o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ԻԼՀԱՄԸ  ՄԵՀՐԻԲԱՆԻՆ  ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍՈՒԼԹԱՆՈՒՀԻ ՆՇԱՆԱԿԵՑ

22.02.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼԱՎ ՕՐԻՑ ՉԷ, ՈՐ ԻԼՀԱՄԸ  ՄԵՀՐԻԲԱՆԻՆ  ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍՈՒԼԹԱՆՈՒՀԻ ՆՇԱՆԱԿԵՑ


Ինչպես եւ սպասելի էր, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դժվարանում է մարսել բլոգեր Լապշինին Բաքվին հանձնելու պատմությունը: Հույս ուներ, որ այդ լավության դիմաց եղբայր Իլհամը մի քիչ նավթ կնվիրի: Չնվիրեց: Հետո Բատկան սկսեց էժան գնով՝ 1 բարելը՝ 30 դոլարով Բաքվից նավթ մուրալ: Իլհամ Հեյդարօղլու արձագանքն առավել քան թափանցիկ էր՝ խելքդ գլուխդ հավաքիր:ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ 
ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ՄԱՐՍԵԼ 
ԼԱՊՇԻՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Բայց ինչպես ասում են՝ փորձանքը մենակ չի գալիս: Լուկաշենկոն հույս ուներ, որ Լապշինի հաշվին կլուծի իր նավթային պակասորդի հարցը եւ կկարողանա մինչեւ վերջ քյալլա տալ Մոսկվայի հետ, սակայն ոչ միայն նավթը չստանալով` այդ հնարավորությունից զրկվեց, այլ նաեւ Լապշինի գործը կարծես թե վերջնականապես հունից հանել է Կրեմլին: Ու հիմա Լուկաշենկոն որոշել է անառակ որդու կերպարին հասնել: Մեկ շաբաթով գնում է Սոչի, հույս ունենալով, որ այնտեղ կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: Իսկ Մոսկվան նախագահի մամլո խոսնակ Պեսկովի միջոցով արձագանքեց, թե Պուտինի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցված է, եւ մոտ ժամանակներս Լուկաշենկոյի հետ հանդիպում նախատեսված չէ: Իսկ ոչ դիվանագիտական լեզվով սա նշանակում է՝ քեզ հետ խոսելու ցանկություն չունեմ: Լուկաշենկոն անգամ իր ԱԳ նախարարին է գործուղել Լավրովի մոտ: «Բանակցությունների հիմնական թեման ինտեգրացիոն կառույցներում Բելառուսի մասնակցության էֆեկտիվության բարձրացումն է»,- տեղեկացնում են բելառուսական աղբյուրները: Մարդկային լեզվով ասած, սա նշանակում է խոստում, թե կդադարեցնենք այն բոլոր ավանտյուրաները, որոնք վերջին ամիսներին իրականացնում ենք ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում: Միայն թե Լավրովը միջամտի, որ Պուտինն ընդունի Լուկաշենկոյին: Թե ի՞նչ կստացվի՝ կտեսնենք: Բայց հասկանալի է, որ Բատկայի այս նյարդային վիճակը ամենեւին էլ պատահական չէ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Բելառուսի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Մինսկում, բավականին պատկառելի զանգվածային միջոցառումներ տեղի ունեցան: Ճիշտ է՝ Բելառուսում մեկ-մեկ նման բաներ պատահում են, սակայն ամեն անգամ իրավապահները արագորեն չեզոքացրել են ամեն մի բողոքի ակցիա:  
Բայց այս անգամ բելառուսական իրավապահները գերդեմոկրատական տեսք էին ստացել: Իմաստն էլ կարելի է հասկանալ. միտինգավորները առաջին պլան էին մղում ՌԴ-ի հետ հարաբերությունների կարեւորության հարցը: Նույն գաղափարի կրողների պակաս չկա նաեւ Լուկաշենկոյի շրջապատում:ԵՎԲատկան երեւի հասկացավ, թե իրականում որտեղ է գտնվում իր հավերժության մոգական քարը, որ իր  արդեն քրոնիկական բնույթ ստացած կապրիզներով, միայն ռուսներից նավթ ու գազ վերցնելով ու դիմացը ոչինչ չտալով, արդեն հասցրել է զզվեցնել Մոսկվային: Ընդ որում, մինչ այս սրացումները փորձեց  մի թույլ հայացք գցել Արեւմուտքի ուղղությամբ, բայց նրան կարծես թե հասկացրին, որ Ուկրաինայի հարցով ռուսների հետ քյալլա տալուց արդեն իսկ կուշտ են, որ հիմա էլ, ի դեմս Բելառուսի, երկրորդ Ուկրաինա ստանան: Բայց եթե նույնիսկ հանկարծ Բելառուսն իրենց պետք լինի, ապա միայն առանց Լուկաշենկոյի: Եվ այսքանից հետո մեկ շաբաթով Սոչի վազելն ու Պուտինի դռների առաջ պահակ նստելը կարծես թե Լուկաշենկոյի վերջին շանսն է:

Ինդոնեզիայի նախագահը պաշտոնապես առաջարկեց երկրի մայրաքաղաքը տեղափոխել Կալիմանտան կղզի

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Իհարկե, խնդիրը միայն Լուկաշենկոն չէ: Նա ընդամենը փորձեց վերջին տարիների հակառուսական այս սուր արշավի հաշվին փող աշխատել, ինչ-որ չափով կարողացավ ու հիմա մարսելու խնդիր ունի: Ռուսներին էլ, բնական է, ոչ միայն այդ դավաճանությունը զայրացրեց, այլ հասկացան, որ անգամ իրենց հաշվին տարեկան միլիարդավոր դոլարներ աշխատող Բելառուսը կարող է ցանկացած պահի կուրսը փոխել: Այսինքն՝ կա ռուսական ուղեծրում ձեւավորվող ինտեգրացիոն համակարգի ամրացման խնդիր: Առավել եւս այն պահին, երբ ռուսական աշխարհաքաղաքական ազդեցությունն ակտիվորեն ծավալվում է այդ ինտեգրացիոն համակարգի սահմաններից դուրս, բավականին հեռուներում է: Իսկ այդ իրավիճակում մահացու վտանգ է ներկայացնում ոչ ապահով թիկունքը: Ուրեմն, թիկունքի ամրապնդումն առաջնահերթ խնդիր է, եւ, մասնավորապես՝ Բելառուսի ուղղությամբ դա կարվի Լուկաշենկոյի, թե մեկ ուրիշի միջոցով, արդեն երկրորդ հարցն է:
Այսպիսով այն, որ ՌԴ-ն սկսում է իր դիրքերն ամրապնդել, առաջին հերթին, հետխորհրդային տիրույթում, կարծես թե տեսանելի է դառնում, թեեւ դա վաղուց էր սպասելի: Օրերս ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց, որով ճանաչում է Դոնբասի երկու չճանաչված հանրապետությունների՝ Դոնեցկի եւ Լուգանսկի քաղաքացիների անձնագրերը: Դրանից այն կողմ արդեն այդ երկու հանրապետությունների ճանաչումն է: Մոսկվան կգնա՞ նաեւ այդ քայլին. դա դեռ հստակ չէ: Բայց անձնագրերը ճանաչելով` ՌԴ-ն, ըստ էության, այլ մեսիջ է հղում, որ ուկրաինական խնդիրը եւս արդեն շատ ձգվեց, եւ եթե չլինի հանգուցալուծում, ապա Մոսկվան լուծումը կտա Դոնբասը ճանաչելու միջոցով: Դրանից հետո այդ հանրապետության հետ կնքվում է ռազմական համագործակցության մասին պայմանագիր, այնտեղ տեղադրվում է ռուսական զինուժ, եւ Արեւմուտքում կամ Կիեւում ով ինչ ուզում է գոռա, իրողությունը չի փոխվի:

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ 
ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Սրան զուգահեռ՝ նույն կարգի միտումներ սկսում են նկատվել նաեւ Հարավային Կովկասում: Այս օրերին անսպասելիորեն օրակարգ մտավ վրաց-աբխազական, վրաց-օսեթական կոմունիկացիոն ուղիների վերագործարկման թեման: Ռուս-վրացական հարաբերությունների հարցով բանակցողները՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հերթական հանդիպման արդյունքներից ելնելով` տեղեկացրեցին, որ ակտիվ քննարկման հարթություն են բերում 2011թ.-ի «Տրանսպորտային միջանցքների մասին» պայմանագիրը, որը ենթադրում է ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ առնվազն բեռնափոխադրումների վերականգնում Աբխազիայի եւ Օսեթիայի տարածքով: 
Այս պայմանագիրը դեռ ընդունման պահից սկսած ակտիվորեն տորպեդահարում էին Ադրբեջանը եւ Թուրքիան, թեեւ միայն դա չէր պատճառը, որ դրա իրականացումը անորոշ ժամանակով հետաձգվեց: Առաջ եկավ այն հարցը, թե այդ գործընթացում Աբխազիան եւ Օսեթիան ինչ կարգավիճակում են ներգրավվելու, եւ միանգամից գործընթացը կանգ առավ: Բայց այս փուլում, ինչպես ընդգծեցին նաեւ ՌԴ-ի եւ Վրաստանի ներկայացուցիչները, որոշել են այլ կերպ առաջնորդվել. օրակարգ են բերում միայն ուղիները բացելու հարցը, շրջանցելով ինչպես Աբխազիայի եւ Օսեթիայի, այնպես էլ՝ այնտեղ տեղակայված ռուսական զորամիավորումների թեմաները: Այսինքն՝ քաղաքականը տարանջատվում է տնտեսականից, եւ հաշվի առնելով, որ տնտեսական տեսանկյունից այդ հաղորդակցության ուղիներից լուրջ սպասելիքներ ունեն ինչպես ՌԴ-ն եւ Վրաստանը, այնպես էլ՝ Հայաստանը եւ Իրանը, մեծ է հավանականությունը, որ այս անգամ ռեալ տեղաշարժ կլինի: Եվ ասել, թե պատահական էր, որ հենց այս օրերին միանգամից վեց նախարարի եւ մեկ փոխնախարարի ներգրավվածությամբ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնում է Վրաստան, միամտություն կլիներ:
Ի դեպ, նաեւ մեծ է հավանականությունը, որ այս անգամ Թուրքիան զերծ կմնա գոնե բացահայտ կոմունիկացիաների վերականգնման դեմ կռիվ տալուց: Մեր վերջին հրապարակումներից մեկում առիթ ունեցել ենք այն ենթադրությունը հայտնել, որ օրակարգ է մտնում ողջ «Մետաքսի ճանապարհի» շրջանակներում հարավկովկասյան տարածաշրջանով մեկ բեռնափոխադրումների ուղիների գործարկման հարցը, որից Անկարան էլ իր հերթին հսկայական տնտեսական սպասելիքներ ունի: Եվ դժվար չէ կռահել, որ աբխազական գծի հետ կապված այս գործընթացները հենց դրա հետ է պետք կապել:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս, ինչ խոսք, դեռ կփորձի ինչ-որ ավանտյուրա կազմակերպել: Բայց Բաքվի հետ կապված երեկ մեկ ուշագրավ հանգամանք ի հայտ եկավ: Իլհամ Ալիեւը, չգիտես ինչու, որոշեց իր կնոջը՝ Մեհրիբանին, նշանակել Ադրբեջանի առաջին փոխնախագահ: Այս նշանակումը, իհարկե, բացի բուռն քննադատությունից, Ալիեւի հասցեին նաեւ ծաղրի մի ահռելի հեղեղ է առաջ բերելու, եւ նման հեռանկարը նա դժվար թե չպատկերացներ: Այդ դեպքում ինչո՞ւ որոշեց ադրբեջանական իշխանությունը ցուցադրաբար վերածել ընտանեկան բիզնեսի, երբ առանց այդ էլ հենց այդպես էլ կար. Մեհրիբան խանումը առանց նշանակման էլ ադրբեջանական սուլթանուհին էր, եւ պետք եղած պահին կարող էր նույնիսկ սուլթան Ալիեւից էլ մի քայլ առաջ անցնել: Բայց այդ ոչ պաշտոնական կարգավիճակը մեկ մեծ խնդիր ուներ. եթե Իլհամ Հեյդարովիչի հետ ինչ-որ բան տեղի ունենար, կլանը միանգամից կզրկվեր իշխանությունից: Իսկ այսպես. ադրբեջանական օրենսդրությունը նախատեսում է, որ նախագահի հետ ինչ-որ բան լինելու դեպքում իշխանությունը կանցնի առաջին փոխնախագահին: Այսինքն՝ եթե Ալիեւը որոշեց այդ պաշտոնը տալ կնոջը, ապա նա մտածում է, որ կարող է եւ նախագահական աթոռը նրան թողնելու այդ ինչ-որ պատճառը իրականություն դառնա: Իսկ եթե վախենում է, ուրեմն վախենալու առիթ ունի...
Եվ վերադառնալով թեմային` նկատենք, որ եթե վերջապես վերագործարկվեն աբխազական եւ օսեթական ուղիները, ապա, ինչպես նաեւ արեւմտյան սուպերլիբերալ մամուլն է սկսել աղմկել, դա էապես կամրապնդի ՌԴ-ի դիրքերը ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանում, այլ նաեւ Մերձավոր Արեւելքում, ընդհուպ մինչեւ Պարսից ծոցի ափերը: Եվ  պատահական չէր, որ օրերս նաեւ Թեհրանը պաշտոնապես հայտարարեց, թե ակնկալում է ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Ռուսթավի-2»-ի նախկին գործադիր տնօրենը պաշտոնապես մեղադրվել է լիազորությունները չարաշահելու մեջ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА