշառք  ստացած թղթադրամները, գիշերով մտնում են մարդկանց տներն ու այդ թղթադրամներով մորթում նրանց: Համ էլ, ինչ իրավունքով է ամերիկյան քաղաքացին մեզ խրատներ տալիս` ինչ անենք եւ ինչ չանենք:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ հաճելիորեն զարմացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԸ, ով հանկարծակի չեղյալ հայտարարեց Հարավային Կովկասի իր այցը: Դրանով նա փաստորեն բացառեց սեփական ներկայությունը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի Բաքվում ծրագրված ֆորումին: Դե, մերոնց մատն էլ է այդտեղ ինչ-որ չափով խառը` Հայաստանը պաշտոնապես հայտարարել էր, որ ոչ միայն չի մասնակցելու այդ ֆորումին, որը անց է կացվում պատերազմական հանցագործություններ կատարած երկրում, այլեւ վետո է դնում ֆորումից հետո ընդունվելիք հռչակագրի վրա, իսկ ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի այդ կառույցում հռչակագրեր կարող են ընդունվել միմիայն կոնսենսուսով:

Մեզ մի փոքր ուրախացրեց «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» կազմակերպությունը` հրապարակելով աշխարհում ազատ մամուլի նոր ինդեքսը: Այս տարի Հայաստանը 4 կետով բարելավել է իր դիրքերը` 180 երկրների շարքում զբաղեցնելով 74-րդ հորիզնականը: Ճիշտ է, այդ ինդեքսով մենք ավելի առաջ ենք, քան մի շարք եվրոպական երկրներ` Իտալիա, Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա, բայց, այնուամենայնիվ, 74-րդ տեղը մեզ գցելը սրիկայություն է: Զարմանալի է, ո՞ր երկիրը կարող է գլուխ գովել, որ պատերազմի ժամանակ պահպանել է խոսքի եւ մամուլի բացարձակ ազատությունը, ու դա ոչ միայն վնաս չի հասցրել, այլեւ նպաստել է հանրության համախմբմանը: Ու այդպիսի բան իրականացրած Հայաստանին 74-րդ տե՞ղ...

Իսկ Թուրքիայում խոսքի ազատության գործնական բացակայության պայմաններում երեկ իսկական սխրանք է գործել պոլսաբնակ պատգամավոր ԳԱՐՈ ՓԱԼՅԱՆԸ: Նա մեջլիսում ելույթ ունենալով` ցույց է տալիս 1915-ին սպանված օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների լուսանկարները եւ վերջում հայերեն ասում. «Աստված հոգիները լուսավորի»: Տեսագրությունը ակնթարթորեն տարածվել է համացամցով մեկ, եւ այդտեղ երեւում է, թե ինչպես է պատգամավորը ե՛ւ իր ելույթը մինչեւ վերջ հասցնում, ե՛ւ հանգիստ ցուցադրում այդ նկարները` չնայած դահլիճից շատ ագրեսիվ ռեպլիկներ էին հնչում: Դե ինչ, թող դավաճան Մարգար Եսայանը դա նայի ու ամոթից գետինը մտնի: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА