o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎՆ ԻՆՔՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԼԱՊՇԻՆԻՑ ԳԼԽԱՑԱՎ ՍԱՐՔԵՑ 

10.02.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎՆ ԻՆՔՆ ԻՐ ՀԱՄԱՐ ԼԱՊՇԻՆԻՑ ԳԼԽԱՑԱՎ ՍԱՐՔԵՑ 

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատմությունը, ինչ խոսք, տհաճ տպավորություն առաջացրեց: Եվ պատճառն այն չէր, որ Բաքուն պահանջեց եւ ստացավ Լապշինին. ի վերջո, Ադրբեջանը թշնամի երկիր է եւ նման թշնամական քայլեր նա միշտ էլ անելու է: Բայց ահա Բելառուսի, այսինքն՝ գոնե թղթերի վրա մեր ռազմական, տնտեսական դաշնակցի կողմից բլոգերին հանձնելը, իհարկե, մեղմ ասած, սրիկայություն էր...ՀԱՐՎԱԾՆ ՈՒՂՂՎԱԾ ԷՐ 
ՌԴ-ԻՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻՆ
Սակայն, երբ այդ պատմությանը նայում ենք ոչ թե բարոյական, այլ զուտ քաղաքական տեսանկյունից, մի շարք հետաքրքիր հարցեր, այնուամենայնիվ, առաջ գալիս են: Սկսենք Բաքվից. Ալիեւի ինչի՞ն էր պետք այդ համառությամբ, չնայելով հնարավոր հետեւանքներին, Լապշինին պահանջելն ու ստանալը: Ի՞նչ է դա նրան տալիս: Ի վերջո, ի՞նչ է արել Լապշինը, այցելել է Ղարաբա՞ղ. բայց չէ՞ որ տասնյակ հազարներն են այցելում, իսկ Բաքուն բավարարվում է միայն «սեւ ցուցակներ» կազմելով՝ հետո միգուցե պետք գա իմաստով: Դրանից հետո Լապշինը նաեւ ազգանվան մեկ տառի տարբերությամբ` ուկրաինական անձնագրով Բաքու է այցելել: Դա էլ երեւի մարսեին, սակայն Լապշինը դրանից հետո սկսեց ծաղրել Բաքվին, այսինքն, որ նրանց «սեւ ցուցակները» կոպեկի արժեք չունեն: Հենց այս հանգամանքն էր, որ Ալիեւին հիստերիայի հասցրեց:
Այսպիսով, Ալիեւի քայլերը պայմանավորված էին միայն այդ հիստերիայո՞վ, թե՞ այլ, քիչ տեսանելի պատճառներ էլ կային. դրան դեռ կհասնենք:
Անցնենք Բելառուսին. Մինսկի ինչի՞ն էր պետք Լապշինին հանձնելը, դրան գնաց միայն հանուն Ալիեւի խնդրանքի՞: Եթե խորը նայենք, դա Հայաստանի համար քաղաքական հարված էլ չէր. մեր քաղաքացուն չեն հանձնել, այս դրվագը հաստատ որեւէ կերպ Ղարաբաղ գնացող-գալացողների վրա բացասական էֆեկտ չի ունենա ¥էլ չասած, որ հոսքը կարող է աճել. շատերը նույնիսկ ցուցադրական կերպով կցանկանան Արցախ ժամանել¤: Էլ չասած, որ այս պատմության շուրջ մեծ աղմուկը հաստատ Հայաստանին միայն օգուտ է: 
Բայց փոխարենը, երբ Լուկաշենկոն հանձնում է, իսկ Ալիեւը ստանում է, դա  ՌԴ-ի եւ Իսրայելի միջազգային հեղինակությանն ուղղված լուրջ հարված է: Այսինքն, հենց այդ դաշտ է տեղափոխվել խնդիրը՝ դուրս գալով Լապշինի Ղարաբաղ գնալ-չգնալու հարթությունից: Առավել եւս, որ ՌԴ-ն մինչեւ իսկ ԱԳ նախարար Լավրովի հրապարակային հայտարարության միջոցով Մինսկին ու Բաքվին հուշեց, որ Լապշինի թեման համարում է հենց ՌԴ-ին հասցված հարված: Եվ միայն այդ հանգամանքից ելնելով, ծեր աղվես Լուկաշենկոն, ինչ խոսք, պարզորոշ գիտակցում էր, որ այդ իրոք ՌԴ-ի եւ Իսրայելի հեղինակությանն է հարվածում: Ավելին, որ այդ հարցը նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի շրջանակներում է լուրջ հարցերի տեղիք տալու: Իհարկե, նեղ պահերին Ադրբեջանը մեկ-մեկ Մինսկին նավթ է տալիս, ու հիմա էլ՝ խնդրել է Լապշինին բռնել: Բայց ռեալ նայենք. ընդամենը ինչ-որ բլոգերի պատճառով Բաքվի կապրիզները բավարարելու համար Մինսկը կգնա՞ր այդ բոլոր բարդություններին: Հաստատ ոչ, ավելի ճիշտ, ցանկության դեպքում Լուկաշենկոն կարող էր Ալիեւի նավթային այդ լավությունն այլ կերպ փոխհատուցել՝ նրան համոզելով, թե իմաստ չունի ոչ էական պատճառով այդքան բազմակողմ հակասությունների մեջ մտնել: Առավել եւս, որ ինչքան էլ Լապշինի պատճառով Ալիեւը հիստերիայի մեջ էր հայտնվել, բայց նա էլ իր հերթին չէր կարող չգիտակցել նույն բանը, որ Լապշինին, այն էլ՝ աշխարհով մեկ ծավալված նման աղմուկի պարագայում Մինսկից Բաքու հասցնելն ու ինչ-որ դիմակավոր զինվորականների մի մեծ խմբով ցուցադրաբար բանտ տանելը ՌԴ-ի եւ Իսրայելի հեղինակությանն ու վարկանիշին ուղղված մի այնպիսի մարտահրավեր է, որին նրանք ցանկության դեպքում անգամ չեն կարող չպատասխանել:
Բայց չնայած նշված տրամաբանությանը, Լուկաշենկոն եւ Ալիեւը գնացին այդ քայլին: Այսինքն, նրանք միանգամայն գիտակցված են ՌԴ-ի հետ առանց այդ էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրում: Եվ հենց սա է պետք հասկանալ՝ ինչո՞ւ:
ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞
Լուկաշենկոյի շարժառիթները, կարծես թե, ավելի տեսանելի են: Բերենք ընդամենը նավթի օրինակը. հետխորհրդային ողջ ժամանակահատվածում ՌԴ-ից նավթ է ստացել ներքին գներով, առանց մաքսատուրքի, իր տարածքում վերամշակել եւ վաճառել Եվրոպային, բնականաբար՝ համաշխարհային գներով. տարեկան շահույթը միլիարդավոր դոլարների է հասնում: Եվ նույնը վերաբերում է հումքի մի շարք այլ տեսակների: Սակայն ժամանակները փոխվել են, ՌԴ-ի գլոբալ դիրքերը՝ ամրացել: Եվ անցած տարվանից սկսած նկատելի էր, որ Մոսկվան մշտապես այս կարգի հարցադրումն էր դնում Մինսկի առաջ. «Հանուն ինչի՞ ենք այդ միլիարդները ձեզ նվիրում, երբ ո՛չ Ուկրաինայի հարցով, ո՛չ Սիրիայի, ո՛չ էլ Արեւմուտքի հետ այս սուր հակասության հետ կապված որեւէ ռեալ օժանդակություն չստացանք»: Ավելին, այն պահին, երբ ՌԴ-ն իր հակադարձ պատժամիջոցներն էր կիրառում՝ արգելելով Եվրոպայից մասնավորապես գյուղմթերքների ներկրումը, Բելառուսն էլի փորձում էր փող աշխատել` եվրոպական մթերքներն իր անվան տակ Ռուսաստան մտցնելով: Դաշնակցային տեսանկյունից սա սովորական սրիկայություն է, եւ այսքանից հետո Մոսկվան պարզապես Մինսկին զրկեց նավթի այն հավելյալ քանակից, որն օգտագործվում էր վերամշակել-արտահանելու համար` թողնելով միայն Բելառուսի ներքին օգտագործման համար բավարար քանակը ¥այստեղ է, որ Ալիեւը նավթի որոշակի խմբաքանակներով Լուկաշենկոյին օգնության հասավ¤: Մինսկին թերեւս թվաց, որ սովորական կապրիզներով կարող է խնդիրը լուծել. Լուկաշենկոն բոյկոտեց ԵՏՄ ղեկավարների անցած տարեվերջյան հավաքը: Բայց ահա, ՌԴ-ն էլ ավելի արմատական քայլերի գնաց՝ Բելառուսի հետ սահմանային մի շարք կետերում հսկողության դեռ նախնական տարրեր մտցնելով: Իսկ դա ակնարկ էր, թե չենք պահում, կարող եք նույնիսկ ԵՏՄ-ից հեռանալ: Լուկաշենկոն էլ արձագանքեց, որ նման միտք անգամ չունի, բայց ահա, Լապշինին հանձնելով, այն  մեսիջը հղեց Մոսկվային, որ շարունակելու է քյալլա տալ: Մի խոսքով, հենց այս՝ ՌԴ-Բելառուս հակամարտության համատեքստում էլ պետք է տեսնել Լուկաշենկոյի այդ քայլի տրամաբանությունը:

Պուտինը Չիլինգարովին պարգեւատրել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» շքանշանով

ԱՆՕԳՈՒՏ ՔԱՅԼ  
Իսկ ի՞նչ է ուզում Ալիեւը. այն, որ Բաքուն ղարաբաղյան գործընթացի հետ կապված բավականին բարդ վիճակում է հայտնվել, դեռ անցած տարվանից բազում փաստեր են վկայում եւ վերջին դրվագն էլ կարելի է համարել Լավրովի հայտնի հայտարարությունը՝ «Ղարաբաղը ձեր ներքին խնդիր չէ»: Ալիեւը փորձեց այլ դաշնակցային ուղղություններ տնտղել, բայց ինչքան էլ Բաքվում ոգեւորվել էին Իսրայել-ԱՄՆ ուղղությամբ դաշինքից խոսելով, ի վերջո, հասկացան, որ դա միայն տարավ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման ու միաժամանակ Իրան-Հայաստան հարաբերությունների սերտացման: Հիմա էլ Ալիեւը մտածում է Թեհրան մեկնել` իր այդ կոպիտ սխալը շտկելու համար: Թե ինչ կստացվի՝ կտեսնենք: Բայց այս դեպքում էլ Իսրայելն է թարս նայելու Ալիեւի այդ քայլին, առավել եւս իր քաղաքացու գլխին սարքած այս պատմությունից հետո: Միգուցե Ալիեւը մտածում է, որ Լապշինին, ի վերջո, կհանձնի Իսրայելին եւ դա կգրանցի իր կողմից միաժամանակ հրեաներին եւ ռուսներին լավությո՞ւն. սա էլ է տարբերակ, բայց հազիվ թե էֆեկտիվ լինի: Ամեն դեպքում, չմոռանանք, որ Լապշինն ընդամենը անձ է, իսկ անձերի համար միջպետական, առավել եւս աշխարհաքաղաքական ծրագրերը չեն փոխվում:
Չեն փոխվում, բայց կարող են էապես սրվել: Կրկնենք. նախ Լապշինի այս պատմությունն ընկալվեց որպես ՌԴ-ին եւ Իսրայելին հասցված ապտակ: Ապա՝ սա լավ առիթ դարձավ, որ գլոբալ իրավապաշտպանական համակարգը հերթական անգամ հիշեր բռնապետ Լուկաշենկո եւ Ալիեւ տերմինը: Մի խոսքով, այս ամենը դեռ մարսել է պետք: 
Բայց ամենահետաքրքիրը. Լապշինին ստանալու հարցը Ալիեւը լուծեց: Լուկաշենկոն հանձնեց ու պրծավ. նրա խնդիրներն այսքանով ավարտվեցին: Բայց հիմա Ալիեւն ի՞նչ է անելու Լապշինի հետ:  Դատապարտելո՞ւ է. այդ դեպքում կստանա ներկայիս համեմատ բազմապատիկ անգամ մեծ աղմուկ ու ՌԴ-ի եւ Իսրայելի հետ ավելի սրված հարաբերություններ: Մի քիչ դատ կխաղա ու նրան բա՞ց կթողնի: Թերեւս սա ամենահավանական տարբերակն է: Միայն թե այս դեպքում էլ ծիծաղելի վիճակում է հայտնվելու. հաստատ դեռ երկար կհիշվի «սպեցնազի» մի ամբողջ գումարտակով Լապշինին օդանավակայանում դիմավորելու պատմությունն ու դրանից հետո «մարդասիրության» անվան տակ նրանից մի կերպ գլուխն ազատելը: Առավել եւս, որ բլոգերի մայրն է մեկնում Բաքու, որն Ալիեւին նոր տհաճություններ է խոստանում: Առավել եւս, որ այդպես էլ տեսանելի չէ այն թեկուզեւ փոքրիկ օգուտը, որը Բաքուն հույս ունի ստանալ այս մեծ աղմուկից: Մի խոսքով այն, որ Ալիեւն ինքն իր համար Լապշին անունով  գլխացավանք սարքեց, հաստատ է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА