o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒՐ Է ԳՆՈՒՄ  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ

21.02.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՒՐ Է ԳՆՈՒՄ  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԸ


Մի շարք գործող պատգամավորներ թեկնածուների ոչ մի ցուցակում չկան: ՀՀԿ-ից` 6, ԲՀԿ-ից` եւս մի քանիսը, ՀԱԿ խմբակցությունից` Լյուդմիլա Սարգսյանը, իսկ «Ժառանգություն» խմբակցությունը բացակայում է ամբողջովին: Եթե չհաշվենք, իհարկե, խմբակցությունից դուրս եկած Խաչատուր Քոքոբելյանին: ԱՅԴ 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Իրոք որ, ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունում տարօրինակ բաներ են կատարվում: Ինքը` Րաֆֆին, ՕՕ (Օհանյան-Օսկանյան) դաշինքում 11-րդն է, այսինքն` անգամ, եթե դաշինքը մի կերպ անցնի խորհրդարան, նա, միեւնույնն է, մանդատ չի ստանա: Ասում են, թե ընտրություններից հետո նա ընդհանրապես գնալու է թոշակի: Կուսակցությունն էլ ցիրուցան է երկու դաշինքներով` ՕՕ եւ «Ազատ դեմոկրատների» ցուցակ: Զարուհի Փոստանջյանն էլ լքեց կուսակցությունը` այդպես էլ չգնալով նաեւ «Ելք» դաշինք: Արմեն Մարտիրոսյանը չի էլ թաքցնում, որ էլի դուրս եկողներ կարող են լինել: Ավելին, մի քանի օր առաջ մի շարք «ժառանգականներ» դիմել են ԿԸՀ` առհասարակ «Ժառանգությունից» մարդ չգրանցելու` որպես թեկնածու, որեւէ ցուցակում, քանի որ ամիսներ առաջ կուսակցության վարչության լիազորությունների ժամկետն ավարտվել է, իսկ նոր վարչություն չի ընտրվել: Այդ բողոքավորներին էլ Արմեն Մարտիրոսյանը, ով ստանձնել է ՕՕ դաշինքի շտաբի պետի գործառույթը, չի ուզում ճանաչել... Կարճ ասած, ոչ թե կուսակցություն է, այլ` ուրախ ավտոբուս: Մարդկանց թոշակի եւ արխիվի ժամանակը եկել է:
Հա, ի դեպ, Արմեն Մարտիրոսյանի` շտաբի պետ դառնալու առնչությամբ էլ, լրատվական դաշտում հետաքրքիր խոսակցություններ կան: 
ՕՍԿԱՆՅԱՆԻ 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷԼ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է
Մամուլում եւ համացանցում ակտիվորեն պտտվեցին խոսակցություններ, իբր կուսակցության ակտիվագույն քարոզիչ Անդրանիկ Թեւանյանը ապտակել կամ անգամ մուշտի է տվել Վարդան Օսկանյանին: Ճիշտ է, ինքը` Թեւանյանը, դա հերքում է, բայց առանց կրակ ծուխ չի լինում: Եվ խոսվում է, որ ներքին գժտության պատճառը հենց Արմեն Մարտիրոսյանին շտաբը հանձնելն է, փոխանակ դա լինի հավատավոր յուրայիններից մեկը: Դե, երեւում է Սամվել Բաբայանը, ում Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց ցուցակները միանձնյա կազմող եւ ում «երեսից» լքեց դաշինքը, ինչ-որ բաներից դժգոհ է: Իսկ դժգոհելու բան հաստատ կա: Օրինակ, իր էությամբ ժրաջան կազմակերպիչ Վահե Հովհաննիսյանը, ով, ըստ էության, օսկանյանական կուսակցության շարժիչն էր, հանկարծ հայտարարել էր ընտրություններին չմասնակցելու մասին: Եվ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Վարդան Օսկանյանն էլ ընտրություններից հետո մտադիր է լքել քաղաքականությունը` անգամ մանդատ ստանալու դեպքում: 
Այս ամենը քիչ էր, հավելվեց նաեւ նրա որդու` Արա Օսկանյանի հետ կապված քրեական պատմությունը: Սովորական կրիմինալ է, որին քաղաքական աստառ կպցնելու համար շատ զորեղ երեւակայություն է պետք, բայց... կպցնում են:Ու հիմա, եթե Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանի չարաշահումները «փորփրեն», էլի հաստատ աղմուկ-աղաղակ է լինելու, թե քաղաքական հալածանք է: Անդրանիկ Թեւանյանի ղեկավարծ կայքը արդեն իսկ հայտարարում է, թե իրենք այն աստիճանի ահուսարսափ են իշխանության համար, որ իշխանությունն ամեն կերպ իրենց հալածում է: Բայց, ախր, անգամ եթե աշխարհիս ռեսուրսներն ունենային, ունեն նաեւ Րաֆֆի Հովհաննիսյան, որը քայլող ձախորդություն է, մանավանդ, եթե գտնվում է նրան աղոթելու տանող «զորավար»: Այս անգամ էլ կգտնվի, կամ ինքը կգտնի այդպիսի «զորավարի»: 
Բայց մյուսներն էլ հետաքրքիր են: Արթուր Բաղդասարյանը այնպիսի հեքիաթներ հասցրեց պատմել, որ Գյուլնազ տատը դագաղում հոլի պես պտտվում է, «Ելք» դաշինքը, չգիտես ինչու, իր ձայնահավաքությունը սկսեց Լոս Անջելեսից, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բոլորին, բացի դաշնակներից, որակեց «շան տղերք» (թե ինչպես է հետո տակից դուրս գալու...), «Ազատ դեմոկրատներն» էլ, ժողովրդի խոսքով ասած, ոչ գվվում են, ոչ բվվում: Ծառուկյան դաշինքն էլ առաջ է քաշել 15 կետեր, որոնք (դա, թերեւս, տնտեսագիտականի ուսանողի հաշվելու խնդիր է), եթե ի կատար ածվեն, բյուջեի եկամուտները ահագին կպակասեցնեն, ծախսերն էլ կավելացնեն: Լավ, ում ընտրի խեղճուկրակ բողոքավոր ընտրողը, ով չի ուզում ՀՀԿ-ին ձայն տալ, ընդհանրապե՞ս չգա ընտրատեղամաս, կամ քվեաթերթիկի վրա Չակ Նորիսի անո՞ւնը գրի: 

​​​​​​​«Ինքնաոչնչացման կոճակը սեղմված է». Արթուր Թովմասյան

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՐԲՈՐԵՆ 
ՏԵՂԸ ԴՐԵՑ ՊՈՊՈՒԼԻՍՏՆԵՐԻՆ
Ամբողջ, ընդդիմադիր ասես, ոչ իշխանական ասես, քաղաքական գազանանոցը, բացի անիրագործելի տնտեսական հրաշքներից, խոստանում է եւս մի բան` զորակոչիկներին առաջնագիծ չտանել: Այսինքն` իր պոպուլիզմով մտնում է անթույլատրելի դաշտ` պաշտպանություն եւ անվտանգություն: Ռեկորդակիրն, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով երազում է, որ Հայաստանն ունենա ընդամենը 10 հազարանոց բանակ, մյուսները այս կամ այն չափի գլուխ են գովում, թե հարցերը կլուծեն պայմանագրային զինծառայողներով: 
Իսկ ՀՀ նախագահը ԵԿՄ 11-րդ համագումարին իր ուղերձում պոպուլիզմի այդ տեսակին միանգամից կտրուկ հակահարված հասցրեց` նշելով, որ հանրապետականները «մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու»: Ի դեպ, ՀՀ նախագահը հատուկ շեշտեց. «Իսկ այսօր Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետեւաբար եւ խոցելի: Այդ սին պատրանքներից ելնելով` հակառակորդը միգուցե փորձի նաեւ նոր սադրանքների դիմել», նաեւ հատուկ ընդգծելով. «Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի եւ չի կարող ունենալ»: 
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա. «Մենք այս ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, եւ այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու»: Եվ իրոք, եթե անցկացնենք թեկնածուների ցուցակների համեմատություն, ապա ՀՀԿ-ի թիմը ամենաբարեփոխվածն է: Գործնականում անփոփոխ կազմով ընտրության են գնում ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ Դաշնակները, ե՛ւ ՀՎԿ-ն, ե՛ւ ՀԱԿ-ը, ու ընդդիմադիր դաշտում, եթե չհաշվենք արեւմտամետ «Ելքը», ընդհանրապես թարմություն չկա: Ինչ վերաբերում է քաղաքական բարեփոխմանը, ապա, ըստ ՀՀԿ առաջնորդի. «Մենք իրականացնում ենք դեպի խորհրդարանական կառավարում անցման այդ գործընթացը, եւ մենք պարտավոր ենք այդ անցումը կատարել անցնցում: Այս ընթացքում մենք նաեւ պարտավոր ենք երաշխավորել կայունություն ու օրինականություն»: 
Դե ինչ, մայդանների եւ փողոցային անկարգությունների ժամանակները, կարծես թե անցել են: Իսկ թե ինչպես վարվել ոչ բարով-խերով հարեւանի հետ` համապատասխան փորձը կա` ե՛ւ 1990-ականների, ե՛ւ անցյալ տարվա ապրիլի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА