o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊԱԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ  ՏԽՈՒՐ ՀԵՌԱՆԿԱՐԸ

09.02.2017 16:42 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ  ՏԽՈՒՐ ՀԵՌԱՆԿԱՐԸ


Ինչն է շատ հիմա մեր քաղաքական դաշտում` նախընտրական դաշինքները: Ընդ որում, դրանց մեծամասնությունը դեռեւս պաշտոնական անուն էլ չունեն, ու նրանց մասին խոսվում է ինչ-որ պայմանական անուններով: Ծառուկյանի դաշինք, Սեյրան Օհանյանի դաշինք, «Ազատ դեմոկրատների» դաշինք, ՀԱԿ-ՀԺԿ դաշինք... Միայն «Ելքն» է, որ անուն ունեցող դաշինք է: Իսկ ինչ վերաբերում է անուն չստացածներին, ապա անուններ են ի հայտ գալիս սոցիալական ցանցերում: Օրինակ, Ֆեյսբուքում Սեյրան Օհանյանի դաշինքը արդեն կատակով հասցրել են կոչել «Էրգենեկոն», դե, իսկ այն ամենին, ուր կա ԼՏՊ եւ ՀԱԿ, վաղուց կնքել են «հողատուներ» անունով: 
ՃԳՆԱԺԱՄ ՕՀԱՆՅԱՆ-ՕՍԿԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔՈՒՄ
Թե ինչու դաշինքները շարունակում են մնալ անանուն` հասկանալի է: Եթե գաղափարախոսությունը գլխանց դրվում է մի կողմ, եւ փաստացի գերխնդիր է դառնում առավելագույն քանակով մանդատ կորզելը, ապա նույնիսկ անուն մոգոնելը դժվար գործ է: Որովհետեւ, եթե կոչեին ըստ բուն նպատակի, ապա գրեթե բոլոր դաշինքները պետք է ունենային «Մանդատ ուզողների դաշինք» անունը, եւ քվեաթերթիկում իրար չխառնելու համար պետք է պարզապես համարակալվեին: Եվ այդտեղ այնպիսի ոգու սով է տիրում, որ ժամանակին դասականները չէին էլ կարող պատկերացնել: 
Եվ ահա շտապ կերպով իր 62-ամյակին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտնվում է Վարդան Օսկանյանը: Թե ինչ է երկար-բարակ խոսում` միայն լսելուց արդեն մարդու գլուխն է ցավում այդ անիմաստ բառակույտից: Երեւանցու խոսքով ասած` մի ժամից ավել «յուղ» էր վառում, ու նրա ասածից հասկանալի է դառնում միայն, որ Քոչարյանի օրոք տնտեսական վիճակը լավ էր, որ այժմ ամեն ինչ «քըխ» է, ու օրինական ճանապարհով իշխանություն փոխելու ձեւ չի մնացել, բայց պետք է համախմբված դաշինքով գնալ ազատ ու արդար ընտրությունների: Ի լրումն` որ Արցախի 7 շրջաններ հանձնելը այնքան էլ վատ բան չէ, բայց ոչ մի նախագահ դրան չի գնա, դաշինքային համախոհներն էլ Վարդան Սիվիլիթասիչի համար «Սեյրանն ու մյուս տղաներն» են: Իսկ Օսկանյանի ասած` «տղաների» միջեւ համաձայնություն չկա եւ, օրինակ, Պարույր Հայրիկյանը արձանագրում է ճգնաժամի առկայությունը. «Դաշինքի ձեւավորումը խնդիրներով է ուղեկցվում: Դանդաղկոտության մասին է վկայում  այդ գործընթացի հանդեպ պատշաճ պատասխանատվության բացակայությունը»: Նա հայտարարեց, որ ամեն ինչ պետք է արագացնել, հակառակ դեպքում դաշինքից դուրս կգա.  «Եթե չի հաջողվում միասնական ուժերով հաղթական միավորում ստեղծել, ապա մենք այնտեղ անելիք չունենք»: Ի դեպ, լրատվական դաշտում նաեւ շշուկներ տարածվեցին, որ Արամ Գասպարի Սարգսյանն էլ որոշել է լքել դաշինքը: Դե պարզ է, գաղափարապես խորթ միջավայրում մնար որ ի՞նչ աներ` եթե կասկածի տակ է անգամ 5 տոկոս հավաքելը, իսկ առաջին հորիզոնականները տրամադրող չկա, քանզի ՀԴԿ-ն ձայն բերող չի: 
Իսկ «հաղթելու գնալու» համար բացի հրապուրիչ իմիջից, պետք է նաեւ ռեսուրս, կոպիտ ասած` փող: Առաջին հանգամանքը գլխանց չկա, քանզի նույն բանակային թերությունները գեներալ Օհանյանի օրոք մարդկանց հիշողությունից չեն ջնջվել, ինչ վերաբերոմ է երկրորդին, ապա դրա պակասից էլ բողոքներն ու ակնարկները քիչ չեն: Դե հասկանալի է, գլխանց հույս կար, որ խոշոր ներդրումներ կանի ալամ աշխարհի հայերի պրեզիդենտ Արա Աբրահամյանը, Ռոբերտ Սեդրակիչն էլ թիկունքին կկանգնի, բայց չեղավ ոչ մեկը, ոչ մյուսը: Ճիշտ է, միգուցե, ինչ-ինչ գումարներ կարող են գալ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի եւ այլ հայտնի սփյուռքահայերի խմբի հետ, բայց «ախպարական դեսանտն» էլ գալիս է հիմնականում հանուն հետընտրական մայդանի, այլ ոչ թե` այս կամ այն  քաղաքական ուժին օգնելու: 
Արդյունքում ստացվում է լրիվ անհարմար բան` ո՛չ գաղափար, ո՛չ վարկանիշ, ո՛չ փող, ո՛չ էլ հաջողության հույս: Ուստի արտահոսքը դառնում է անխուսափելի, ու թերեւս առաջինը դա զգացել էր նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, ով գլխանց ասել էր, որ ոչ առաջնորդն է ընդունելի, ոչ էլ` գաղափարաքաղաքական աջաբսանդալը: 

Խորհրդարանն առանց ՀՀԿ-ի տխուր կլինի

ՎԵՐԱԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ԲՀԿ-Ի
Ծառուկյանի «ԲՀԿ-ովի խնդրելու» արարողակարգից հետո քաղաքականություն վերադառնալը սկզբնապես անոնսավորվել էր որպես լայն դաշինքի ստեղծում: Ու այդ պատճառով այդ օլիգարխի դռան մոտ մեծ հերթ էր գոյացել, այդ թվում` եւ իշխանության կողմից խոտանված մականունավորների: Բայց հետո հետաքրքիր բաներ տեղի ունեցան: Մեծ-մեծ ակնկալիքները չարդարացան: Ո՛չ Քոչարյանի հովանու, ո՛չ էլ ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանի ռեսուրսի առումով, իսկ ինչ վերաբերում է այլ օլիգարխների, ապա Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը` ընտրություններին չմասնակցելու մասին, հնչեց որպես ահազանգ եւ զգուշավորության կոչնակ: 
Բազմակուսակցական ներկապնակ կազմելն էլ, կարծես թե, լավ չի ստացվում: Գլխանց նախատեսված էր, որ լինեն երեք ավանդական կուսակցություններից երկուսը` ռամկավարներն ու հնչակները: Այնուամենայնիվ, ՀՌԱԿ-ի հետ բանակցությունները դադարեցվեցին` պատճառ բերելով, թե տարատեսակ տարաձայնություններ են հնչում ռամկավարների սփյուռքյան կառույցներից... Սակայն դա պետք է սոսկ որպես պատճառաբանություն դիտարկել, քանզի Ծառուկյան դաշինքին միացող եւ գրեթե ոչ մի կուսակցություն զերծ չէ այդպիսի պրոբլեմներից` տրոհումներ, դուբլիկատների առկայություն, վերակազմավորումներ եւ այլն: Օրինակ, ՍԴՀԿ-ն, ըստ ատենապետ Նարեկ Գալստյանի, շարունակում Է բանակցությունները, բայց հետաքրքիր է, ինչ կա այդտեղ ձգձգելու: Բայց եթե դիտարկենք, այլ հնչակյաններ էլ կան` թեկուզ ի դեմս փոքր-ինչ ուրիշ անուն կրող Հնչակյան կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանի: Եվ, ի դեպ, վերջնական որոշված չէ «Միասնություն» շարժման` դաշինքում ընդգրկվել-չընդգրկվելու հարցը, թեեւ այդ շարժման անունը առաջիններից մեկն էր հնչել: 
Իսկ հիմա էլ պարզվում է, որ փետրվարի 10-ի ԲՀԿ համագումարին Գագիկ Ծառուկյանն ընտրվելու է ԲՀԿ առաջնորդ, ինչը հաստատել է ԲՀԿ ներկայիս նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ուրեմն ինչ, փաստացի տեղի ունեցավ վերադարձ` ի շրջանս ԲՀԿ-ի, եւ կոպիտ ասած` ստացվում է ոչ թե դաշինք, այլ կուսակցություն, ուր պարզապես նախկինում դուրս եկածների մի մասի վերադարձի հարց է լուծվում: Դե, իսկ այլ կուսակցությունների ներկայացուցիչներին, եթե ընդհանրապես ընդգրկեն, թերեւս սոսկ կմտցնեն ԲՀԿ ցուցակի մեջ ու ոչ ավելին: 

«ՀՈՂԱՏՈՒՆԵՐԻ» 
ԴԱՇԻՆՔԻ 
ԱՆՓԱՌՈՒՆԱԿ 
ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքում էլ գաղափարական ոչինչ չկա: Քաղաքական ինֆանտիլիզմի մարմնացում Ստեփան Դեմիրճյանը, ինչպես հայտնի է, սկզբում բախել էր Ծառուկյանի դուռը, բայց այնտեղ պարզ հասկացրել էին, որ հնչակների անունն իրենց համար ավելի մեծ արժեք ունի, քան Կարենիչ հայրանունը: Ինչեւէ, հիմա էլ նա վերադարձել է ՀԱԿ-ի տաշտակին, եւ ինչպես հայտարարեց Լեւոն Զուրաբյանը, միասին են մասնակցելու ընտրություններին: 
Կարգախոսների պահով էլ Լ. Զուրաբյանը հնչեցրեց այն պարտվողական խայտառակությունը, որը Լեւոն Ակոպիչը անվանել էր «խաղաղության շուտափույթ հաստատում», կողքից էլ հավելելով մի քանի պոպուլիստական դատարկաբանություններ սոցիալ-տնտեսական ոլորտում: 
Առաջին հայացքից կարող է թվալ, որ ՀԱԿ-ը, այնումենայնիվ, գաղափարախոսություն ունի` ծայրահեղ պացիֆիզմի տեսքով: Սակայն դա էլ չկա, պարզապես «ավազակապետության կազմաքանդումը», որի հիմքը 2008-ին ատելությունն էր, այսպես կոչված` «ղարաբաղյան կլանի» հանդեպ, այժմ տրանսֆորմացվել է ատելության արցախյան հողի հանդեպ:
Ահա եւ վերջ, 1988-ին «Ղարաբաղ» կոմիտեն գլխավորող եւ Արցախը վերադարձնելու կարգախոսով իշխանություն վերցրած Լեւոն Տեր-Պետրոսյանը հասավ արցախյան հողը որպես այդպիսին ատելու եւ ռազմական հաղթանակները քամուն տալու բացահայտ քարոզչությանը: Այն ժամանակ էլ էր նա ապագաղափարական, եւ արցախյան կարգախոսները սոսկ իշխանություն վերցնելու միջոց էին, հիմա էլ ապագաղափարական ձեւով նույն Արցախն ատելու հաշվին հույսեր են փայփայում մի քանի մանդատ փախցնել: Բայց եթե 2012-ին, անհամեմատ ավելի լավ վարկանիշով խորհրդարան էին անցել, քանզի «մի չռթ» պակասող քվեները նվեր էին ստացել իշխանական թվանկարիչներից, հիմա ում հույսով են:   
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА