o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉՆ Է ՎԱԽԵՑՐԵԼ ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԻՆ

24.02.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ի՞ՆՉՆ Է ՎԱԽԵՑՐԵԼ ԻԼՀԱՄ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԻՆ

Քննարկման մեջ է նաեւ այն վարկածը, որ Իլհամ Ալիեւը անբուժելի հիվանդ է, եւ այդ պատճառով է, որ կնոջը նշանակեց փոխնախագահ, այն իմաստով, որ մահվան դեպքում Մեհրիբան Ալիեւան փոխարինի ամուսնուն, մինչեւ գա իշխանությունը որդուն փոխանցելու ժամանակը, եւ ալիեւների իշխանությունը գոյատեւի:ԱՆԲՈՒԺԵԼԻ 
ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ 
ՏԱՐԲԵՐԱԿԸ 
ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է
Որ հենց ալիեւների ձեռքին իշխանությունը պահելու համար էր Մեհրիբան խանումի նշանակումը, կասկած չկա: Բայց վարկածը, թե պատճառն Իլհամ Հեյդարովիչի անբուժելի հիվանդությունն է, քիչ հավանական է: Մինչդեռ՝ հարցը, թե ինչու Ալիեւը գնաց այդ քայլին, առավել քան կարեւոր է: Բացատրենք միտքը: 
Իհարկե, անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությամբ Ալիեւը հենց նման իրավիճակների համար էր սահմանել առաջին փոխնախագահի պաշտոնը: Բայց փոխնախագահ չեն նշանակում, լավ հասկանալով, որ կնոջն այդ «պոստը» տալը իրեն ծաղրուծանակի օբյեկտի է վերածում: Առանց այդ էլ Ալիեւը վաղուց էր ծաղրանքի օբյեկտ դարձել` մի կողմից կոնջը կիլոներով տարաբնույթ շքանշան-մեդալներ տալու, մյուս կողմից էլ՝ Մեհրիբան խանումի` աչքի ընկնող արտաքին խավերի եւ մի շարք այլ երկրների ղեկավարների հետ, մեղմ ասած, մտերմիկ հարաբերությունների պատճառով: Նույն Մեհրիբանի պատճառով էր, որ ինչպես «չար» լեզուներն են շշնջում, Իլհամը  բռունցքների գործադրմամբ բախում ունեցավ իր երբեմնի «շոռաչք» հարեւան Սահակաշվիլու հետ: Նույն Մեհրիբանի պատճառով է, որ Իլհամը, ըստ նույն «չար» լեզուների, պարբերաբար խանդոտ հայացքներ է գցում Լուկաշենկոյի, ասում են նաեւ Օլանդի եւ այլոց ուղղությամբ: Այսքանից հետո Մեհրիբան խանումին փոխնախագահ նշանակելը հաստատ Ալիեւի երազանքներից չէր. հակառակ դեպքում՝ Սահմանադրությունը փոխելուն պես այդ նշանակումը կաներ, ինչո՞ւ պետք է այսքան ձգեր: Պատճառը հիվանդությո՞ւնն էր, որ Ալիեւը գնաց իր համար էլ խայտառակ այդ քայլին: Այդ դեպքում պետք է ենթադրել, որ Ալիեւը պատահաբար է իմացել այդ մասին եւ անմիջապես էլ վախեցած այդ նշանակումն է արել: Դա քիչ հավանական է թվում. ի վերջո, Ալիեւի առողջական վիճակը ամենօրյա վերահսկողության տակ է, այսինքն՝ հենց այնպես այդ կարգի անձինք չեն իմանում, թե մահացու հիվանդ են: Բայց որ նշանակումը հապշտապ էր, դա հաստատ է: Այս կերպ Ալիեւը ոտնահարել է իր երկրի, այսինքն՝ իր իսկ ձեռքով հաստատված մի շարք, այդ թվում՝ առավել քան գովազդված հակակոռուպցիոն օրենքը: Այն կտրուկ արգելում է հարազատներին ենթակա-պաշտոնյա նշանակել, մինչդեռ՝ Ալիեւը հենց այդպես էլ վարվեց եւ այդ առումով եւս բուռն քննադատության թիրախ դարձավ: Բայց նա կարող էր շատ հանգիստ այդ նույն օրենքում ուղղումներ մտցնել եւ Մեհրիբանի նշանակումը դարձնել օրինական: Չարեց. եւ մնում է ենթադրել, որ այդ նշանակման իրական պատճառը առաջ է եկել շատ արագ եւ պահանջել է նույնքան արագ էլ քաղաքական կտտանք հանդիսացող այդ քայլին գնալ: Եվ եթե ընդունենք, որ մահացու հիվանդության վարկածը քիչ հավանական է, ապա մնում է մյուս տարբերակը: Այն է՝ անսպասելիորեն առաջացել է մի իրավիճակ, որն Ալիեւի համար կարող է վերածվել նախագահի պաշտոնից հեռանալու անխուսափելիության ¥սպանություն, որոշակի որոշումներ ընդունելու պարտադրանք, որը նրան կպարտադրի թողնել պաշտոնը եւ փոխարինողին ժամանակ շահելու հնարավորություն տալ եւ այլն¤:  Եվ, քանի որ քիչ հավանական է, որ նման ծանր հեռանկարներ առաջանան ներադրբեջանական ինչ-ինչ գործոնների արդյունքում, ավելի տրամաբանական է այդ ամենը կապել արտաքին հարաբերությունների հետ: Իսկ Ալիեւի համար արտաքին բարդությունները կապվում են Ղարաբաղի հետ այն առումով, որ հենց ղարաբաղյան գործընթացով է պայմանավորված Բաքվի մի շարք ստիպված քայլերը, որոնք տանում են երկու հիմնական հարեւանների՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների տեսանելի վատթարացման: Եվ հենց այս տեսանկյունից է, որ Մեհրիբան խանումի նշանակման պատճառները մեզ համար կարող են հույժ կարեւոր դառնալ:

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՒՆ ՈՒ ՎԱԼԵՐԻՅ ԳԵՐԱՍԻՄՈՎԸ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ 
ԱՅՑԻ ԱԶԴԱԿՆԵՐԸ
Համենայնդեպս` փաստ է, որ անցած ապրիլից սկսած ռուսական քաղաքականությունը Ալիեւի համար գնալով միայն առնվազն մտահոգիչ է դառնում: Հիշենք այն կոշտ տոնայնությունը, որը Մոսկվան դրել էր ապրիլյան պատերազմը կանգնեցնելու պահանջների տակ: Դրան հաջորդեց նույն կոշտ տոնայնությամբ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի՝ Բաքվի համար այդքան անցանկալի համաձայնագրերը ստորագրելու պահանջը: Այդ ստորագրությունից հրաժարվելու փորձերը հանգեցրին տարեսկզբի Լավրովի կոշտ հայտարարություններին եւ այդպես շարունակ: Ալիեւը փորձում էր հակազդել՝ մերթ դեպի Իսրայել, մերթ դեպի ԱՄՆ նետվելու փորձերով, սակայն Թրամփի ընտրությունը այդ փորձերը դարձրին փակուղային: Իսկ Լապշինի այն անհեթեթ խաղը, որը սարքեց Ալիեւը, միայն էլ ավելի սրեցին իրավիճակը: Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի մոսկովյան այցը եւ դրա ընթացքում հնչած մի շարք հայտարարությունները այդ մասին են ակնարկում: Նաեւ նկատենք, որ այդ այցին զուգահեռ ռուսական մեդիա դաշտով մեկ տարածվեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մի շարք սուր հայտարարությունները: Այդ թվում՝ հայ-ռուսական ռազմական կապերի, հայկական բանակի պատրաստվածության աստիճանի ու մինչեւ իսկ մեր երկրում գտնվող «Իսկանդերների» մասին, որոնք նախարարի բնութագրմամբ՝ կօգտագործվեն «տաք գլուխները սառեցնելու» անհրաժեշտության դեպքում: Եվ ահա սրա հետ մեկտեղ, նույն ռուսական մեդիա դաշտը ակտիվորեն տարածեց նաեւ Նալբանդյանի մեկնաբանությունները, մի կողմից` իսլամիստ-ահաբեկիչներին յուրահատուկ ադրբեջանական դաժանությունների, մյուս կողմից էլ այն մասին, թե ինչպես է Բաքուն ձախողում ղարաբաղյան բանակցային գործընթացը: Ու սրա հետ մեկտեղ էլ հնչեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը Բաքվում պետք է որ նոր մտավախություններ առաջ բերի. «Ռուսաստանը կողմ է, որ շարունակեն փնտրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխընդունելի հանգուցալուծումները՝ այն փաստաթղթերի համաձայն, որոնք վերջին տարիներին ստորագրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարները»: Այսինքն, որ Ալիեւն ինչքան էլ փորձի խուսափել, մասնավորապես՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերի տակ դրած իր ստորագրություններից չի կարող խուսափել: Հակառակ դեպքում՝ պետք է հաշվի առնի Լավրովի այս ցուցադրական ակնարկը. «Մենք Երեւանը դիտարկում ենք որպես ԱՊՀ-ում առանցքային գործընկերներից մեկը: Բոլոր ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակիցը»: 
Բայց նաեւ աչքաթող չանենք ՌԴ ԱԳ նախարարի այն խոսքը, թե Մոսկվան գործընկերների հետ ակտիվորեն այնպիսի քայլեր է կատարում. «Որոնք թույլ կտան բանակցությունների սեղանի շուրջ քննարկել այն առաջարկները, որոնք առաջադրել է ռուսական կողմը, եւ աջակցում են ամերիկյան ու ֆրանսիական կողմերը»:
«Առաջարկներ, որոնք առաջադրել է ռուսական կո՞ղմը»: Սա արդեն կարծես թե սկսվում է նմանվել «Լավրովի պլան» ասվածին, որն անցած տարվանից մե՛կ մտնում է շրջանառության մեջ, մե՛կ էլ՝ անհետանում աչքից: Ամեն դեպքում, արդեն վստահաբար կարելի է ասել, որ ինչ-ինչ ռուսական, ընդ որում, Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համաձայնեցված առաջարկներ իրոք գոյություն ունեն: Ուրեմն` դրանք իրենցից ի՞նչ են ներկայացնում: Համենայնդեպս, մեկ բան հաստատ է. պաշտոնապես ղարաբաղյան բանակցություններում քննարկվող փաստաթուղթը վերջին տասնամյակում եղել եւ մնում է «Մադրիդյան սկզբունքները»: Եթե կան ռուսական առաջարկներ, ապա դրանք պետք է համարել այդ ընդհանուր փաստաթղթին նոր որակ տվող ինչ-որ դրույթներ: Կոնկրետ ի՞նչ, ժամանակը ցույց կտա: Ընդ որում, կարծում ենք, որ երկար սպասելու առիթ չի լինի:  Ճիշտ է, Նալբանդյանի մոսկովյան այցին զուգահեռ՝ Անկարա մեկնեց Մամեդյարովը, որն այս իրավիճակում Թուրքիայի հետ միասին ինչ-որ լուծում գտնելու տեսք ստացավ: Սակայն այդ այցի հետ կապված ինչ-որ ոգեւորություն Ադրբեջանում չի նկատվում: Արդյունքում՝ այս պահին մեկ բան է ենթադրելի. այդ նոր առաջարկներով համալրված` ընդհանուր բանակցային փաստաթուղթը լրջորեն մտահոգում է Ալիեւին այն աստիճան, որ ելք չունենալով, նա կարծես թե ընդհուպ մինչեւ մտածում է նախագահական աթոռը թողնելու հնարավորության մասին:
Եթե այսպես է, ուրեմն պետք է ենթադրել, որ նա նաեւ ելքի ճանապարհներ չի կարողանում գտնել: Ընդ որում, այստեղ տրամաբանություն կա: Քիչ տեսանելի, բայց ակտիվորեն առաջ են գնում ռուս-վրացական հարաբերությունները, եւ եթե հանկարծ Վրաստանը վերջնականապես որոշի ներգրավվել ՌԴ-Իրան կոմունիկացիոն միջանցքում, ապա դա Ալիեւի համար կնշանակի աշխարհաքաղաքական լիակատար շրջափակում: 
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ադրբեջանում լույս են ընծայել Իլհամ Ալիևի գրքերի 85-րդ հատորը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА