o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԹՈՒՅՆ» ԴԱՇԻՆՔՆԵՐ` ՓՐԿՉԱԿԱՆ  ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

04.02.2017 14:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԹՈՒՅՆ» ԴԱՇԻՆՔՆԵՐ` ՓՐԿՉԱԿԱՆ  ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ


Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորված դաշինքի «ամենաքաղաքական» դեմքը թերեւս Վարդան Օսկանյանն է, ով այժմ էլ այստեղ-այնտեղ բողոքում է ընտրարշավի համար գումարի պակասից: Դե պարզ է, ԱՄՆ-ում տեղի ունեցած փոփոխությունից հետո ամերիկյան փողը հատել է բոլորի համար, ու դա վերաբերում է ոչ միայն ամերիկյան հարկատուների փողերին: Վարդան Սիվիլիթասիչին ավանդաբար օգնության հասնող մորմոն Հանթսմանն էլ, կարծես թե, սիրուն աչքերի համար փող տվող չէ, առավել եւս, որ այդպիսի կառույցները ոչ թե սոսկ կրոնական են, այլ, նախեւառաջ, ամերիկյան արտաքին ազդեցության գործիքներ են: «ՆՈՐ ՈՐԱԿԻ» 
ԴԱՇԻՆՔՆԵ՞Ր, ԹԵ` ՀԻՆԸ ՆՈՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ
Սեյրան Օհանյանի եւ Էդմոն Մարուքյանի դաշինքներով առանձնահատուկ ոգեւորված է Հրանուշ Խառատյանը` այն տիկինը, որը ժամանակին լայնորեն բացել էր երկրի դռները տոտալիտար աղանդների առջեւ, իսկ պաշտոնաթող դառնալուց հետո վերածվել էր թունդ ընդդիմադիրի: Դե, ումով ասես տիկին Խառատյանը հասցրել է ոգեւորվել` 2008-ին նրա աչքի լույսը «ավազակապետությունը կազմաքանդող» Լեւոն Ակոպիչն էր, հետո` «Ժառանգությունը», այնուհետ` Ժիրայր Սէֆիլյանի կառույցը, այդ թվում եւ անցյալ ամռանը ՊՊԾ գունդը գրաված եւ ոստիկաններ սպանած գրոհայինները: Դե, հիմա էլ այս դաշինքներն են դարձել հույս եւ ապավեն: 
Բայց արդյո՞ք որեւէ նոր բան կա այդ դաշինքներում: Զորօրինակ, «Ելք» դաշինքում առանցքային դեմքերի մեջ գրեթե ոչ ոք էլ նոր չէ` ե՛ւ «ՀՀ գլխավոր էլեկտրիկ» Էդմոն Մարուքյանին լավ գիտեն, ե՛ւ Նիկոլ Փաշինյանին ու Արամ Զավենիչին... Նոր են միայն քաղաքացիական շարժումներից եկած մարդիկ, մասնավորապես` «Դեմ եմ» նախաձեռնությունը ժամանակին գլխավորած ջահելների մի մասը: Այդ ի՞նչ նոր դարակազմիկ բան պետք է անեն այդ մարդիկ, եթե ծրագրային առումով, բացի 1980-ականների նմուշի «եվրոպական արժեքներից» առանձնապես բան չունեն ներկայացնելու հանրությանը: 
Դեիհարկե, բարձրագոչ պոպուլիստական կարգախոսներ եւ խոստումներ կլսենք, մեզ կասեն, որ եկել են փրկելու Հայաստանը... 
Իսկ գեներալ Սեյրան Օհանյանի դաշինքը... Քառօրյա պատերազմին ի հայտ եկած աղաղակող թերությունները ոչ ոք էլ չի մոռացել: Երբ նա գործող նախարար էր, հանրությունը այդ թերությունները, բնականաբար, շատ լավ տեսնում էր, նաեւ սելֆիներն էր տեսնում, եւ եթե հրապարակային քննադատություն չէր հնչում, կամ շատ զուսպ էր հնչում` դրա պատճառն էլ հասկանալի է, մարդիկ մարտական գործողությունների մասնակից բանակին միշտ մտապահում էին, հիշելով, որ հենց իրենց որդիներն են առաջնագծում: Ու հիմա էլ պարզ է, որ գեներալը ոչ թե քնեց զարթնեց եւ անարդարությունները տեսնելով` դարձավ ընդդիմադիր, այլ նրան, ըստ էության` պաշտոնանկ են արել` հենց ապրիլին բացահայտված լուրջ թերացումների համար: Դա արդեն մեր նորագույն պատմության հին, բարի ավանդույթ է դարձել` պաշտոնը կորցնելուն պես` հռչակվել ընդդիմադիր: 
Իսկ ովքե՞ր են դաշինքում, նոր մարդ տեսնող կա՞: Վարդան Օսկանյանին չե՞նք ճանաչում, մոռացել ենք, թե Քոչարյանի նախագահության օրոք ինչքան էր «վիզ դրել» տխրահռչակ «Մեղրիի տարբերակի» համար: Կամ քանիցս կողմնորոշում փոխած Վիկտոր Դալլաքյանի՞ն չգիտենք, ումից նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վանաձորցիք խիստ վիրավորվել էին, երբ ինքնագոհ հայտարարել էր, որ կարող է ինքն էլ չգա, միայն իր կոստյումն ուղարկի, էլի կընտրեն: Պարույր Հայրիկյանի պես հնությա՞նն ենք մոռացել: Կամ` Արամ Գասպարի՞չն է նոր... Դաշինքին միացած ազատամարտիկների կազմակերպությունների ղեկավարներն էլ նոր չեն, նրանց մասին բացասական ոչինչ չունենք ասելու, բայց, չգիտես ինչու, նոր միայն հիմա որոշեցին քաղաքական դաշտ մտնել: Իսկ եթե հանրագումարի բերենք` հիմնականում հավաքվել են քաղաքական անհաջողակները: Իսկ անհաջողակը չի կարող հանրությանը մի կարգին տեղ առաջնորդել: 
Դե, Ծառուկյանի դաշինքում էլ նոր մարդ չենք տեսնում, հին դեմքեր են, որոնց մի մասը, սակայն, ժամանակին այլ ճամբարում էին: 

ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ
Պարզ է, որ առնվազն յոթ քաղաքական ուժ մասնակցելու է ընտրություններին` ՀՀԿ, Ծառուկյանի դաշինք, Սեյրան Օհանյանի դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ, ՀԱԿ, «Ազատ դեմոկրատներ», թերեւս «Ժառանգություն», որին ոչ ոք սեփական դաշինք վերցնել չի ուզում, «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ... Ու յուրաքանչյուր ընտրատարածքում, եթե նրանք հինգական ռեյտինգային թեկնածու առաջադրեն, արդեն կստանանք ընտրողի գլխին թափված 35 հոգու ընտրարշավ: 
Ընդ որում, նույնիսկ նույն քաղաքական ուժի ներսում ռեյտինգային թեկնածուները կարող է եւ համերաշխ չլինեն, դե, իսկ ինչպիսի կռիվներ կլինեն տարբեր կուսակցությունների ռեյտինգային թեկնածուների միջեւ, կարելի է պատկերացնել: Այ, օրինակ, Գյումրիում. նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, թե Ղուկասյան Վարդանի հետ նույն թիմում լինել չի կարող, Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին հակադարձել է, թե` Գրիգորյանը կմեծանա, նոր կհասկանա: Գումարած դրան, այդտեղ ռեյտինգային կարգով Ծառուկյանի դաշինքով մտադիր է քվեարկվել նախկին գլխավոր բանտապետ, նախկինում ՀԱԿ-ի հույս ու հավատ Մուշեղ Սաղաթելյանը, ով ռեյտինգային ընտրակարգով մյուս մասնակիցների գործողությունները, ըստ մամուլի, գլխանց որակում է «կապիկություն»: Դե, արդեն պարզ է, թե ինչ պետք է լինի Գյումրիում, եթե հաշվի առնենք Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի հնուց եկած թշնամությունը, որը ընտրությունից ընտրություն նաեւ տգեղ միջադեպերով է արտահայտվել: Մուշեղ Սաղաթելյանն էլ պակաս կոնֆլիկտային չէ, այնպես որ, Գյումրիում «քյարփինջով կռիվը» պատրաստ է: 
Ու կոնֆլիկտային է լինելու ամենուրեք, կոնֆլիկտային կլինի եւ Լոռին, Երեւանի վարչական շրջանները, հատկապես Արաբկիրը եւ Կենտրոնը... Ու մեկ ուրիշ հետաքրքիր պահ` եթե նախկին ընտրակարգով բողոքավոր ընտրողը մեծամասնականով «լավամարդ» էր լինում որեւէ տեղական հեղինակությանը, բայց համամասնականով ձայն էր տալիս ընդդիմությանը, հիմա պետք է ընտրի կա՛մ հեղինակությանը` վերջինիս կուսակցությունով հադերձ, կա՛մ ընդդիմությանը` վերջինիս բավականին թույլ ռեյտինգային թեկնածուով, ով ոչ բարեկարգում կարող է անել, ոչ էլ սոցիալ-կենցաղային հարցերում աջակցի: 
Ինչեւէ, հուսանք որ, այնուամենայնիվ, ոստիկանության միջամտություների կարիք քիչ կլինի: 

ԻՍԿ ՀՀԿ-Ն ՀԱՆԴԱՐՏ ԱՆՈՒՄ Է 
ԻՐ ԳՈՐԾԸ
Նկատելի է, որ ամենազուսպ արտահայտվողները պատկանում են ՀՀԿ-ի ղեկավար կազմին: Մրցակից թիմերի մասին ՀՀԿ-ականներն արտահայտվում են հարգալից, եթե քննադատում էլ են, ապա այդ քննադատությունն ավելի շուտ նման է քաղաքագիտական համառոտ վերլուծության: Նույնիսկ նոր-նոր ՀՀԿ-ից դուրս եկողների հասցեին առանձնապես թթու խոսք չեն ասում: 
Իսկ դուրս եկողների ամենախոշոր խումբը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցներն են: Թե ուր կհայտնվի այդ թիմը, դեռեւս այդքան էլ պարզ չէ, բայց եթե եղած դաշինքներից որեւէ մեկին միանա, ապա իր հետ ռեսուրս կբերի: Իսկ առայժմ ՀՀԿ ԳՄ վերջին նիստին դեռեւս բանը չհասավ կոնկրետ ցուցակներին, եւ դա մնաց փետրվարի առաջին տասնօրյակին: 
Բնականաբար, ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել խորհրդի կազմից ազատել նախկին կուսակիցներին, որոնք դիմում են գրել` Հովիկ Աբրահամյանին, նրա եղբորը` Հենրիկ Աբրահամյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանին` հաշվի առնելով իրենց դիմումները: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպես են պայքարելու Արարատի մարզում նախկին վարչապետի դեմ, սակայն Շարմազանովը հետաքրքիր պատասխան տվեց. «ՀՀԿ-ն որեւէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում, առավել եւս` նախկին հանրապետական Հովիկ Աբրահամյանի դեմ, անկախ, թե որ դաշտում կլինեն այդ հարգարժան գործիչները: Մրցակից մենք տեսնում ենք բոլոր այն ուժերին, որոնք պատրաստ են ազատ եւ մրցակցային պայքարում գնալ բանավեճի: Սա է Հայաստանի ճանապարհը»:
Այսինքն` իշխող կուսակցությունը բարեկիրթ բանավեճին ասում է` այո, իսկ կոշտ ու կոպիտ քարոզչությանը` ոչ: Դա իր օբյեկտիվ պատճառներն ունի` ՀՀԿ-ն վստահ է իր ուժերի վրա, դե, իսկ ձայներ իրարից փախցնելը լինելու է ընդդիմության ճակատագիրը: Ու ինչքան էլ ընդդիմադիր ճամբարում հավաստիացնեն, որ պայքարում են «Կորչի ռեժիմը» կարգախոսի ներքո, միեւնույնն է, բողոքավոր ընտրազանգվածին իրարից են խլելու` առանց միջոցների խտրության: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА