ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՔ ԳՈՂ ԲՌՆՈՂ ԴԱՐՁԱԾ ԳՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ

07.02.2017 19:37 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՍՔ ԳՈՂ ԲՌՆՈՂ ԴԱՐՁԱԾ ԳՈՂԵՐԻ ՄԱՍԻՆ

Երկուշաբթին հետաքրքիր էր նրանով, որ հոգեբուժարանում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ եղավ: Ճիշտն ասած, շատերի վարքագիծը ԱԺ-ում նույնպես հիշեցնում էր գժանոցում տեղադրված կեղծ ռումբի պատմություն, բայց միայն առաջին հայացքից: Թեեւ «գժական» գնացողների պակաս չկար, սակայն յուրաքանչյուրը շատ լավ էլ գիտեր եւ շատ լավ էլ հաշվարկել էր սեփական վարքագիծը: Այնպես որ, «քաղաքական գժանոցում» չկար եւ ոչ մի իրական գիժ: ԲՈԼՈՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳՈՂ ԲՌՆԱԾ ԼԻՆԵԼ
Խորհրդարանի պատմությունում չտեսնված բան տեղի ունեցավ: Օրակարգի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը 10 րոպեանոց ելույթ ունեցավ, որի իմաստն այն էր, թե` եկեք 1990-ից սկսած բոլոր ապօրինի հարստացածներին` գող ու ավազակներին հայտնաբերենք եւ պատժենք ու դրա համար հանձնաժողով ստեղծենք: Դրան սատար կանգնեցին բոլորը` անգամ որոշ վերապահումներով իշխանության հետ կոալիցիայի մեջ գտնվող ՀՅԴ-ն: Իսկ ՀՀԿ-ն էլ, թեեւ հայտնեց դեմ քվեարկելու մասին, բայց այնքան էլ դեմ չէր: Պարզապես, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ եթե հիմա դա արվի, հանձնաժողովը կաշխատի ընդամենը երկու ամիս, եւ կստացվի մաքուր պոպուլիզմ, հետեւաբար` դա պետք է անել, բայց ԱԺ ընտրություններից հետո: 
Իսկ ելույթները շատ էին ու բազմազան: Զորօրինակ, որձ կովերի գծով մեծն փորձագետ Հրանտ Բագրատյանի սիրտն էլ հանկարծ «լյուստրացիա» ուզեց, այսինքն` ենթադրելի է, որ նույնիսկ կոմունիստական ժամանակները խորանալու ցանկություն ունի: Բայց ուշագրավը հետեւյալն է` այդ ինչպե՞ս եղավ, որ 10 րոպեի ընթացքում ոչ ոք այդպես էլ չհիշեցրեց Նիկոլին, թե կանոնակարգով ինչքան կարելի է խոսել օրակարգի քննարկման ժամանակ, եթե, որպես կանոն, օրակարգի քննարկման ժամանակ երկարաշունչ ելույթների փորձերը միշտ կասեցվում էին: Արդյոք անհիմն է ենթադրությունը, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը ձեռնտու էր ոչ միայն «Ելք» դաշինքին, այլ հենց իշխանությանը, որպեսզի նույն Նիկոլի կտրուկ ձեւակերպումներով ոմանց բան հասկացնեն: 
Իսկ ո՞ւմ` դե իհարկե, օլիգարխներին, որոնք լեփ-լեցուն են Ծառուկյան դաշինքում, Ռոբերտ Սեդրակիչին, ով թեեւ հրապարակային քայլեր չէր արել, բայց կարծես թե դեմ չէր լինի բարենպաստ պայմանների դեպքում «երկնքից ընկած» հաջողությունը վերցնել: Արդյո՞ք իզուր էր, որ, ըստ մամուլում եղած արտահոսքերի, Ռոբերտ Քոչարյանն ու Հովիկ Աբրահամյանը «պատահմամբ» նույն ինքնաթիռում կողք կողքի էին հայտնվել, արդյո՞ք պատահական էր, որ նախկին վարչապետը ուղեւորվեց Մոսկվա, բայց դատարկաձեռն վերադարձավ... 
Խոշոր հաշվով, ով պետք է զբաղվի «գող բռնելու» գործառույթով, հո պատգամավորները չէի՞ն  զբաղվելու: Նախ` մեծ հարցական է, թե նրանից ովքեր բարոյական իրավունք ունեն դրանով զբաղվել, եւ երկրորդը` առանց իրավապահ եւ քննչական մարմինների, դա հնարավոր չէ: Իսկ ո՞ւմ պետք է հայտնաբերեին իրավապահները` դե, իհարկե, նրանց, ովքեր խոշոր գանձագողություններ եւ կոռուպցիոն գործեր էին արել, հատկապես Ռոբերտ Քոչարյանի օրոք, մասամբ էլ` Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք: Այսինքն` ստացվում է, որ Նիկոլը վաստակեց իր պոպուլիստական միավորները, իսկ մեծ ախորժակներ ունեցող օլիգարխիկ խավին դեղին քարտ ցույց տրվեց: 
Շատ խորհրդանշական պետք է համարել, որ հնագույն օլիգարխներից մեկը` Խաչատուր Սուքիասյանը, հայտարարությամբ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր առաջարկել էին իրենց թիմի կազմում մասնակցել ընտրություններին, այնուամենայնիվ, հայտարարեց, որ ԱԺ ընտրություններին չի մասնակցելու: Այդ փորձառու գործարարը, ով, ի դեպ, 2008-ին տուժել էր «իշխանափոխիչ» թիմ մտնելով, երեւի թե զգացել էր, որ մթնոլորտում պտտվում է մի ավանտյուրայի հոտ, որը կոչվում է օլիգարխիկ հեղաշրջում, եւ որոշեց հեռու մնալ անկանխատեսելի ելքով խաղերից... Ի դեպ, Ծառուկյանի դաշինք մտնողներից էլ Ալիկ Արզումանյանը գերադասեց հրաժարվել ՀՀՇ-ից, բայց ծառուկյանական թիմում չլինել: Ինքը` Ծառուկյանն էլ, խոսնակ Իվետա Տոնոյանի միջոցով տխրեցրեց ՀՌԱԿ-ին, որ իրենց չի ներառելու ցուցակ, քանի որ ՌԱԿ-ի սփյուռքյան կառույցներից հակասական ազդակներ է ստացել: Բայց ավելի շուտ Գագիկ Ծառուկյանին թերեւս պարզ դարձավ, որ սկզբում մանդատների քանակի շատ մեծ ախորժակ էր պահել, իսկ երբ պարզ հասկացվեց, որ մեծամասնություն վերցնելու արկածախնդրության մասին խոսք լինել չի կարող, արդեն ելնելով ռեալիստական բաժնից, տեղի ունեցան ցուցակների կրճատումներ: 

Նիկոլ Փաշինյանը՝ դրախտի, ոմանց բոմժի կարգավիճակի և երկրի կարգավիճակի մասին

ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 16
Թեեւ այս երկուշաբթի արդեն, ըստ ժամանակացույցի, պետք է մեկնարկեր ցուցակների գրանցումը (խոսքը ռեյտինգայինների մասին է), սակայն դեռեւս ոչ ոք ԿԸՀ-ին ոչինչ չի ներկայացրել: Թերեւս, բոլորը ձգձգեն մինչեւ վերջին պահը, որպեսզի առավելագույնս հարմարեցնեն ցուցակները սեփական հնարավորություններին եւ իրավիճակին: Նաեւ ուրիշ կողմնորոշվելիք էլ ունեն մեր սիրասուն ընդդիմադիրները: Բոլորը հասկանում են, որ երկրի ղեկավարը ՀՀԿ-ի թիմը մաքրում է այն տարրից, որն ընդունված է կոչել օլիգարխիկ կրիմինալ: Ու այդ իրավիճակում հասկանալ է պետք` որ փողատիրոջը սեփական դաշինքում ընդգրկելն օգուտ կբերի եւ «կուտվի», եւ որին վերցնելը կնշանակի կրակն ընկնել: Համ էլ, այդ նույն փողատերերն էլ կողմնորոշվելու բան ունեն` հետեւե՞լ Խաչատուր Սուքիասյանի օրինակին, թե՞ «կրկին փորձել»: Ի դեպ, նույնը վերաբերում է եւ արմատական ընդդիմադիրներին վերցնելուն` մինչեւ արմատականության եւ ծայրահեղականության որ աստիճանը թույլատրելի է... 
Պարզ է դառնում նաեւ, որ, դժվար թե, այլեւս խոսք կարող է լինել Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի դաշինքների միավորման մասին: Գող ու ավազակների դեմ պայքարի շրջանակներում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը որպես թիրախ ընտրեց հենց պաշտպանության նախկին նախարարին` հիշատակելով այնքան շատ բան, որ մի քանի ցմահ պատժաժամկետի կհերիքեր: Միգուցե, տեսականորեն չի բացառվում միավորումը, բայց երբ «տեղերը սահմանափակ» են, սեփական անձի շահից ելնելով, շատ-շատերը կգտնվեն, որ ամեն ինչ կանեն կողքից որեւէ մեկի ներգրավումը թույլ չտալու համար, առավել եւս` որոշակի ռեսուրս ունեցող Սեյրան Օհանյանի, ով համապետական ցուցակի պոչը գցելու բան չէ: 
Ինչեւէ, կարծես թե, թեեւ անձերի եւ ցուցակների պահով անորոշություն կա, բայց հիմնական պատկերը պարզ է: ՀՀԿ-ի կողմից մեծամասնություն վերցնելն անվիճելի է, Ծառուկյան դաշինքին թերեւս հասնի 20 տոկոսի կարգի մանդատ, դե ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն թերեւս կանցնեն, իսկ մնացածն էլ` ում մոտ ինչքան կստացվի, եթե իհարկե ծայրահեղ, իրոք «գժական» քայլերի չգնան, որոնց դեպքում խորհրդարանի ճանապարհն ընդհանրապես կարող է փակվել: 
Եվ, անշուշտ, բոլորից առանձնանում է ՀԱԿ-ը: Եթե  մյուսները հանդես են գալիս տարբեր տեսակի պոպուլիստական խոստումներով ու ծրագրերով, ՀԱԿ-ը հանդես է գալիս, այսպես կոչված, «խաղաղության ծրագրով», որը ԼՏՊ-ի պարտվողական, զազրելի, ըստ էության դավաճանական ելույթի կրկնօրինակումն է: Բայց դա էլ իր թույլ կողմն ունի` թեեւ քերելով երկրում ճարվեր հող հանձնելուն պատրաստ 5 տոկոս, սակայն այդպիսի լյումպենական հոգեկերտվածք ունեցող ընտրողը ավելի շուտ կգերադասի «նաղդ» ընտրակաշառքը, քան` հող հանձնելու շնորհիվ իբր լավ ապրելու աբստրակտ հեռանկարը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА